Կա մի հարց, որը տարիներ շարունակ կողպած է պահում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները. դա ղարաբաղյան հիմնախնդիրն է: Ղարաբաղը մի տարածաշրջան է, որտեղ դարեր ի վեր գոյակցել են թուրքերն ու հայերը: 19-րդ դարում այն անցավ ռուսական կայսրությանը: Հայերն ասում են, թե Ղարաբաղը պատկանել է հայկական քրիստոնեական մի թագավորության և որպես դրա վառ ապացույց` մատնանշում այնտեղի վանքերն ու եկեղեցիները: Իսկ ազերիներն էլ իրենց հերթին ասում են, թե այդ եկեղեցիներն իրենց նախնիների` քրիստոնյա ալբանացիների ստեղծածն են:
Առաջին աշխարհամարտի վերջին և բոլշևիկյան հեղափոխության սկզբին, ռուսները, առաջնորդվելով «բաժանիր և տիրիր» տրամաբանությամբ, Ադրբեջանի սահմաններում ձևավորեցին Լեռնային Ղարաբաղ ինքնավար շրջանը: 1980-ական թվականներին երկու էթնիկական խմբերի միջև սկսեց աստիճանաբար աճել լարվածությունը: Իսկ երբ անկում ապրեց ԽՍՀՄ-ը, տարածաշրջանում բախումներ սկսվեցին: Ինքնավար Ղարաբաղի հայերը ոտքի ելան հանուն անկախության և 1991թ. հռչակեցին անկախություն: Ենթադրվում է, որ բախումների հետևանքով զոհվել է 20 հազարից մինչև 30 հազար մարդ: Հարձակումների հետևանքով ազերիները դուրս եկան այդ շրջանից: Հայերի ձեռքն անցավ Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից շրջանները: Այնտեղ հռչակվեց «դե ֆակտո» պետություն:
Այդ պետությունը որևէ մեկի կողմից չճանաչվեց, և բախումներին վերջ տալու համար 1994թ. ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիր, Ղարաբաղում իրավիճակը սառեց: Ադրբեջանն ու Թուրքիան, փակելով Հայաստանի հետ սահմանները, այդ պետությանը մեկուսացրին: Խնդրի լուծման համար Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ ձևավորվեց Մինսկի խումբը: Այն կողմերի հետ շարունակում է բանակցությունները, սակայն առայժմ որևէ առաջընթաց` խնդրի հանգուցալուծման հարցում, չի գրանցվել:
Այժմ ղարաբաղյան հիմնախնդիրը` հայ-թուրքական արձանագրությունների հետ մեկտեղ, դարձյալ հայտնվել է օրակարգում: Իրականում, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այդ արձանագրություններում որևէ դրույթ գոյություն չունի, սակայն Թուրքիան պնդում է, որ մինչև այդ հարցում որևէ առաջընթաց չգրանցվի, սահմանները չեն բացվելու, արձանագրությունները կյանքի չեն կոչվելու:
Լավ, իսկ ի՞նչ ասել է «առաջընթաց»: Արդյո՞ք կողմերը, «կարգավորում» ասելով, միևնույն բանն ի նկատի ունեն: Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն այն դեպքում, երբ նրան վերաբերվում է որպես իր տարածքի: Ի՞նչ է տեղի ունենում մեծ փոթորիկներ տեսած այդ հողերում… Հետաքրքրվեցինք այդ և նման այլ հարցերով ու ճանապարհ ընկան: Այսօր այստեղ կկարդաք այն, ինչ մենք տեսանք մինչև Ղարաբաղ հասնելը, այնուհետև կծանոթանաք պատերազմի խորհրդանիշ հանդիսացող Խոջալու գյուղի հետ: Կտեսնեք, թե ինչպիսին է այնտեղ ետպատերազմյան իրավիճակը, կլսեք այդ օրերը վերապրած գյուղական բնակչության պատմությունները: Մինչ օրս որևէ թուրք լրագրող Խոջալու ոտք չէր դրել:
Հոտկտեմբերի 10-ին, երբ Ցյուրիխում Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրվեցին արձանագրությունները, բոլորը սկսեցին տալ հետևյալ հարցը` ինչո՞ւ արձանագրություններում որևէ կետ չկա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
Համացանցի միջոցով գտանք «դե ֆակտո հայկական վարչակազմի» կայքէջը: Նամակներ գրեցինք վարչապետին և նախարարներին: 10 օր շարունակ որևէ լուր չունեինք: Երբ այդ ուղղությամբ շարունակվում էին մեր ջանքերը, օգնության հասավ մեր բարեկամ հայ լրագրողներից մեկը և մեզ փոխանցեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի խորհրդականի հեռախոսահամարը: Դրանից հետո խորհրդականի հետ սկսվեց հեռախոսային մի կապ, որը շաբաթներ էր տևելու:
Ժամանակը երկարում էր, սակայն մեր հետաքրքրությունը տեղի չէր տալիս: Երբեմն օրեր էին պահանջվում հեռախոսով կապ հաստատելու համար, էլ չենք խոսում համացանցային հաղորդակցության մասին, որը գրեթե անհնարին էր:
Ի վերջո, չորս շաբաթից և հարյուրավոր հեռախոսազանգերից հետո պատասխան ստացանք. «Նոյեմբերի 14-ին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը սպասում են ձեզ»:
Լուրը ստացանք երեքշաբթի` նոյեմբերի 10-ին: Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմին հասնելու միակ ճանապարհն անցնում է Հայաստանով: Ստամբուլ- Երևան չվերթներն իրականացվում են շաբաթական երկու անգամ: Լուրը ստանալուն պես` հենց հաջորդ օրը, մեկնեցինք Երևան: Հինգշաբթի առավոտյան արդեն Երևանում էինք: Այնտեղ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ կարգավորելով տարածաշրջան մուտք գործելու հարցերը` հաջորդ առավոտյան ճանապարհ դուրս եկանք: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքին հայերը Ստեփանակերտ են ասում, իսկ ազերիները` Խանքենդի:
Երևանից Ղարաբաղի մայրաքաղաք ամեն առավոտ երթուղային տաքսիներ են մեկնում: Ճանապարհ դուրս եկանք առավոտյան ժամը 08:00-ին: Որոշ ժամանակ անց գյուղական ճանապարհով էինք անցնում: Լեռների արանքով պտտվելով` ժամերով առաջ էինք շարժվում: Ականատեսը դարձանք գեղեցիկ տեսարանների:
Երասխում, երբ մի պահ կանգ առանք` դադար առնելու, մեզ մոտեցավ 72-ամյա Զարիկ անունով մի կին և սկսեց կոտրտված ադրբեջաներենով պատմել իր պատմությունը. «Ես Բաքվից 52 տարեկան հասակում եմ եկել: Ամուսնուս Բաքվում են սպանել: Շատ ցավեր ենք քաշել, երկու կողմն էլ շատ ցավեր է քաշել: Այդ պատճառով Սարգսյանն ինչ էլ ասի` ղարաբաղցին ե՛ս եմ, Ղարաբաղը մե՛րն է»:
Երբ անցնում էինք Խաչիկ անունով մի գյուղի մոտով, տեսանք ճանապարհին տաղավարներ, որոնց վրա շարված էին շշեր: Վարորդը կանգնեց և տաղավարների սեփականատերերի հետ ջերմ զրույցի բռնվեց: Քիչ անց բացվեցին տաղավարների վրա դրված շշերը, որոնց մեջ լցված էին գյուղացիների պատրաստած գինիներ: Բաժակները լցվեցին, և կենաց ասվեց հանուն «խաղաղության»:
Խաչիկ գյուղից անցնելով` որոշ ժամանակ անց կանգնեցինք մի լեռան գագաթին` մի պահակակետի մոտ: Ասացին, որ հասանք Լեռնային Ղարաբաղի սահմանին: Հանեցինք մեր անձնագրերը: Պահակակետի աշխատակիցներն ասացին. «Հենց հասնեք մայրաքաղաք, այցելեք արտգործնախարարություն և գրանցվեք: Նրանք ձեզ այցագիր կտան: Իսկ երբ այն ստանաք, անպայման մեզ ցույց կտաք, այլապես անախորժություններ կունենաք»: Հակառակ մեր բոլոր խնդրանքներին` թույլ չտվեցին լուսանկարել սահմանը:
Սահմանն անցնելուց մեկ ժամ հետո վարորդն ասաց. «Բերձորը»: Բերձորը հայտնի Լաչինի միջանցքի հայկական անվանումն է. ադրբեջանական հող, որը գտնվում է հայերի վերահսկողության տակ` Ղարաբաղը Հայաստանի հետ կապելու համար:
Երբ անցնում էինք այդ միջանցքով, որևէ ռազմական գործողություն չտեսանք:
Հասանք Խոջալու
Պատերազմի ամենացայտուն վկան ու խորհրդանիշը Խոջալու գյուղն է: Աղբյուրները վկայում են այն մասին, որ այդ գյուղում, 1992 թվականին քաղաքացիական կոտորած է տեղի ունեցել: Մեր ճանապարհորդության երկրորդ օրն ուղևորվեցինք դեպի Խոջալու: Մայրաքաղաք Ստեփանակերտից 20 րոպե հեռավորության վրա գտնվող գյուղի անունը փոխվել է և այժմ այն կոչվում է Իվանյան: Գյուղի մուտքի մոտ գտնվող դպրոցում մեզ դիմավորեցին գյուղապետ Բորիս Քահրամանյանը և դպրոցի տնօրեն Գուրգեն Ղուլյանը:
Չնայած 17 տարի էր անցել` գյուղը դեռ ավերակ էր: Ազերիների տները գրեթե ամբողջությամբ ավերված էին: Գյուղում բնակություն հաստատած հայերը ազերիների տների քարերը տարել և գյուղի բարձրադիր մասում նոր տներ էին կառուցել: Այնտեղ մոտ հազար մարդ էր ապրում: Մեր զրույցը սկսեցինք դպրոցում. «Դուք ապրում եք մի տարածքում, որտեղ աղետ է տեղի ունեցել: Պատմեք` ի՞նչ է տեղի ունեցել գյուղում»: «Մենք այն ժամանակ այստեղ չէինք, շատ բան չգիտենք», – ասաց գյուղապետը:
Այնուհետև մի ղարաբաղցի հայ շարունակեց. «Ես ապրում էին Աղդամի հարակից գյուղերից մեկում: 1992թ. ազերիներն այրեցին մեր գյուղը: Մենք էլ այստեղ եկանք: Խոջալուն օգտագործվում էր որպես ռազմակայան: Հայկական գյուղերն այստեղից էին հարձակման ենթարկվում: Այդ պատճառով հայերը վերցրեցին գյուղը: Միջանցք բացեցին, որպեսզի դուրս գան քաղաքացիականները: Սակայն եղան ազերի գյուղացիներ, որոնք մահացան պատերազմի պայմաններում: Իսկ ազերիները քարոզչություն են անում և հայտարարում, թե մենք հազար ազերի ենք կոտորել: Սակայն հայերի թիրախը միայն ռազմական ուժերն էին»:
Դպրոցում հանդիպումից հետո գնացինք գյուղն ուսումնասիրելու: Ճանապարհին հանդիպեցինք ոսկե ատամներով ժպտացող Հրանտ Զաքարյանին: Ոսկյա ատամներն այնտեղ ամենամեծ հարստության խորհրդանիշն են: Երբ մեզ տեսավ, ասաց. «Բարով եք եկել Թուրքիայից: Սա մեր գյուղն էր, ազերիները մեզանից խլել էին այն»:
Շրջեցինք կիսախարխուլ տների մոտով և կանգ առանք դրանցից մեկի առջև: Մեզ ներս հրավիրեցին: Տանտիրուհի Անահիտ Մինասյանը 1998թ. ամուսնացել և բնակություն էր հաստատել գյուղում: Չգիտեր, թե ինչ էր եղել պատերազմի տարիներին, սակայն բացատրեց, որ չի ուզում ազերիների հետ հարևանություն անել:
Այնուհետև սկսվեց հյուրասիրությունը: Նախ այնտեղի հայտնի նուռը, հետո պնդուկ և օղի…
Ոչ մի բանով մայրաքաղաք չհիշեցնող քաղաք
Մի նայեք, թե մայրաքաղաք է կոչվում, 50 հազար բնակչություն ունեցող մի ավան է: Որևէ գրավչություն չունի: Լեռների արանքում սեղմված, չորային անշուք մի վայր է: Նույնիսկ աշխարհից այնպես է կտրված, որ կլաուստրոֆոբիա է առաջացնում: Ղարաբաղցիները լքված հողերում գոյապայքար են մղում: Այդ հողերի տակ ոչ նավթ կա, ոչ էլ գազ: Ամեն դեպքում, եթե խոսք գնա «էներգակիրների» մասին, կարելի է այլ ճանապարհներ գտնել: Քաղաք մտնելուն պես` առաջին բանը, որ տեսանք, զոհերի հուշակոթողն էր: Ի վերջո, այստեղ մարդկանց գոյության պատճառը պատերազմը հիշելն ու հողերի համար պայքարելն է: Եվ երբ զոհերի հուշակոթողի մոտ տեսանք հարս ու փեսայի, նախ զարմացանք, բայց հետո հասկացանք այդ խորհուրդը. ամեն ամուսնացող զույգ իր շունչն այդտեղից է առնում:
Ի՞նչ է եղել Խոջալուում
Խոջալուում էր տարածաշրջանի միակ օդանավակայանը: Պատերազմի տարիներին ազերիներն այդտեղ էին կենտրոնացնում զինամթերքը: Այդ ժամանակ գյուղն ամբողջովին ադրբեջանական էր: 1992թ. փետրվարի 26-ին հայերը վերցրեցին գյուղը: Պնդումների համաձայն` բախումների ընթացքում մոտ 1300 մարդ է զոհվել: Պատերազմում հայերի հաղթանակի համար բեկումնային եղավ այդ գյուղում տեղի ունեցած կոտորածը: Սակայն հայերը պնդում են, թե շրջանառվող լուրերի մեծ մասը ադրբեջանական քարոզչության արդյունք է, Խոջալուն հայկական գյուղերի վրա հարձակումներ իրականացնելու ռազմակայան էր, իսկ գյուղից դուրս գալու նպատակով քաղաքացիականների համար միջանցք են բացել:
…
Չեն կարող մեզ հաշվի չառնել (Հոդված – 2)