Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը դեկտեմբերին հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից: Դպրոցը կիսամյակային սեմինարներ է կազամկերպում Ծաղկաձորում, որտեղ դասախոսություններ են կարդում հրավիրված քաղաքական գործիչներ ու տարեբր ոլորտների մասնագետներ: Վարդան Օսկանյանը հրավիրվել էր դասախոսություն կարդալու դպրոցի` մոտ երկու տասնյակ ուսանողների համար, որոնք հանրային և պետական կառույցներում աշխատող երիտասարդ մասնագետներ են, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Պրն Օսկանյանի դասախոսության թեման էր ՙՀայաստանը և Կովկասի ձևափոխվող աշխարհաքաղաքական պատկերը՚: Նա անդրադարձավ տարածաշրջանում վերջին զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի տեղին ու դերին Կովկասի ապագա համապատկերում: Ղարաբաղյան բանակցություններին և հայ-թուրքական հարաբերություններին նույնպես անդրադարձ եղավ: Հիմնական ասելիքներից մեկն այն էր, որ միջազգային ասպարեզում, ինչպես և տարածաշրջանում, վերջին զարգացումների համատեքստում, Հայաստանի բանակցային դիրքերը թուլացել են, և հետագա դժվարություններից խուսափելու համար Հայաստանի դիվանագիտությունը պետք է հնարավորինս բարդ ու լավ մտածված քայլերի պատրաստ լինի:
Դասախոսությանը հետևեցին ուսանողների ամենատարբեր հարցերն ուղղված պարոն Օսկանյանին: Դրանք ներառում էին արտաքին քաղաքական խնդիրներ, օրինակ Հայաստանի և Եվրամիության հետագա հարաբերությունները, Ղարաբաղի բանակցային գործընթացը, ինչպես նաև ներքաղաքական խնդիրներ` ներառյալ մարդու իրավուքների, խոսքի ազատության և ձերբակալված ընդդիմադիր գործիչների վերաբերյալ հարցեր:
Ավելի քան մեկ ժամ տևած հարցուպատասխանից հետո ուսանողները լուսանկարվեցին Վարդան Օսկանյանի հետ, մինչ կսպասեին իրենց հաջորդ հյուրին` վարչապետ Տիգրան Սարգսյանին: