– Պարոն Օսկանյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Սոչիում կողմերի հետ համաձայնեցվել է ԼՂՀ կարգավորման փաստաթղթի նախաբանը: Արդյո՞ք դա համընկնում է կարգավորման` ի սկզբանե որդեգրած` «Ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ» սկզբունքին:
– Այդ սկզբունքը մշակված է հենց Ղարաբաղի խնդրի նման բարդ հարցերի համար, որոնց առնչվող փաստաթղթերում ամեն նախադասություն փոխկապակցված է, եւ որտեղ ամեն բառ նշանակություն ունի: Հենց այդ պատճառով ցանկացած հրապարակային հայտարարությանը համաձայնելիս, պետք է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել, քանի դեռ բանակցային փաստաթղթում ամեն ինչ համաձայնեցված չէ: Այդ առումով ձեր նշած հայտարարությունը առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, հատկապես, որ նման նախորդ «համաձայնությունների» արդյունքում թե Մայնդորֆյան փաստաթղթով, թե Աթենքյան հայտարարությամբ Ադրբեջանը շահարկման բազմաթիվ առիթներ ստացավ:
– Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ կողմերին ընդամենը երկու շաբաթ ժամանակ է տրվել վիճելի հարցերի մասին առաջարկություններ ներկայացնելու համար: Արդյո՞ք սա չի նշանակում, որ կողմերի վրա ճնշում են գործադրում հակամարտությունը շուտափույթ կարգավորելու համար, կամ` գործընթացն արդեն մտել է վերջնական փուլ: Հատկապես, երբ ԼՂՀ գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հույս էր հայտնել, որ գարնանը կարող է ձեռք բերվել հակամարտության կարգավորման համաձայնագիրը:
– Ճնշումը լինում է այն ժամանակ, երբ ենթարկվում ես ճնշման: Ցանկացած ժամկետ կարելի է դնել, եթե այդ ժամկետների շրջանակներում գործելու արդյունքում չեն ծնվում փաստաթղթեր եւ որոշումներ, որոնք հակասում են մեր շահերին: Հաշվի առնելով վերջին շրջանի փորձը, երբ հայ-թուրքական գործընթացի շրջանակներում դրված ժամկետների արդյունքում ծնվեցին մեր շահերից չբխող փաստաթղթեր եւ հայտարարություններ, ժամկետները մտահոգվելու տեղիք տալիս են:
– Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:
– Ամենից շատ ինձ մտահոգում է Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործընթացին եւ այն հանգամանքը, որ հայ-թուրքական գործընթացը առավել բարդացրել է ԼՂ հարցի կարգավորումը: Հիմա մեր ողջ ներուժը պետք է ուղղվի այդ գործընթացները տարանջատելու եւ այդ ընթացքում նաեւ բանակցություններում մեր իրավունքները պաշտպանելու բավական բարդացած խնդրի լուծմանը:
– ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում նկատվող աշխուժությանը հակառակ, կարծես թե, դադար է հայ-թուրքական հաշտեցման գործընթացներում: Արդյո՞ք դա չի նշանակում, որ արձանագրությունները վավերացնելու հարցում Թուրքիան սպասում է ԼՂ-ի հարցում առաջընթացի, ինչպես միշտ հայտարարել են այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Ձեր կարծիքով, իսկապե՞ս կարգավորման պրոցեսն ընթանում է այդ սկզբունքով:
– Սկզբունքորեն մերժելի է այլեւս կանխատեսել, թե Թուրքիան երբ եւ ինչ պայմաններում կվավերացնի, թե չի վավերացնի արձանագրությունները: Գործընթացի հենց սկզբից պարզ էր, թե ուր է այն տանում: Թուրքիան արդեն ստացել է այն նվազագույնը, ինչին ձգտում էր, թե՛ փաստաթղթերի բովանդակության, թե՛ ողջ գործընթացն իր օգտին շահարկելու առումով: Եվ հիմա փորձում է ստանալ առավելագույնը` ԼՂ-ի հետ կապված նախապայմանը:
– ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ փաստաթուղթ ընդունվեց, որի համաձայն՝ ԼՂՀ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Իսկ Մադրիդյան սկզբունքներում ԼՂՀ կարգավիճակի հարցը հետեւելու է տարածքների, փախստականների վերադարձին: Արդյո՞ք վտանգ չկա, որ Մադրիդյան սկզբունքների կիրառման դեպքում ազգերի ինքնորոշման սկզբունքը ԼՂՀ-ի դեպքում չի լինի որոշիչ:
– Խնդիրը ոչ թե սկզբունքների հերթականությունն է, այլ այն, որ պետք է խուսափել տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշումը որպես ԼՂ կարգավորման սկզբունքներ ամրագրող փաստաթղթերն ընդունելուց, քանի դեռ Ադրբեջանը հրապարակայնորեն չի ընդունել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ցանկացած դրսեւորումը, քանի դեռ չեն համաձայնեցվել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման մանրամասները:
– Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ որոշումը եւ դրա շուրջ Թուրքիայի բարձրացրած աղմուկը: Արդյո՞ք ճիշտ կլինի, որ մեր խորհրդարանը արձանագրությունները վավերացնելուն զուգահեռ՝ դրանց կցի նաեւ վերապահումներ, ինչպես դա առաջարկում է ՀՅԴ-ն:
– Իրերը պետք է իրենց անուններով կոչել: Սա այն խնդիրը չէ, որտեղ կարելի է եւ՛ մեխին խփել, եւ՛ նալին: Նման գործելաոճն իրավիճակն ավելի է բարդացնում, ինչպես, կարծում եմ, բոլորն առիթ ունեցան համոզվելու: Այս արձանագրությունները ի սկզբանե չէին կարող հիմք հանդիսանալ երկու երկրների միջեւ երկարատեւ, կայուն հարաբերություններ կառուցելու համար: Դրա համար մեկ տարի իրար համոզելու, ժամանակ վատնելու, առավել կարեւոր խնդիրներից շեղվելու կարիք չկար:
– Ինչպես եք գնահատում այն տեղեկությունները, որ արդեն քայլ է արվում ԼՂՀ-ի՝ բանակցություններին մասնակցելու ուղղությամբ: Արդյո՞ք կարգավորման սկզբունքները որոշելուց հետո ԼՂՀ-ի մասնակցությունը ձեւական բնույթ չի կրի եւ որոշիչ չի լինի:
– Պաշտոնական հավաստիացում այդ մասին կարծես չկա: Բայց, որ առանց ԼՂՀ-ի համաձայնության հարցը լուծում չի կարող ունենալ, պետք է լինի անբեկանելի ու անքակտելի սկզբունք հայկական կողմի համար: Իսկ ԼՂՀ մասնակցությունը այդ պահին որքանով ձեւական կամ ոչ ձեւական բնույթ կկրի, կախված կլինի՝ թե մինչ այդ ինչպիսի ներգրավվածություն են ունեցել ԼՂ իշխանությունները այդ սկզբունքների մշակման եւ ընդունման հարցում:
– ԼՂՀ-ի դեպքում արդյո՞ք համանախագահող երկրներից ՌԴ-ի ցանկությունն է որոշիչ: Արդյո՞ք ՌԴ-ն հանուն իր տնտեսական, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հարցերը լուծելու՝ չի օգտագործում ԼՂՀ հակամարտությունը` հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները` Ադրբեջանից մեծ քանակությամբ գազ գնելու պայմանավորվածությունը, Ռեջեփ Էրդողանի` Մոսկվա կատարած այցի ընթացքում տնտեսական փոխշահավետ պայմանավորվածությունները:
– Հավատացած եմ, որ Ռուսաստանը ձգտում է կարգավորման, ելնելով նաեւ հենց վերը թվարկված պատճառներից: Ղարաբաղյան խնդրի կարգավորված լինելու պարագայում Ռուսաստանն ավելի ազատ կարող է հարաբերությունները խորացնել Հայաստանի հետ` իր ռազմավարական շահերից ելնելով, եւ Ադրբեջանի հետ` իր աշխարհաքաղաքական եւ էներգետիկ շահերից ելնելով: Սա նաեւ նշանակում է, որ անհեռատես կլինի երբեւէ հաշվարկ կառուցել այն համոզման վրա, որ ցանկացած շրջադարձի դեպքում Հայաստանը կունենա Ռուսաստանի անվերապահ աջակցությունը:
– ԼՂՀ հակամարտության կամ հայ-թուրքական հաշտեցման գործընթացներում ի՞նչ դերակատարություն կամ շահագրգռվածություն ունի կամ կարող է ունենալ Իրանը: Այդ հարցը քննարկման առարկա դարձավ Ռոբերտ Քոչարյանի` Իրան կատարած այցելությունից հետո: Իսկապե՞ս երկրորդ նախագահի այցը կապ ունի այս հարցերի հետ:
– Երկրորդ նախագահի այցելության մասին հարցը թերեւս իրեն ուղղեք: Ինչ վերաբերում է Իրանին, ապա մինչ այժմ Իրանը, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, թեեւ անմիջական մասնակցություն չի ունեցել, իր հավասարակշռված դիրքորոշմամբ նպաստավոր դեր է ունեցել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Անշուշտ, Իրանն իր շահերն ունի, վերը խոսեցինք Ռուսաստանի մասին, մեր տարածաշրջանում նաեւ այլ պետություններ շահեր ունեն: Յուրաքանչյուր պետություն գործում է սեփական շահերից ելնելով: Բայց պետք չէ դա ֆատալիստական տրամադրությամբ ընկալել: Հայաստանի խնդիրն է՝ հնարավորինս հստակ պատկերացնել, ձեւակերպել եւ փորձել պաշտպանել սեփական շահը, այլ ոչ թե տրվել հոսանքներին: