Մարդ, իր սովորություններից հրաժարվելու ժամանակ, շատ է անհանգստանում: Անգամ եթե մեր սովորությունները վատն են, մենք կապված ենք դրանց, յուրացրել ենք դրանք, և երբ փոխվում են պայմանները կամ օրենքները, սկզբում սկսում ենք անհանգստանալ: Այնուհետև աստիճանաբար համակերպվում ենք, ինչի համար ժամանակ է պահանջվում: Իսկ անհանգստության աղբյուրը փոփոխության անորոշությունն է:
Այս պահին խոսքը զանգվածներին անհանգստացնող քրդական հարցի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին է:
Ես չեմ խոսում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ) գաղափարական և ընդդիմադիր շարժիչից բարձրացող աղմուկի մասին: Այդ կուսակցությունը պաշտապանում է իր տեսակետները: Ընդունենք-չընդունենք, այն իր որդեգրած ուղեգծով է շարժվում:
Զանգվածները, ում մասին խոսում եմ, չնայած որ հավատում են խնդրի կարգվորմանը, իրականացվող քայլերին կասկածով և մտահոգությամբ հետևող, «բարի նպատակների» տեր մարդիկ են:
Նրանց անհանգստացնում է անորոշությունը:
Ասում են, թե «գործելու ժամանակը չէր», իսկ երբ հարցնում ես, թե «երբ է ժամանակը», լռում են: Ասում են, թե «բավականաչափ նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել», իսկ «այդ աշխատանքները ներկա պահին ընթանում են» պատասխանը լսելով, դարձյալ լռում են:
Ամեն դեպքում նրանք անհանգիստ են: Կարծես կասկած ունեն, որ այդ նախաձեռնությունը ամբողջովին ձախողվելու է: Իսկ մի՞թե նրանք իրավացի են: Մի՞թե կան իրական վտանգներ: Եվ որո՞նք են վտանգի գործոնները:
Ի՞նչ ենք շահում:
Այդ գործընթացն իշխանությունների կողմից լավ ուղղորդվելու դեպքում՝ մեր ձեռքբերումները կարող են լինել.
– Քրդստանի բանվորական կուսակցությունն (PKK) այդ քննարկումները շարունակվելու ժամանակ ուզած-չուզած կդադարեցնի ահաբեկչական գործողությունները, որի արդյունքում հասարակությունը հանգիստ շունչ կառնի:
– Այդ գործընթացը չի բավարարելու PKK-ականներին և զինյալ քրդերին, սակայն հակառակ դրան` քուրդ ժողովրդի առօրյա կյանքում ընդհանուր առմամբ կնվազեն ճնշումները, նրանք էլ կհանգստանան: Ձևավորված խաղաղ միջավայրում մարդկանց կգոհացնի նաև տարածաշրջանում պետության կողմից իրականացվող տնտեսական ներդրումները:
– Թուրքիան այդ խաղաղ միջավայրում ահաբեկչության դեմ պայքարին հատկացվող միլիոնավոր դոլարները կուղղի հասարակության կարիքներին: Մյուս կողմից` Իրաք – Հյուսիսային Իրաք – ԱՄՆ – ԵՄ հարաբերություններում կլիցքաթափվի քրդական հարցի պատճառով ստեղծված լարվածությունը:
– Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, եթե անգամ ընդհանրապես չվերանան ցեղասպանության պնդումները, ապա դրանք մեծ չափով կթուլանան:
– Թուրքիան հատկապես թեթևություն կզգա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ հարաբերություններում, քանի որ կազատվի յուրաքանչյուր տարի իրար ետևից հրապարակվող զեկույցներից և բանաձևերից:
Որո՞նք են վտանգները
Որևէ քաղաքական նախաձեռնություն առանց վտանգների չի լինում: Ճանապարհ ընկնելիս՝ անսպասելի մի զարգացում կարող է գլխիվայր շուռ տալ բոլոր հաշվարկները: Դրա հետ ստիպված ենք հաշտվել նաև մենք:
Սպասել` առանց որևէ բան անելու՞, թե՞ որոշակի վտանգներ հաշվի առնելով անցնել գործի: Անհրաժեշտ է, որ այս հարցի պատասխանը տանք բոլորս: Քանի որ չպետք է մոռանալ, որ այդ հարցերը (հայկական և քրդական) ոչ թե միայն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության, այլև, մեր՝ ողջ Թուրքիայի հարցերն են: Չլուծելու դեպքում՝ վճարելու ենք բոլորս: Դրանից բացի, պետք է հրաժարվենք «այս ժամանակը լավն է, թե վատը» մտքից, քանի որ մեկ տարի է, ինչ ես չկարողացա տեսնել, թե որն է դրա համար ամենալավ ժամանակը: Իսկ այժմ անդրադառնանք վտանգներին.
– Ամենամեծ վտանգը PKK-ի ներսում, միմյանց ընդդիմադիր հատվածների կամ PKK-ի դեմ ըմբոստացած փոքր խմբավորումների կողմից, գործընթացը սաբոտաժի ենթարկելու համար մահափորձերի կազմակերպումը և երկու հատվածների` միմյանց դեմ դուրս գալու գործողություններն են: Ճիշտն ասած, ես դրան սպասում եմ:
– Նույն վտանգն առկա է նաև «Էրգենեքոնի» նման կազմակերպությունների կողմից իրականացվելիք գործողությունների դեպքում: Թուրք ժողովրդի անունից հակազդելու պատրաստ այդ խմբերից կարելի է սպասել արյունահեղություն:
– Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության վտանգն այն է, որ եթե գործընթացը ճիշտ չուղղորդվի, ապա ողջ աշխարհը, փաստելով թե «Թուրքիան խաղաղություն չի ուզում», ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, որին մնացել են հաշված տարիներ, միջազգային նոր և հսկայական չափերի հասնող արշավ կսկսի և կընդունի ցեղասպանությունը, կամ էլ մենք կկորցնենք Ադրբեջանի բարեկամությունը:
Չի կարելի կարծել, թե վերոնշյալ վտանգները բավական են մեկնարկած գործընթացը վերջնականապես ձախողելու համար: Շատ բնական է, որ լինեն վայրէջքներ և վերելքներ, տարաձայնություններ, գործընթացը կդադարի և կվերսկսվի: Սակայն բացված Պանդորայի արկղը հեշտ չի լինի փակել:
Հավանաբար կարճ կամ երկար կտևի…
Հավանաբար արյունոտ կամ անարյուն կլինի…
Սակայն արդյունքում կլինի: