Դիտել

-Պրն Օսկանյան, կարծես թե Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը դարձել է ավելի նախաձեռնողական: Իրանի հետ երկաթուղին, Վրաստանի հետ մայրուղին, Թուրքիայի հետ կապված խնդիրներ, Ռուսաստանի հետ հարաբերություններ, Մեդվեդևն է գալիս: Այսինքն տպավորություն, որ Հայաստանը ավելի ակտիվ արտաքին քաղաքական կուրս է վարում: Կարելի է ասել, որ այս մարտավարությունը, այս մոտեցումները մի տեսակ այլ են քան ձեր ժամանակ էր:

-Ես չէի ուզենա նման համեմատություն անել: Իհարկե ուրախալի է, որ մեր արտաքին քաղաքականությունը ակտիվ է և նախաձեռնող, բայց ասեմ, որ երբ նայում եմ այդ նախաձեռնություններին, շատ բան կա, որ շարունակականություն է նախկինից: Օրինակ, դու նշեցիր  չորս բան, որոնք Քոչարյանի ժամանակից սկսած նախաձեռնություններ էին, որոնք պետք է ունենային իրենց շարունակությունը, որովհետև դրանք մի քանի տարվա ընթացքում իրականացվող ծրագրեր չէին: Օրինակ, Իրանի երկաթգիծը մի երկու տարի առաջ է նախաձեռնվել, և քաղաքական որոշումը երկու տարի առաջ է կայացվել, և ես շատ ուրախ եմ, որ նախագահը այդ հարցը հետապնդում է և վերջերս իր ելույթում նույնիսկ որոշ ժամկետներ տվեց, մի քանի տարիների ընթացքում կառուցում: Որովհետև դա ստրատեգիական նշանակություն ունեցող ծրագիր է:  Բաթումի-Գյումրի մայրուղին նույնպես Քոչարյանի ժամանակ սկսած ծրագիր է: Ես հիշում եմ Քոչարյանի պաշտոնից հեռանալուց մի վեց ամիս առաջ, երբ մենք Բաթումիում էինք, ես էլ նախագահի հետ էի, այդ հարցը բարձրացվել է Սահակաշվիլու հետ: Եվ ես ինքս, երբ Բաթումի էի այցելել 96 թ-ի ամռանը, այդ ճանապարհով եմ եկել և դրա անհրաժեշտությունը մենք բոլորս զգում էինք և Վրաստանի առաջ այդ հարցը բարձրացվել էր: Ես իսկապես ուրախ եմ, որ նախագահը իր այցի ժամանակ բարձրաձայնեց այդ հարցը, ինչը Հայաստանի համար էլի ստրատեգիական նշանակություն ունեցող հարց է: Թուրքիայի հետ նախաձեռնությունը, փաթեթը բանակցային նույնպես մի քանի տարի է, որ ընթացքի մեջ է, և իհարկե լավ զուգադիպություն էր, որ ֆուտբոլային այդ հանդիպումը Հայաստանում էր, և նախագահը նախաձեռնությամբ  հանդես եկավ. Գյուլին հրավիրեց Հայաստան: Այսինքն մի կողմից այդ ակտիվությունը և նախաձեռնողականությունը շատ լավ է, բայց մյուս կողմից էլ շատ բաներ շարունակականություն է այն բաների, որոնք սկսվել են Քոչարյանի ժամանակ:

-Պրն Օսկանյան, շատ չեն այն ծրագրերը արտաքին քաղաքական, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ ժամանակ կա, որտեղ երևում է Հայաստանի նոր արտաքին քաղաքական կուրսը: Դա ձերի շարունակությու՞նն, թե՞ ոչ:

-Մեր արտաքին քաղաքականության կուրսի հնարավորությունները բազմազան չեն: Մեր աշխարհագրությունը, երկրի չափերը, դեմոգրաֆիան, Ղարաբաղի հարցի առկայությունը, Թուրքիայի հետ խնդիրները շատ լուրջ սահմանափակումներ են դնում մեր արտաքին քաղաքականության հնարավորությունների վրա: Իհարկե շեշտադրումների ինչ-որ փոփոխություններ կարելի է անել, բայց կտրուկ փոփոխություններ պետք չէ ակնկալել: Կարելի է Մի ոլորտում մի քիչ ավելի շեշտադրում անել, մյուսում ավելի նվազ, բայց մեծ հաշվով ես կարծում եմ՝ այն, ինչ որ այսօր արվում է, շարունակականությունն է այն ամենի, ինչ որ արվելէ նախորդ տասը տարիների ընթացքում:

-Նախագահ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց Հայաստան ֆուտբոլի խաղին և այդտեղից սկիզբ առավ ֆուտբոլային դիվանագիտությունը և այլն: Միակ մարդը, որ դեմ արտահայտվեց Քոչարյանն էր, որ ասեց, որ եթե ինքը լիներ, չէր հրավիրի Գյուլին: Դուք տասը տարի եղել եք Քոչարյանի թիմում, բայց սատարեցիք Սերժ Սարգսյանին, ասացիք, որ հրավերքը ճիշտ էր: Սա տարօրինակ չի՞, պրն Օսկանյան, որ դուք տասը տարի եղել եք Քոչարյանի թիմում և սատարում եք Սարգսյանին, երբ նրանց տեսակետները տարբերվում են այս հարցում:

-Նախագահի որոշումի ճիշտ կամ սխալ լինելը կերևա որոշ ժամանակ անց: Այս պահին իսկապես դժվար է ասել, բայց երեք, վեց ամիս անց, չգիտեմ նախագահը ինչ ժամկետներ է դրել, բայց ի վերջո Գյուլի այցելությունը, հրավերը ինչ տվեց մեզ: Ես հայ-թուրքական հարաբերությունները չափելու մի չափանիշ ունեմ: Եթե մի չափանիշ կա, դա սահմանի բացումն է, կամ առնվազն որպես սկիզբ, երկաթգծի գործարկումն է: Մյուս հարցերում մենք արդեն որոշ ներգրավվածություն ունենք. ուղիղ թռիչքներ կան հայ քաղաքացիների համար, Թուրքիայի սահմանները բաց են Վրաստանի միջով, առևտուր կա, փոխադարձ մշակութային նախաձեռնություններ կան: Մեր խնդիրը նախորդ տասը տարիներին, հատկապես վերջին հինգ տարիներին, իմ նախարարության շրջանում իրոք եղել է այն, որ հասնել սահմանի բացմանը, սկսել ենք գործընթաց, սեղանին եղել է մի փաթեթ, որտեղ եղել են չորս հիմնական կետեր՝ սահմանների բացում, փոխադարձ սահմանների ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների ճանաչում, և սա Թուրքիայի պահանջն էր՝ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի ցեղասպանության խնդիրը: Այս չորսը՝ երկուսը թուրքերի կողմից դրված և երկուսը կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկուսի համար փոխադարձ շահավետ և ընկալելի էր, բայց թուրքերի կողմից՝ հանձնաժողով և սահմանների ճանաչում, մեր կողմից հիմնականում սահմանի  բացման հարցն էր դրվել: Բայց այդ փաթեթը սեղանի վրա է եղել: Այնպես որ բանակցությունները այսօր ես կարծում եմ՝ հենց այս փաթեթի շուրջ են ընթանում: Եթե մենք չենք ստանում այդ փաթեթից սահմանների բացումը, փաստորեն մենք ոչինչ չենք ստանում: Նախագահ Գյուլի այցելությունը Հայաստան էապես բարձրացրեց նրա հեղինակությունը, մեր հեղինակությունն էլ բարձրացավ: Իսկապես բոլորը ծափահարեցին Սերժ Սարգսյանի այդ հրավերը: Այն պահին, երբ նախագահը հրավիրեց Գյուլին, մենք դիվանագիտականորեն և հանրային կարծիքի առումով դրական դիրքերում էինք, բայց այն պահին, երբ Գյուլը ոտքը դրեց Հայաստանի հողի վրա, այդ պահին արդեն ինքը և Թուրքիան դիվանագիտական և հանրային կարծիքի առումով դրական իրավիճակում հայտնվեցին: Հիմա ժամանակը աշխատում է Թուրքիայի օգտին: Մինչև հաջորդ քայլը չարվի՝ սահմանի բացումը կամ երկաթգծի գործարկումը, Թուրքիան անընդհատ այդ այցից օգտվելու է: Եվ որովհետև Թուրքիայի պրոպագանդիստական մեքենան ավելի հզոր է, քան մերը, նրանք անհամեմատորեն ավելի մեծ դիվիդենտներ են ունենալու, քան մենք: Դրա համար էլ ես հարցում դնում, երբ է բացվելու սահմանը: Եթե բացվելու է մինչև տարվա վերջ կամ եկող տարվա կեսերին, դա լավ է, բայց եթե սա ձգձգվելու է մի երեք, չորս կամ հինգ տարի, և թուրքերը նպատակ չունեն սահմանը բացելու, ուրեմն ես կարող եմ ասել, որ թուրքերը լավագույնս շահարկել են Սերժ Սարգսյանի կողմից նրանց ընձեռված հնարավորությունը, և Հայաստանը  դրա դիմաց ոչինչ չի ստացել: Մեծ հաշվով, զգացական առումով, հրավերը ճիշտ էր: Բայց քաղաքական հարթակում մենք պետք է ավելի սառը և սթափ դատենք: Ես կարծում եմ, որ Քոչարյանի այդ հայտարարությունը, իր հաշվարկը քաղաքական հարթակի վրա էր և ոչ թե էմոցիոնալ:

-Այսինքն Դուք չե՞ք տեսնում Հայաստանի հստակ ռազմավարությունը: Մի տարուց, երկու տարուց ե՞ք ակնկալում: Չկա՞ այդ խնդիրը մեզ մոտ դրված հիմա:

-Ես չգիտեմ, ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց ուզում եմ վստահել նախագահի դատողությանը: Եվ մտածում եմ, որ նախագահը ինչ-որ երաշխիքներ ստացել է սահմանի բացման կամ երկաթգծի գործածման առումով, որ գնացել է այս  քայլին: Առավել ևս Գյուլի այցելությունից հետո նախագահը մի քանի հայտարարություններ արեց, որ ես կարծում եմ հերթական զիջումներ էին: Նախագահն ասեց, որ Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից: Գիտեք, պետք չէր սա նման հապճեպությամբ տալ, քանզի սա բանակցային փաթեթի մաս էր կազմում: Դա նշանակում է, որ մենք ճանաչում ենք Թուրքիայի այսօր առկա սահմանները:

-Դա Դուք էլ ե՞ք ասել:

-Մենք այլ կերպ ենք ասել, մենք միշտ ասել ենք, որ այդպիսի խնդիր մեր օրակարգի վրա չկա: Բայց այսքան հստակ այդ դիրքերը զիջելը մի քիչ վաղ էր, եթե նախագահը երաշխիքներ չունի սահմանի բացման հետ կապված: Առավել ևս Թուրքիայի նախագահը վերջերս մի քանի հայտարարություններ արեց, որի պատասխանը դեռևս մեր իշխանությունների կողմից չի տրվում: ՄԱԿ-ի իր ելույթում Գյուլը Ղարաբաղը ադրբեջանական տարածք համարեց և ասեց՝ հայերը պետք է վերադարձնեն Ղարաբաղը և նաև հարակից տարածքները, որոնք գրավել են: Հայտարարեց նաև, որ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածքները վերադարձնել և մի քանի նման հայտարարություններ: Դրանց պատասխանը մեր կողմից չի տրվում իսկապես: Դրա համար էլ ես ասեցի, որ նախագահի խորհրդարանի ուղերձում ես ակնկալում էի, որ նախագահը կանդրադառնա այս հարցերին և համապատասխանաբար, կոնկրետ, յուրաքանչյուր Թուրքիայի նախագահի կողմից բարձրացրած հարցի կամ արված հայտարարությանը իր տեսակետները կասի և կոնկրետ ինչ-որ պատասխաններ կտրվեն: Նորից ասեմ՝ Թուրքիայի հետ սահմանների բացումը իսկապես դա մեր շահերից է բխում, տասը տարի ես դրա վրա եմ աշխատում, նախագահ Քոչարյանը նույնպես, և ինձ հանձնարարել է, որ այդ հարցում հետևողական լինեմ: Երբ ես իմ պաշտոնը թողեցի, հարցազրույցներից մեկում հիշում եմ, ասացի, ես այսօր շատ ավելի երջանիկ մարդ կլինեի, եթե իմ աշխատանքի ընթացքում բացվեր հայ-թուրքական սահմանը, բայց չստացվեց: Աշխարհագրական պայմանները այլ էին, այսօր փոխվել են: Իսկապես այսօր ինչ-որ պատուհան է բացվել, հնարավորություն է ստեղծվել:

-Մեր աշխարհագրական դիրքը, որ դարեր շարունակ մեր դեմ էր, այսօր մեր օգտին է:

-Գիտեք, ինչ-որ տեղ, այո´, Վրաստանի այս դեպքերը Հայաստանի կարևորությունը բարձրացրին, և իսկապես ինչ-որ պատուհան կա: Թուրքիան պետք է իսկապես քաղաքական կամք դրսևորի և սահմանը բացի: Դրանով էապես այս տարածաշրջանի վիճակը կփոխվի, և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարևոր մի փուլ անցած կլինեն:

-Պրն Օսկանյան, փաստորեն, ըստ Ձեզ, եթե մի տարվա կամ կես տարվա մեջ սահմանը չբացվի, ապա մենք տանուլ ե՞նք տվել այս խաղի մեջ:

-Ես չեմ ուզում այդպես կատեգորիկ գնահատումներ տալ: Ես կասեի, որ թուրքերը շահարկել են իրավիճակը և նրանք դա բազմիցս արել են: Թուրքերը հմուտ դիվանագիտական նախաձեռնություններ են ցուցաբերում: Ես դա անվանում եմ քաղաքական օպորթունիզմ: Եվ այս անգամ ևս իրենց նախաձեռնությամբ հանդես եկան: Երբ տեսնում են ինչ-որ ղեկավար դիրքեր ստանձնելու մի հնարավորություն կա, անմիջապես դա օգտագործում են: Սովետական Միության փլուզումից հետո Սևծովյան համագործակցության նախաձեռնությամբ հանդես եկան, Հայաստանին էլ ներգրավեցին, բայց հետո Հայաստանը դրանից ոչ մի օգուտ չստացավ, սահմանները չբացվեցին: Այսօր նրանք այդ կայունության պակն են ներկայացնում և ուզում են ղեկավար դիրքերից հանդես գալ, ես կարծում եմ և ողջունել եմ դա, բայց միևնույն ժամանակ մեր դառը փորձի մասին եմ խոսել: Այսինքն, որ մենք Սևծովյան կազմակերպության այդ փուլը անցել ենք, և ես այնտեղ առաջարկ եմ արել, որ Հայաստանը իսկապես բարձրացնի այդ հարցը և խնդիր դնի Թուրքիայի առաջ, որ Հայաստանը կընդունի այդ առաջարկը և մասնակից կդառնա, եթե Թուրքիան բացի սահմանը , այլապես մենք նորից կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ Սևծովյան տնտեսական համագործակցություն ստեղծելուց հետո: Դա Թուրքիայի հեղինակությունը բարձրացրեց, նա ղեկավար դիրքերից հանդես եկավ, Եվրոպայի միջազգային հանրության առաջ Թուրքիայի հեղինակությունը բարձրացավ, բայց Հայաստանը դրանից ոչ մի օգուտ չստացավ: Ես իսկապես մտահոգված եմ, որ կրկնություն է լինելու, և Թուրքիան նույնպես, ի հաշիվ Հայաստանի և մեր կողմից իրենց ընձեռված հնարավորությունների արդյունքում, կարողանան նույնպես իրենց հեղինակությունը բարձրացնել, Եվրոպայի աչքին թոզ փչեն, ցեղասպանության հարցը սառեցնեն, ձգձգեն, և Հայաստանը դրա դիմաց ոչինչ չստանա: Ես այս մտահոգությունն ունեմ: Բայց նորից եմ ասում ես նախագահի դատողությանը վստահում եմ, նախագահը երևի ճիշտ է հաշվարկել, դրա համար չեմ ուզում վռազել գնահատականներ տալու՝ ճիշտ էր, թե սխալ: Սպասենք որոշ ժամանակ: Կարող է նախագահը իր ուղերձով հանդես գա և ասի, որ մեկ, մեկուկես տարի պետք է, համենայն դեպս, սա բարդ պրոցես է: Կարելի է հասկանալ և սպասել: Բայց եթե ընդհանրապես հեռանկար չկա սահմանի բացման, և թուրքերը դեռ շարունակում են սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման կամ առնվազն ինչ-որ տարածքների վերադարձման հետ, ես կասեի, որ սա ինչ-որ նույն հին խաղի մեջ ենք և մենք այդ հնարավորությունը թուրքերին ձրիորեն ընձեռել ենք:

-Պրն Օսկանյան, իսկ Նյու-Յորքում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, այդ ֆորմատը Ձեզ հասկանալի է:

-Այդպիսի ֆորմատ նախկինում եղել է մեկ անգամ, ես հիշում եմ, բայց այսօր իրավիճակը մի քիչ տարբեր է: Ես շատ մոտիկից հետևեցի և տեսա. մերոնք շատ զգույշ էին ձևակերպումների մեջ և օրակարգը ներկայացրել էին հստակ, ասվել էր, որ այնտեղ քննարկվել է Թուրքիայի առաջարկությունը և տարածաշրջանի վիճակը: Ղարաբաղը ոնց որ թե չկար: Հիմա ես չգիտեմ, ներսում Ղարաբաղի հարց քննարկվե՞լ է, թե չէ, բայց, համենայն դեպս, այստեղ ոչ միայն Թուրքիայի մասնակցությանը մենք պետք է դեմ լինենք նման պայմաններում, երբ սահմանը դեռ փակ է, և մենք չունենք դիվանագիտական հարաբերություն, այլ նաև պետք է խուսափենք թույլ տալ Թուրքիային, որ տպավորություն թողի միջազգային հանրության առաջ, որ Ղարաբաղի հարցում իրենք ներգրավված են: Որովհետև մերոնք շատ զգույշ էին հայտարարությունների մեջ, բայց թրքական հայտարարություններում շատ հստակ ասվում էր, որ Թուրքիան նախաձեռնող է` նաև այստեղ ԼՂ հարցի կարգավորման առումով: Այդ դերակատարությունը ո´չ իրականում, ո´չ էլ իրական առումով մենք չպետք է ընձեռենք Թուրքիային:

-Այդ դեպքում այդ ֆորմատը դուք ինչպե՞ս եք բացատրում: Ինչու՞ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան նախարարների հանդիպում, մանավանդ եթե այնտեղ Ղարաբաղի հարցը չեն քննարկում:

-Առաջարկվել է, հանդիպել են, ես դրանում ինչ-որ մեծ բան չեմ տեսնում: Այնքան ժամանակ, որ օրակարգի հիմնական կամ միակ հարցը ԼՂ կարգավորման հարցը չէ: Թուրքիային նման դերակատարություն թերևս պետք չէ տալ:

-Պրն Օսկանյան, ես հիշում եմ, որ դուք փորձեցիք վերլուծել երեք իշխանությունները, թե´ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե´ Ռ. Քոչարյանի, ես կարող է ամբողջությամբ բառերը ճիշտ չասեմ, բայց միտքը հետևյալն էր, որ Տեր-Պետրոսյանի իշխանությունը դա ճգնաժամի հաղթահարումն էր, Քոչարյանի իշխանությանը՝ տնտեսական զարգացումն էր, և քիչ ուշադրություն էր դարձվում մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերին, և շեշտը դրվում էր տնտեսական զարգացման վրա: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի մարդու իրավունքները, ժողովրդավարությունը զարգանա: Ես ճի՞շտ եմ: Սա մի տեսակ տպավորություն չի, որ դուք փորձում եք պատմականորեն արդարացնել, որ ձեր ժամանակ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մեղմ ասած, այն չեն, ինչ տնտեսական զարգացումը, և երկրորդմ, երբ ներկայիս իշխանությունները ասում են, որ իրենց ծանր ժառանգություն է հասել ժողովրդավարության առումով, և իրենք պետք է գնան լուրջ քայլերի, որ ժամանակ է պահանջում, արդյո՞ք ճիշտ չի նրանց քննադատությունը:

-Ես չէի ուզենա ծայրահեղության տանել: Շատ բան է արվել Քոչարյանի նախագահության ընթացքում, երբ մենք ԵԽ անդամ ենք դարձել և իսկապես ժողովրդավարության առումով շատ բան է արվել, բայց կատարյալ չէ մեր ժողովրդավարությունը: Հետո ժողովրդավարությունը դա բազմաշերտ  խնդիր է: Այնտեղ մի ուղղությամբ կարելի է այսպես ինչ-որ բաներ թույլ տալ խորացնել, այլ կրիտիկական ուղղություններում, սահմաններում: Մեծ հաշվով մենք առաջ գնացել ենք Քոչարյանի շրջանում, բայց համենայն դեպս շատ չենք խորացել, որովհետև այդ դիլեման եղել է՝ երկրի կայունությունը և քաղաքացիական իրավունքները, ազատությունը և այլն: Այդ հարցը իսկապես եղել է: Այսօր պետությունը ավելի կայուն է, տնտեսությունը ավելի կայացած է: Ճիշտ է մենք կարող է տնտեսական ինչ- որ վայրիվերումներ ունենանք, բայց ես, ի վերջո, կարծում եմ, որ իսկապես պահը եկել է երկրորդ սերնդի բարեփոխումների և´ տնտեսության, և´ քաղաքականության մեջ: Հատկապես քաղաքականությունը, ես նկատի ունեմ ժողովրդավարության հարցերում իրոք խորացնել: Առանց դրա մենք ամբողջական պետություն չենք կարող ունենալ: Ես կուզենայի իսկապես Սարգսյանի նախագահության շրջանը լինի ժողովրդավարության ամրագրման ժամանակաշրջան, որպեսզի մենք այդ ցիկլը փակենք: Ճգնաժամը անցանք, տնտեսություն զարգացրինք, ժողովրդավարության հարցում նույն շրջանում առաջընթաց արձանագրինք, բայց ահավասիկ մենք մտել ենք մի փուլ, որ այս հարցերում մենք պետք է գնանք ամբողջական ազատականացմանը: Դժբախտաբար ոչ թե միայն ես տեսնում եմ այդ գործընթացների դանդաղ առաջ գնալը, ինչ-որ մի տեղ ես հետընթաց եմ տեսնում: Ես դրա համար եմ ցավում: Իսկապես այսօր մի քանի բաներ կան, որ արագ կարելի է անել: Օրինակ բանտարկյալների հարցում, ես կարծում եմ, որ իշխանությունները շատ արագ պետք է գործեն: Այդ անհատների իրավունքների խնդիր է: Նրանք ազատազրկված են: Եթե իսկապես արդարացված է, կամ մեղադրանքները հիմնավորված են, դա շատ արագ պետք է հրապարակային դարձվի, և դատական գործընթաց սկսվի: Եվ նաև մյուս պահանջները, որ դրվել են ԵԽ կողմից: Ես սա ինչու եմ ասում: Քանի որ աշխարհագրական առումով, իրոք, մի պատուհան է բացվել, բայց ներքաղաքական հարցերում, որ մենք առաջընթաց չենք արձանագրել այդ պատուհանը աշխարհաքաղաքական, գլոբալ հարցերում ավելի ներգրավված լինելու, մեր իմիջի, հեղինակության բարձրացման և այլն հարցերում հետքայլ ենք անում: Այսինքն չենք կարողանում այդ պոտենցիալը ամբողջությամբ օգտագործել: Զուգահեռ մենք պետք է համապատասխան ճիշտ քայլեր անենք ժողովրդավարացման առումով, դրսում լինենք ներգրավված, և այդ երկուսի համադրումը շատ ավելի մեծ և արդյունավետ հետևանք կունենա:

-Եթե ես լինեի ներկայիս իշխանությունների տեղը, ես կասեի՝ անեիք այդ ամեն ինչը, որպեսզի մենք հիմա չսկսեինք այստեղից: Հեշտ է ասել` արեք:

-Ժողովրդավարության կայացումը երկարատև գործընթաց է: Դա մի օրում, մի գիշերվա մեջ չի լինելու: Երկար ճանապարհ ենք անցել: Կարո՞ղ ենք այսօր համեմատել 93թ-ի ժողովրդավարությունը այսօրվա ժողովրդավարության հետ: ԵԽ անդամ ենք, հստակ պարտականություններ, պարտավորություններ ունենք, բայց համենայն դեպս դա կատարյալ չէ, ամբողջական չէ: Մամուլի ազատությունը օրինակ: Ես հանդիպում եմ արդեն, ազատ խոսում եմ որպես քաղաքացի մամուլի ներկայացուցիչների, խմբագիրների հետ, հատկապես հեռուստատեսության ներկայացուցիչների, ղեկավարների հետ: Գիտեք, դժբախտաբար, դեռևս  մի կետից հսկվող գործընթաց է: Ես չգիտեմ Ձեր մոտ ոնց է, բայց ում հետ որ ես խոսում եմ, բոլորը դա ընդունում են և ցավով են արտահայտվում: Պետք է բացել իսկապես: Մեր ժողովուրդը իր լավագույն դրսևորումը ցույց կտա: Ես նախագահ չէի, ոչ էլ վարչապետ: Ես ԱԳ նախարար էի: Ամեն քայլ, որ արվում էր, ես համաձայն չէի դրա հետ, կարելի է մեղքը վերցնել և զղջալ, որ տասը տարիների ընթացքում դա չի արվել, բայց գալիս է մի պահ, որ պետք է արվի: Պետք է ժողովրդին ամբողջական ազատություն տալ: Ի վերջո մի նախագահ իսկապես պատմության էջերի մեջ փառաբանության համար պիտի որոշի, որ ինքը համարձակություն ունենալու է իսկապես այս երկիրը ժողովրդավարացնելու, իր առաջ վերընտրման խնդիր չպետք է դնի, և եթե գա մի նախագահ իր առաջ վերընտրման խնդիր չդնի և գնա ամբողջական բացման, ժողովրդավարացման և իսկապես այն բոլոր խոստումները, որ Ս. Սարգսյանը տվել է, դրանց իրականացմանը, ես քեզ վստահեցնում եմ, որ ինքը լավագույնս կընտրվի հաջորդ շրջանին: Բայց այդ համարձակությունը ինչ-որ տեղ պիտի դրսևորվի: Ես հնարավորություն ունեի այս իշխանությունում մնալու: Ես ինքնակամ որոշել եմ չլինելու հենց այս նպատակի համար, որպեսզի այս հարցերը բարձրացնել, խոսել: Ես ստեղծել եմ հիմնադրամ, որը զբաղվելու է քաղաքացիական հասարակության կայացման, բայց դրա հիմնական նպատակը իսկապես մարդկանց գիտակցություն բարձրացնելն է, իրերը իրենց անուններով կոչելը: Ինչ-որ տեղ մենք պետք է սկսենք համարձակ խոսել: Դու պետք է խոսես, ես պետք է խոսեմ, և մենք պետք է օգնենք նախագահին: Նախագահը խնդիրները ճիշտ է ձևակերպել: Օրինակ իր խորհրդարանի ուղերձը ինձ շատ դուր է եկել: Իհարկե այնտեղ շատ հարցեր կային, որոնց նա պետք է անդրադառնար, բայց այդ ուղերձի մեջ շատ խոստումներ կար, որ եթե դրանք իրականացվի, ես գիտեմ, որ իրեն հեշտ չի լինելու, բայց երբ կա հասարակական պահանջ, հասարակական քաղաքացիություն, որը պահանջատեր է, որ այդ խոստումները իրականացվեն, Հայաստանը շատ ավելի լավ պետություն կդառնա: Ի վերջո, իսկապես այսօր մեծ անջրպետ կա հասարակության և իշխանության միջև, սա միշտ էլ եղել է, միգուցե 91 թ-ին ինչ-որ վստահության մի մակարդակ կար, բայց դրանից հետո անկում է ապրել և այդ անջրպետը ես զգում եմ, որ ավելի բացվում է: Դա պետք է փակել: Իսկ դա անելու համար ես զգում եմ, որ մեզ պետք է առնվազն մեկ արդար ընտրություն, որի արդյունքում որևէ մեկի մտքին կասկած չլինի, որ իրենց ընտրած նախագահը նստել է նախագահական աթոռին: Ես չեմ ասում, որ Սարգսյանը չի ընտրվել, բայց ժողովրդի  մոտ կասկած է առաջանում չէ՞, երբ դիտորդները գնահատական են տալիս և ասում են, որ լուրջ խախտումներ են եղել: Մենք ունեցանք թաղապետի ընտրություններ: Նույնպես պրոբլեմներ: Ի վերջո համակարգը այնպես պետք է ձևակերպել, և շատ բան կախված է իսկապես առկա իշխանություններից, քաղաքական կամքից, որպեսզի իսկապես այդ ամենը, ի վերջո, արվի:

-Իշխանությունները լավ, լուրջ արգումենտ ունեն, որ սա Ձեր, Ձեր իշխանության ստեղծած երկիրն է, և մենք սա չենք կարող փոխել մեկ օրում:

-Սա բոլորի ստեղծած երկիրն է: Այսօր ինչ-որ կա դրական և բացասական դա արդյունք է Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանի, Քոչարյանի իշխանության, և Ս. Սարգսյանի այս յոթ-ութ ամիսների գործունեության: Մենք դրանից չենք կարող խուսափել: Ընտրությունների ժամանակ շատ բան փոշիացրինք, բայց սա քարը քարի վրա դնելու նման պրոցես է: Այնպես որ այսօր այն, ինչը որ կա, արդյունք է այն դրական բաների, որ արվել է բոլորի կողմից, այն բացասական բաների, որ արվել է բոլորի կողմից: Բայց, ի վերջո, 17 տարի է պետություն ենք: Լավ տեսնում ենք որոնք են խնդիրները: Մենք դեռևս ժողովրդավարական պետություն չենք: Մեր ժողովրդին դեռևս իր դրսևորման լայն հնարավորություն չի տրվել` ազատ արտահայտվելու, առանց վախենալու իր մտքինը ասելու և ասելուց հետո չվախենալու, որ իր բիզնեսը կտուժի կամ իրեն աշխատանքից կհեռացնեն: Եթե մենք չկարողանանք այս հնարավորությունը ընձեռել մեր ժողովրդին, մենք մեր ժողովրդի պոտենցիալի կեսն ենք օգտագործում: Հայ ժողովուրդը իր լավագույն դիրքերում է, երբ ազատ է, երբ կարողանում է իրեն դրսևորել: Այնպես որ ես կարծում եմ, որ մենք մտել ենք մի ժամանակաշրջան, մի փուլ, որ պետք է քաղաքական կամք  իշխանությունների կողմից, և նաև ընդդիմությունը պետք է նպաստի դրան` իր զսպվածությամբ և համագործակցությամբ, և նաև քաղաքացիական հասարակությունը, որպեսզի մենք իսկապես կարողանանք այդ դժվարին խնդիրը, որ կա մեր առաջ, իսկապես լուծել:

-Պրն Օսկանյան,  Ձեր մտքով չի՞ անցել, որ Դուք կարող է ընդդիմադիր դառնաք:

-Ես կուսակցության անդամ չեմ, առայժմ միտք չունեմ կուսակցություն ստեղծելու կամ ինչ-որ կուսակցության մեջ մտնելու, ես խոսում եմ որպես քաղաքացի և ես ինձ այդ հնարավորությունը տվել եմ և ուրախ եմ դրա համար: Ես պատրաստ եմ իշխանություններին օգնելու միասին աշխատելու իմ հիմնադրամի միջոցով: Ես չեմ ուզում որևէ մեկին հակադրվելու: Իմ սիրտը ցավում է մեր երկրում բացասական երևույթների նկատմամբ: Ես ուզում եմ, որ ինչ-որ տեղ մենք ասենք, հերիք է այլևս գիծը քաշենք և իսկապես իրերը կոչենք իրենց անուններով: Ինչը որ սխալ է, սխալ է, ինչը որ ճիշտ է, ճիշտ է: Եվ կարողանանք նորմալ պետություն ստեղծենք: Իմ մտահոգությունն այն է, որ 25 տարի էլ անցնելու է, 30-րդ տարում մենք նորից ընտրություններ ենք անցկացնելու, որտեղ լուրջ խախտումներ են լինելու, և մենք չենք իմանալու՝ մեր քվեարկած նախագահը նստած է այդ աթոռին, թե ոչ: Մինչև դա մենք չանենք, օրինականության խնդիրը չենք կարող լուծել, ժողովրդի և իշխանության այդ անջրպետը չենք կարող փակել, և մեր ժողովուրդը իր ամբողջական պոտենցիալը չի կարող դրսևորել: Սա միանշանակ է: Ես կարծում եմ, որ մեր շեշտադրումները հիմնականում դրա վրա պետք է լինեն, և մենք կարողանանք միասնաբար նպաստելով իշխանության քայլերին, հատկապես որ նախագահը պատրաստակամություն է ցուցաբերում այդ հարցերում ինչ-որ վճռական քայլեր անել, նպաստել, օգնել իրեն, որպեսզի այդ ամենը իրականացնի: Ես սա շատ անկեղծորեն եմ ասում:

-Ինչով է զբաղվելու հիմնադրամը?

-Հիմնադրամը զբաղվելու է քաղաքացիական հասարակության ստեղծմամբ: Մենք մի քանի ուղղություններով գործունեություն ենք ծավալելու: Արտաքին հարաբերությունների խորհուրդ, որը նպատակ  է ունենալու օբյեկտիվ ինֆորմացիա տալ հասարակությանը, տարածաշրջանային զարգացումների մասին, մեր արտաքին քաղաքականության խնդիրներով, վերլուծական, քննարկումների հրապարակումների միջոցով: Մի բան, որի բացը և կարիքը ես զգացել եմ իմ տասը տարիների ընթացքում: Ես ուզում եմ դրանով օգնած լինել նաև իմ հաջորդին՝ Էդիկ Նալբանդյանին՝ նախարարին, որպեսզի ինքը զգա, որ ինչ-որ մի տեղից լուրջ կառուցողական առաջարկներ են գալիս: Կարող է վերցնել կամ ոչ, ընդունել կամ ոչ, բայց պետք չէ քաղաքականացնել: Երկրորդ ուղղությունը ես անվանում եմ զարգացման և ժողովրդավարացման նախաձեռնություն: Այստեղ իրականացնելու ենք չորս ծրագիր: Մեկը կրթաթոշակների ծրագիրն է, ես կարծում եմ, որ կրթության վրա մեծ շեշտադրում պետք է լինի: Երկրորդը մամուլի աշխատանքն է: Այդտեղ հսկայական  բաց կա: Մենք աշխատելու ենք և´ գրավոր, և´ էլեկտրոնիկ, որպեսզի կարողանանք բովանդակության մեջ որակ բերել: Այստեղ չգիտեմ` մենք դժվարությունների առաջ կանգնելու ենք, թե ոչ, բայց մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ: Երրորդը գյուղական շրջաններում տնտեսական ծրագրերի իրականացումն է: Ես հավատում եմ սրան: Մինչև մենք չկարողանանք գյուղական շրջաններում լուրջ առաջընթաց արձանագրել, Հայաստանը չի կարողանա ամբողջական զարգացում ապահովել, և քաղաքի ու գյուղի բացը գնալով մեծանալու է: Նաև դա նպաստելու է միգրացիային` գյուղերից քաղաք և նաև Հայաստանից դուրս: Եվ վերջապես մենք ուզում ենք հասարակության մոտ արթնացնել շրջակա միջավայրի նկատմամբ գիտակցությունը, այդ կուլտուրան բերել: Եվ այս չորս ուղղություններով գործունեություն է ծավալելու հիմնադրամը: Նորից եմ ասում, հիմնականում փորձելով ժողովրդի առօրյա կյանքում տարբերություն մտցնել և նաև այդ ծրագրերով նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը:

-Պրն Օսկանյան, Ձեր վերջին ասուլիսին Դուք խոսեցիք Ձեր՝ քաղաքականություն վերադառնալու մասին:  Ձեր վերադարձը կապվա՞ծ է Ռոբերտ Քոչարկյանի վերադարձի հետ , թե՞ ոչ:

-Ոչ բացարձակապես կապ չունի: Ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանը ուզաում է վերադառնալ թե ոչ, դա իր որոշումն է: Ես վաղուց եմ ասել, խորհրդարանական ընտրություններից առաջ էր, որ տասը տարի արտգործնախարար լինելը դա բավականին երկար ժամանակ է կարծում եմ որ փոփոխություն պետք է լինի և ասացի, որ ես քաղաքականությունից չեմ հեռանալու, ներգրաված կլինեմ, բայց ժամանակը ցույց կտա թե դա ինչ դրսևորում կունենա: Նույնը հիմա եմ ասում: Այս պահին զբաղվելու եմ հիմնադրամի հարցերով: Ես չեմ կարող անտարբեր լինել Հայաստանի զարգացումների, իրավիճակի նկատմամբ: Մի օր վերադառնալու եմ քաղաքականություն, բայց երբ կլինի այդ պահը, հիմա դժվարանում եմ ասել:

Շնորհակալություն:

 

Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Կենտրոն» հեռուստաընկերությանը