– Պարոն Օսկանյան, պաշտոնը թողնելուց հետո դուք սկսեցիք վերլուծել ու քննադատել ՀՀ իշխանությունների գործունեությունը: Արտաքին քաղաքականության առումով դա շատ հասկանալի է, որովհետև 10 տարի եղել եք ՀՀ արտաքին գործերի նախարարը: Բայց Դուք քննադատում եք ՀՀ իշխանությունների վարած նաև տնտեսական քաղաքականությունը: Այնուամենայնիվ ի՞նչ նպատակ է հետապնդում Ձեր այս գործունեությունը, բացի այն, որ Դուք կասեք թե հայ եք ու ցավում եք մեր երկրի վիճակի համար:
– Իմ գործունեությունը մի նպատակ է հետապնդում, որ մենք ունենանք նորմալ պետություն: 20 տարի է անցել անկախությունից, բայց շատ հեռու ենք նորմալ ժողովրդավարական պետություն լինելուց: Եվ այդպիսի պետություն չլինելն ուղղակի խանգարում է մեր բարեկեցությանը: 20 տարի է անցել, վատ ենք ապրում, մարդիկ երկիրը թողնում` գնում են, ինստիտուտները չեն աշխատում: 10 տարի իմ կառավարության մեջ լինելը ինձ համար մեծ փորձ էր, ես լավ հասկացա Հայաստանի թերությունները, որովհետև առնչվում էի բոլորի հետ: Եվ երբ իմ պաշտոնավարման 10 տարին ավարտվեց, ես որոշեցի, որ մեր առաջ ծառացած հիմնական խնդիրները ոչ թե դրսում են, այլ ներսում են: Եվ ոչ թե պետք է արտաքին, այլ ներքին խնդիրների մասին շատ խոսել: Եվ միայն ներքինը կարգավորելուց հետո հնարավոր կլինի նորմալ պետություն ունենալ, նաև կկարողանանք մեր արտաքին խնդիրները լուծել: Դա է հիմնական մղիչ ուժը, որ ես որոշեցի չլինել այս կառավարության մեջ, որպեսզի իմ ձեռքերն ազատ լինեն, կարողանամ խոսել բոլոր այն հարցերի մասին, որ ուզում եմ բարձրացնել և համարում եմ, որ լուրջ խոչընդոտներ են մեր հետագա զարգացման համար: Եվ որոշեցի ստեղծել այս հիմնադրամը, որն իր գործունեությամբ կնպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը, որն իր հերթին կարող է օժանդակել նաև այդ խնդիրների լուծմանը:
– Կարծիք կա, որ Դուք շուտով ավելի ակտիվ քաղաքականություն եք մտնելու, և դա զուգահեռ է լինելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալուն: Արդյո՞ք նման մտադրություն ունեք, և Ձեր գործունեությունը շաղկապվա՞ծ է:
– Ես չգիտեմ, թե Քոչարյանի քաղաքական նպատակներն ինչպիսին են: Ես նրա հետ երկար տարիներ աշխատել եմ որպես արտգործնախարար և դրանից առաջ, երբ ինքը ԼՂՀ նախագահ էր: Ես կարծում եմ, որ արդյունավետ է եղել մեր աշխատանքը: Այսօր էլ ես կապերը Քոչարյանի հետ պահում եմ, պարբերաբար հանդիպում, զրուցում ենք երկրի խնդիրներից: Բայց միասին որևէ քաղաքական կամ այլ ծրագրեր չունենք: Ես ընտրել եմ հիմնադրամի ճանապարհը, Քոչարյանը թերևս ավելի պասիվ դիրքերում է: Իմ որոշումը, թե երբ ավելի ակտիվ, գործնական քաղաքական ներգրավածություն կունենամ, կախված կլինի զարգացումներից: Դեռևս որոշում չեմ կայացրել: Այսօր բավական զբաղված եմ հիմնադրամի գործերով, բայց զերծ չեմ նաև քաղաքական գործընթացներից, փորձում եմ մասնակից լինել` այդ խնդիրները բարձրացնելով, դրանց մասին խոսելով, ժողովրդի գիտակցության մեջ զարթնացնելով մեր առաջ ծառացած կարևոր խնդիրները, նաև առաջարկելով դրանց համար կոնկրետ լուծումներ:
– Դեռ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, թե քննարկվում է նաև Ձեր թեկնածությունն առաջադրելու հարցը: Հիմա նորից են խոսում այդ մասին: Արդյո՞ք Ձեր քաղաքական գործունեությունն այնպես է ծավալվելու, որ Դուք 2013թ. նախագահական ընտրություններին առաջադրվեք:
– Ես ասացի, որ իմ քաղաքական ներգրավվածության ձևը և ժամկետը դեռ չեմ որոշել, չեմ կարող այս պահին որևէ բան ասել այդ կապակցությամբ: Բայց ձեր հարցին պատասխանելու համար կարող եմ ասել, որ ոչինչ չեմ բացառում:
– Այս պահին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր ուժերն իշխանության դեմ պայքարելուց ավելի շատ կարծես թե միմյանց դեմ են պայքարում: Ինչի՞ արդյունք է դա:
– Ես հուսով եմ, որ ընդդիմությունը չի սխալվի: Նրանք պետք է լավ հասկանան, որ իրենց խնդիրը պետք է լինի հաջորդ խորհրդարանական ընտրություններում քաղաքական հակակշիռներ ստեղծելը: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն իր առաջ այդ խնդիրը պետք է դնի և այդ նպատակից ելնելով պետք է այդ գործունեությունը վարի, այլապես հաջորդ ընտրություններում նույնպես մենք կրկին կունենանք բացարձակ մեծամասնությամբ ԱԺ: Մի կուսակցություն կորոշի ամեն ինչ և այսօր մեր առաջ ծառացած խնդիրները հնարավոր չի լինի լուծել: Այսօր ՀՀ ամենամեծ խնդիրը քաղաքական մենաշնորհն է: Եթե մենք չկարողացանք դա վերացնել, մեզ համար անհնար կլինի անդրադառնալ մյուս` տնտեսական, սոցիալական, ներքաղաքական, ժողովրդավարական խնդիրներին: Պետք է հաջորդ խորհրդարանական ընտրությունների հնարավորություններն այնպես օգտագործել, որ մենաշնորհը հաղթահարվի և գնանք իսկական կոալիցիաների ճանապարհով: Ժողովրդավարությունն այլ մեխանիզմ չի ստեղծել. եթե չկա հակակշիռ, չկա ժողովրդավարություն: Իսկ այսօր իշխող կուսակցությունն ամեն ինչ անում է, որ գնա քաղաքական ուզուրպացիայի ճանապարհով, որ հաջորդ ընտրություններում նույնպես մեծամասնություն ապահովի և ապահովի իր վերարտադրությունը խորհրդարանական ու նախագահական ընտրություններում:
– Իշխանությունը որոշ քայլեր անում է. անապահով խավերի սպառած գազի վճարների մի մասն է սուբսիդավորում, գյուղացու և այլ հոգսեր թեթևացնելու հետ կապված ինչ-որ քայլեր է անում: Արդյո՞ք դա չի նշանակում, որ իշխանություններն ընդառաջ են գնում ժողովրդին:
– Սրանք նախընտրական քայլեր են: Սա նշանակում է, որ իշխանությունները վերջապես հասկացան, որ դժգոհությունը մեծ է, և հաջորդ խորհրդարանական ընտրություններին եթե փորձ արվի պահպանել իշխանությունը, կարող է, իսկապես, ժողովրդական պոռթկում լինի: Այս երեք տարիները և հաջորդ տարի միանշանակորեն ցույց են տալու, որ այս կառավարությունը ձախողվել է: Իրոք, այս կառավարությունն ամենաանարդյունավետն է ՀՀ նորագույն պատմության մեջ: Եվ ոչ միայն արդյունք չկա, այլ ետքայլ կա: Աղքատությունն է ավելացել, մեր պետական պարտքն է ավելացել, բյուջեի դեֆիցիտը, գործազրկությունն է ավելացել, ինֆլյացիան շատ բարձր է: Բոլոր ցուցանիշներով այսօր ետքայլ ենք անում: Այսօր ՀՀ ՀՆԱ-ն 2008թ. համեմատ շատ ավելի ցածր է: Բայց իշխանությունները դժբախտաբար գնում են ոչ թե հիմնարար բարեփոխումների, որը միակն է երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար, այլ պոպուլիստական քայլեր են անում, ուզում են ժողովրդի վիճակը մի քիչ լավացնեն, գազի համար անապահով խավերին սուբսիդավորել: Դա ընդհանրապես խախտելու է տնտեսության մեջ եղած հավասարակշռությունը և անկախ նրանից, թե հաջորդ ընտրություններից հետո ով կլինի իշխանության, շատ ավելի բարդ խնդիրների առաջ է կանգնելու մեր տնտեսությունը: Ստիպված ենք լինելու նոր պարտքեր վերցնել, առավել խորացնել մեր մակրոտնտեսական անկայունությունը: Ժողովրդավարությունը մեզ մոտ ձևական է, չկան դրա հիմնական սկզբունքները` հանդուրժողականություն, օրենքի գերակայություն, ազատություններ, ազատ ընտրություններ: Ազատ շուկայական հարաբերություններում հիմնարար երեք սկզբունքները` հավասար պայմաններ, ազատ մրցակցություն և սեփականության անձեռնմխելիություն, այսօր էականորեն խախտված են:
– Կառավարությանն եք քննադատում, բայց այսօրվա կառավարության կազմն ու ողջ իշխանությունները հիմնականում նույն այն մարդիկ են, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցրել նաև նախորդ իշխանության օրոք: Այդ ինչու են նրանք այսօր անարդյունավետ աշխատում:
-Այո, բոլորն էլ իմ գործընկերներն են եղել, հարգում եմ նրանց: Չգիտեմ, նրանց թիմային աշխատանքը չի ստացվում, արդյունք չկա: Պետության ներկայացրած վիճակագրությունից դատելով արդյունք չկա: Կառավարության հիմնական թերությունն այն է, որ ստեղծագործական մտքի պակաս կա, մեծ ծրագրեր չկան, այս կառավարության կանխատեսելու կարողությունն է շատ ցածր: Հիշենք, թե 2008-ին ինչպիսի խոստումներ եղան, այսօր ինչ է վիճակը: Ես կարծում եմ, որ այսօր հասարակությունն ամբողջությամբ կորցրել է կառավարության նկատմամբ իր վստահությունը: Վերջիվերջո հասարակությունն էլ իր լավատեսությամբ պետք է նպաստի տնտեսության խթանմանը, բայց երբ հասարակությունը, արտադրողն ու սպառողն այդ վստահությունը չունեն կառավարության ասածների նկատմամբ, դրանք նույնիսկ ամենալավ խոստումների պայմաններում չեն նպաստի տնտեսության խթանմանը: Ես կարծում եմ, որ նախագահի առաջ այսօր շատ լուրջ խնդիր է դրվել` մտածել լուրջ կադրային փոփոխությունների մասին, որ հնարավոր լինի այս իրավիճակից երկիրը դուրս բերել:
– Վարչապետի՞ փոփոխության մասին եք ակնարկում, չէ որ կառավարությունում վերջերս բազմաթիվ փոխատեղումներ եղան:
– Քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինելով, ես ինձ իրավունք չեմ վերապահել ասելու՝ ում պահել, ում փոխել, բայց որ այսօր մեծ թերություններ կան կառավարությունում, դրա մասին երկու կարծիք չի կարող լինել:
– Դուք ձեր քննադատություններում նկատի չե՞ք ունենում, որ այս երեք տարիներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ կար, և ՀՀ տնտեսության անկման վրա դրա ազդեցությունն էլ կար:
– Սխալ կլինի 2009թ. 15 տոկոս անկումն ամբողջությամբ վերագրել միջազգային ճգնաժամին: 3 հիմնական գործոն կա այդ հսկայական անկման հիմքում: Առաջինը, իհարկե` գլոբալ ճգնաժամն է, բայց երկրորդը մեր տնտեսության մեջ առկա ինստիտուցիոնալ և կառուցվածքային թերություններն են, և երրորդը` կառավարության քաղաքականությունն է: Առաջինի վրա մենք ազդեցություն չունեինք, մյուս երկուսը մեր ձեռքում է: Մենք ոչ գնացինք համակարգային բարեփոխումների, ոչ էլ կառավարությունը կարողացավ համարժեք քայլեր ձեռնարկել: Ես այս երեք գործոնների վրա հավասար կշիռ կդնեի որպես տնտեսական անկման պատճառ: Այնպես որ, եթե մենք կարողանայինք գնալ համարձակ բարեփոխումների և ճիշտ քաղաքականություն վարել այս ճգնաժամի պայմաններում, ես կարծում եմ, որ անկումը 15-ի փոխարեն կլիներ 4-5 տոկոս: Աշխարհում երկրորդ տեղն էինք վերջից այդ առումով: Գնաճի այս պայմաններում հիմնական դարմանը մենաշնորհի վերացումն է, նույնիսկ դա այսօր կառավարությունը չի համարձակվում շտկել, որովհետև չեն ուզում որոշ ներկրողների ոտքը տրորել, որովհետև իշխանությունն ու բիզնեսն այնքան են սերտաճել, որ փոխադարձ շահեր կան: Անկախության 20-ամյակի նախաշեմին Հայաստանի ախտորոշումը շատ պարզ է, լուծումներն էլ շատ պարզ են, ուղղակի քաղաքական կամք է պետք, ինչ-որ տեղ իշխանություն զիջելու կամ կիսելու պատրաստակամություն է պետք, որ մենք կարողանանք այդ ախտերը վերացնել: 6-7 հրատապ քայլեր կան, եթե նախագահը համարձակություն ունեցավ անել, ես համոզված եմ, որ մինչև խորհրդարանական ընտրությունները երկիրը որակապես բոլորովին այլ մակարդակի վրա կլինի:
– Ինչ քայլերի մասին եք ակնարկում:
– Առաջինը` նախագահը ելույթով հանդես գա և ասի, որ երաշխավորում է ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները, 2. Դա ապացուցելու համար այսօրվանից թույլ տա, նույնիսկ քաջալերի բոլոր կուսակցություններին, որ նրանք ինքնուրույն մասնակցություն ունենան խորհրդարանական ընտրություններին, որ հնարավոր լինի քաղաքական համակարգում այդ հակակշիռը ստեղծել: 3. Անհապաղ ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, ովքեր քաղաքական դրդապատճառներով են ճաղերի հետևում: Եվ դա իսկապես կլինի առաջին կարևորագույն քայլը մարտի 1-ի վերքը փակելու: Չի փակվի, բայց գոնե այդ ճանապարհին կարևոր քայլ կլինի: 4 Հրաժարվել էլեկտրոնային բոլոր տեսակի լրատվամիջոցների վրա բոլոր տեսակի սահմանափակումներից և թույլ տալ, որ հասարակական պահանջը ձևավորի նրանց ծրագրերը: 5. Երաշխավորել սահմանադրությամբ նախատեսված բոլոր տեսակի ազատությունները: 6. Հրաժարվել որպես քաղաքական լծակ օգտագործել պետական` հարկային, մաքսային, ոստիկանության կառույցները, դատական համակարգը: 7. Տնտեսական ոլորտում բոլորին բերել հարկային դաշտ, տարանջատել բիզնեսը քաղաքականությունից և վերջապես վերացնել մենաշնորհները: Եթե կան ապրանքատեսակներ, որոնց դեպքում ազգային անվտանգության նկատառումներից ելնելով մենաշնորհն անհրաժեշտ է, կարող է այդպիսին լինել: Եվ դրանք ոչ թե լինեն անհատների մենաշնորհը և հետո դրանից փող վերցնենք բանակ պահելու համար, այլ դա դարձնել պետական մենաշնորհ: Այս քայլերի համար նոր օրենքներ պետք չեն, սահմանադրություն փոխել, հանձնաժողովներ պետք չեն: Միայն ենթադրում է սահմանադրության և օրենքների կիրառում: Բայց այս բոլորն այսօր կախված է մի մարդու կամքից: Եթե նախագահն այսօր խնդիր դնի մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ այս քայլերն անի, համոզված եմ, որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները երկիրը որակապես այլ հարթության վրա կլինի:
– Բայց մենաշնորհները և Ձեր թվարկած բոլոր թերությունները առաջացել ու հզորացել են դեռ նախորդ իշխանությունների ժամանակ:
– Երբ ուզում է առաջացած լինեին, դա արդարացում չէ: 20 տարի է անցել մեր անկախությունից, եթե նախկինում եղել է, ուրեմն հիմա պետք է ուղել: Բայց նախկինում շատ լավ բաներ էլ են եղել, որ այսօր չկան:
– Դուք այդ քայլերը թվարկելուց առաջ կառավարությանը մեղադրեցիք անարդյունավետ աշխատանքի մեջ, բայց հիմա ասում եք, որ դրանց լուծումը նախագահի կամքից է կախված: Ուրեմն կառավարության աշխատանքը անարդյունավետությունը ոչ թե գործադիր մարմնի, ավելի շատ նախագահի կամքով է պայմանավորված:
– Բնականաբար, այդ բոլորն իրար հետ շաղկապված են: Կան խնդիրներ, որոնց լուծումը կախված է նախագահի կամքից, բայց կան խնդիրներ, որոնք կառավարության անարդյունավետ գործունեության հետևանք են:
– Ձեր թվարկած բարեփոխումները ժողովուրդն էլ է պահանջում, բայց եթե իշխանությունները կատարեն դրանք, դա հավասարազոր կլինի իրենց վեջին: Հավանաբար այդ պատճառով էլ բարեփոխումներ չեն իրականացնում:
– Ես հակառակն եմ կարծում: Կարծում եմ, որ իշխանության հեղինակությունը կբարձրանա և արդար ընտրություններով վերընտրվելու հավանականությունը կմեծանա:
– Այսօր էլ բազմահազարանոց մարդիկ են հավաքվում ընդդիմության հրավիրած հանրահավաքին: Ի՞նչն է պատճառը:
-Դժգոհության արդյունք է: Այսօր Հայաստանում բացի իշխանություններին մոտ կանգնած մարդկանցից, գոհ մարդ չկա: Ես այս հիմնադրամում օրական բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում, և բոլորն ինչ-որ փոփոխություն են ուզում: Այդ փոփոխությունը չի կարող ուշանալ: Որպեսզի մենք խուսափենք արաբական աշխարհի ցնցումներից, լավ կլինի, որ այդ փոփոխության կարիքն իշխանությունները զգան, ու իրենք անեն, և ոչ թե ժողովուրդը դա պարտադրի:
– Արաբական աշխարհի ցնցումների ազդեցությունը մե՞ծ է Հայաստանի վրա:
– Նույն ախտանիշները տարբեր խորությամբ Հայաստանում կա: Ուղղակի անկանխատեսելի է, որ եթե ընտրություններին մենք էլի գնանք կեղծման ճանապարհով, ժողովուրդն էլ զգա, որ փոփոխությունները բացառված են, կարելի է ամեն ինչ ակնկալել:
– Դժգոհ ժողովուրդն ակնկալիքներ ունի ընդդիմությունից: Ձեր կարծիքով ընդդիմության գործողությունները համարժե՞ք ժողովրդի սպասումներին:
– Այս պահին ինձ համար դժվար է ընդդիմությանը գնահատական տալ, որովհետև իրավիճակն այստեղ այնքան հեղհեղուկ է, որ յուրաքանչյուրն ամենաբարձր արդյունավետություն ապահովելու համար կարծես թե գտնվում է դիրքավորման փուլում: Եվ երբ դու դիրքավորման փուլում ես, դժվար է արձանագրել, թե դա արդեն ընդդիմության վերջնական քաղաքականությունն է, թե դեռևս սպասում է իրավիճակային փոփոխությունների, որ կարողանա ժողովրդի պահանջին ադեկվատ քայլ անել:
– Արտահերթ ընտրությունների հավանականությունը որքա՞ն է:
– Ես ընդհանրապես արտահերթ ընտրությունների հավատացող չեմ եղել, չեմ ջատագովել: Ես կարծում եմ, որ մենք կգնանք հերթական ընտրությունների: Դրան պետք է պատրաստվել, և լավ պետք է պատրաստվել: Այս ընթացքում պետք է հասարակական պահանջն ավելի ցայտուն լինի, որ իշխանությունները լսեն և իմանան, որ իրենց համար լուրջ ընտրություն կա` բավարարել ժողովրդի պահանջը, կամ արդեն ժողովուրդը կփորձի ինչ-որ բան պարտադրել իշխանություններին:
– Ձեր առաջին պատասխանի մեջ նշեցիք, թե ներքին խնդիրները կարգավորելուց հետո միայն կկարողանանք արտաքին խնդիրները լուծել: Երբ Դուք արտգործնախարար էիք, այդ 10 տարիներին էլ նույն խնդիրները կային, արդյո՞ք դրանք խանգարում էին ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում:
– Միանշանակ, ես միշտ էլ ասել եմ, որ ՀՀ ներքաղաքական կյանքում բոլոր կտրուկ կամ շրջադարձային դեպքերից հետո այդ իրադարձությունները բացասական ազդեցություն են ունեցել մեր արտաքին գործունեության վրա: Կասկած չկա, ինչքան զորավոր է, միասնական է երկիրը, զարգանում է, ժողովրդավար ու արդար է, այնքան ուժեղ ենք դրսում:
-Կոնկրետ ի՞նչ առիթներով կամ ե՞րբ եք զգացել ներքին խնդիրների բացասական ազդեցությունն արտաքին գործունեության վրա:
– Իմ պաշտոնավարման ժամանակ այդպիսի մի քանի իրադարձություններ են եղել: Այնպես որ, այդ առումով իմ փորձը բավական հարուստ է: Օրինակ, 1999թ. խորհրդարանի դեպքերից հետո մեզ բոլորովին այլ աչքով էին նայում: Դժվար էր նույնիսկ հանդիպումներ ունենալ, մարդկանց ինչ-որ բանի մեջ համոզել: Եվ 1-1,5 տարի հետո մինչև մենք մեզ վերագտանք, մեր դիրքերն արտաքին աշխարհում բավական թուլացել էին: Նման իրավիճակ էր նաև «Ա1պլյուս»-ի եթերազրկումից հետո: Վատ ընտրություններից հետո նույնպես նման իրավիճակ լինում է: Երևանի փողոցներում իրադարձություն է լինում, ոստիկանությունն է միջամտում, ուժ է օգտագործում, դրանից հետո նույնպես բարդանում են մեր խնդիրները: Եվ իհարկե մարտի 1-ից հետո: Դրա ամենավառ վկայությունն էր, երբ 2008թ. մարտի 14-ին մենք ամենաթույլ վիճակում էինք, Ադրբեջանն առնվազն 6-7 տարի փորձելուց հետո այդ պահը ընտրեց և առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր օգտին բանաձև անցկացրեց: Եթե այդ դեպքերը չլինեին, ես համոզված եմ, որ այդ բանաձևը հնարավոր չէր անցկացնել: Այնպես որ ներքին և արտաքին հարցերի այդ պատճառահետևանքային կապն ակնհայտ է:
– Կարելի՞ է ասել, որ գործող նախագահն այս առումով ավելի վատ վիճակում է եղել, քան Ռ.Քոչարյանը:
– Դժվար է նման համեմատություններ անցկացնել: Կոնկրետ էպիզոդներ են եղել, որ երբ Հայաստանում խնդիրներ ենք ունեցել, դրսում էֆեկտիվությունն ընկել է: Իմ պաշտոնավարման 10 տարիներին մեծ հաշվով ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը շատ էֆեկտիվ է եղել: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ իմ պաշտոնավարման գոնե վեջրում մենք կարողացանք ԼՂ ինքնորոշման իրավունքը առաջին անգամ լինելով ամրագրել բանակցային փաստաթղթում և միջազգային հանրությունն ամբողջությամբ դա պաշտպանեց և դրա ջատագովը դարձավ: Խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է: Այսօր արտաքին քաղաքականությունը, կարծում եմ, որ բոլորովին այլ ուղությամբ է զարգանում, նմանությունները շատ քիչ են, դրա համար էլ ես շատ հաճախ քննադատություններ եմ հնչեցնում: Ինձ մեղադրում են, թե վերջիվերջո այդ բոլորի հիմքերն այն ժամանակ են դրվել, բայց այդպես չէ: Ներքին և արտաքին քաղաքական հարցերում իրավիճակ կարող է փոխվել, քաղաքականության շեշտադրումներ կարող են փոխվել, և ես կարող եմ միանշանակ արձանագրել, որ այսօրվա արտաքին քաղաքականության շեշտադրումները բացարձակ կապ չունեն այն ինչ, որ արվում էր 1998-2008 թվականներին:
– Նախկին քաղաքականությունից ի՞նչ շեղումներ են եղել:
– Տարածաշրջանային քաղաքականության առումով այն գաղափարական հենքը որ դրել էնք, վերացել է: Այսօր հստակություն չկա տարածաշրջանային քաղաքականության մեջ: Թուրքիա-Հայաստան հարցում բոլորովին այլ ուղղությամբ գնաց: ԼՂ հարցում ստեղծված այս անորոշությունը, բանակցությունների խորը փակուղու մեջ գտնվելը հակամարտության վերսկսման վտանգն ավելի է մեծացրել:
– Մոտ 10 տարի էլ Դուք եք բանակցել, ու նորից անորոշ վիճակ էր: Օրեր առաջ Ռուդոլֆ Փերինան հայտարարեց, թե երբ Ռ.Քոչարյանն ու Հեյդար Ալիևն առաջին անգամ հանդիպել են, ինքը տպավորություն է ստեղծել, թե նախագահները պայմանավորվել են բանակցությունները շարունակել, բայց արդյունքի չհասնել: ՀՀ-ում էլ կարծիք կար, թե Ռ.Քոչարյանը ստատուս-քվոն պահպանելու և ոչ թե ԼՂՀ հարցը լուծելու քաղաքականություն է տանում:
– Ռ.Փերինայի ասածը հայր Ալիևի հետ կարճ շրջանի մասին է, դրանից հետո շատ բան է փոխվել: Նույնիսկ այդ շրջանում գոնե ինձ վրա հարցի կարգավորմանն հասցնելու շատ հստակ խնդիրներ էին դրվել, բայց Ի.Ալիևի օրերին արդեն շատ կոնկրետ փաստաթղթային գործունեություն է ծավալվել: Կարող եմ ասել, թե ինչ-որ տեղ բավականին մոտ էինք հարցի լուծմանը, և այն փաստը որ մենք կարողացանք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրել փաստաթղթում, դա մեր ձեռքբերումներից մեկն է:
– Դուք խոսում եք Մադրիդյան սկզբունքների մասին, որի 6 կետերը հրապարակվեցին Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կողմից: Այնտեղ ԼՂ կարգավիճակի հարցը բավականին ետ էր, առաջին կետում ԼՂ հարակից տարածքների վերադարձն է: Արդյո՞ք գերտերությունների նախագահների մասնակցությամբ այդ սկզբունքների նման բացահայտումը բոլորովին էլ պատահական էր:
– Ծանոթ եմ այն դասավորմանը, որ ես եմ բանակցել: Վերջին փաստաթուղթը, որին ծանոթ եմ, այնտեղ առաջին տեղում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր:
– Կետերի հերթականությունը փոխվե՞լ է:
– Այն փաստաթուղթը, որ ես հանձնել եմ այսօրվա իշխանություններին, այնտեղ առաջինը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:
– Հենց այդպես` ՙԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի՚ մասին հստակ ձևակերպո՞ւմ է եղել, եղե՞լ է, թե պարզապես խոսքը գնացել է ԼՂ կարգավիճակի ճշգրտման մասին:
– Այո, հստակ ձևակերպում՝ նույնիսկ բազմաթիվ մանրամասներով:
– ԼՂՀ հարցով բանակցություններում հիմա հավասարակշռությունը հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմի օգտին է:
– Դժվար է ասել, այսօր ինձ համար ամենամեծ անհայտը կամ զարմանքն այն է, որ վեճն այսօր ոչ թե ինչ-որ փաստաթղթի բովանդակության շուրջ է, այլ փաստաթղթերի շուրջ: Այսօր ուղղակի համաձայնություն չկա, թե որ փաստաթուղթն է սեղանի վրա: Ո՞րն է այդ փաստաթուղթը, նորացվա՞ծը, Սանկտ Պետերբուրգում առաջարկվա՞ծը, թե՞ օրիգինալ Մադրիդյանը: Վեճն այսօր դրա շուրջ է: Չկա այսօր մի փաստաթուղթ, որի համար կողմերն ասեն, թե սա մեզ համար ընդունելի է որպես բանակցային հիմք: Նախկինում կար փաստաթուղթ, որ բոլորն ասում էին, թե սա որպես բանակցությունների հիմք ընդունելի է: Մենք քննարկում, վիճում էինք այդ փաստաթղթի բովանդակության շուրջ:
– Բայց արտգործ նախարարությունից երբեմն հայտարարում են, թե Հայաստանը բանակցային հիմք է ընդուն է Մադրիդյան սկզբունքները:
– Այո, հայկական կողմը դա ասում է, բայց դեռ քիչ է ասել Մադրիդյան սկզբունքները: Ինչ-որ կոնկրետ փաստաթղթի վրա պետք է լինի հղումը: Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունն առաջին հերթին պետք է սա հստակեցնի, այլապես կարելի է համարել, որ բանակցությունները մտել են շատ լուրջ փակուղի:
– Ավելի ակտիվացել են ՌԴ նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական եռակողմ ահնդիպումները: Եվ կարծիք է ստեղծվել, թե ՌԴ-ն ԼՂ լուծման ղեկը վերցրել է, իր ձեռքը, արևմուտքը համեմատաբար պասսիվ դիրքերում է:
-Ոչ, միշտ էլ համանախագահող երկրների նախագահները տարբեր առիթներով ակտիվ ներգրավվածություն ունեցել են: Եղել է մի պահ, որ Ժակ Շիրակը նախաձեռնեց մի քանի հանդիպումներ, Քի Վեստից հետո Բուշն էր, որ ընդունեց նախագահներին: Նաև հաճախ Պուտինն է կազմակերպել: Այս վերջին շրջանում կարծես թե նախագահների մակարդակով հանդիպում լինում է միայն ռուսական նախաձեռնությամբ: Մինսկի խումբը դեռ ակտիվ է , 3 համանախագահներն աշխատում են: Բայց, այո, դիտարկելով, որ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ նախագահների մակարդակով 8 հանդիպումներ են, կարելի է այն տպավորությունը ստանալ, որ հիմնական նախաձեռնությունը ՌԴ-ն իր ձեռքն է վերցրել:
– ՀՀ իշխանություններն այսօր շատ են բարձրաձայնում ԼՂՀ-ն համակարտության լիիրավ անդամ դարձնելու մասին: ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է եկել Ձեր պաշտոնավարման տարիներին : Հիմա ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել բանակցային սեղանին:
– Ադրբեջանն է հիմնականում մերժում բանակցություններին ԼՂ մասնակցությունը: Երբ դա նախապայման դարձնես, կարող է արդյունքն այն լինել, որ ընդհանրապես բանակցություններ չլինեն, ինչը լավ բան չէ: Հարցն այլ ճանապարհներով լուծելու վտանգը մեծանում է: Այնպես որ բանակցություններն անհրաժեշտ են: Մյուս կողմից էլ մենք մեզ չհամոզենք, թե ԼՂ-ն ընդհանրապես դուրս է բանակցություններից: Համանախագահները հանդիպում են ԼՂ իշխանությունների հետ: Եվ այն որ հայկական կողմը հայտարարում է, թե առանց ԼՂ ստորագրության որևէ փաստաթուղթ չի ընդունի, դա ինքնին արդեն ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման երաշխիք է: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ մեր ժամանակէ ԼՂ-ն դուրս մնացել, գիտեք, ես այդ հարցին բազմիցս եմ անդրադարձել, առանց մեղադրանքներ հնչեցնելու, թե ով ինչ սխալ է արել: Ուղղակի պատմական փաստն եմ արձանագրում, որ Մինսկի խումբն իր գործունեությունը դադարեցրել է 1997-ի մարտին տարբեր նկատառումներից ելնելով: Երբ ես արտաքին գործերի նախարար էի, արդեն Մինսկի գործընթաց չկար: Բայց մինչ այդ նախագահների ֆորմատը, որ 1995թ. գոյություն է ունեցել, շարունակվում էր: Ու երբ Մինսկի գործընթացն արդեն ընդհատվել էր, իսկ նախագահականը շարունակվում էր, մենք այդպես էլ շարունակեցինք: Բայց նախագահների մակարդակով գործընթացը վերջիվերջո տվեց այն արդյունքը, որ մենք երբևիցէ չէինք կարող իրականացնել: Այն որ ԼՂ ինքնորոշման իրավունքն ամրագրվեց բանակցային փաստաթղթում:
– Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան է հայտարարել, որ Ռ.Քոչարյանի ցանկությամբ է ԼՂ-ն դուրս մնացել բանակցություններից:
– Ես դա չեմ կիսում, կարծում եմ, որ ինքն ինչ-որ շփոթության մեջ է, հատկապես որ ինքն այն ժամանակ դեռ համանախագահ չի եղել: