Պարոն Օսկանյան, ձեր գնահատականով արդյո՞ք հայ-թուրքական գործընթացը կարելի է սառեցված համարել, այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունները դեռևս Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգում են:
Եվ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով միջազգային հանրության շահագրգռությունը սահմանների բացման հարցում, արդյոք Հայաստանը սկսված հայ-թուրքական գործընթացից հետ կանգնելու հնարավորություն ունի՞:
-Հայ-թուրքական ներկա գործընթացը կարելի է սառեցված համարել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան դադարի շահարկել այդ թեման, ինչպես նաև դադարի ակտիվ միջամտել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Երկու ուղղություններով էլ առայժմ հակառակ միտումն է երևում: Թուրքիան շարունակում է շահարկել գործընթացը ցեղասպանության ճանաչման խնդրի առումով, ինչպես նաև այսօր` առավել քան երբևէ, ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այսպիսով, չնայած նախագահի գործողություններին, դժվար է համարել, որ գործընթացը կանգ է առել կամ սառեցվել է:
Հակառակը` այս փուլում միջազգային հանրությունը համարում է, որ և Թուրքիան, և Հայաստանը ժամանակավոր դադարեցրել են արձանագրությունների վավերացումը` գործընթացի շարունակման համար ավելի բարենպաստ պայմանների սպասելով: Ընդ որում, օրինաչափ է, որ մյուսները բարենպաստ պայմաններ ասելով հասկանում են ղարաբաղյան կարգավորումը: Թուրքիան ստացավ այն, ինչին ձգտում էր գործընթացի առաջին օրվանից: Այսօր Թուրքիան ազատ է արձանագրությունների վավերացման միջազգային ճնշումից և հանգիստ գործում է ղարաբաղյան կարգավորման դաշտում:
Դուք ասացիք, որ հայ-թուրքական գործընթացը սառեցված չեք համարում: Այդուհանդերձ, այդ ուղղությամբ առաջընթաց չի արձանագրվում: Ձեր կարծիքով ե՞րբ գործընթացը կմտնի ակտիվ փուլ:
Քանի դեռ չկան ղարաբաղյան կարգավորման հարցում գործնական քայլեր և քանի դեռ Ադրբեջանը չի տվել իր համաձայնությունը, չեմ կարծում, որ Թուրքիան կգնա սահմանի բացմանը: Այսպիսով, գործընթացը շարունակում է կախման մեջ մնալ ղարաբաղյան կարգավորումից, ինչն ակնհայտ էր առաջին իսկ օրվանից:
Խոսելով կարգավորման գործընթացի մասին, ձեր կարծիքով որքանո՞վ է իրական և անվտանգ ազատագրված տարածնքերի հանձնման հեռանկարը` հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական հռետորությունը և ինչպե՞ս եք դուք գնահատում տարածքների փուլային վերադարձի հեռանկարը, ըստ ռուսական` 2+3+2 բանաձևի, ինչի մասին խոսվում էր մամուլում:
Նախ ես վստահ չեմ նման տեղեկատվության ճշմարտացիության մեջ: Այդուհանդերձ, կարծում եմ, որ եթե երբևէ Հայաստանի առաջ որևէ տարածքի հանձման խնդիր դրվի` առանց ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորման (իսկ համապարփակ կարգավորումը 1998-ից ի վեր հայկական կողմի հստակ դիրքորոշումն է) Հայաստանի իշխանությունները դժվար թե նույնիսկ քննարկեն դա:
Այժմ շատ է խոսվում ռուս-թուրքական մերձեցման մասին: Թուրքիան ու Ռուսաստանը սկսել են համագործակցություն տնտեսոության ռազմավարական ոլորտներում: Կարծո՞ւմ եք արդյոք, որ նման համագործակցությունը որոշակի փուլում կարող է վերածվել քաղաքական դաշինքի և ինչպես կարող է նման զարգացումը անդրադառնալ Հայաստանի վրա:
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, Ռուսաստանն էլ այդ երկրի հետ որոշակի խնդիրներ ուներ և հիմա տեղի է ունենում մերձեցում: Բայց դա կարող է և չնշանակել, որ ռուս-թուրքական մերձեցումը անպայման տեղի է ունենում Հայաստանի հաշվին: Թեև, միաժամանակ այդ խնդիրը պետք է դիտարկել հայ-թուրքական գործընթացի և այդ գործընթացի արդյունքում առաջ եկած հետևանքների ենթատեքստում:
Ի վերջո, Թուրքիան որոշակի պարտավորություն է ստանձնել միջազգային հանրության առաջ` սահմանի բացման առումով և Թուրքիան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այդպիսով, առևտրի մեջ մտնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և հակամարտության վրա ազդեցություն ունեցող այլ երկրների հետ, Անկարան անպայման բարձրացնելու է Ղարաբաղի խնդիրը` պահանջելով այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացում և կարգավորման գործընթացի արագացում: Նման արագացումը չի բխում Հայաստանի շահերից: Մենք ականատես եղանք, թե ինչ բացասական հետևանքների կարող է բերել գործընթացներում արհեստական արագացումը:
Ակնհայտորեն Դուք գոհ չեք այսօր վարվող արտաքին քաղաքականությունից: Ձեր կարծիքով ո՞րն է հիմնական թերացումը արտաքին քաղաքականության մեջ:
Արտաքին քաղաքականությունը միջոց է: Այն պետք է միջոց լինի խնդիրների լուծման`անվտանգության ամրապնդման, երկրի զարգացմանն ու առաջխաղացմանն աջակցելու համար: Այսինքն, արտաքին քաղաքական նախաձեռնությունը քայլ է կոնկրետ արդյունքների հասնելու համար: Այսօր, սակայն, արտաքին քաղաքականությունը Հայաստանում դադարել է միջոց լինելուց և վերածվել է նպատակի: Միջազգային ասպարեզում որևէ քայլ իշխանությունները ներկայացնում են որպես ձեռքբերում, անկախ այն բանից թե ինչի կհանգեցնի այդ քայլը: Քայլն ինքնին ներկայացվում է որպես արդյունք: Նման մոտեցման պարագայում մենք կորցնում ենք այդ քայլով պայմանավորված գործընթացների հետագա զարգացման վրա վերահսկողությունը: Հայ-թուրքական գործընթացը դասական օրինակ է:
Ձեր ելույթներում Դուք որոշակիորեն անդրադարձել եք գործող նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնություններին: Ինչպե՞ս եք գնահատում նախագահի ներքաղաքական քայլերը: Հնարավո՞ր է արդյոք խոսել որոշակի առաջընթացի մասին կամ համեմատել նախորդ նախագահների կառավարման տարիների հետ:
Ներքաղաքական իրավիճակը ես գնահատում եմ բոլորովին այլ տեսանկյունից: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք լուրջ առաջընթացի հասնել ներքաղաքական ասպարեզում, եթե կարողանանք բարեփոխել քաղաքական համակարգը և ստեղծել լուրջ հակակշիռներ ներքին դաշտում: Այդ առումով մենք հետքայլ ենք արձանագրում: Այսօր կարելի է պնդել, որ երկրում գործում է միակուսակցական համակարգ: Կուսակցությունները շատ են, բայց իշխանության բոլոր ճյուղերը մեկ կուսակցության հսկողության տակ են: Բացի այն, որ իշխող կուսակցությանը իրական հակակշիռ չկա, չի գործում նաև “ինքնահակակշռման” մեխանիզմը, քանի որ իշխանությունը վստահ է, որ իր հաղթանակը ապահովված է նաև հաջորդ ընտրություններում, դրանց հաջորդող ընտրություներում և այդպես շարունակ:
Խոսելով հակակշիռների ստեղծման անհրաժեշտության մասին, դուք նկատի ունեք նաև օլիգարխների դեմ պայքա՞րը:
Ենթատեքստն այլ էր: Խոսելով հակակշիռների մասին ես նկատի ունեի լուրջ քաղաքական հակակշիռները: Այսօր գոյություն ունի մեկ կուսակցություն, որը տնօրինում է իշխանական բոլոր լծակները: Անհրաժեշտ է այնպիսի բևեռի ստեղծում, որը կհակակշռի իշխանական կուսակցությանը: Իհարկե հարց է ծագում, թե ո՞վ դա թույլ կտա, չէ որ նման փորձ արվել է: Բայց ես կարծում եմ, որ գործնականում նման փորձ չի արվել: Ընդդիմադիր ուժերը ձգտել են գնալ հեղափոխության կամ իշխանության գլուխ կանգնած անձերի փոփոխության ճանապարհով: Ոչ ոք չի առաջարկել երկրի կառավարման, Հայաստանի համար, սկզբունքորեն նոր մոտեցում: Ոչ ոք չի ձգտել հակակշիռ ձևավորել իշխանության ներսում: Այդ պատճառով էլ մենք առաջընթաց չենք արձանագրել: Հակակշիռների մեխանիզմը ավելի ընդունելի է հասարակության համար, քանի որ այն չի ենթադրում անշրջելի ցնցումներ և հենված չէ հավատ չներշնչող պնդման վրա, թե իշխանության լծակներին լիովին տիրանալու մղումով առաջնորդվող ուժը հաջողության դեպքում գործողից ավելի լավը կլինի:
Այսօրվա քաղաքական դաշտում տեսնո՞ւմ եք արդյոք նման գործիչ, որը կարող էր նման ուժ ստեղծել:
Շեշտադրումները պետք է ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի և գործընթացների վրա արվեն: Վստահ եմ, որ չնայած քաղաքական համակարգի անկատարությանը, Հայաստանի քաղաքական դաշտում կան առողջ և դրական տարրեր: Ճիշտ մոտեցման դեպքում` այնպիսի մոտեցման, որը կբխի պետության և ոչ թե քաղաքական խմբերի ու անհատ գործիչների շահերից, կարծում եմ, որ քաղաքական դաշտում գործող դրական տարրերը կարող են առավել ինքնուրույն և համարձակ գործել` միաժամանակ անհրաժեշտության դեպքում միասնական քայլեր ձեռնարկել, նպատակ ունենալով հակակշռի ստեղծումը: Հակակշիռը պետք է ձևավորվի մինչ մոտակա ընտրությունները, ընտրությունների նորմալ ընթացք ապահովելու և խորհրդարանում և պետական կառավարման համակարգում այդ հակակշիռը արտացոլելու համար: Մենք երկու տարի ունենք և եթե չկարողանանք այդ ընթացքում նման փոփոխություններ իրականացնել, գործող համակարգի բացասական հետևանքները կարող են այնքան խորանալ, որ դրանց վերացումը նույնիսկ հաջորդ սերունդների համար դժվար կլինի:
Այսօր դարձյալ արդիական է արտագաղթի խնդիրը: Վերջերս ՄԱԿ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն միայն Եվրոպայում հայերի ներկայությունը վերջին երկու տարվա ընթացքում ավելացել է 40 տոկոսով: Հայաստանը լքելու վերաբերյալ խոսակցությունները նոր թափ են հավաքել: Ընդ որում, նույնիսկ երիտասարդների շրջանում, որոնք աշխատանք ունեն: Այսինքն այսօր երիտասարդներից շատերը մտածում են Հայաստանը լքելու մասին ոչ թե ֆինանասական, այլ այն պատճառով, որ մեր երկրում հեռանկար չեն տեսնում: Նման իրավիճակը չափազանց վտանգավոր է, քանի որ հասարակության հենց այդ հատվածն է, որ երկրի զարգացման շարժիչ ուժը պետք է լինի: Այդ պատճառով, մենք քիչ ժամանակ ունենք: Անհրաժեշտ է գիտակցել քաղաքական համակարգի փոփոխման կարևորությունը, ինչը պետք է դառնա երկրի ճիշտ զարգացման հիմքը:
Հայաստանում ավանդույթ է դարձել, որ նախագահի հեռանալուց հետո միանգամից սկսում են խոսել նրա հնարավոր վերադարձի մասին: Ինչպե՞ս եք դուք գնահատում մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը և ինչպե՞ս եք գնահատում նրա հաջողության հնարավորությունը:
Ցանկացած անձ ինքը պետք է որոշում կայացնի: Երկիրը, հասարակությունը պետք է առաջ նայի: Պետք է կարողանանք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և շարժվել առաջ: Թե ինչ արդյունքների կբերի այդ ընթացքը` պետք է կախված լինի արդեն ժողովրդի որոշումից: Ժամանակ վատնել անվերջ քննարկումների վրա, թե ով կվերադառնա, իսկ ով ոչ` անարդյունք զբաղմունք է: Մեր առօրյա խնդիրներն այնքան շատ են և այնքան վառ արտահայտված, իսկ դրանց բացասական հետևանքներն այնքան զգալի են, որ մենք պետք է մտածենք թե ինչպես առաջ շարժվել և ինչպես լուծել այդ խնդիրները: Եթե հնարավոր լինի ձևավորել հակակշիռներ իշխանության ներսում, մենք կարող ենք վստահ լինել, որ ժողովրդի կամքը կհարգվի իշխանության ձևավորման գործընթացում և նման խոսակցությունները կդադարեն, որովհետև թե ով կվերադառնա իսկ ով կգնա, կորոշի հասարակությունը: Դրան կարելի է հասնել միայն գործուն հակակշիռների մեխանիզմի միջոցով:
Սերժ Սարգսյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից նա որոշ քայլեր ձեռնարկեց, որոնք չէին կարող դուր գալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ձեր գնահատականով, հնարավո՞ր է արդյոք, որ դա դառնա նրանց միջև լուրջ տարաձայնությունների պատճառ: Եվ ինչպե՞ս եք դուք ընդհանրապես մեկնաբանում հրապարակումները և խոսակցությունները Սարգսյանի և Քոչարյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ:
Այդ հարցերը իրենց պետք է ուղղեք: Ես կարծում եմ, որ իշխանությունների քայլերը պետք չէ գնահատել որևէ մեկին դուր գալու կամ չգալու տեսանկյունից: Դրանք պետք է գնահատվեն ըստ արդյունքների: Ես քննադատաբար եմ վերաբերվում գործող իշխանությունների արտաքին և ներքին քաղաքական որոշ քայլերին, քանի որ կարծում եմ, որ այսօր ակնհայտ է խոսքի և գործի միջև տարբերությունը: Այն խոստումները, որոնք տրվել են որոշակի քաղաքական փուլում և այն իրականությունը, որ ունենք այսօր` զգալիորեն տարբեր են: Մենք պետք է փորձենք գնահատել իշխանությունների քայլերը` ժողովրդի շահերի տեսանկյունից: