Արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կխզի թուրք-ադրբեջանական հարաբերությունները, և ստեղծված նման մի իրավիճակում կկասեցվի էներգակիրների հոսքը Թուրքիա: Սա շատ «ճգնաժամային» հարց է:
Երբ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթանում էին գաղտնի բանակցություններ, ռուսական գաղտնի ծառայություններն այդ լուրը հասցրեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վերջինս սառեցրեց Թուրքիա ծրագրած իր այցելությունը և մեկնեց Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ ձեռք բերվեց կարևոր համաձայնություն` կապված ադրբեջանական էներգակիրների հետ:
Ավելի ուշ վարչապետ Էրդողանը ձեռք ու ոտք ընկած շտապեց Ադրբեջան և նախագահ Ալիևի, ինչպես նաև ազերի հանրության հակազդեցությունը մեղմացնելու համար տվեց հետևյալ խոստումը. «Քանի դեռ Հայաստանը Ղարաբաղը չի տվել Ադրբեջանին, հայ-թուրքական սահմանը չի բացվելու»:
Էրդողանին հաջողվեց հալեցնել սառույցը Ադրբեջանի հետ հարաբերություններում, սակայն երկու երկրների միջև դեռևս «սառնություն» կա:
Էրդողանին այդ ժամանակ հաջողվեց սկահակը փրկել կոտրվելուց: Սակայն չկարողացավ կանխել ճաքելը: Բայց արդյոք սկահակը չի կոտրվի այն դեպքում, երբ Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրություններից մեկով նախատեսվում է սահմանների բացում:
Այս հարցի պատասխանը փնտրում են ոչ միայն քաղաքական գործիչներն ու դիվանագետները, այլև միջազգային վառելիքաէներգետիկ խոշոր կազմակերպությունները: Վերջիններիս դիտարկումներ են.
Ադրբեջանով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:
Ռուսաստանն ահազանգում է այն մասին, թե նավթամուղի` վրացական տարածքով անցնելը մեծացնում է Վրաստանի ազդեցությունը:
Ռուսաստանը վերջին ժամանակներում բավական առաջ է գնացել Վրաստանն իր ազդեցության տակ վերցնելու ծրագրերում:
Իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն անհանգստացած են այս ամենի կապակցությամբ:
Այսպիսով, եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, Ադրբեջանից և Ղազախստանից էներգակիրների արտահանման համար այլևս կկորի Վրաստանի նշանակությունը, քանի որ դա հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի տարածքով: Այդ նպատակով ԱՄՆ-ն և ԵՄ-ը ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա: Ճնշումներից անմասն չի մնում նաև Ադրբեջանը:
Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը Ադրբեջանը պաշտոնապես կտրուկ չարձագանքեց: Միայն մի քանի թերթեր գրում էին, թե «Թուրքիայից հիասթափված են»:
Միջազգային նավթային լոբբինգում հիմնական համոզվածությունն այն է, որ «Թուրքիան նախագահ Ալիևից ոչինչ չպետք է թաքցնի Հայաստանի հետ գաղտնի բանակցությունների մասին»…
Մյուս կողմից…
Հայկական կողմի երեկվա պաշտոնական հայտարարությունը կարծես նախաձեռնության առագաստներին փչող հույսի քամիներ են:
Միջազգային նավթային լոբբինգում մի շշուկ էլ կա. «Եթե Ադրբեջանը Թուրքիային մատակարարվող էներգակիրների հոսքում դարձյալ սեղմի արգելակները, Ռուսաստանը կլրացնի այդ բացը… »
Այստեղ հակասություն է նկատվում: Եվ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` ԲԹՋ նավթամուղը Ռուսաստանի ճանկերից փրկելու համար Վրաստանի փոխարեն Հայաստանին համոզելու ցանկությունը, և ինչպես է հնարավոր, որ Ռուսաստանը` հակառակ Ադրբեջանի, Թուրքիային էներկագիրների կապակցությամբ երաշխավորի:
Հարցիս համար ստացա հետևյալ պատասխանը. «Դրանք շատ խառը գործեր են»: Հավանաբար «հսկաների առևտուր»… «Վերցրու Հայաստանին, մի կողմ թող Վրաստանին»…
Նավթային լոբբինգում մեկ այլ մեկնաբանություն էլ կա, որը համեմատաբար ավելի սրանկյուն է:
«Հայոց ցեղասպանություն» եզրույթը չգործածած` Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում այդ գործընթացը կասեցրած ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման Թուրքիայից սպասելիքներ ունի: «Հայաստանի հետ սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը» և նման այլ քայլեր կարող են Վաշինգտոնի համար լինել սպասված ժեստեր:
Տարածաշրջանը գտնվում է արագ փոփոխությունների գործընթացում: Իսկ փոփոխությունների արագությունն արտացոլվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: