Tatul_-Պարոն Հակոբյան, Կազանի հանդիպումից հետո «Կոմերսանտում» հրապարակվեց մի հոդված, որում ասված էր, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այնքան հիասթափված է կազանյան գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը: Ձեր դիտարկումը:

-Նման սցենարի հավանականությունը համարում եմ ծայրահեղ քիչ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը, նախկին փուլերում, հենց Մինսկի խմբի աշխատանքների ժամանակ միշտ կռիվ է տվել եվրոպացիների և ամերիկացիների հետ, որոնք փորձել են այդ գործընթացը, այսպես ասած, իրենցով անել: Այս պայմաններում ասել, թե Ռուսաստանն ինքը դուրս կգա բանակցային գործընթացից, այսինքն` ինքնակամ կհրաժարվի Կովկասում իր ունեցած քաղաքական, տնտեսական և ռազմական ազդեցությունից, ծայրահեղ անիրական է:
-Հաշվի առնելով միջազգային հանրության, մասնավորապես միջնորդների, այսպես ասած, ոգևորվածությունը՝ կարո՞ղ ենք ասել, որ հիասթափություն, այնուամենայնիվ, կա:

-Կազանից առաջ ստեղծված այդ ոգևորությունը, բնականաբար, չափազանցված էր և արդարացված չէր: Կազանում չէր կարող լինել առաջընթաց, քանի որ կողմերը վերջին երեք տարիների ընթացքում այդքան հեռու չեն եղել հիմնարար սկզբունքների շուրջ փաստաթուղթ ստորագրելուց, ինչպես այսօր: Ահա այս պայմաններում, երբ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, էլ չեմ ասում՝ դետալների, լուրջ չէր մեծ արդյունքներ ակնկալելը: Բեկում միայն հնարավոր էր մի դեպքում, եթե կողմերից մեկը գնար լրջագույն զիջումների: Օրինակ` Հայաստանն ասեր, որ հրաժարվում է հանրաքվե անցկացնելու գաղափարից, այսինքն` սեղանին դրված փաստաթղթի փիլիսոփայությունից, և շատ հավանական է, որ եթե Հայաստանն ասեր նման բան, Ադրբեջանը փաստաթուղթը ստորագրեր միանգամից, և հակառակը, եթե Ադրբեջանն ասեր, որ ինքը համաձայն է ընդունել Ղարաբաղի գոյությունն իր տարածքային ամբողջականությունից դուրս: Սակայն մենք գիտենք, որ այս հարցում կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են:

-Հավանական համարո՞ւմ եք, որ հարցը լուծվի խաղաղության պարտադրանքի ճանապարհով:

-Դժվարանում եմ ասել, քանի որ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մեջ ներգրավված են առնվազն երեք կենտրոններ: Սա շատ կարևոր պահ է, քանի որ բանակցությունների պատմության մեջ հենց ամերիկացիները նեղել են հայերին, մերոնք արագ օգնության են կանչել Ռուսաստանին, կամ երբ ռուսները նեղել են ադրբեջանական կողմին, վերջիններս օգնություն են ստացել ԱՄՆ-ից:

-Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված Կազանից առաջ բարձրացված այս մեծ աղմուկը` զանգերը, վերջնաժամկետներ նշանակելը, ճնշումներ գործադրելը:

-Ես մինչ այս պահը չեմ բացառում որևէ բան և չեմ օգտագործում «ձախողում» բառը, քանի որ ինչքան էլ կողմերն այսօր սկսեն միմյանց մեղադրել ապակառուցողական լինելու մեջ, չի բացառվում, որ ինչ-որ հարցի շուրջ եղել է որոշակի առաջընթաց, որի մասին, պարզապես, չի հայտարարվում: Ինչ վերաբերում է միջազգային հանրության ոգևորությանը, ապա կարծում եմ` դրա համար կան մի քանի պատճառներ. առաջին` Ռուսաստանի նախագահն էր միջնորդը, իսկ Ռուսաստանը պատրաստվում է հերթական ընտրությունների, և վատ չէր լինի, եթե նա հաշտարարի իմիջ ձեռք բերեր, մանավանդ այնպիսի դժվարագույն և անլուծելի թվացող հակամարտությունում, ինչպիսին Ղարաբաղի հարցն է: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի զանգերին, ապա դա նույնպես հասկանալի էր, քանի որ բոլորը կարծում էին, որ կարող է առաջընթաց լիներ, և վատ չէր լինի, որ իրենց մասնակցությունը նույնպես լիներ:

-Ամեն դեպքում համանախագահող երկրների կողմից կար հստակ ճնշում, որը, սակայն, տեսանելի և սպասված արդյունք չունեցավ: Ի՞նչ եք կարծում, արդյոք սա ապացույցը չէ այն բանի, որ Մինսկի խումբն արդեն իրեն սպառել է:

-Կարծում եմ` անարդար է մեղքը բարդել Մինսկի խմբի ձևաչափի վրա, քանի որ բանակցություններում հաջողություն չի գրանցվում ոչ թե Մինսկի խմբի ապակառուցողական կան անարդյունավետ լինելու հետևանքով, այլ այն պատճառով, որ կողմերից մեկը` վերջին տասնամյակում Ադրբեջանը, մերժում է միջնորդների ներկայացրած բոլոր պայմանները: Կարծում եմ` ղարաբաղյան հակամարտությունը Մինսկի խմբի ձևաչափից դուրսբերումն անխոհեմ քայլ կլինի և հարված՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կարող եմ ասել, որ միայն մի ձևաչափ կա, որը կարող է ավելի լավը լինել, քան Մինսկի խումբն է, և դա հակամարտող կողմերի, առանց միջնորդների բանակցություն սկսելն է: Պետք է հասկանալ, որ ցանկացած միջնորդ բրոքեր է, իսկ ցանկացած բրոքեր փող է ուզում իր գործի դիմաց: Այսինքն` որքան շատ են բրոքերները, այնքան մեծ է հավանականությունը, որ ակնկալվելիք խաղաղությունից կողմերը մի բան պետք է զիջեն միջնորդներին` նրանց կատարած աշխատանքի համար: Ահա սրա համար եմ ասում, որ Մինսկի խմբի լավագույն այլընտրանքը կլիներ առանց միջնորդների բանակցելը, որը, ցավոք, մոտ ապագայում հնարավոր չէ` հաշվի առնելով կողմերի տրամադրվածությունը:

-Ըստ Ձեզ` ո՞ւմ է ձեռնտու ղարաբաղյան հակամարտության այսօրվա ստատուս քվոն:

-Իրականում ամեն բան այդքան պարզունակ չէ, ստատուս քվոն նշանակում է, որ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է, ստատուս–քվո նշանակում է, որ Ադրբեջանը տարեկան ծախսում է ավելի քան երեք միլիարդ դոլար, իսկ Հայաստանը՝ մինչև կես միլիարդ, որն ի դեպ հայկական բյուջեի համար, որը նավթային չէ, շատ մեծ գումար է: Այսինքն` ասել, որ ստատուս քվոն բխում է մեկի կամ բոլորի շահերից, ճիշտ չէ, քանի որ ստատուս քվո նշանակում է միշտ ավելի շատ ծախսեր և անկանխատեսելիության բարձր աստիճան: Սա որպես սկզբունք՝ ցանկացած ստատուս քվոյի համար: Ինչ վերաբերում է այսօրվա ստատուս քվոյին, կարծում եմ` լայն իմաստով այն չի աշխատում հօգուտ որևէ մեկի, սակայն եթե փորձեմ ավելի տեղայնացնել, ապա ստատուս քվոն կարող է աշխատել այն մեկի օգտին, որը ճիշտ է օգտագործում ժամանակը:
Հոդվածը տպագրվել է Կապիտալ օրաթերթում հունիսի 28-ին:

Չի բացառվում, որ ինչ-որ հարցի շուրջ եղել է որոշակի առաջընթաց