Մայիսի 13-ին Սիվիլիթաս հիմնադրամ էին այցելել Վաշինգտոնում տեղակայված Ազգային զինվորական դպրոցի մի խումբ ուսանողներ: Այցելությունը` տարածաշրջանային ուսուցողական շրջագայության շրջանակներում էր:
Խումբը հանդիպեց Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ, ով նրանց ներկայացրեց Սիվիլիթասի նախաձեռնություններն ու ծրագրերը:
Այցելուները հնարավորություն ունեցան նաև զրուցելու Սիվիլիթասի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Նրանք հետաքրքրված էին մի շարք խնդիրներով` հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներով, հայ-թուրքական սահմանի բացման և ղարաբաղյան կարգավորման խնդրների զուգահեռմամբ : Պրն Օսկանյանը արտահայտեց զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունները, բացատրելով, որ ներկայիս իրավիճակը, երբ Հայաստանը ներքաշվել է այս հրապարակային գործընթացի մեջ և հայտնվել է ճնշման տակ, Հայաստանի շահերից չի բխում: Պրն Օսկանյանը նաև շեշտեց, որ Թուրքիայի նախապայմանները, սահմանը փակ պահելը չի բխում ողջ տարածաշրջանի շահերից: Այցելուները նաև հետաքրքրված էին ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպիսիք են`Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր զարգացումները տարածաշրջանում: