Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրված արձանագրությունների պատճառով օրակարգը դարձյալ ծանրաբեռնված է դավադիր թեորիաներով: Անցած շաբաթ Թուրքիայի «Քրդական նախաձեռնության» մեջ Միացյալ Նահանգների ունեցած դերակատարության մասին խոսելիս` զուգահեռներ անցկացրեցի այդ դերակատարության և «Հայկական նախաձեռնության» միջև:
Անկասկած, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է ամերիկյան վարչակազմի շահերից: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները` որպես գլոբալ ուժ, զանազան ջանքերով փորձել է հեշտացնել այդ գործընթացը: Սակայն ասել, թե «Քրդական նախաձեռնությանը» շատ նման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը բացարձակապես ամերիկյան նախագծի արդյունք է, ուղղակի անհեթեթ է:
Էրդողանի կառավարության տեսանկյունից` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին որոշումը մի քանի միտք է հետապնդում, նախ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ամենաճնշող հարցերից մեկից ազատվելն է:
Նախ և առաջ, Անկարան լրացնել է ուզում «հարևանների հետ ոչ մի խնդիր» ռազմավարության մեջ առկա բացը: Թուրքական դիվանագիտությունը` ի դեմս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, տարիներ շարունակ անձնվիրաբար աշխատում է այդ տեսլականի խաղաղ նախագծերը կյանքի կոչելու համար: Երբ խոսքը Թուրքիայի շահերի մասին է, Անկարայում կա Վաշինգտոնին ոչ ասող կամ էլ ամերիկացիներին անհանգստացնող մի կառավարություն: Եվ հիմա այդ նույն կառավարությունը բացարձակապես ամերիկյան շահերի համա՞ր է փորձում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Թուրքիայում այդ արձանագրություններին ընդդիմացողները Հայոց ցեղասպանության պնդումների դեմ միշտ հանդես են եկել ամենակոշտ հակազդեցությամբ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ հայկական լոբբիի առաջնորդները դեմ են դուրս գալիս ձեռք բերված համաձայնությանը Թուրքիայի համար, համապատասխանաբար, օգուտ ապահովելու մտահոգության պատճառով: Օրինակ` Կոնգրեսում հայկական օրինագծերի գլխավոր դերակատարներից Ադամ Շիֆը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարը որակել է որպես «հարգանքի ոչ արժանի միտք»: Մի՞թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին ծայրահեղ ազգայնական ռեֆլեքսներով ընդդիմացողները Շիֆի պես, առանց հասկանալու հարցի էությունը, Թուրքիայի քննադատների հետ միևնույն շարքում տեղ չեն զբաղեցնում:
Կրկնեմ` ես չեմ բացառում այդ գործընթացում Վաշինգտոնի ազդեցիկ գործոնը, սակայն, միևնույն ժամանակ, ոմանց նման, կենտրոնական տեղ չեմ հատկացնում ԱՄՆ-ին: Վաշինգտոնը հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու իր պատճառներն ունի:
Միացյալ Նահանգներում գործող լոբբիի` ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել տալու ջանքերը Վաշինգտոնում իշխանությունների գլուխը ցավեցրել են: Իրականում չի կարելի ասել, թե պրագմատիկ ամերիկյան արտաքին քաղաքական էլիտան ցեղասպանության հարցը շատ է կարևորում: Գոյություն ունի նաև իդեալիստների հատված: Սակայն նրանց թիվն ու ուժը բավարար չեն, որ կարողանան խախտել հավասարակշռությունը: Եթե մինչ օրս ԱՄՆ-ի նախագահները և Կոնգրեսի ղեկավարները փչացնում են Թուրքիայի հետ հարաբերությունները, դրա պատճառն այն է, որ նրանք նախընտրում են ենթարկվել հայկական լոբբիի բարձրացրած աղմուկին: Իդեալիստական ուղեգծին մոտ կանգնած նախագահներից է ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Բարաք Օբաման: Սակայն նա էլ չցանկացավ նեղացնել Թուրքիային:
Ապրիլի 24-ից մի քանի շաբաթ առաջ` Թուրքիա այցելած Օբաման Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում լրջորեն համոզեց Անկարային: Ապրիլի 22-ին Թուրքիան և Հայաստանը հայտարարեցին հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին, ինչի կարևոր արդյունքներից մեկը եղավ այն, որ Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Սակայն Ադրբեջանը, սկզբում չկարողանալով լավ հաշվարկ անել, հանդես եկավ սուր հակազդեցությամբ, և հարցը տեղափոխվեց ներքին քաղաքականության տիրույթ: Վարչապետ Էրդողանին մնում էր հայտարարությամբ հանդես գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ: Իրավիճակը մտահոգեց Միացյալ Նահանգներին: Սակայն օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունները որոշ չափով գոհացրեցին և հանգստացրեցին Վաշինգտոնին:
Օբամայի վարչակազմը հանդես եկավ կամավոր ու սեփական նախաձեռնությամբ` և´ Ադրբեջանի հնարավոր հակազդեցությունը մեղմելու, և´ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում առաջընթաց ապահովելու հարցերում:
Հետաքրքիր էին նաև տարածաշրջանում Ռուսաստանի` ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակում կառուցողական մոտեցումները: Նորմալ է, երբ Հարավային Կովկասում Ամերիկան, Ռուսաստանը և Թուրքիան ակնկալում են համաձայնեցված մի խնդրի ավելի արագ կարգավորում: Սակայն ժամանակակից միջազգային հարաբերությունների միջավայրում գործերն արդեն փակ դռների ետևում չեն լուծվում: Կարևոր գործոն է ժողովրդական դիվանագիտությունը: Եթե հնարավոր չլինի ճիշտ ուղղորդել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների հակազդեցությունները, ապա դրանք կանդրադառնան ներքաղաքական իրավիճակի վրա, և արձանագրությունները, մեծ հավանականությամբ, կմնան խորհրդարաններում:
Ցանկալի է, որ առաջընթաց գրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որ Ադրբեջանն ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի, որ իջնի ընդդիմության ճնշումը, և որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նախագիծը պաշտոնապես կյանքի կոչվի: Նման սցենարը հանգստացնող ազդեցություն կարող է ունենալ նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Կմեծանա ամերիկյան վարչակազմի` ցեղասպանության լոբբինգի պահանջներին ոչ ասելու հնարավորությունը: Հակառակ դեպքում ապրիլքսանչորսյան համախտանիշը շարունակվելու է …