Վերջերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց սփյուռքահայ երիտասարդներին գալ և ծառայել հայկական բանակում [ինչպես օրինակ Իսրայելի բանակի պարագայում]: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, որ քանի դեռ գոյություն չունի Սփյուռք-Հայաստան հարաբերությունների ընդհանուր պատկերացում և գաղափարախոսություն, որևէ առանձին ծրագիր չի կարող հաջողել:
-Տիկին Ղազարյան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ արձագանք կստանա այդ կոչը:
-Այն դեպքում, երբ մեր պետությունը որդեգրի Իսրայելի ընդհանուր մոտեցումն իր սփյուռքի նկատմամբ` նույն հոգատարությունը, հանդուրժողականությունը, նույն ամենաընդգրկունությունը, որ մեր սփյուռքը նույն չափով իրեն տերն զգա իր հայրենիքի, նույնքան պարտավորված ու նույնքան իրավասու զգա, երբ մենք կիրառենք նման մոտեցում, այն ժամանակ իմաստ կլինի նման կոչեր անել: Երբ Հայաստանի վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ մշակված չէ և ոչ միանշանակ է, պահի թելադրանքով` թեկուզ պայծառ գաղափարի արդյունք, չեմ պատկերացնում, թե սա ինչպես է ստացվելու` հաշվի առնելով առկա թյուրընկալումները Հայաստանի և Սփյուռքի միջև: Եվ սա երկկողմանի է` Սփյուռքն էլ դեռ չի հասկացել, թե ինչպես է պետք մտածված, ժամանակի հետ համահունչ մշտական հարաբերություններ ունենալ Հայաստանի համար և Հայաստանի հետ:
-Որոշ վերլուծաբաններ Սփյուռքի նախարարությունը համարում են ժամանակավրեպ, քանի որ այսօրվա Սփյուռքն այլևս երբեմնի հայրենիքը կորցրած ժողովուրդը չէ: Ըստ Ձեզ` կա՞ր նման նախարարություն ստեղծելու անհրաժեշտություն:
-Այն ենթադրությունը, որ Սփյուռքը միայն հայրենիք կորցրածի սփյուռք կարող է լինել, կարծում եմ, ճիշտ չէ: Ճիշտ է, որ Հայկական սփյուռքի սահմանումը հիմա փոխված է, քանի որ կա Հայաստան պետությունը, հսկայական գործոն է դարձել ռուսական սփյուռքը: Սակայն չեմ կարծում, որ դա է պատճառը, որ Սփյուռքի նախարարության գաղափարը ժամանակավրեպ է ընկալվում: Ինձ թվում է, որ դժվար է հասկանալ, թե որն է Սփյուռքի նախարարության հստակ առաքելությունը և այն կյանքի կոչելու լավագույն ճանապարհները, քանի որ այնտեղ գաղափարախոսություն չկա: Մենք` հայերս, Հայաստանում և Հայաստանից դուրս, ընդհանրապես գաղափարախոսություններ չունենք: Օրինակ` ի՞նչ ենք ուզում կրթական համակարգից` չգիտենք: Չենք խրախուսում հայրենասիրության գաղափարը` որպես հայրենասիրություն Հայաստան պետության հանդեպ, չունենք Սփյուռքի և Հայաստանի հարաբերությունների մասին գաղափարախոսություն: Այս ամենի բացակայության պարագայում ի՞նչ արդյունավետություն ենք ակնկալում այս նախարարությունից ու, թերևս, բոլոր նախարարություններից Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կազմակերպելիս:
-Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետության համար գաղափարախոսությունները բավարա՞ր են:
-Այո, մենք ունենք գաղափարախոսությունների պակաս: Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ ենք ուզում ինքներս մեզնից: Եվ այս ամենը սկսել պետք է նրանից, որ մենք միմյանց չենք հասկանում և հաճախ չենք վստահում: Մենք Սփյուռքի հետ անհատապես հարաբերություններ ունենք, օրինակ` ունենք մորաքույր, որը փող է ուղարկում, կամ ունենք պրոֆեսիոնալ գործընկեր, որի հետ ինչ-որ գործեր ենք անում, կամ անցյալի փորձ ունենք և գնում-գալիս ենք, կամ իրենք են գալիս-գնում: Այսինքն` անհատական մակարդակում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները գոյություն ունեն, սակայն հավաքականորեն` որպես հասարակոււթյուն, որպես պետություն, Սփյուռքի հետ հարաբերվելիս չունենք որևէ մշակված փոխըմբռնում, փոխհասկացողություն: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում Սփյուռքի առկայությունն ընդունվում է հարատև, այսինքն` Սփյուռքը կա ու միշտ էլ կլինի, Իսկ Սփյուռքի համար Հայաստանը մնում է հուզական երազանքների ինչ-որ երկիր կամ, լավագույն դեպքում, կոնկրետ անհատների համար դարձել է աշխատանքի, ծրագրերի իրականացման վայր և միջոց: Բայց դա մնացել է անհատական մակարդակների վրա, և չենք գիտակցում ու խոստովանում կամ հայտարարում, որ մենք միմյանց կարիքն ունենք` Հայաստանը Սփյուռքի և Սփյուռքը Հայաստանի: Լավ, թերևս, հայտարարում ենք, բայց չենք հավատում դրան և անպատրաստ ենք կատարել անհրաժեշտ քայլերը, որպեսզի կարողանանք միմյանց օգնել, միմյանցից օգտվել, բառի լավագույն իմաստով: Վերջերս ընդունված քաղաքացիության մասին օրենքը լավագույն օրինակն է: Հայաստանն այդ օրենքն ընդունեց, և չհասկացանք, թե ի՞նչ ենք ակնկալում: Մեկ մտածում էինք` մենք Սփյուռքին տալիս ենք լավ հնարավորություն, մեկ էլ` թե մեզնից ինչ-որ բան են գողանում: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Հայաստանի բնակչության կեսից ավելին ցանկանում է ապրել Հայաստանից դուրս: Մի կողմից` մենք վրդովվում ենք փաստից, որ մարդիկ հեռանում են, մյուս կողմից` կասկածանքով ենք վերաբերվում նրանց, ովքեր որոշում են տեղափոխվել Հայաստան: Այս երկվության մեջ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները չեն մշակվում և չեն զարգանում:
-Բայց Սփյուռքում կան կառույցներ, որոնք աշխատում են Հայաստանի համար:
-Սփյուռքում կան կառույցներ, որոնք աշխատում են թե´ իրենց, թե´ Հայաստանի համար, սակայն այդ բոլորը մշակված և ուղղորդված ձևով չեն արվում: Միշտ չէ, որ նրանց գործունեությունը «Հայաստանի համար» և Հայաստանի կարիքները համահունչ են: Մյուս կողմից` այդ կառույցները չեն ներկայացնում ողջ Սփյուռքը: Անկախությունն անհատ հայի համար բացեց ճանապարհ դեպի Հայաստան: Եթե նախկինում դա արվում էր Սփյուռքի կոմիտեի կամ եկեղեցու կամ որևէ այլ կառույցի միջոցով, այսօր անհատ հայը կարող է գալ Հայաստան և նախաձեռնել ցանկացած գործունեություն: Այսօր ունենք նման հազարավոր անհատական ծրագրեր Հայաստանում և Ղարաբաղում: Սրանք ծրագրեր են, որոնք գործում են առանձին-առանձին, չհամակարգված, ավելին` առանց խթանման և նույնիսկ խոչընդոտներով:
-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞վ է զբաղված Սփյուռքի նախարարությունը:
-Չգիտեմ: Որովհետև դժբախտաբար, երբ նման անմշակ գաղափարների գործադրումը ձախողվում է, բոլորը մտածում են, որ գաղափարն էր վատը, և հետագայում շատ ավելի դժվար կլինի նույն կարգի, բայց ավելի լավ մտածված գաղափար փորձարկել: Ամեն դեպքում, ինչով էլ որ զբաղվում են, չի կարելի անմշակ գաղափարներ առաջարկել մեր լրջագույն խնդիրների շուրջ: Դժվար է արդյունքի հասնել այսպիսի միջավայրում, որտեղ հստակ չէ, թե միմյանցից ի՞նչ ենք ակնկալում, և հարաբերություններն էլ մնում են պայմանական և անկանխատեսելի: Ընտանեկան կամ հարազատների hարաբերությունները պայմանական չեն լինում: Մենք կա´մ հարազատներ ենք, կա´մ ոչ: Այսօր Սփյուռքում մոտեցում կա, որ Հայաստանը կա, և յուրաքանչյուր հայ կարող է ցանկություն ունենալ կամ ոչ, մասնակից դառնալու պետության կերտմանը: Դեռ արմատավորված չէ այն ընկալումը, որ սփյուռքահայը, ուզած-չուզած, սահմանվում է Հայաստանով: Սփյուռքահայի դեմքին նայում են, անվանը նայում են և նրան սահմանում են Հայաստանով: Ուստի` Սփյուռքն էլ պետք է հասկանա, որ իրենց արդեն ընկալում են որպես Հայաստանի մաս, և ուրեմն նրանք պարտավոր են մասնակցել պետության կերտմանը: Հայաստանն էլ այսօր չի հասկացել, որ առանց այդ Սփյուռքի չի կարող դառնալ այն երկիրը, որը մենք ուզում ենք: Այսօր մենք չենք գործակցում, այլ ընդհակառակը` սրում ենք տարբերությունները: Ափսոսալու փոխարեն, օրինակ` նրա համար, որ ուղղագրության փոփոխությամբ խզվել են կապերը մեր միջև, և մտածելու, թե ինչպես կարելի է գոնե մասամբ լուծել խնդիրը` այս կամ այն ուղղությամբ, մենք ընդգծում ենք այդ տարբերությունը: Մեկ այլ օրինակ` կրթությունից մինչև էներգետիկայի ոլորտ մասնագետներ ունենք Սփյուռքում, որոնց ո´չ ճանաչում ենք, ո´չ զանգում, խորհուրդ հարցնում, ո´չ էլ խրախուսում, որ գան և մասնակցեն երկրի կերտմանը: Մյուս կողմից, սփյուռքահայերը հաճախ չեն կարող հասկանալ, որ որպեսզի իրենց ներդրումն օգտակար և տեղին լինի, նրանք ստիպված կլինեն ժամանակ տրամադրել` ուսումնասիրելու և հասկանալու առկա դրությունն ու իրականությունը, մտածողությունն ու խնդիրները, երազանքներն ու սպասումները: Իհարկե, կան տարբերություններ, կան տարբեր ակնկալիքներ, կա տարբեր աշխարհայացք, բայց այդ բոլորը կարելի է հաղթահարել և հասկանալ, եթե վերջապես գիտակցենք, որ մեկն առանց մյուսի չի կարող զարգանալ:
-Արդեն շրջանառության մեջ է դրված Հայկական աշխարհ ստեղծելու գաղափարը: Չե՞ք կարծում, որ սա լավ գաղափար է, որի շուրջ հնարավոր է համախմբել Հայաստանի և Սփյուռքի ռեսուրսները:
-Ճակատագրի հեգնանքով` մենք արդեն մի վիրտուալ հայկական աշխարհ էինք մինչև տեխնոլոգիաների զարգացումը: Այժմ, երբ արդի տեխնոլոգիաների շնորհիվ միացումն առավել դյուրին է, քան եղել է երբևէ, մենք դա անում ենք անհատապես` հաջողության կամ պատահականության հույսին թողնելով: Կրկնեմ` պետք է հասկանանք` ի՞նչ ենք ուզում: «Հայկական աշխարհ» հասկացությունը միջավայր և մթնոլորտ է պահանջում և ոչ միայն ցանցեր, ինչպես ասում են: Մենք դարերով ապրել և գոյատևել ենք, որովհետև ցանցերն օգտագործել ենք: Այսօր ցանցեր ստեղծելու խնդիր, ինձ թվում է, չկա, քանի որ այդ ցանցերը կան Սիլիկոնե հովտից մինչև Մոսկվա: Բայց մենք չենք կարող լավագույնս օգտագործել այդ ցանցերը, եթե չկա համապատասխան միջավայր: Մենք էներգիա ենք ծախսում` համեմատելու, դասակարգելու և գնահատելու յուրաքանչյուրիս «հայկականությունը»: Սրանք անհեթեթ տարբերակումներ են, որ Իսրայելը չի անում և միջազգային հանրությունն էլ չի անում: Դիվանագետները կամ միջազգային կառույցների ներկայացուցիչները, ովքեր այցելում են Կովկաս, ամենայն հավանականությամբ, երբեք չեն հանդիպել մի ադրբեջանցու կամ վրացու, սակայն նրանցից գրեթե բոլորը ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ հանդիպել են հայի: Դա այն հայկական աշխարհն է, որ իրենք ընկալում են, որպես մեկ միասնություն, և որը մենք արհամարհում ենք:
-Ձեր նշած տարբերությունները միայն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում չէ, որ կան, դրանք կան նաև Սփյուռքի ներքին հարաբերություններում: Չե՞ք կարծում, որ դա հայի հոգեկերտվածքի մասն է, և պետությունն այդ բնագավառում շատ բան չի կարող անել:
-Դրանք նաև Հայաստանում կան, սակայն պետությունը պետք է քայլեր անի և պահանջի, որ Սփյուռքի մեծ կառույցները հասկանան, որ իրենց վերջնական շահը Հայաստանն է: Միևնույն ժամանակ, պետությունը պետք է գիտակցաբար շրջանցի այդ տարբերությունները և հետապնդի ընդհանուր շահ:
-Եթե մի օր Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ի՞նչ պատկեր կունենանք Սփյուռքում: Ի վերջո, Ցեղասպանության հարցը, ողբերգական լինելով, Սփյուռքի միասնականության հիմքերից է:
-Ոչ, համաձայն չեմ: Իհարկե, Ցեղասպանության ճանաչումը շարունակում է կարևոր մնալ բոլորիս համար, սակայն չեմ կարծում, որ դա միակ առանցքայինն է ողջ Սփյուռքի համար: Ես համոզված եմ, որ այսօր միասնականության հիմքը, իսկական կապը Հայաստան պետությունն է, որի միջոցով ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև շատ այլ հարցեր կարելի է լուծել և շատ ավելի արդյունավետ:
-Սփյուռքահային ինչպիսի՞ Հայաստան է պետք, որ նա Հայաստանն ընկալի որպես իր հայրենիք, որպեսզի ցանկանա գալ ու մնալ Հայաստանում:
-Սփյուռքին պետք է նույն Հայաստանը, ինչ որ հայաստանցուն է պետք: Ե´վ հայաստանցին, և´ սփյուռքահայը ցանկանում են այն հայրենիքը, որի համար իրենք հպարտ են, որտեղ իրենց լավ են զգում:
-Այսօրվա Հայաստանը համապատասխանո՞ւմ է սփյուռքահայի ցանկություններին:
-Դեռ ոչ, ինչպես և Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար:
Արփի Մախսուդյան