«Օրրան» կոչվածը միայն տուն չէ, ավելին է: Նրանում կյանք և «փոխկապակցված հարաբերությունների» աշխարհ կա: Մի օրրանից մյուսին հեշտությամբ չի կարելի անցնել, նրանից չեն կարող հրաժարվել ու գնալ: Եթե գնան էլ, ետևում շատ բան կթողնեն… Ղարաբաղում մեր լսած պատմություններն ահա այդ «գնացածների» մասին են… Նշանակություն չունի, թե նույն վայրում հարյուրավոր տարիներ ես ապրել, թե մի 50 տարի… Այսօր կլսեք մայրաքաղաքում մեզ հանդիպած մարդկանց պատմությունները, ում «օրանները ետևում են մնացել»: Ուզում ենք արտացոլել իրենց օրանները կորցրածների և վերագտնելու համար պայքար մղողների կյանքը:
Մեր հոդվածաշարի վերջում ձեզ ներկայից տեղափոխում ենք այդ չմոռացվող բախման օրերը: Մեր թերթի հոդվածագիր Հյուսնյու Մահալլին հոդվածաշարի մեկնարկի օրը զանգահարեց և ասաց. «Ես հուզված եմ: Գիտեք` այդ բախումների ժամանակ Ղարաբաղում էի: Եվ ձեր պատմածների արդյունքում այժմ կրկին ականատեսը դարձա այդ սարսափի»: Մեր նպատակն էլ այն էր, որ դա բոլորն իմանան և վերջին խոսքը կտրամադրենք այդ ժամանակների ականատեսներին:
Գրավված հողերում փախստականների մի թաղամաս: Անահիտը, Ինեսան և Ռիտան այն կանանցից են, որոնք վատ օրերը ետևում են թողել: Պատերազմից նրանց մնացել են միայն աղքատությունն ու իրենց օրրանների հետ կապված երջանիկ հուշերը:
Այդ թաղամասը գտնվում է գրավված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Խանքենդիի (Ստեփանակերտ) ծայրամասերից մեկում: Փնտրում էինք հայերի, ովքեր բախումների ժամանակ լքել էին իրենց օրրանն ու եկել Ղարաբաղ: Մեզ ուղեկցողի` Նանարի խոսքերով դա փախստականների թաղամաս էր: Նանարը մեզ նախ իր զարմուհու` Անահիտ Գրիգարյանի տունը տարավ: Ցեխոտ մի փողոց, մաշված մի դուռ: Թակում ենք դուռը, բացում է կանաչ աչքերով մի գեղեցկուհի և ասում. «Bonjour /Բարև/»:
Նանարը մեջտեղ եկավ և ասաց. «Սա Ինեսան է, զարմուհուս աղջիկը: Ավարտել է ֆրանսիական թեքումով դպրոց: Երկու ամիս առաջ մայրացել է»: Չէինք կարողանում հավատալ, որ մեր դիմաց կանգնած մոդելը մայր կարող էր լինել:
Ամեն ինչ թողեցինք և փախանք
Անցանք տան փոքրիկ սենյակներից մեկը: Հնամաշ իրեր: Հյուրասիրում էին սուրճ և արտասահմանյան շոկոլադ, որն այստեղի համար շքեղություն էր: «Ամուսինս Ռուսաստան է մեկնել` աշխատելու: Այնտեղից գումար է ուղարկում»,- սկսեց Անահիտը: Իսկ երբ հարցրեցի, թե «ինչպե՞ս եք եկել այստեղ, ձեր օջախը որտե՞ղ է», երկար մտքերի մեջ ընկնելուց հետո սկսեց պատմել. «Բաքվի մերձակայքում գտնվող Սումգայիթ քաղաքում էինք ապրում: Անկարգություններ սկսվեցին: Մեզ ասացին, որ պետք է լքեք ձեր տունը: Առանց որևէ իր վերցնելու փախանք: Մինչև սովետական բանակի գալը ոչ մի բան չունեինք: Հետո բանակը երաշխավոր դարձավ, ու գնացինք մեր իրերի ետևից, այստեղ բերեցինք: Այստեղ փոքրիկ սենյակներում երեք-չորս ընտանիքներով էինք ապրում: Հետո պետությունը մեզ համար կառուցեց այս տները»:
Երբ Անահիտը պատմում էր, շրջվեցի դեպի Ինեսան և հարցրեցի. «Դու ինչ-որ բանով զբաղվո՞ւմ ես: Աշխատանք ունե՞ս»: «Հիմա երեխա եմ խնամում: Առաջ հյուրանոցում էի աշխատում, երեխաս մի քիչ մեծանա, նորից կվերադառնամ աշխատանքիս»,- պատասխանեց Ինեսան: Շուրջն այնպիսի աններդաշնակություն էր…
Մեկ անգամ էլ տեսնեի
Նանարի հետ հարևանի տուն գնացինք: Այդտեղ ավելի աղքատ էին ապրում: Տանը երեք երեխա, մի տարեց մարդ և մի կին կար: Ամեն ինչ տակնուվրա էր. «Մենք Թուրքիայից լրագրողներ ենք: Եկել ենք ձեր պատմությունը գրի առնելու»,- ասացինք: Կինը դա լսելուն պես` սկսեց կարգի բերել տունը. «Կներեք, չէի ցանկանա, որ մեզ այս վիճակում տեսնեիք»:
Ռիտա Խաչատրյանն իր ընտանիքի հետ Ֆիզուլիից էր գաղթել: «Երիտասարդությունս այնտեղ է անցել: Շատ եմ կարոտում»,- այսպես հիշեց իր հին օրերը: Նրա երկու եղբայրներից մեկը բախումների ժամանակ զոհվել էր: «Ազերիների վրա չեմ բարկանում: Տեղի ունեցածների պատճառն ուրիշ էր»,- ասաց և ավելացրեց. «Այնքան շատ եմ ուզում Ֆիզուլի գնալ… Ավելի ուշ եկողները պատմում էին, որ ամբողջովին ավերվել է: Իմ օրրան էր: Անգամ ավերված էլ լինի, քանի դեռ ողջ եմ, կուզեի տեսնել»:
Ռիտայի ամուսինը ինժեներ է: Խանքենդիում է աշխատում: Ողջ ընտանիքը կշտանում է տան այգու բերքով. մի քիչ լոլիկ, մի քիչ նուռ, մի քիչ էլ արմավ: Ամբողջը դա է: Սակայն, չնայած այդ չքավորությանը, երբ որոշեցինք գնալ, Ռիտան բռնել էր մեր ձեռքից և ստիպում էր նուռ և արմավ վերցնել:
Թաղամասից դուրս գալիս` մեզ պատեց ամոթը. մոռացել ենք` ինչ է նշանակում ունեցածդ կիսել ուրիշի հետ:
Ազերիները լաց էին լինում. գեղեցիկ Շաուշա քաղաքն ավերակ էր դարձել
1993թ. մայիսն էր: Իմ ընկերոջ` ծագումով Բոսնիայից, օպերատոր Նիյազի հետ ճանապարհ ընկանք Երևանից: Լաչինի միջանցքում հայ զինվորները մեզ կանգնեցրին: Երբ օպերատորը սկսեց թուրքերեն խոսել, մի պահ օդը կանգնեց, բայց հետո, երբ հայտնեցի իմ սիրիական ծագման մասին, թույլ տվեցին մուտք գործել: Դեպի Շուշի տանող ճանապարհի ողջ երկայնքով երևում էին ջարդոնի վերածված տանկեր և ռազմական փոխադրամիջոցներ, այդ ամենը վկայում էր այդտեղ տեղի ունեցած կատաղի մարտերի մասին: Գեղեցիկ Շուշան դարձել էր քաղաք ուրվական: Զրուցեցինք հայ զինվորների և ռուս սպաների հետ: Նրանք ասում էին, որ ազերիները քաղաքը թողել ու փախել են:
Երեք հազար մետր բարձրության վրա գտնվող մի քաղաքի` մի քանի հայ զինվորի ձեռքն անցնելը հեշտ չէր կարող լինել: Գնացինք Ղարաբաղի մայրաքաղաք Խանքենդի, այսինքն` Ստեփանակերտ: Փողոցներում ծաղկավաճառներից բացի գրեթե այլ մարդ չկար: Ծաղկավաճառներն էլ սպասում էին գերեզման այցելող հայերին: Ղարաբաղի արտգործնախարարը Գասպարյան ազգանունով մեկն էր, նախկինում վարչապետ, իսկ հետո էլ հայկական զինված ուժերի հրամանատար էր եղել և մեզ ծանոթացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ, ով 1998թ. դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ: Քոչարյանը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր նկատմամբ և շքանշան տվեց, քանի որ Ղարաբաղ եկած առաջին թղթակիցն էի:
Քաղաքն ամբողջությամբ աղետալի վիճակում էր: Զինվորները բեռնատարներով ռազմաճակատ էին ուղարկվում: Հայ սպան, ում հետ միասին ճակատ էինք անցել, պատմում էր, որ ազերի սպաներից վառելանյութ գնելով գրավել են ադրբեջանական քաղաքները: Այդ օրն էլ ադրբեջանական վառելանյութով աշխատող տանկերով Աղդամ քաղաքը գրավեցին: Հայ զինվորների ետևից մինչև քաղաքի մատույցները գնացինք: Երբ սկսեցինք շփոթված ազերի զինվորների հետ խոսել թուրքերեն, նրանք սկսեցին լաց լինել:
Ղարաբաղյան հիմնախնդիր կոչվող 17-ամյա այդ հարցի և տեղի ունեցած դրամայի պատճառը «վերևների» քաղաքական հաշվարկներն են: Ղարաբաղից գաղթած կամ բռնագաղթած մոտ 1 մլն ազերի դեռ շատ վատ պայմաններում է ապրում, և դրա նկատմամբ Արևմուտքն անտարբեր է: Ադրբեջանն անճարության մեջ սպասում է, որ իրեն վերադարձնեն Ղարաբաղի հարակից ադրբեջանական տարածքները:
…
Սարգսյանն ինչ էլ ասի` Ղարաբաղը մե՛րն է (Հոդված – 1)