Դեկտեմբերի 4-ին Սիվիլիթաս հիմնադրամ այցելեցին Թուրքիայից ժամանած տասը երիտասարդ կինոգործիչներ,ովքեր Հայաստանում էին ՙԿինոն որպես երկխոսության և փոխըմբռնման միջոց՚ երկրորդ հայ-թուրքական կինոսեմինարին մասնակցելու նպատակով: Սեմինարը նախաձեռնել է ՙՈսկե ծիրան՚ փառատոնը` Անադոլու Քյուլթուրե ասոցիացիայի /Թուրքիա/ և Հայաստանի գրողների միության հետ համատեղ: Թուրք կինոգործիչները և սեմինարի կազմակերպիչները հանդիպեցին Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի և Սիվիլիթասի աշխատակազմի հետ:
Պարոն Օսկանյանը ողջունեց այս կարևոր նախաձեռնությունը: Նա նշեց, որ սեմինարը պետք է կինոյի միջոցով մշակութային և քաղաքացիական երկխոսություն խրախուսի Հայաստանի և Թուրքիայի միջև և նպաստի հայ և թուրք պրոֆեսիոնալների միջև համագործակցության և փոխադարձ ճանաչման գործընթացին:
ՙՀայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ անվստահության մթնոլորտ կա, և եթե երկու երկրների կառավարություններն իսկապես ձգտում են հարաբերությունների բարելավմանը, երկու երկրների քաղաքացիական հասարակությունները պետք է խթանեն այդ գործընթացը: Դժվար է պատկերացնել մարդկանց մերձեցման համար կինոյից ավելի լավ միջոց՚,- ասաց Վարդան Օսկանյանը:
Թուրք կինոգործիչները, որոնցից շատերն արդեն աշխատանքային սերտ կապեր ունեն իրենց հայ գործընկերների հետ, ասացին, որ իրենց համագործակցության հիմնական նպատակներից է հայ-թուրքական համատեղ ֆիլմ ստեղծելը:
“Դուք` կինոգործիչներդ, պետք է կինոյի միջոցով բացատրեք ձեր կառավարությանը, որ տարածաշրջանի զարգացման և երկու ժողովուրդների միջև հարաբերությունների նորմալացման համար սահմանի բացումը կենսական նշանակություն ունի”,- ասաց պարոն Օսկանյանը: .