2007 թվականի նոյեմբերին ստորագրված Մադրիդյան հիմնարար սկզբունքներն ազդարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները բանակցային ճանապարհով կարգավորելու մասին: Այդ սկզբունքների համաձայն` Հայաստանը բռնազավթված ադրբեջանական տարածքներից, նախ և առաջ յոթ շրջաններից, փուլ առ փուլ դուրս է գալու, ազերի փախստականները ետ են վերադառնալու, և այդ զարգացումներից հետո որոշվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` մինչև այսօր կողմերի առաջնորդները հանդիպել են ութն անգամ, բացի այդ մի քանի հանդիպումներ էլ տեղի են ունեցել Ռուսաստանի ուղղակի, իսկ Թուրքիայի անուղղակի միջնորդությամբ:
Մինսկի խումբը ղարաբաղյան բարդ հիմնախնդրի հարցում չի կարողանում առաջընթաց ապահովել, և առաջարկվում է տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել, ինչը, սակայն, ավելի կթեժացնի առանց այդ էլ առկա լարված մթնոլորտը:
Գերմանիայում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ աստիճանաբար արդարացի է դառնում տարածաշրջանում խաղաղարար ուժեր տեղակայելու առաջարկությունը: Նախ պետք է հարցնել, թե ինչու Մինսկի խմբի շրջանակում Ալիև-Սարգսյան բանակցային հանդիպումը կայացավ Մյունխենում: Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորությամբ իրականացվող միջնորդական գործունեությանը հանկարծ միանում է Գերմանիան, ինչով կարելի է փաստել, որ այս կերպ Եվրամիությունը հարցին ավելի շատ միջամտելու ջանք է գործադրում: Խաղաղություն ապահովելու խնդիր այստեղ չկա: Սակայն հիշենք կիպրական հիմնախնդրի օրինակը, երբ հանդիպումները շարունակվում են` միևնույն ժամանակ ճանապարհ հարթելով հարցերի բարդացման համար:
Երբ ասվում է, թե Հայաստանի` օկուպացված շրջաններից դուրս գալով կձևավորվի մեկնակետ, ղարաբաղյան հիմնախնդիրը բոլորովին այլ կերպ է դիտվում: Ինչպես հայտնի է, Հայաստանը նահանջելու առնչությամբ բողոքներ չունի, ընդունում է, որ այդպիսով բարի կամք կդրսևորի և հույս ունի, որ դրանից հետո Թուրքիան պատասխան քայլ կանի սահմանի հարցում: Իսկ Ադրբեջանը կարծում է, թե Հայաստանը, դուրս գալով բռնազավթված որոշ շրջաններից և այդ կերպ Թուրքիայի հանդեպ բարի կամք ցուցաբերելով, միավորներ կհավաքի, և այդ դեպքում ինքն այլևս հնարավորություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի հարցում իր բոլոր ցանկությունների իրականացման համար: Այդ պատճառով, Մադրիդյան հիմնարար սկզբունքերով նախատեսված փուլային կարգավորման տարբերակի հենց սկզբում մատնանշելով Լեռնային Ղարաբաղը, այնպիսի քաղաքական ազդանշաններ է տալիս, որոնք միտված են խցանելու բանակցային մյուս հարցերը: Ազդանշաններից բացի, նույնիսկ հայտարարում է, որ հնարավոր է հարցը լուծվի ռազմական ճանապարհով:
Ակնհայտ է, որ պատերազմն Ադրբեջանին ետ կմղի իր ներկայիս դիրքերից: Սակայն այսօր Ադրբեջանը սպառնում է` առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Հայաստանի հետ սահմանների բացման հարցում: Ալիևը, ով հայտարարում է, թե Թուրքիան Ադրբեջանին կորցնելու է, մի կողմից խոսում է պատերազմի մասին, մյուս կողմից հույս ունի, թե կարող է արդյունքի հասնել` Թուրքիայի հետ բախման գնալու` Եվրամիության միջոցով նրան նեղ վիճակի մեջ դնելու և մեկուսացնելու քաղաքականության ճանապարհով: Թուրքիայի դիվանագիտական հիշողությունն այս ամենն արձանագրում է, սակայն կարևորն այն է, որ Ադրբեջանն այդ գործելաոճով իր համար որպես այլընտրանք նախապատրաստում է Իրան-Ռուսաստան առանցքը:
Ղարաբաղյան հիմնախնդիրն, իրականում, կարող է հանգուցալուծվել Հայաստանի և Ադրբեջանի` ժողովրդավարությանը մոտեցման միտումների ճիշտ համաչափությամբ: Եթե անգամ հողերն Ադրբեջանինը լինեն, այնտեղ հայեր են ապրում, այդ պատճառով հարցը ոչ միայն տարածքային, այլև մարդկային է:
Այն հասարակությունների համար, որոնք չեն կարողանում լուծել մարդկային հարցերը, դժվար է լինում կասեցնել բախումները: Սակայն, հավանաբար, ողջ խնդիրն էլ հենց դա է, այլ կերպ ասած, բողոք է ներկայացվում ընդդեմ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում փոփոխության, և, բնականաբար, շատ հնարավոր է, որ Թուրքիայի փոխարեն Իրան-Ռուսաստան առանցքն ավելի վստահելի լինի: