Անցած շաբաթ հասկացանք «Թարաֆ» օրաթերթի «հայասիրության» սահմանները: Քննադատ լինելուց չվախեցող, համակարգին ուղիղ նշանակետից քննադատության աղեղներով խոցող թերթի պատկեր ստեղծած «Թարաֆ»-ն, անցած չորեքշաբթի իր էջերում լույս ընծայելով «Ինչ Բահչելին, ինչ սփյուռքը» խորագրով հոդված, մեկ անգամ ևս ի ցույց դրեց իր քննադատության հիմնական խորությունն ու մասշտաբները, և որ ավելի կարևոր է, ցույց տվեց, թե ինչպիսի գաղափարի ներկայացուցիչն ու կրողն է: Ըստ էության, դա առաջին անգամը չէր: «Թարաֆ» օրաթերթն էր, որ Կիրո Մանոյանին անվանեց «Հայաստանի Բահչելի», կարողացավ հոդված հրապարակել «Բաքուն և սփյուռքը խելագարվել են» խորագրով:

1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակող «Թարաֆ» թերթը, զուգահեռներ անցկացնելով սփյուռքի և Բահչելիի միջև, ցույց տվեց, որ իրականում ոչ 1915 թվականից, ոչ էլ ցեղասպանությունից որևէ բան չի հասկացել: Անտեղյակության և անզգամության նման հրապարակային և համարձակ ցուցադրումը պետք է որ բխի ինչպես արդարության, այնպես էլ բարոյականության բացակայությունից: Արդարության բացակայության պատճառով նման անուշադիր գործելաոճ է ցուցադրվում: Որովհետև արդարության առկայություն միևնույն ժամանակ նշանակում է, որ մեղավորին իր մեղքի համար ողջ կյանքում տանջում է խիղճը: Իսկ ժխտված հանցանքի վրայով անցնել, տուժածների վրա մի գրչով խաչ քաշելն ամենևին չի նշանակում բացահայտ խիզախությամբ արդարություն փնտրել

 

Այդ վերնագրի մտաուղղվածության կրողը չի կարողանում տեսնել ու հասկանալ  սփյուռքագոյացման պատճառը, այդ մարդկանց սերունդների ապրած կյանքը, ովքեր ժխտման և անտեսման դեմ անկարողության են դատապարտված, ովքեր ստիպված են ապացուցել ու բացատրել իրենց ցավերը, ովքեր ամբողջությամբ ապրում են անդառնալի կորստով:

Ինչպես որ չի կարողանում հասկանալ այս ամենը, այնպես էլ չի կարողանում տարբերել, որ թուրքաբնակ հայերը նույնպես սփյուռք են: Հարկ է հիշեցնել, որ մենք` հայերս, գրեթե ամբողջությամբ սփյուռք ենք: Չեմ հասկանում, մի՞թե կարիք կա ասելու, որ հանրապետության ժամանակաշրջանում իրենց բնակության վայրերում հիմնականում անվտանգության, կրթության, սեփական մշակույթով ապրելու հետ կապված խնդիրների պատճառով ստիպված Ստամբուլ տեղափոխված հայերի իրական հայրենիքը Ստամբուլը չէ: Բացի այդ, «Թարաֆ» թերթի հարգարժան պատասխանատուներ, ձեր թեթև ձեռքով օտար դարձած մարդիկ բոլորիս քույրերը, մորաքույրները, հորեղբայրները, հարսները, քեռիները, այսինքն` ամենամոտ մեր ազգականներն են: Եթե կարիք կա ավելի պարզ ասելու, ձեր այդ մատնանշած սփյուռքը բոլորս ենք:

Մարդիկ, ովքեր կարողացան դնել այդ վերնագիրը, անզոր են հասկանալու, որ արձանագրությունների ստորագրման գործընթացում Ամերիկայում կամ էլ Եվրոպայում ապրող հայերի հակազդեցությունն ուղղված էր ոչ թե Թուրքիայի, այլ` Հայաստանի դեմ: Չեն հասկանում, որ ստեղծված ճգնաժամը Հայաստանի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջև վերջին հիսուն տարիների ընթացքում առաջացած ամենախորը ճգնաժամն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Փարիզում Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ դնելու օրը մարդիկ ցույց տվեցին, որ իրենց ապրումներն այդպես հեշտ չեն մարսվում: Ամեն դեպքում, այդ խորագրի հեղինակները երբեք չեն մտածել, թե դա ինչ կարող է նշանակել…

Նրանք, ովքեր զլանում են մտածել, թե ով է սփյուռքն ու իրենից ինչ է ներկայացնում, պետք է, որ իրենցից շատ գոհ լինեն` ողջ սփյուռքին որպես ազգայնական, ավելին` որպես Բահչելի ներկայացնելով: Գնացեք Վան, Դիարբեքիր, Քասթամոնու, Սվազ, Աֆյոն, Անթաքյա, Բինգյոլ, Էրզրում, Էլազըգ, Կարս, Մարդին և էլի անթիվ քաղաքներ ու գյուղեր այցելեք… Քայլեք ավերված ու թալանված եկեղեցիների բակերում, ոսկորների վրայով քայլեք: Քայլեք և կրկին ինքներդ ձեզ հարցրեք` ով է սփյուռքը: Ինչպես դուք ասում եք, եթե մտածել նշանակում է կարծիք ունենալ, ապա մտածեք մի քիչ…

Ո՞վ է սփյուռքը