– Պարոն Օսկանյան, Ձեր կարծիքով՝ Մադրիդյան սկզբունքների բացահայտված կետերն ավելի շուտ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Ադրբեջանի համար են ընդունելի: Եվ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկությունը:
– Երբ խոսքը վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, հասարակության տրամադրությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի: Կա մի հատված, որի համար ցանկացած զիջում անընդունելի է: Այդ հատվածի համար ցանկացած փաստաթուղթ, որը կլինի հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքը, ինքնըստինքյան անընդունելի է: Այս մոտեցումը հասկանալի է, բայց այդ դեպքում պետք է ընդունենք, որ մենք բանակցությունների կարիք չունենք, եւ այդ տարբերակի իրականացումը կախված է նրանից, թե ինչ գին ենք պատրաստ դրա համար վճարել: Եթե խնդիրն, այնուամենայնիվ, բանակցային լուծմանը հասնելն է, ապա կարեւոր է հասկանալ, որ ցանկացած փաստաթուղթ, որը ծնվում է հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում, պետք է դիտարկել երկու տեսանկյունից. առաջինը` սկզբունքների, որի վրա կառուցված է փաստաթուղթը, եւ երկրորդը` հենց բուն փաստաթղթի` իր բոլոր մանրամասներով:
Օրինակ` եթե սկզբունքներում գրված է, որ Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, դա, բնականաբար, ընդունելի սկզբունք է: Բայց թե վերջնական ձեւակերպման մեջ այդ իրավունքի իրացումը ինչ պայմաններով կձեւակերպվի, այլ խնդիր է: Կամ` եթե սկզբունքներում գրված է, որ ԼՂՀ հարակից տարածքները պետք է վերադարձնել, առաջին հայացքից դա անընդունելի է: Բայց եթե բանակցությունների արդյունքում հնարավոր լինի հասնել նրան, որ դրանց այն մասը, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, վերադարձվի ինքնորոշման իրավունքի իրացումից հետո, այն էլ ոչ ամբողջությամբ, լիովին այլ խնդիր է: Այնպես որ, սկզբունքները կարեւոր հիմք են, բայց որոշիչը մանրամասներն են: Իմ նախարարության օրոք մենք Ադրբեջանի հետ մանրամասների շուրջ համաձայնության չեկանք: Կար հստակ նշաձող, որ բխում էր մեր ազգային շահերից, որից ներքեւ չէինք իջնելու եւ չիջանք:
– Ձեր կարծիքով՝ նախորդ տարիների համեմատ այդ առաջարկությունների բովանդակությունը Հայաստանի համար նպաստավո՞ր է, թե՞ վտանգավոր ուղղությամբ է ընթացել: Խնդրում եմ մեկնաբանել` մեջբերելով կոնկրետ փաստը կամ օրինակը:
– Չեմ կարող ասել՝ ինչ «նորացված» փաստաթղթի մասին է խոսքն այսօր, բայց անդրադառնալով այն փաստաթղթին, որին ես եմ ծանոթ, պետք է ասեմ, որ այն փաստը, որ այդտեղ որպես սկզբունք ամրագրված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր գերխնդիրն է, այդ փաստաթուղթը բոլոր նախորդ առաջարկությունների համեմատ ավելի նպաստավոր է դարձնում: Բայց, ինչպես ընդունված է ասել, ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ չէ համաձայնեցված: Ուստի այս փաստաթղթի լավը կամ վատը լինելը մեծ հաշվով կախված կլինի նրանից, թե հայկական կողմը ինչպիսի հմտությամբ կամ արդյունավետությամբ կտանի բանակցություններն ապագայում:
– Արդյո՞ք Հայաստանի համար բացասական փոփոխություն չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մինչեւ հիմա օգտագործվող «հայկական զինված ուժերի դուրսբերումը գրավյալ տարածքներից» կամ «ցամաքային սահման» արտահայտությունների փոխարեն՝ «ԼՂՀ հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը» կամ «ցամաքային կապ» ձեւակերպումների օգտագործումը: Եվ ընդհանրապես, Ձեր կարծիքով՝ Մինսկի խմբի եռանախագահող երկրների շահերը ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի շահերի հետ են համընկնում:
– Համանախագահները մեծ հաշվով միշտ էլ խնդիր են ունենում մերձեցնել կողմերի դիրքորոշումները, եւ նրանց համար, նորմալ իրավիճակում, կարեւոր է ոչ թե լուծման ճանապարհը եւ եղանակը, այլ լուծման հասնելու փաստը: Իհարկե, ժամանակ առ ժամանակ համանախագահների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք մեկ կամ մյուս կողմի դժգոհությունն են առաջացնում: Բայց մեզ պետք է մտահոգի ոչ թե դա, այլ այն, որ համանախագահող երկրները ինչ-ինչ պատճառներով չզգան որոշակի ժամանակահատվածում ամեն գնով կարգավորմանը հասնելու անհրաժեշտություն` դրանով այլ խնդիրների լուծմանը «նպաստելու» նպատակով: Նման իրավիճակում արդեն, այլ գործոններ նույնպես կարող են դերակատարում ունենալ: Նման պատրվակ, ինչպես բազմիցս ասել եմ, կարող է լինել թուրքերի կողմից հայ-թուրքական այս գործընթացի հմուտ շահարկումը:
– Ինչպե՞ս եք մեկնաբանում այն տեսակետը, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս ոչ նպաստավոր վիճակը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ձեր վարած արտաքին քաղաքականության արդյունքն է:
– Յուրաքանչյուր իշխանություն պատասխանատու է իր ժամանակահատվածի եւ իր ստորագրած փաստաթղթերի համար: Նախորդ տասը տարիների ընթացքում մեզ հաջողվել է ժառանգված լիսաբոնյան սկզբունքներից, որը Ղարաբաղին տալիս էր ընդամենը ինքնավարություն Ադրբեջանի կազմում, հասնել ինքնորոշման իրավունքի ամրագրմանը: Ընդ որում, այս ընթացքում Ղարաբաղի հարցում ոչ մի զիջում չի արվել, ԼՂ-ն իր հարակից տարածքներով եւ Հայաստանի հետ անխափան կապով ոչ միայն գոյատեւել է, այլ լուրջ զարգացում է ապրել: Յուրաքանչյուր նոր իշխանություն, այդուհանդերձ, հնարավորություն է ստանում ցանկության դեպքում հրաժարվելու նախորդի ժառանգությունից: Դա պատմական առիթ է: 98-ին այդ հնարավորությունն օգտագործվեց: Ուստի այսօրվա գործընթացն էլ ամբողջովին պատկանում է այսօրվա իշխանություններին: Իրավիճակի լավ կամ վատ լինելը Հայաստանի համար պետք չէ դատել միայն բանակցային փաստաթղթի բովանդակությամբ, այլ նաեւ կոնկրետ վարված արտաքին քաղաքականության արդյունքում դրա շուրջ ստեղծված իրավիճակով:
– Ձեր կարծիքով՝ անհրաժե՞շտ է, որ ԼՂՀ-ն նույնպես դառնա բանակցությունների լիիրավ կողմ, եւ ինչո՞ւ: Եթե այո, ապա ինչո՞ւ Ռ.Քոչարյանի իշխանության տարիներին այդ ներկայությունը չի ապահովվել:
– ԼՂ մասնակցությունը բանակցություններին ընդհատվել է 97 թվականի մարտից, երբ ընդհատվեցին Մինսկի խմբի բանակցությունները: Բայց ԼՂ-ն գործընթացից դուրս չի մնացել: Հազվադեպ է եղել, որ համանախագահներն այցելեն տարածաշրջան եւ չլինեն Ստեփանակերտում, չհանդիպեն ԼՂՀ իշխանությունների հետ: Իհարկե, հաշվի առնելով, որ առանց ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի համաձայնության՝ խնդիրը չի կարող կարգավորվել, Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը ցանկալի է, եւ նույնիսկ անհրաժեշտ, եւ դա միշտ գիտակցվել է: Համենայն դեպս, երբ 98-ին ՀՀ-ն կանգնել էր ընտրության առաջ` շարունակե՞լ նախագահների եւ նախարարների մակարդակով նախկինից ժառանգված բանակցությունները, թե՞ ընդհանրապես հրաժարվել բանակցություններից, որոշումը կայացվեց հօգուտ բանակցությունները շարունակելու: Դարձյալ` որեւէ իշխանություն, նման երկընտրանքի առաջ կանգնելով, կարող է այլ որոշում կայացնել: