Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը հաշվի առնելով` խնդրին նոր մոտեցում և վերանայում է անհրաժեշտ։ Այս համոզմունքն ունի «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը Tert.am-ի խնդրանքով անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև գործընթացի ձախողման հավանականությանը։
«Խնդրի առնչությամբ ես նույն կարծիքին եմ, ինչ գործընթացի սկզբնական շրջանում էի։ Սա երկուստեք սխալ հաշվարկների վրա կառուցված փաստաթուղթ էր։
Հայկական կողմի սխալ հաշվարկը հիմնված էր այն համոզման վրա, որ.
1. հայ-թուրքական սահմանի բացումը կենաց և մահու խնդիր է Հայաստանի ներքաղաքական կայունության և տնտեսական զարգացման համար,
2. Թուրքիան հեշտությամբ կգնա Ադրբեջանի շահերի դեմ,
3. եթե փաստաթղթում չկա «Կարսի պայմանագիր., «Ցեղասպանություն» և «Լեռնային Ղարաբաղ» բառերը, այս հարցերին առնչվող ձևակերպումները կարելի է ներկայացնել հայ ժողովրդին որպես անվնաս ձևակերպումներ ` օգտագործելով պետական պրոպագանդան։
Թուրքական կողմի սխալ հաշվարկը հիմնված էր այն համոզման վրա, որ.
1. հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին այնքան է անհրաժեշտ, որ դիվանագիտական ճարպկություններով ստացած թրքանպաստ ձևակերպումները հնարավոր է նաև գործնական կիրառության մեջ դնել,
2. ցեղասպանության և պահանջատիրության հարցերը զուտ սփյուռքյան խնդիրներ են և առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում հայաստանաբնակների համար,
3. ԼՂ հարցի լուծումը մոտալուտ է, և ստորագրած լինելով հայ-թուրքական արձանագրությունները, և վավերացման գործընթացը կապելով Լեռնային Ղարաբաղի հետ, դա կարելի է լրացուցիչ խթան դարձնել հայկական կողմի համար հարցի կարգավորումը արագացնելու, կամ առնվազն որոշ տարածքներ վերադարձնելու համար։
Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը, խնդրին նոր մոտեցում ու վերանայում է անհրաժեշտ։ Հարաբերություների բարելավման գործընթացը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե կառուցված լինի Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների կարճաժամկետ քաղաքական շահերի կամ պատմական և քաղաքական բարդությունների անտեսման հիման վրա։ Այն պետք է փորձել կառուցել բոլոր խնդիրների և մարտահրավերների անկեղծ գիտակցմամբ, եթե նպատակն իրոք իրական և կայուն բարելավման հասնելն է»։