Ակնհայտ է, որ վարչապետ Էրդողանը դեկտեմբերի սկզբին Վաշինգտոն կատարելիք այցելության ընթացքում բախվելու է որոշ դժվարությունների: Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Ուոլ Սթրիթ Ջորնալում» հրապարակված Դեյվիդ Շենկերի հոդվածում շատ կտրուկ մեկնաբանություններ են արվում:
«Երկրի ներսում ազատ մամուլի դեմ ճնշումներ իրականացնող իսլամիստական իշխանությունը դրսում Թուրքիային աստիճանաբար հեռացնում է Արևմուտքից: Իրանական խնդրին առնչվող հարցերում ՆԱՏՕ-ի սկզբունքներին հակառակ շարժվելով` անվստահելի դաշնակցի տպավորություն է թողնում: Թուրքիան 2014թ. կարող է հայտնվել այնպիսի մի վիճակում, երբ պետք է որոշում կայացնել ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում: Կարճ ասած` ժամանակն է մտածել Թուրքիայի հարցով հնարավոր ամենավատ սցենարների մասին»,- գրում է Շենկերը, ով հայտնի է որպես «մերձավորարևելյան հարցերով փորձագետ»:
Մեր կարծիքով, վերոնշյալ խոսքերը ծայրահեղ պնդումներ են: Սակայն արի ու տես, որ դրանք հրապարակվում են ԱՄՆ-ում հասարակական կարծիք ձևավորող կառույցում: Եվ եթե նույնիսկ չափազանցություն է, որ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը, Թուրքիային հեռացնելով Արևմուտքից, իսլամականացնում է, այնուամենայնիվ, նման համոզմունք է արտահայտում կշիռ ունեցող ամերիկյան աղբյուրը:
Միացյալ Նահանգներում ձևավորվում է հակառակ կարծիք
Եթե «Նյու Յորք Թայմս», «Քրիստիան Սայընս Մոնիտոր», «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ի պես կարևոր պարբերականներում նման մեկնաբանությունները շարունակություն ունենան, Միացյալ Նահանգներում կսկսվի ձևավորվել հակաթուրքական հասարակական կարծիք: Իսկ այն հակաթուրքական լոբբիստական կազմակերպությունների թիվը, որոնք կաշխատեն ի օգուտ նման կարծիքի ձևավորման, բոլորովին փոքր չէ: Կարելի է ասել, որ այդ բացասական զարգացումներն անձամբ Էրդողանի կողմից են հրահրվել, քանի որ առկա զգայուն իրադրությունում Միացյալ Նահանգներին նույնպես կանհանգստացնեն ամեն առիթով Իսրայելի դեմ դուրս եկող և Արևմուտքի հետ խնդիրներ ունեցող Իրանի և Սուդանի պես երկրներին աջակցող Էրդողանի հայտարարությունները:
Դժվար թե Օբամայի վարչակազմը գոհ լինի Էրդողանի գործելաոճից: Սակայն ԱՄՆ-ն ձգտում է Թուրքիայի հետ պահպանել լավ հարաբերություններ` հանուն Իրաքում և Հարավային Կովկասում իր շահերի, և այդ առնչությամբ աջակցում է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության` Հայաստանի հետ հարաբերությունների և քրդական հարցի կարգավորման նախաձեռնություններին` միևնույն ժամանակ խորհելով Պակիստանի և Աֆղանստանի մասին: Իսկ եթե այդ նախաձեռնություններում ցանկալի արդյունք չգրանցվի, Օբամայի վարչակազմը ստիպված է լինելու փոխել իր դիրքորոշումն` առանց այդ էլ Արևմուտքին բարկացնող Էրդողանի գործելաոճի նկատմամբ:
Սրան զուգահեռ` Թուրքիայի համար մեկ այլ բացասական զարգացում էլ կա: Իսրայելին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ մեղադրող Էրդողանը, երբ հարցը հասնում է Օմար ալ Բաշիրին, ակնարկում է միջազգային զեկույցների «կեղծ լինելու» մասին և հայտարարում. «Գնացի և տեսա, որ Դարֆուրում որևէ բան չկա: Մահմեդականը չի կարող ցեղասպանություն իրականացնել»: Իսկ նման վարքագիծն ամենևին էլ չի աշխատում հօգուտ Թուրքիայի` «քաղաքակրթությունների միջև կամուրջ» հանդիսանալու առանձնահատկությանը:
Որպես միջնորդ հանդես գալու պատեհ առիթը բաց թողնվեց
Կարճ ասած` Թուրքիան, կորցնելով իր անկողմնակալությունը, Իսրայելի և Սիրիայի միջև որպես միջնորդ հանդես գալու պատեհ առիթը ձեռքից բաց թողեց և «քաղաքակրթությունների հաշտեցման առաքելության» տեսանկյունից թևակոխեց մի փուլ, երբ աստիճանաբար դադարում է համոզիչ լինել: Էրդողանի հակաիսրայելական և պրոիրանական ու պրոսուդանական ելույթների շնորհիվ Թուրքիան այդ հարցում սկսեց կորցնել իր անկողմնակալությունը:
Դժվար չէ ենթադրել, որ դեպքերի նման զարգացումն անհանգստացնում է Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները կարևորողներին: Հնարավոր չէ նաև, որ այդ զարգացումներից գոհ լինի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ամեն դեպքում նա էր, որ Օբամայի իշխանության գալու առթիվ մեկնեց Վաշինգտոն և հայտարարեց, թե «թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենալավ ժամանակաշրջանն ենք թևակոխել»:
Սակայն զարգացումները բոլորովին այլ բան են ցույց տալիս: Հետևաբար, բոլորի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Էրդողանի` դեկտեմբերի 7-ին Վաշինգտոն կատարելիք այցելության վրա: Էրդողանի ամերիկյան ուղերձները կամ հօդս կցնդեցնեն Թուրքիայի` Արևմուտքից հեռանալու մասին կարծիքը, կամ ավելի կկարծրացնեն այդ տեսակետը:
Մեր կարծիքով, առայժմ երկրորդն է հավանական: Սակայն մեկ բան հստակ է` այս անգամ իր վաշինգտոնյան այցելության ընթացքում Էրդողանը շատ դժվարին կացության մեջ է հայտնվելու: