Արձանագրությունների ստորագրությամբ եզրափակված Թուրքիա-Հայաստան մերձեցումը նվազագույնը պատճառ դարձավ նաև` հաշվի նստելու մեր ուղեղներում կարծրացած մտաուղղվածության հետ: Որովհետև երկու երկրների միջև առկա հարաբերությունների սառեցվածությունն իր ետևից բերել էր կարծրամտություն: Եվ այն ենթադրությունը, թե իրավիճակը չի փոխվելու, ստեղծում էր այնպիսի մի մթնոլորտ, որտեղ անիմաստ էր դառնում նոր կարծիքի ձևավորումը: Իսկ վերջին տարիներին հարաբերությունները դրվեցին շատ ավելի մարդկային հիմքի վրա: Քաղաքականությունն իր տեղը զիջեց զգացմունքներին ու երազանքներին:
Այդ կարծրացման դեմ պայքարի ամենալավ օրինակը, որ մենք տեսանք Հրանտի մեջ, պարտադիր ստեղծագործելու անհրաժեշտությունն էր: Սակայն նախապատվությունը տրվում էր հեշտին: Ապագայի վրա ազդելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու փոխարեն` կառչել էին կարծրատիպությունը հիմք ընդունող ստատուս քվոյին: Բացի այդ, գաղափարական ստատուս քվոն իր համարժեքը ծնում էր նաև հասարակագիտական տեսանկյունից: Սնվելով Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների սառեցվածությունից` նրանք, ովքեր կարողանում էին գաղափարական գործելաոճերը վերածել ստատուս քվոյի, իրենց հասարակություններում ևս մի «կարգավիճակ» ձեռք բերեցին:
Այսպիսով, այն սպասումը, թե իրավիճակը չի փոխվելու, գրեթե վերածվեց «իրավիճակը չի կարող փոխվել» համոզմունքի: Որպես ուտոպիա դիտվեց Թուրքիայի կողմից մոտ ապագայում Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ քայլեր անելու, սահմանները բացելու առնչությամբ ցանկություն հայտնելու հավանականությունը, ու բոլոր ռազմավարություններն էլ առաջնորդվեցին այդ մոտեցմամբ: Եվ այդ պատճառով հայկական սփյուռքը երբեք Թուրքիային չընտրեց որպես զրուցակից: Այդ դիրքորոշման ետևում, անկասկած, կան ժխտող պետության հետ խոսելը դժվարեցնող հոգեբանական գործոններ: Սակայն մի շարք սփյուռքահայ ընտանիքներ ապրում են` իրենց նկատմամբ լավ վերաբերմունք ցուցաբերած թուրքերին հիշելով: Բայց սփյուռքը չշարժվեց Թուրքիայի հասարակության հետ հարաբերություններ հիմնելու ուղղությամբ, որովհետև ենթադրում էր, թե այդ հասարակությունը, պետության կողմից ճնշվելով, վերածվել էր ոչ ակտիվ զանգվածի: Արդյունքում երկու երկրների միջև առկա սառեցվածությունը որևէ բանով լցնելու համար առաջ քաշվեց կարծրացած մի հայացք` Թուրքիան իր քաղաքական շարժընթացով դերասան պետություն է, և այն էլ ժխտող պետություն: Այսինքն, իր հին մտաուղղվածությունը, գործելաոճն ու քաղաքականությունը շարունակող մի պետություն… Այդ որակման շրջանակում Թուրքիան դիտվում էր որպես մի երկիր, որն ի զորու չէ փոխվել իր ներքին շարժընթացով և զիջումների կգնա ու ծնկի կգա միայն այլ պետությունների ճնշումներով:
Սփյուռքն էլ տարիներ շարունակ հենց դա էր անում: Մեծ ջանքեր էին գործադրում` իրենց բնակության երկրների խորհրդարաններում ցեղասպանության վերաբերյալ օրինագծեր ընդունել տալու համար: Միջազգային հարթակներն օգտագործում էին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել տալու համար: Այդ ռազմավարությամբ հետապնդում էին Թուրքիան շրջափակելու և մեկուսացնելու նպատակ, ինչը նրանց հաջողվում էր: Եվ տարբեր բնագավառներում Թուրքիան որքան էլ «կարևոր» լիներ, երբ բանը հասնում էր Հայկական հարցին, նա անզոր էր դառնում: Լոբբիստական գործունեության համար միլիոնավոր դոլարներ էր ծախսում, որոշ գիտնականների իր կողմն էր ներգրավում` անթույլատրելի հարաբերությունների միջոցով: Սակայն այդ ամենն անօգուտ եղավ: Նույնիսկ նման գործելաոճերը Թուրքիային ճահճի մեջ ներքաշեցին: Որովհետև այդ «անօրինական» կապերը բացահայտվեցին, հրապարակվեցին, և պարզ դարձավ, որ Թուրքիան պատմության առջև անարդարացի է:
Կարճ ասած, եթե դա դիտենք որպես պայքար միջազգային ասպարեզում, սփյուռքը հաղթեց Թուրքիային: Սակայն այդ բարոյական հաղթանակն օգտագործելու և այն օգուտի վերածելու ճանապարհին` հաշվի չէին առնվում Թուրքիայի ներքին շարժընթացը և Արևմուտքում դրա վերաբերյալ ընկալումների ազդեցությունները: Այն դեպքում, երբ այդ երկու բնագավառներում վերջին տասը տարիները մի մեծ փոփոխության մասին էին ազդարարում: Ապագան նորից կառուցելու աշխարհում գրեթե անօգուտ է առաջնորդվել անցյալի ռազմավարությամբ` առանց ապագային ուշադրություն դարձնելու: Իսկ այդ գործընթացում, երբ սփյուռքն իր «հին» հնարից բացի այլ բան չէր գործածում, Թուրքիան ճիշտ կողմնորոշվեց. անցյալի ճահիճը չընկնելու համար հայացքն ուղղեց դեպի ապագա: Եվ այդ առումով քաղաքական նախապատվություններ դարձան սահմանի բացումը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
Դրանից բացի, այդ ապագան ազդարարում էր մի ժամանակաշրջանի մասին, երբ պետություններից առավել կարևորվում էր հասարակությունների դերակատարությունը: Եվ որևէ ռազմավարության հաջողության գրավականը հասարակական բնագավառը հիմք ընդունելով էր պայմանավորվում: Սփյուռքն այդ զարգացումը չկարողացավ տեսնել: Նախընտրեց հեռու մնալ Թուրքիայի հասարակությունից և հաշվի չառնել ժողովրդավարացման ձգտող այդ երկրում իրականացվող խղճի փնտրտուքները: Շարունակեց հայացքն անցյալին ուղղված գործելաոճը:
Արդյունքում, սփյուռքը հավանաբար հաղթեց Թուրքիային, սակայն, իր հորիզոնի նեղ լինելու պատճառով պարտվեց ժամանակին: