aleppoԱպրիլի 22-ին Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի “Անավարտ տասնամյակ” գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի շրջանային վարչությունը: Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների անունից խոսք ասացին համայնքի տարբեր կազմակերպություների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ: Ելույթ ունեցավ նաև գրքի անգլերեն հարատարակության խմբագիր Սալբի Ղազարյանը: Գիրքն անգլերեն վերնագրված է “Speaking to be Heard” (Խոսում եմ լսված լինելու համար):

Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ սփյուռքում գրքի շնորհանդեսն առաջինն իր ծննդավայրում` Հալեպում, անցկացնելը պատահական ընտրություն չէր: Պարոն Օսկանյանն ավելացրեց, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում 10-ամյա գործունեության ընթացքում ինքը միշտ զգացել է սփյուռքի ու մասնավորապես իր ծննդավայրի` Հալեպի հայ համայնքի աջակցությունը, ինչը մեծապես օգնել է իրեն ավելի վստահ լինել իր բոլոր նախաձեռնություններում:

Ապրիլի 26-ին Բեյրութում գրքի շնորհանդեսը կայացավ Ազդակ օրաթերթի և Համազգայինի “Վահէ Սէթեան” հրատարակչատան նախաձեռնությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան “Ազդակ”-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, որն անցած տասնամյակը գնահատեց որպես հայ դիվանագիտության պատմության փայլուն ժամանակաշրջան և խոսեց այն մասին, որ այդ ժամանակաշրջանի բոլոր դրսևորումները արտացոլված են ելույթներում: Ողջույնի խոսք ասացին Բեյրութի հայ համայնքի տարբեր կազմակերպությւոնների ղեկավարները, հոգևոր առաջնորդները, ինչպես նաև Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: Վարդան Օսկանյանն իր խոսքում առանձնացրեց նախորդ տասնամյակի ընթացքում ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային քաղաքական օրակարգ բերելն ու Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նոր մոտեցումը, ինչպես նաև սփյուռքի հետ հարաբերությունների նոր փուլի սկիզբը: Եզրափակելով, պարոն Օսկանյանը խոսեց այն մասին, որ գիրքը, թեև իր արտաքին գործերի նախարար լինելու ժամանակաշրջանի ելույթների ժողովածուն է, այն նաև նպատակ ուներ ներքին խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու: Ելույթներից շատերում հնչել են ներքին խնդիրների, ընտրությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված մտահոգություններ: Շատ բան անավարտ է մնացել նաև այս ոլորտներում, և իր գործունեության նոր շրջանում Վարդան Օսկանյանը ջանքեր է գործադրելու հատկապես այս ուղղությամբ մտադրություններն ու ցանկություններն ավարտին հասցնելու համար:

 

Վարդան Օսկանյանի գրքի շնորհանդեսը Հալեպում և Բեյրութում