Անցյալ տարի այս օրերին Ռագըփ Զարաքոլուն Հայաստանում էր: Նա այցելեց Սիվիլիթաս և հիմնադրամում հանդիպեց ավագ հեղինակների, հրատարակիչների և ուսանողների հետ: Նա ներկայացրեց հրատարակչի և մարդու իրավունքների պաշտպանի իր աշխատանքը: Զարաքոլուի համար այդ երկուսը անբաժանելի են: Գրքերը, որ նրա Բելգե հրատարակչատունն է լույս ընծայել նախորդ երկու տասնամյակներում, ներկայացնում են տարբեր խմբերի՝ հայերի, ասորիների, քրդերի և մյուսների նկատմամբ խտրականությունը:
Տուժում են նաև թուրքերը: Զարաքոլուների ընտանիքը դրա ուղղակի օրինակն է: Ռագըփի կինը՝ Այշե Նուրը, մահացավ տասը տարի առաջ: Նրա վախճանը հետևանք էր թուրքական բանտում անցկացրած օրերի: Ինքը՝ Ռագըփը, ավելի տարեց է երևում, քան տարիքն է՝ 63: Հավանաբար դրա պատճառը ևս բանտում անցկացրած տարիներն են: Այսօր նրանց որդին՝ Դենիզը, քաղաքականության պրոֆեսոր, մի քանի տասնյակ այլ մարդկանց հետ բանտում է: Թուրքական կառավարության դեմ նրանց պայքարը պայքար է հանուն իրենց, ոչ հանուն մեզ: Բայց հայերը թուրքական իշխանություններից անհրաժեշտ բավարարություն կստանան, երբ նույն այդ իշխանությունները հարգեն Թուրքիայի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանների կարծիքները, գործողություններն ու համոզմունքները: ՍիվիլՆեթ հեռուստաընկերությունը զրուցել է նրանցից մի քանիսի հետ, ովքեր ներգրավված են այս պայքարի մեջ և հավատում են, որ իրենց ձայնը լսելի կդառնա: