Այս հեռուստածրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների խորքային լուսաբանմանը և հայ-թուրքական հարաբերությունների վրա ազդող միջազգային գործընթացներին: Տարեկան և իրավիճակային զեկույցների, տեսանյութերի, հարցազրույցների և վերլուծությունների միջոցով այսօրվա արագ փոփոխվող Թուրքիան ավելի հասկանալի է դառնում հայկական լսարանին: Այս նախաձեռնությանն աջակցում է Եվրոպական Միությունը՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի միջոցով, ինչպես նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը:
Սիվիլիթասը Ստամբուլում
Սիվիլիթասի Ստամբուլում գործող կենտրոն – Սիվիլիթաս հիմնադրամն այսուհետ Հայաստանին ու հայկական սփյուռքին հետաքրքրող և հուզող խնդիրները կներկայացնի Ստամբուլում՝ քաղաքական ու պետական գործիչներին, ազդեցիկ մարդկանց՝ միաժամանակ փորձելով հասկանալ և հայերին փոխանցել թուրք հանրությանը հուզող խնդիրները: Սիվիլիթասը հայաստանյան առաջին կազմակերպությունն է, որը ներկայություն է հաստատում Ստամբուլում: Սիվիլիթասի կենտրոնը գտնվում է Թուրքիայի «Կարագյոզյան» հիմնադրամին պատկանող «Հիդիվյալ» պալատում, որը և տարածքը տրամադրել է Սիվիլիթասին:
Սարն ի վեր
«Սարն ի վեր» ծրագիրը միջազգային լսարանին հնարավորություն է տալիս ծանոթանալու հայերի և թուրքերի հարաբերությունների մութ ու դեռևս չարծարծված անձնական բարդ զրույց-քննարկումներին: Սա ճամփորդական նախաձեռնությունների շարք է, որի ընթացքում հայ և թուրք նշանավոր մարդիկ խոսում են Ցեղասպանությանն առնչվող պատմական և քաղաքական խնդիրների մասին, որոնց նրանք առերեսվել են իրենց «անձնական ճամփորդությունների» ժամանակ, ներկայացնում առաջ շարժվելու իրենց տեսակետները: