Էրդողանի հայտարարությունը Բաքվում, որ սահմանը չի բացվի, քանի դեռ “ադրբեջանական տարածքները մնում են հայկական օկուպացիայի տակ” թուրքական “Հուրիեթ” թերթը որակեց որպես “նոր ճանապարհային խոչընդոտ ճանապարհային քարտեզի վրա”: Ի՞նչ եք կարծում, հայ-թուրքական կարգավորման գործընթացը իսկապե՞ս փակուղի մտավ, թե՞ հայտարարությունն Ադրբեջանում ներքին սպառման համար էր:
Կարծում եմ Էրդողանի այս վերջին հայտարարությունը նույնիսկ “ամենալավատեսների” մոտ այլևս կասկածի տեղիք չի թողնում, որ Թուրքիան լավագույնս շահարկեց և հօգուտ իրեն օգտագործեց անցյալ տարվա հունիսին Հայաստանի դրսևորած բարի կամքը: Թուրքիան դեռևս չի բացել սահմանը, բայց արդեն շահել է բազմաթիվ դիվիդենտներ` ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում հայկական դիրքերի զգալի թուլացում և Ղարաբաղի հարցում վճռորոշ դերակատարում, խնդիրը կապելով հայ-թուրքական սահմանի բացմանը:
Հայաստանի իշխանությունները պնդում են, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Արցախի հարցն ընդհանրապես դրված չէ: Սակայն Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունն այդ պնդմանը հակասում է: Ըստ Ձեզ` ի՞նչ է տեղի ունենում իրականում:
Հայաստանի իշխանությունները կարիք չունեն մեզ համոզելու, որ հայ-թուրքական բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդիրը չկա: Դա ոչ ոք կասկածի տակ չի դնում: Խնդիրն այն է, որ թուրքերը օգտվելով հայ-թուրքական հրապարակային դարձած երկխոսությունից, Ղարաբաղի հարցը միջազգային հանրությանը սկսեցին ներկայացնել որպես զուգահեռ գործընթաց, որից կախված է հայ-թուրքական երկխոսության հաջողությունը: Սա ակնհայտ իրողություն էր, դեռևս ամիսներ առաջ: Ինձ երբեմն զարմացնում է ակնհայտ իրողությունները տեսնելու իշխանությունների չկամությունը: Ինչպես դա արվում էր և շարունակում է արվել նաև տնտեսության պարագայում: Ի սկզբանե ընտրել սխալ ճանապարհ, արհեստականորեն պահել դրամի փոխարժեքը, ծանր հարկային բեռի տակ դնել մանր ու միջին բիզնեսը և մինչև վերջ չընդունել, որ ստեղծված իրավիճակում քաղաքականությունը պետք է փոխվի: Այդպես էլ հայ-թուրքական հարաբերություններում: Կարելի է մտնել մի գործընթացի մեջ, հենց սկզբից չկասկածելով, որ այն կարող է մեզ բարդ իրավիճակի մեջ դնել, բայց երբ դա արդեն ակնհայտ է, պետք է համարձակություն ունենալ փոխել քաղաքականությունը, քանի որ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է: Ինչպես և ազգային անվտագության խնդիր է տնտեսական անկումը, որի շուրջ նույնպես լուրջ քննարկումների կարիք կա: Տնտեսական հարցերն այսօր կարծես ստվերվել են հայ-թուրքական հարաբերությունների խնդրով, մինչդեռ դա այսօր նույնքան սուր խնդիր է:
Ըստ Ձեզ` եթե հայ-թուրքական կարգավորման գործընթացը մտնի փակուղի, ի՞նչ ազդեցություն կունենա այն Արցախի խնդրի բանակցություններում:
Այժմ, երբ մեր թողտվությամբ հայ-թուրքական այս գործընթացը խորացավ մեզ համար ոչ բարենպաստ ուղղությամբ, այն անմիջական ազդեցություն կունենա և արդեն ունի ղարաբաղյան գործընթացի վրա: Ստեղծված իրավիճակում հայ-թուրքական սահմանի բացումը բոլոր կողմերի` Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի, նաև Հայաստանի իշխանությունների պատասխանատվության և հեղինակության խնդիրն է: Այսքան աղմուկից հետո բոլոր կողմերը պետք է ձգտեն հասնել սահմանի բացմանը: Եվ քանի որ Թուրքիային այս ընթացքում հաջողվեց ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ միջազգային հանրությունը սահմանի բացման բանալին փնտրի Ղարաբաղում, բայց մյուս կողմից, միջազգային հանրությունն էլ գիտակցում է, որ Ղարաբաղի խնդրի համապարփակ լուծում այս պահին հնարավոր չէ, ուրեմն պետք է փնտրվեն մասնակի լուծումներ, որոնք “հնարավորություն” կտան Թուրքիային բացել սահամանը; Սրա արդյունքում միջազգային հանրության ճնշումները մեծանալու են Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը համաձայնի այդ մասնակի զիջումներին:
ԵԱՀԿ պաշտոնյաների և Մինսկի խմբի համանախագահների` ԼՂ կարգավորման գործընթացում հնարավոր բեկման մասին հայտարարությունների ֆոնին Հայաստանի արտգործնախարարը Մադրիդում բավական կոշտ հայտարարություն արեց Ադրբեջանի հասցեին` ասելով, թե Ղարաբաղի հարցը կլուծվի, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ապակառուցողական մոտեցումից: Ըստ Ձեզ` ԼՂ կարգավորման այս ակտիվ փուլում նման հայտարարությունը ի՞նչ կարող է նշանակել:
Կարևորը ելույթների կոշտությունը չէ, այլ կոնցեպտուալ բովանդակությունը: Ելույթները պետք է հստակ արտահայտեն Հայաստանի քաղաքականությունը, հիմնավորեն մեր դիրքորոշումների իրավացիությունը: Ընդ որում ելույթներն էլ բավարար չեն: Ստեղծված իրավիճակում, երբ թուրքական և ադրբեջանական քարոզչությունը հաջողությամբ իր կողմն է թեքում միջազգային հանրության և քաղաքականություն մշակողների տեսակետները, պարզապես անհրաժեշտ է, որ հայկական կողմը իրավիճակի, գործընթացների վերաբերյալ հստակ բացատրություններ ներկայացնի աշխարհին ու նաև մեր հասարակությանը, հիմնավորի Հայաստանի դիրքորոշումները, բարձրաձայնի Հայաստանի սկզբունքները: Այլապես “կոշտ” ելույթներն ավելի են շփոթեցնում միջազգային հանրությանը, հատկապես երբ ընդամենը օրեր առաջ հայկական կողմն էլ հայտարարում էր Պրահայի հանդիպման արդյունքում “դիրքերի մոտեցման” մասին:
Վարդան Օսկանյանի հարցազրույցը Կապիտալ օրաթերթին