Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը Բեռլինում մասնակցել է «Սևծովյան տարածաշրջան. ընթացիկ և ապագա հեռանկարներ» անունը կրող մեկօրյա համաժողովին, որը կայացել է հունվարի 25-ին Գերմանիայի արտգործնախարարությունում:
Պարոն Օսկանյանը Սևծովյան Հանձնաժողովի անդամ է, որը և հովանավորել էր համաժողովը: Գերմանական Մարշալի հիմնադրամի, Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի, Բերթելսման հիմնադրամի և ԹԵՓԱՎ-ի համատեղ նախաձեռնությունը հանդիսացող Հանձնաժողովը կազմված է Սևծովյան տարածաշրջանի երկրների մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից: Հանձնաժողովի անդամները վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են, որպեսզի փորձեն գտնել ընդհանուր շահեր, ինչը կօժանդակի Սևծովյան տարածաշրջանի պետությունների կառավարություններին` շարժվելու ավելի սերտ համագործակցության ճանապարհով:
Հանձնաժողովը պատրաստել է զեկույց, որում նշվում են համագործակցության հնարավոր ոլորտները, ինչպես նաև` համագործակցությանը խոչընդոտող արգելքները և առաջարկել դրանք հաղթահարելու ուղիներ: Բեռլինյան համաժողովը վերոնշյալ գաղափարների մի մասը հրապարակավ քննարկելու պատեհ առիթ էր:
Բանավեճը կենտրոնացել է Սևծովյան տարածաշրջանի վրա` որպես և’ ռիսկերի, և’ հնարավորությունների տարածաշրջան: Եզրափակիչ նիստում`գնահատելով տարածաշրջանի ապագան, պարոն Օսկանյանը նշել է երեք պատճառ, թե ինչու Սևծովյան տարածաշրջանը չի գործում որպես մեկ ամբողջական արդյունավետ համակարգ: Նախևառաջ համախմբող թեմայի բացակայությունն է, որի շուրջ անդամ երկրները կկարողանային համախմբվել, երկրորդը` անդամ երկրների միջև կան մի քանի հակամարտություններ, որոնք դեռ կարգավորված չեն, ինչը հնարավոր համագործակցությունը դարձնում է ավելի դժվար, և վերջապես` ողջ տարածաշրջանում ժողովրդավարական հաստատությունների պակասն է:
Ապագա համագործակցությունը, ինչպես նշել է պարոն Օսկանյանը, կախված է երեք հիմնական խաղացողներից` Եվրոպական Միություն, Ռուսաստան և Թուրքիա: Տարածաշրջանի մեծ ուժերը` Ռուսաստանը և Թուրքիան, պետք է սահմանեն ընդհանուր շահերի հիման վրա խարսխված համագործակցության քաղաքականություն: Եվրոպական Միությունը, ինչպես ժողովրդավարական արժեքների և հաստատությունների մատակարարող, այնպես էլ` էներգիա սպառող, նույնպես անհրաժեշտ և ակներև խաղացողն է տարածաշրջանում: