Հուսով եմ` ևս մեկ անգամ ականատեսը չենք դառնա նավթա-գազային խոշոր պատերազմի. Կովկասում դարձյալ լարվածություն է նկատվում: Իսկ այդ լարվածության վերաբերյալ արդեն գրել եմ հուլիսի 2-ի` «Ադրբեջանը գազը կտա և վերջ կդնի հայկական խնդրին» խորագրով հոդվածում: Դա ոչ թե զուտ մեկնաբանություն էր, այլ կարևոր աղբյուրներից ձեռք բերված տեղեկություններ, որոնց համաձայն` նշել էի, որ աշունը Կովկասը հղի է լինելու թեժ զարգացումներով:
Երբ Ադրբեջան-Հայաստան լարվածությանը նայում ենք ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլև պատճառահետևանքային կապերի տեսանկյունից, իրողություններն, ինքնըստինքյան, ի հայտ են գալիս: Տարածաշրջանը կարևորություն է ներկայացնում և՛ էներգետիկ աղբյուրների, և՛ էներգակիրների առումով: Պետք չէ մոռանալ նաև այն, որ Ռուսաստանը, տարածաշրջանային երկրների վրա իր ազդեցության հետ մեկտեղ, շարունակում է այդ երկրներին միմյանց դեմ հանելու ռազմավարությունը:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերվեց բնական գազի մասին համաձայնություն, և փակ դռների ետևում տեղի ունեցան բանակցություններ, այդ երկու երկրներն ավելի մերձեցան միմյանց հետ: Այսպիսով, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Ադրբեջան լարվածությանը քիչ է մնացել: Կամ համաձայնության կգան, կամ կհակամարտեն: Սակայն թե ինչ կլինի հետո, դժվար է կռահել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգ ամիս առաջ` Ռուսաստանի հետ մերձեցման օրերին, Ղարաբաղի տարածքներն ազատելու առնչությամբ շատ կտրուկ նախազգուշացրեց Հայաստանին: Առայժմ հայտնի չէ, թե Գերմանիայում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ընթացքում հարցի կարգավորման համար ինչպիսի ճանապարհային քարտեզ է դրվել սեղանին: Սակայն հանդիպումից առաջ Ալիևի արած հայտարարություններում առկա վճռականությունն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամերիկյան այցելությունը կարող են արագացնել խնդրի հանգուցալուծումը:
Սակայն Թուրքիայի առաջին պարտականությունն է հնարավորինս լավ խաղալ դիվանագիտական և էներգետիկ խաղը, միևնույն ժամանակ չմոռանալով, որ այս տարածաշրջանի ամենաազդեցիկ ուժը Ռուսաստանն է, որը հարցի կարգավորումից անպայման ակնկալիք է ունենալու: Այդ կապակցությամբ հուլիսին արել էի հետևյալ դիտարկումը. «Նոր բախումների պատրաստ լինենք Կովկասում, քանի որ Ռուսաստանը գնում է Ադրբեջանի գազը»:
Այո, ռուսական աջակցությամբ ազերիներին հաղթած հայերի դիմաց կանգնած է Ռուսաստանի աջակցությունը ստացած և իր բանակը հզորացրած Ադրբեջանը: Սակայն առայժմ հայտնի չեն մյուս դերակատարները:
Այդ պատճառով Թուրքիան այս զարգացումներին չպետք է նայի միայն «Նոբուկկո» նախագծի և գազային առևտրի նեղ պատուհանից: Պետք է ուսումնասիրել նաև, թե ինչու է տարիներով հարցի լուծումը ձգձգում ԵԱՀԿ-ն: