Քրդական հարցի («Ժողովրդավարական նախաձեռնության») և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների առնչությամբ տեղի ունեցող զարգացումները սկսել են շատ անհանգստացնել ազգին: Հատկապես քաղաքացու համբերության բաժակը լցրել են «Ժողովրդավարական նախաձեռնության» հետ կապված իշխանությունների հայտարարություններն ու գործադրած ջանքերը: Որովհետև այս անգամ դրությունը շատ իրական է և տարբեր. ամեն ինչ ազգի աչքի առջև է տեղի ունենում: Սխալ է կարծել, թե քաղաքացին չի հասկանում պահի լրջությունը: Իշխանությունը, որն ամեն անգամ ապավինում է քաղաքացու «հավի հիշողությանը», հույս ունենալով, թե ժամանակի ընթացքում ամեն ինչ կմոռացվի, այս անգամ ժայռի է բախվել: Սխալվել են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե քաղաքացին ընթացքում «կմարսի» հայրենիքից զիջում անելու միտքը: Որովհետև քաղաքացու խիղճն արդեն վնասվել է: Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե «որքան էլ որ լինի գինը…», կարճ ժամանակ անց սկսելու են ասել. «Մենք չէինք կարծում, թե գինն այսքան մեծ է լինելու»: Օրինակ` աստիճանաբար աճելու է բոլոր նրանց թիվն, ովքեր իրենց խոսքը սկսելու են «ձեռքս կոտրվեր…» արտահայտությամբ:
Պատմությունն այսպես սկսվեց. «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը «ժողովրդավարական նախաձեռնություն» անվան տակ այսպես կոչված «ահաբեկչությանը վերջ դնելու համար» մի խումբ PKK-ականների երկիր ընդունեց առանց հարցաքննության: Ժողովուրդը տեսավ, թե ինչպես ահաբեկիչներին որպես հերոս դիմավորեցին: Նույն ժողովուրդը տեսավ նաև, թե այս երկրի համար իրենց կյանքը տված շեհիդների ազգականներին և իրենց մարմնի տարբեր մասերը լեռներում թողած հերոսներին ինչպես էին քաշքշում փողոցներում: Քաղաքացին անձամբ ականատեսը եղավ այն բանի, թե ինչպես է պետությունը ահաբեկչի նկատմամբ մեղմ և հասկացող, իսկ հերոսի նկատմամբ անխիղճ ու անսիրտ դիրք գրավել: Հնարավոր չէ, որ ժողովրդական լայն զանգվածներն իրենց խղճում տեղ տան ահաբեկչի նկատմամբ ցուցաբերված ուշադիր, իսկ հերոսի նկատմամբ` անհարգալից վերաբերմունքին: Եվ այդ պատճառով կարծել, թե տեղի ունեցածը միայն հասարակական բնույթ է կրում և քաղաքական հետևանքներ չի ծնի` ինքնախաբեություն է: «Թող մայրերն այլևս արցունք չթափեն», «արեցինք 25 տարվա ահաբեկչությանը վերջ դնելու համար» և նման այլ ժողովրդահաճո հայտարարություններ հնչեցնել նշանակում է չար կատակ անել: Մարդկության պատմությունն առաջին անգամն է ականատես դառնում այն տրամաբանությանը, որ իշխանությունն ահաբեկչին է աղաչում վերջ դնել ահաբեկչությանը: Աշխարհիս երեսին դեռևս չկա նաև մի պետություն, որ խղճահարությամբ լցված լինի թշնամու նկատմամբ:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը ողբերգություն է
Մյուս կողմից, «Հայաստանի նախաձեռնություն» անվան տակ Ցյուրիխում դրված ստորագրություններն իրենց ողջ իմաստով ողբերգություն են: Այդ ստորագրությունների միակ իրական արդյունքը սեպ խրելն է Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնում որևէ լուրջ պարտավորություն: Իսկ Թուրքիան ստանձնել է սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման պարտավորությունը: Բացի այդ, արձանագրություններում որևէ ակնարկ չկա բռնազավթված ադրբեջանական տարածքների մասին: Հակառակ դրան` իշանություններն Ադրբեջանին և հանրությանը բազմիցս ասել են, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, որևէ բան չի ստորագրվելու: Իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արձանագրությունները մեկնաբանում է հետևյալ կերպ. «Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանցից բոլորովին անկախ են: Եթե այդ արձանագրությունները վավերացումից հետո չենք կարողանալու կյանքի կոչել, ապա ինչո՞ւ ստորագրեցինք: Եթե կողմերից մեկը հետաձգի արձանագրությունների վավերացումն ու դրանց կյանքի կոչելը, և եթե այդ առնչությամբ հարցեր ծագեն, բացասական հետևանքների պատասխանատվությունը կկրի տվյալ կողմը»: Ի տարբերություն հայկական կողմի, ով լավ գիտի, թե ինչ են իր համար նշանակում արձանագրությունները, թուրքական կողմը նախաձեռնությունը դիտում է զուտ որպես նախաձեռնություն:
Իշխանությունների այս երկու նախաձեռնություններով Թուրքիան արդեն իսկ շատ թանկ է վճարում: Նախաձեռնություններից առաջինը ներսում, իսկ երկրորդը դրսում է շարունակում ցավեցնել Թուրքիայի գլուխը: Ժողովուրդն իշխանությունների նախաձեռնությունների հետ կապված իր որոշումը կկայացնի ընտրությունների ժամանակ, որը կլինի հօգուտ Թուրքիայի արտաքին շահերի և ներքին խաղաղության: