Նախաստորագրված արձանագրություններում հետևյալ նախադասությունը Հայաստանում շփոթ է առաջացրել. «Երկու երկրները պարտավորվում են ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց»:
Այսինքն` հայերն ու հայկական սփյուռքը այսուհետև ցեղասպանություն բառը շատ չեն կարողանալու գործածել: Եվ հենց այդ պատճառով սփյուռքը ցնցված է:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններն ավելի շատ Հայաստանում են բացասական արձագանքների պատճառ դարձել, քան` Թուրքիայում:
Թուրքիան մինչև հիմա ասում է, որ ցեղասպանության հետ կապված հարցերը «թող ուսումնասիրեն պատմաբանները»: Այդ հարցն, արձանագրությունների հետ մեկտեղ, տեղափոխվում է ենթահանձնաժողովի տիրույթ, որում ընդգրկված են քաղաքական գործիչներ և օտարերկրյա մասնագետներ:
Թուրքիայի դիվանագիտական հիմնական սկզբունքն այն է, որ խնդիրները պետք է ուսումնասիրվեն երկկողմ բանակցությունների միջոցով: Իսկ բանակցությունը ենթահանձնաժողովում է:
Հակառակ սրան` Հայաստանի ընդդիմությունն այնքան վստահ է ցեղասպանության հարցում, որ հայտարարում է, թե ուսումնասիրելու որևէ բան չկա:
Այն դեպքում, երբ Թուրքիայում արձանագրություններին դեմ հանդես եկողները հայտարարում են, թե «ցեղասպանությունը բանակցության թեմա դարձավ», Հայաստանում նմանատիպ հայտարարություններն ուղեկցվում են «ցեղասպանության հարցը ցանկանում են վերացնել» բողոքներով:
Հայաստանում տիրող իրավիճակը դժվարացնում է Սերժ Սարգսյանի գործը: Հավանաբար մի քիչ ուռճացնում են, երբ ասում են, թե «Հայաստանյան իշխանությունները մեծ դժվարությունների կհանդիպեն խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման ժամանակ»:
Կան մարդիկ, որոնք ասում են, թե նույնիսկ վավերացումը կձախողվի: Սակայն այդպես չեմ կարծում, որովհետև այդ արձանագրությունները տնտեսական տեսանկյունից տարածաշրջանում մեծ ազդեցություն կունենան Հայաստանի դերակատարության բարձրացման վրա:
Կովկասի և տարածաշրջանի բոլոր էներգակիր միջանցքներում երեք պետություն կա` Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը: Հայաստանն այդ ամենից դուրս է: Իսկ հիմա հայերի դեմ բացվում է մի դուռ, հիմա նրանք՝ շնորհիվ Թուրքիայի, այդ արձանագրությունների հետ մեկտեղ տնտեսական մեկուսացվածությունից ազատվելու պատեհ պահն են որսում:
Քաղաքական տեսանկյունից՝ Ամերիկան, հակառակ Ռուսաստանի, այդ արձանագրությանը շատ է սպասում: Իսկ քաղաքականությունից դուրս, արձանագրության համար իրենց ավանդն են դրել էներգետիկ ընկերությունները, որոնք երկար ժամանակ սպասում են, որ սառույցը հալչի Հայաստանի և Թուրքիայի միջև:
Օրինակ` Թուրքիան ցանկանում է Ռուսաստանից գնել էլեկտրաէներգիա, որն անցնելու է Հայաստանի տարածքով: Քաղաքականությունը դրան չի աջակցում, իսկ էներգետիկ ընկերություններն ուղղակի աղաչում են քաղաքական գործիչներին: Եվ երբ արձանագրությունը կյանքի կոչվի, դա հնարավոր կդառնա:
Որո՞նք են լինելու երկու երկրների միջև ստորագրված արձանագրության և Ադրբեջանի հակազդեցության արդյունքները, ի՞նչ ազդեցություն են ունենալու էներգակիրներն ու տնտեսական ներդրումները:
Պատասխանատու աթոռներ զբաղեցնող անձանց` այս հարցի վերաբերյալ տեսակետներն են.
– Որևէ ազդեցություն չի կրի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որովհետև այնտեղ ամեն ինչ ավարտված է:
– «Նաբուկո» նախագծի վրա կարող է ազդել: Որովհետև գազատարի մատակարար պետություններից մեկն Ադրբեջանն է:
– Կարող է ազդել նաև Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրա: Դարձյալ Ադրբեջանը հնարավոր է, որ բողոքի: Կամ էլ եթե Բաքվին համոզեն, նախագիծը կարող է ներառել նաև Երևանը:
Այդ արձանագրությունները նոր հայացք են հաղորդելու քաղաքականությանը և ցեղասպանության հարցի նման միջազգային թեմաների քննարկումներին: Քաղաքականությունից զատ տարածաշրջանում կյանքը փոխվելու է: Հայերն ավելի շատ են բողոքում, սակայն, տնտեսական տեսանկյունից ամենաշատը նրանք են շահում: