Օգոստոսի 1-ին Վարդան Օսկանյանը հյուրընկալվեց “Ազատություն” ռադիոկայանի “Տեսակետների խաչմերուկ” հաղորդաշարին: Պատասխանելով ՀԱԿ-ի անդամ գործիչների կողմից բանավեճի հրավերի մասին հարցին Վարդան Օսկանյանը ասաց.
“Ես որևէ մեկի հետ վիճելու խնդիր չունեմ: Մեծ հաճույքով ցանկացած հարցի շուրջ կարող եմ բանավիճել, բայց այդ վիճաբանությունը ինչ-որ նպատակի պետք է ծառայի և ինքնանպատակ չպետք է լինի: Ես կարծում եմ, ընդդիմությունն այսօր պետք է վիճաբանութան հրավիրի ներկա իշխանությանը, այն մարդկանց, ովքեր բանակցում են այսօր: Իհարկե պատմության, անցյալի, նախորդ 17 տարիների շուրջ մենք կարող ենք զրուցել, և Սիվիլիթասը բազմաթիվ նման քննարկումներ անում է: Միգուցե եկող ամիսների ընթացքում կարելի է մեկ քննարկում ԼՂ հարցի շուրջ կազմակերպել, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գալ, բայց կոնկրետ հիմա իմ վիճաբանությունը ընդդիմության հետ իսկապես նպատակին չի ծառայելու: Ես կարծում եմ նրանց հիմնական թիրախը պետք է լինի այսօրվա իշխանությունը:”
Պատասխանելով այն հայտարարությանը, որ ընդդիմությունը բանակցային գործընթացի պատասխանատու է համարում նախկին նախագահին և նախկին արտգործնախարարին, Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ ամեն իշխանություն իր ժամանակահատվածի համար է պատասխանատու: “Իշխանափոխություն է եղել: Կա նոր իշխանություն, և նրանք որոշել են շարունակել բանակցությունները այնտեղից, որտեղից մենք թողել էինք: Այսօրվա պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է, և բանավեճը իշխանության և ընդդիմության միջև պետք է լինի: Մեկ ու կես տարի է արդեն ընդդիմությունը կարծես դա չի հասկացել և նախկինների հետ է փորձում բանավիճել:”
Անդրադառնալով մադրիդյան փաստաթղթի մասին հարցին, Վարդան Օսկանյանը բացատրեց, որ ԼՂ ողջ բանակցային գործընթացում բոլոր համապարփակ լուծում ունեցող առաջարկությունները հիմնված են եղել չորս հիմնական սկզբունքների վրա: “Առաջինը ԼՂ կարգավիճակն է, երկրորդը` տարածքների վերադարձը, երրորդը` փախստականների վերադարձը և չորրորդը` անվտանգության երաշխիքները: Առաջին օրվանից, կրկնում եմ, բոլոր համապարփակ լուծում առաջարկող առաջարկությունները հիմնված են եղել այս սկզբունքների վրա”, ասել է 17 ամյա բանակցային գործընթացի անմիջական մասնակից Վարդան Օսկանյանը: “Ես վստահեցնում եմ ձեզ, որ հետագայում նույնը կլինի: Այսինքն, եթե մադրիդյանը տապալվի, (հիմա արդեն կրակովյանի մասին են խոսում), եթե ապագայում նոր փաստաթղթեր ի հայտ գան, դարձյալ այս չորսի վրա են հիմնվելու: Եթե հայկական կողմը իսկապես ուզում է, որ հետագա սկզբունքներում չլինեն տարածքների վերադարձի, փախստականնների վերադարձի հարցերը, այսինքն` մենք առաջնորդվենք “ոչ մի թիզ հող” սկզբունքով, որը սքանչելի լուծում կլիներ, այդ դեպքում Հայաստանը կամ Ղարաբաղը, կամ երկուսը միասին, որպես հայկական բանակցող կողմ, պետք է հրաժարվեն բանակցություններից: Եթե մենք բանակցում ենք, այս սկզբունքները այնտեղ լինելու են”:
Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ այնուամենայնիվ մադրիդյան առաջարկները անհամեմատելի են նախորդ առաջարկների հետ: “Եթե նախկինում կարգավիճակի մասով վատագույն դեպքում առաջարկվում էր բարձր ավտոնոմիա Ադրբեջանի կազմում, իսկ լավագույն դեպքում հորիզոնական կապեր` Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընդհանուր պետության շրջանակներում, ապա մադրիդյան սկզբունքների բովանդակությունը կոնկրետ կարգավիճակի մասով առաջարկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշում, որը բնականաբար նշանակում է Լեռնային Ղարաբաղի անկախություն կամ վերամիավորում Հայաստանի հետ: Կասկած չկա, որ մադիրդյան առաջարկները անհամեմատ առավելություն ունեն: Եվ երևի չեք կասկածում, որ ես հազվագյուտ անձանցից եմ, որ բոլորին ծանոթ եմ և կարող եմ նման համեմատական անցկացնել: Ինչ վերաբերում է մյուս սկզբունքներին` տարածքներ, փախստականներ և անվտանգություն, նույնը կարող եմ ասել և այստեղ, որ ձևակերպումները այնպիսին են, որ հնարավորություն են տալիս ճիշտ բանակցելու դեպքում մանրամասների շուրջ ստանալ մեզ համար բարենպաստ լուծումներ: Սկզբունքները կարևոր են իհարկե, բայց առավել կարևոր են մանրամասները, որոնք պետք է բանակցվեն: Մեզ չի հաջողվել Ադրբեջանի հետ մանրամասների շուրջ համաձայնության գալ, որովհետև այն, ինչ Ադրբեջանն էր պահանջում, մեզ համար անընդունելի էր, և այն, ինչ մենք էինք պահանջում, նրանց համար էր անընդունելի: Մենք դրել էինք մեր նշաձողը, որն ակնհայտորեն բխում էր մեր ազգային շահերից, բայց մենք չկարողացանք այդ նշաձողի շրջանակներում ինչ-որ համաձայնության գալ: Այսօր վիճաբանությունը պետք է լինի հենց այդ նշաձողի շուրջ, որովհետև այսօրվա իշխանությունները նույն մարդիկ չեն: Սերժ Սարգսյանը Քոչարյան չէ, Նալբանդյանը Օսկանյան չէ: Քաղաքականության մեջ այսօր կտրուկ փոփոխություններ կան: Ինձ հաճախ քննադատում են, թե “դուք արտաքին քաղաքականությունն եք քննադատում, բայց դուք եք եղել նախորդ տասը տարիների արտաքին գործերի նախարարը”: Այո, ես եմ եղել, բայց իշխանափոխություն է եղել: Այսօր վարվող քաղաքականությունը էապես տարբերվում է նախկինում մեր վարած քաղաքականությունից, հետևաբար տեղ կա քննադատելու: Երբ բաներ կան, որոնց հետ ես համաձայն չեմ, քննադատում եմ: Դրա համար այսօր ընդդիմության խնդիրը պետք է լինի պարզել, թե իշխանությունների նշաձողը որն է: Մեր նշաձողը բարձր է եղել: Մինչդեռ այսօրվա նշաձողը ինձ մոտ շատ կասկածներ է առաջացնում: Բրայզան վեց-յոթ տարածքների վերադարձի մասին է խոսում, Ալիևը ասում է, որ բացառվում է ԼՂ անկախությունը, իսկ մեր իշխանությունները լռում են: Սա է մտահոգությունը: Ընդդիմությունը սրանով պիտի մտահոգվի այսօր և իշխանությունների առաջ պետք է խնդիր դնի` խոսել այդ հարցերի մասին, պարզել, թե նշաձողը որն է”:
Անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանը, թե Ղարաբաղը բանակցային սեղանի մոտից հեռացնելը հայկական կողմի նախաձեռնությունն էր, Վարդան Օսկանյանը ասաց հետևյալը. “Բրայզան երևի լավ չի տիրապետում իրավիճակին և նախապատմությունը չգիտի: Ղարաբաղի մասնակցության ընդհատումը բանացություններում եղել է 1997թ. մարտին, երբ Մինսկի գործընթացը կանգնեց: Այսինքն, երբ ես արտգործնախարար նշանակվեցի, Ղարաբաղն արդեն չկար գործընթացում, բայց կար նախագահների, նախարարների հանդիպում, կար նախագահների խորհրդականների հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ օրերին ընտրություն կար մեր առաջ` շարունակել նախկին ձևով Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, թե խնդիր (նախապայման) դարձնել Ղարաբաղի մասնակցության հարցը: Որոշվեց, որ մենք շարունակելու ենք, որովհետև դրա այլընտրանքը բանակցությունների ընդհատումն էր: Որոշումը եղել է շարունակել-չշարունակելու մասին և ոչ թե որոշում է կայացվել, որ Ղարաբաղն այլևս չմասնակցի: Իրականությունն այն է, որ Ղարաբաղի մասնակցությունը ընդհատվել է 1997 թ.: Իհարկե, ցանկալի է, որ Ղարաբաղը վերադառնա (բանակցային սեղանին), և բոլորը հասկանում են, որ առանց Ղարաբաղի վերջնական համաձայնություն չի լինելու: Ինչքան շուտ Ղարաբաղը մտնի այդ գործընթացի մեջ, այնքան ներգրավված կլինի, նրանց տեսակետները հաշվի կառնվեն, և վերջնական փաստաթղթի նկատմամբ նրանց համաձայությունը ավելի հեշտ կլինի”:
Արձագանքելով 1998-2008 թթ. բանակցային գործընթացը նախորդ շրջանի հետ համեմատելու խնդրանքին, Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ 1996 թվականին ԵԱՀԿ նախագահողի կողմից եղավ լիսաբոնյան հայտարարությունը, որը թեև պարտադիր ուժ չուներ, բայց արվել էր ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների անունից: “1997-98 թթ. իսկապես շատ դժվար էր մեզ համար այդ պատը ջարդել, որովհետև այդ երկրները համոզված էին նման` լիսաբոնյան հայտարարության վրա հիմնված, լուծման մեջ, իսկ 1997 թ. փաստաթղթերը, կապված ղարաբաղյան հարցի լուծման հետ, հատկապես առաջինը, որ համապարփակ էր և վերաբերում էր կարգավիճակին, ամբողջովին հիմնված էին լիսաբոնյան հայտարարության սկզբունքերի վրա: Տեր-Պետրոսյանը այն մերժեց: Դրանից հետո, երբ տեսան, որ կարգավիճակի խնդիրը բարդ է լուծել, բերեցին արդեն փուլային տարբերակը: Այն, որ պետությունների մոտ ամրագրված էր ավտոնոմիայի հարցը, միանշանակ է: Երբ ես ասում եմ, որ մենք պայքարում էինք դրա դեմ, ոչ թե կոնկրետ փաստաթղթի դեմ էինք պայքարում, այլ ընկալման դեմ էինք պայքարում: Եվ դա իսկապես հաջողվեց փոխել: Ես մրցակցության մեջ չեմ նախկին իշխանությունների հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտությանը հաջողվեց 1998-2008 թթ. ջարդել “ավտոնոմիայի” այդ պատը և քայլ առ քայլ հասնել այսօր ինքնորոշման իրավունքի ամրագրմանը: Ես սա առաջընթաց եմ համարում: Եվ երբ այս վիճաբանությունները լսում եմ, որոնց հիմնական թիրախն անհատներն են, նախորդ իշխանությունը և այլն, ակնհայտ է դառնում, որ երբեմն մենք կուրացած դրանից, ելնելով վրեժխնդրությունից, չենք մտածում, թե ինչ ենք ասում և անում: Ես համոզված ասում եմ, որ եթե այս մի սկզբունքը՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, մենք մեր ձեռքից բաց թողնենք, հետագայում շատ դժվար կլինի սա նորից ստանալ: Եվ կարող են բոլորովին այլ ուղությամբ գնալ բանակցությունները, ու արդեն սկսի տարածքային ամբողջականությունը ամրագրվել: Այսօր մենք առավելություն ունենք Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ այս սկզբունքի ամրագրման առումով, դրա համար էլ, ես կարծում եմ, որ զգույշ պետք է լինենք մեր հայտարարություններում և քննադատություններում: Նորից եմ կրկնում, մենք այսօր պետք է հասկանանք, թե զիջումների մեր նշաձողը որն է: Իրավիճակը այսօր շատ ավելի բարդ է, քան նախկինում, և այս բարդությունը առաջացել է Հայաստանի չհաշվարկված արտաքին քաղաքականության արդյունքում: Այսօր հայ-թուրքական ամբողջ խնդիրն ազդում է Ղարաբաղի հարցի վրա: Ճնշումը մեծացել է, և բոլորի մոտ կարծես թե հապճեպություն կա Ղարաբաղի հարցում, որպեսզի հնարավոր լինի նաև հայ-թուրքական հարցը լուծել: Հետևաբար այդ ճնշման տակ մենք կարող ենք այնպիսի քայլերի գնալ, որը չի բխի մեր ազգային շահերից, հատկապես, որ այս մեկուկես տարվա ընթացքում նման բաներ արվել են այս իշխանությունների կողմից: Դրա համար մտահոգվելու տեղ կա:”
Պատասխանելով այսօր հայ-թուրքական հարաբերություններում օրակարգի բացակայության մասին հարցին, ինչպես նաև արձագանքնելով այն դիտարկմանը, որ անկախության 17 տարիների ընթացքում այդպիսի օրակարգ չի ձևավորվել, Վարդան Օսկանյանը նշեց, որ իր նախարարության շրջանում հստակ օրակարգ կար:
“Այսօր էլ կա, ես կարծում եմ, բայց որքանով է հայկական կողմը կարողանում այդ օրակարգը քննարկման առարկա դարձնել, ինչ-որ տեղ նաև պարտադրել, այլ խնդիր է: Խնդիրն այն է, որ Թուրքիան կարողացավ իր առաջնային խնդիրները առավել գերիշխող դարձնել այս ժամանակի ընթացքում, այսինքն այս գործընթացից նա ստացավ այն, ինչ ուզում էր, գոնե առ այսօր, հետագայում չգիտեմ ինչ կլինի, հայկական կողմը դեռ ոչինչ չի ստացել: Առաջին օրվանից ես ասացի, որ այստեղ ինչ-որ բան ճիշտ չի հաշվարկվել: Գնալով մենք համոզվում ենք դրա մեջ: Նախագահի վերջին հայտարարությունը, ես կարծում եմ, չի ուղղում իրավիճակը, որովհետև նախագահը դեռ ինչ-որ պատուհան բաց է թողնում: Ես կարծում եմ, որ նա ավելի հստակ պետք է ասեր, որ “եթե մինչև ֆուտբոլային խաղի օրը սահմանը չի բացվել, ես չեմ կարող գնալ Թուրքիա”: Բայց նա դեռ այդ պատուհանը բաց է թողել, և դա հենց այն է, ինչ թուրքերն ուզում են: Մինչև հիմա ստացել են, ինչ ուզել են և դեռ շարունակում են ստանալ: Ես ուղղակի չգիտեմ, թե մեր իշխանությունները երբ են վերջնականապես համոզվելու, որ թուրքական կողմը շահարկում է գործընթացը: Վաղուց պետք է համոզված լինեին, բայց կարծես դեռ չեն համոզվել, և ինչքան այս գործընթացը այս ձևով շարունակվի, հայկական կողմը շարունակելու է տուժել:”
Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկումներից մեկի ժամանակ Վարդան Օսկանյանը խոսել էր այն մասին, որ եթե չկան ազատ արդար ընտրություններ, նշանակում է չկա ժողովրդավարություն, և երկու ընտրությունների արանքում ինչ էլ արվի` կեղծ, շինծու ժողովրդավարություն է: Պատասխանելով հարցին, արդյոք հայաստանյան այսօրվա իրողությունը կարելի է այդպես բնութագրել, Վարդան Օսկանյանն ասաց. “Ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ՝ այո: Եթե իշխանությունները չեն ձևավորվում ազատ, արդար ընտրությունների միջոցով, մենք երբեք չենք կարող ճիշտ հակակշիռները ստեղծել քաղաքական համակարգում: Առանց այդ հակակշիռների մենք չենք կարող մեր խնդիրները լուծել, օրինականություն հաստատել: Արդար ազատ ընտրությունները ժողովրդավարության միգուցե ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման են: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Ես նոր բան չեմ ասում: Կա միջազգային փորձը, ժողովրդավարական երկրների փորձը: Առանց նորմալ ընտրությունների ժողովրդավարությունը կիսատ է, լուրջ չէ: Այնպես որ, մեր հիմնական կենտրոնացումը դրա վրա պետք է լինի, և դրան հասնելու համար մենք ինչ-որ մեխանիզմներ պետք է որոնենք”:
Արձագանքնելով այն դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանը խոսում է լեգիտիմության պակասի, հասարակության տարբեր շերտերի միջև աճող լարվածության մասին, և միաժամանակ Դաշնակցության Ստեփանակերտում կազմակերպած համաժողովի ընթացքում իր ելույթում հրատապ է համարել համահայկական ներուժի զորաշարժի՝ մոբիլիզացիայի անհրաժեշտությունը, ինչն այս պայմաններում հնարավոր չէ, Վարդան Օսկանյանը նկատեց, որ իր ելույթում հենց այդ խնդրին է անդրադարձել: “Այն պատճառները, որ մեզ ստիպում են, որ մենք գնանք մոբիլիզացիայի, նույն այդ պատճառները նաև խանգարում են դրան: Այստեղ իշխանությունները շատ մեծ դերակատարություն ունեն: Կոնկրետ քայլեր պետք է արվեն, նվազագույն քայլեր, քաղաքական մթնոլորտը երկրում բարելավելու համար, հույս ներշնչել, որ ինչ-որ բան կփոխվի, և հստակ մեխանիզմներ սկսել ձևավորվել` ապագայում այս խնդիրները կարգավորելու համար: Այդ պայմաններում, միգուցե, կարելի է համախմբվել մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի շուրջ: Մեզ մոտ տպավորություն կա, որ անկախ ամեն ինչից, ինչքան էլ որ վատ լինի ներսում իրավիճակը, ինչքան ել իրար հակադրվենք, երբ պետության առաջ արտաքին սպառնալիքներ կան, մենք կհամախմբվենք դրա շուրջ: Ծայրահեղ իրավիճակներում, ես համոզված եմ, որ դա կլինի: Բայց նաև մենք պետք է գիտակցենք, որ մեր առաջ կան նաև քաղաքական վտանգներ, կարող են այնպիսի իրավիճակներ ստեղծվել, որ պատերազմի չբերեն, բայց ինչ-որ բան պարտադրվի, և դա հակասի մեր ազգային շահերին: Մենք պետք է գիտակցենք, որ կա չերևացող քաղաքական սպառնալիք և վտանգ, ու պետք է կարողանանք այդ հարցերի շուրջ նույնպես մոբիլիզացվել և դրսում, և ներսում: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ իսկապես այս խնդիրները կան: Ամեն ինչ վերջ ի վերջո գալիս է օրինականության հաստատմանը, քաղաքական մթնոլորտի առողջացմանը, որպեսզի կարողանանք ճիշտ հակակաշիռներով մեր խնդիրները լուծել: Հայաստանը աշխարհի ամենաքաղաքականացված երկրներից է: Ամեն ինչ քաղաքականացված է, և ամեն տեղ մենք խնդիրներ ունենք, որովհետև այդ խնդիրները, ինչքան էլ որ սոցիալական ոլորտի լինեն, նրանց հիմքում քաղաքականությունն է: Ուրեմն այդ խնդիրների լուծումները պետք է որոնել քաղաքական դաշտում: Մեզ կհաջողվի դրանք գտնել և դրանց լուծումներ տալ, միայն եթե կարողանանք քաղաքական ճիշտ մեխանիզմներ ստեղծել: Ես վերջերս առաջարկեցի` իշխանությանը համազոր բևեռ ստեղծել, և կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհն է: Դրա մասին և իշխանությունը, և ընդդիմությունը պետք է մտածեն, որովհետև դա բխում է մեր ազգային շահերից”:
Հարց հնչեց, թե 2008 թ. մարտի 1-ին նախագահական նստավայրում Վարդան Օսկանյանի ճեպազրույցի տեսագրության մեջ պարոն Օսկանյանի աչքերում արցունքներ չեն երևում, ինչի մասին նա խոսել էր ԱՄՆ-ում մի հանդիպման ժամանակ: Արդյոք չի փորձում պարոն Օսկանյանը այլ լույսի ներքո ներկայացնել այն դիրքորոշումները, որ ունեցել էր այն ժամանակ: “Բացարձակապես ոչ: Այդ օրը ես ոչ շահելու, ոչ էլ կորցնելու բան չունեի: Ես այդ օրը շատ մեծ պատասխանատվություն էի վերցրել` ավելին, քան արտգործնախարարից էր սպասվում: Ես այդ վտանգը զգում էի, և այդ պատասխանատվության գիտակցությամբ էր, որ այդ օրը հանդես եկա: Շատ հեշտ կլիներ ինձ մերժել այդ ասուլիսը, բայց դա պատասխանատվության դրսևորում չէր լինի: Երանի այլ քաղաքական գործիչներ, որոնք գլխավոր դերակատարներն էին այդ օրը երկու կողմից, նման պատասխանատվություն դրսևորեին: Եթե յուրաքանչյուրն իր մասով հնարավորը աներ, ես համոզված եմ որ մենք կխուսափեինք մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկից: Իմ խիղճը հանգիստ է այնքանով, որ ես իմ մասով արել եմ: Չի ստացվել, բայց ես համենայն դեպս կանգնեցի մեր ժողովրդի առաջ և կոչ արեցի իշխանությանն ու ընդդիմությանը նստել խոսել”:
Անդրադառնալով քաղաքական ներգրավվածության մասին հարցին, Վարդան Օսկանյանը նշեց, որ իր հարցազրույցներով ու հայտարարություններով արդեն ընկալվում է քաղաքական դաշտում: “Դա իհարկե չի պաշտոնականացվել կառույցով կամ հայտարարությամբ, բայց համենայն դեպս ես քաղաքական դաշտում եմ: Ես չեմ կարող անտարբեր լինել այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և ամեն ինչ անելու եմ իմ ներդրումը բերելու համար, որ կարողանամ օգտակար լինել, հատկապես ներսում առողջ ներքաղաքական մթնոլորտ ձևավորելուն, նաև աշխատելու բոլորի հետ վերջ ի վերջո հասնելու երկբևեռ քաղաքական համակարգի, որն էապես կնպաստի ժողովրդավարության ամրագրմանը”: