Հայաստան-Ադրբեջան – 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ
Հայկական եւ ադրբեջանական Սփյուռքի եւ դրանց նշանակության մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվաիրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն»հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում ենՀայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա»թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Հարցազրույց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ
Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար Սփյուռքը, ինչպե՞ս է պետությունը խրախուսում հայկական Սփյուռքի հետ կապերի զարգացումը:
Մենք Սփյուռք շատ ավելի շուտ ենք ունեցել, քան պետություն: Այդ պատճառով Սփյուռքը կազմավորվել, կազմակերպվել եւ գործում է իր ավանդական ձեւերով` պետությունից անկախ: Եվ պետությունը գիտի, որ Սփյուռք եղել է հարյուրավոր տարիներ, նույնիսկ նախքան Ցեղասպանությունը, եւ ակնկալում է, որ Սփյուռքը կանի ինչ-որ բաներ թե իրենց եւ թե Հայաստանի համար, երբեմն` կոորդինացված, երբեմն` ոչ: Սփյուռքը եւ պետությունն ընդունում են մեկը մյուսին` հաճախ առանց իրար լավ ճանաչելու:
Թե ինչ նշանակություն ունի Սփյուռքը Հայաստանի համար, թվերն արդեն իսկ կարող են շատ բան ասել: Մենք ունենք ազգ, որը երեք անգամ ավելի մեծ է, քան պետությունը: Սա արդեն նշանակում է, որ Սփյուռքը կարող է Հայաստանին տալ ելք դեպի աշխարհ, ավելի շատ մարդկային ռեսուրսներ եւ ցանցեր: Բոլոր նախադրյալները կան: Այլ հարց է, թե Հայաստանը դա օգտագործու՞մ է, թե՞ ոչ, կամ` Սփյուռքը դա գիտակցու՞մ է, թե՞ ոչ:
Սփյուռքի հետ համագործակցության ձեւերը տարբեր են: Նախ ասեմ, որ մենք ունենք ավանդական Սփյուռք եւ նոր Սփյուռք: Այն Սփյուռքը, որ գոյություն ուներ նախքան անկախությունը, եւ այն Սփյուռքը, որ գոյացել է անկախությունից հետո, տարբեր են, եւ հետեւաբար` տարբեր են նրանց կապերը եւ համագործակցությունը Հայաստանի հետ: Նոր Սփյուռքի կապերը Հայաստանի հետ անմիջական, ընտանեկան եւ ազգակցական են, մյուսի պարագայում կապերը հաճախ վերացական են: Նոր Սյուռքը կազմակերպված չէ, օգնում է ընտանիքին, մորաքրոջը, քեռուն, բայց Հայաստանի զարգացմանը չի մասնակցում ինստիտուցիոնալ մակարդակում: Սակայն ինստիտուցիոնալ կապերն են, որ հետեւողական, մնայուն եւ նշանակալից ազդեցություն կարող են ունենալ Հայասատանի համար: Իսկ քանի որ նման կապերը պետք է լինեն լուրջ եւ հետեւողական, շատերը չեն ընտրում այդ ճանապարհը: Մյուս կողմից` հայաստանյան հաստատությունները չեն հեշտացնում նման հարաբերությունները, եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
Ի՞նչ կարելի է ասել Սփյուռքի ազդեցության մասին ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վրա: Ի՞նչ գաղափարների շուրջ է այսօր հայկական Սփյուռքը միավորվում:
Նորից պատասխանը միանշանակ չէ: Արտաքին քաղաքականության մակարդակում Սփյուռքի ներկայությունը շատ կարեւոր է, որովհետեւ Սփյուռքն անընդհատ փորձել եւ փորձում է տվյալ երկրի քաղաքական օրակարգում պահել Հայաստանին վերաբերող հարցերը: Այս պարագայում Սփյուռքի պոտենցիալ օգտակարությունն արտաքին հարաբերությունների դաշտում շատ կարեւոր է եղել եւ կլինի: Ներքին հարցերին Սփյուռքը նույն ձեւով չի վերաբերվել: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ դրսից հնարավոր չէ ոչ պատկերացնել, ոչ թելադրել, եւ ոչ էլ դրա իրավունքն ունի: Հետեւաբար, Սփյուռքի ազդեցությունը ներքին քաղաքականության վրա շատ թույլ է: Բայց նույնը չի կարելի ասել Սփյուռքի ղեկավարների մասին, որոնք կարող էին եւ կարող են ավելի հետամուտ լինել Հայաստանի զարգացման ներքին հարցերին:
Ղարաբաղի հարցն այն իրական հարցերից է, որի շուրջ սփյուռքահայերը միանշանակ կմիավորվեն, որովհետեւ դա գոյատեւման հարց է: Ցեղասպանության հարցը նույնպես շատ իրական է, այսօր այն արդեն միայն անցյալի, պատմության եւ հիշողությունների հարց չէ, այլեւ արդիական խնդիր է, որովհետեւ Հայաստանի համար կարեւոր է ունենալ հարեւան, որը ժողովրդավար է, անկեղծ եւ ազնիվ իր անցյալի հանդեպ:
Այս երկու հարցերից բացի, կան երկարաժամկետ նշանակության հարցեր, որոնք կապված են Հայաստանի գոյության եւ զարգացման հետ: Սփյուռքահայերը լավ հասկանում են, որ իրենց ինքնությունը (ուզեն, թե չուզեն, անկախ իրենց անմիջական կապերից) կապված է Հայաստանի հետ: Եթե Հայաստանը աղքատ ու թշվառ է, հայը ցանկացած երկրում այդպես է ընկալվում: Եթե Հայաստանը կենսունակ ու ակտիվ է միջազգային բեմերում, ապա Հայաստանից դուրս ապրող հայերն էլ այդպես են իրենց զգում ու այդպես են ընկալվում:
Սփյուռքից երիտասարդներ գալիս են «Սիվիլիթաս», ուզում են մնալ եւ աշխատել Հայաստանում: Նրանք երբեք եկեղեցու, կուսակցության կամ հայկական դպրոցի հետ կապ չեն ունեցել, բայց, ինչ-որ մի պահից փորձում են իրենց ապագան գտնել Հայաստանում: Ես սա տեսնում եմ իմ ընտանիքում, իմ բարեկամների եւ ծանոթների ընտանիքներում:
Իհարկե, Հայաստանից արտագաղթ էլ կա, եւ ներգաղթն ու արտագաղթն ապագայի հույսի փնտրտուքների պատճառն են: Արտագաղթն այսօր փոքր աշխարհից դուրս գալու, ուրիշ տեղ ապագա փնտրելու միջոց է: Ներգաղթը նույնպես ճանապարհ է ինչ-որ պատասխաններ գտնելու, ուղղակի արդեն ուրիշ պատասխաններ եւ ուրիշ կենսակերպ որոնող մարդկանց համար:
Ամեն դեպքում մենք չպետք է հեգնանքով եւ ափսոսանքով նայենք եկող եւ հեռացող մարդկանց, չպետք է նրանց որոշումը դիտենք որպես վերջնական քայլ: Պետք է գիտակցել, որ աշխարհը նմանվել է բացվող-փակվող դռների, եւ մենք չպետք է ասենք, որ մեզ լքում են, այլ ապրենք այնպես, որ մարդիկ նաեւ վերադառնալու եւ հայրենիքում իրենց ուժերը ներդնելու հնարավորություն ունենան:
Ո՞ր երկրներում են առավել շատ բնակվում Սփյուռքի ներկայացուցիչները: Որքա՞ն խորն են նրանք ինտեգրված իրենց բնակության երկրներում, եւինչպե՞ս է դա անդրադառնում նրանց ազգային ինքնության վրա:
Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Ամերիկան են հայաշատ, բայց քանակը չէ, որ համայնքի ազդեցության միակ չափանիշն է: Կարեւոր են կազմակերպվածությունը, այդ երկրի համակարգի ընձեռած հնարավորությունները լոբբիստական գործունեության մեջ գործածելը, էական է համայնքի ղեկավարության կարողությունը` ճշգրտելու Հայաստանի խնդիրներն ու առաջնահերթությունները, եւ դրանք այնպես ձեւակերպել, որ համահունչ լինեն այդ երկրի շահերի հետ:
Հատկապես այսօր, երբ թե Ադրբեջանը եւ թե Թուրքիան որոշել են մեր երկկողմանի հարցերը միջազգայնացնել, սփյուռքահայ համայնքների առկայությունն ու ակտիվությունը շատ կարեւոր են: Դա, իհարկե, կարող է երկու արտահայտություն ունենալ: Եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի համար իսկապես կարեւոր են երկխոսությունը եւ փոխադարձ ըմբռնումը Հայաստանի հետ, ապա Սփյուռքի համայնքները կարող են կապող օղակ հանդիսանալ:
Բայց եթե Թուրքիան եւ Ադրբեջանը (քանի որ նրանց պաշտոնական դիրքորոշումները նույնն են, կարելի է նրանց մեկ միավոր դիտարկել) ուզում են առաջ շարժվելու փոխարեն միջազգային շրջանակներն օգտագործել նոր կյանք տալու համար ժխտողականությանը, խեղաթյուրված պատմությանը եւ խճճված տրամաբանությանը` այդպիսով արդարացնելով ստատուս քվոն, ապա Սփյուռքը կամա թե ակամա ներքաշվում է դրանց սուր քննադատության մեջ, որն այսօր ժամանակավրեպ է: Որքան մեր նոր սերունդը շատ ինտեգրված լինի իր բնակության երկրներում, այնքան ավելի օգտակար կլինի թե այդ երկրների, թե հայության եւ թե Հայաստանի համար:
Ինչպե՞ս են վերաբերվում կոչերին` անել ամեն ինչ ի նպաստ պատմական հայրենիքի եւ ամրացնել ազգային գիտակցությունը, երկրները, որտեղ կա առավել լավ կազմակերպված հայկական Սփյուռք:
Աշխարհն այլեւս այս կամ այն ընտրությունների շեմին չէ. այն առաջ է անցել: Ամերիկան օգնում է Աֆրիկային` առանց այնտեղ ազգականներ կամ ծանոթներ ունենալու, օգնում են եւ անհատները, եւ բարեգործական կազմակերպությունները , եւ պետությունը: Եթե այլ ազգի ներկայացուցիչը լիարժեք, արդար, բարոյապես ընդունելի մասնակցություն ունի իրեն հյուրընկալած երկրում եւ միաժամանակ ցանկանում է օգնել ուրիշ մարդկանց օտար երկրում, ապա գոնե զարգացած երկրներում (Ամերիկայում եւ Եվրոպայում) սա ընդունված է եւ միանշանակ որպես դրական արարք է դիտվում:
Զարգացած երկրներում շատերն ապրում են միաժամանակ մի քանի երկրներում կամ մի քանի քաղաքներում, եւ սա երկվություն չի դիտվում: Գուցե Ռուսաստանում այդպես չէ, բայց Ռուսաստանն այսօր ինքնության բարդույթներ ունի, դեռ փորձում է հասկանալ ինքն իրեն, եւ դա է պատճառը, որ մարդկանց մեղադրում է երկվության մեջ ու պարտադրում ընտրել` կամ այստեղ, կամ այնտեղ, նույնիսկ երբեմն ծայրահեղ մեթոդներով: Ռուսները չեն տարբերակում հային ադրբեջանցուց, նրանց համար խնդիրը հայը չէ, այլ այն, որ մարդիկ ռուս չեն: Բայց եթե Ռուսաստանն իրեն գերտերություն է պատկերացնում, ուրեմն պետք է ընդունի, որ ժողովուրդների նկատմամբ պետք է հանդուրժող լինել: