Երբ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ շարունակում է «ճոճաձողի» վրա տարուբերվել, հնարավոր սայթաքումների համար հյուսված չէ «անվտանգության ցանցը»:
Ադրբեջանի հետ ճոճաձողերից թռչելով` չի կարողանում օդում բռնել նրա դաստակը:
Զուգընկերային ներդաշնակությունը խախտվել է:
Հայաստանի հետ Շվեյցարիայում կայացած գաղտնի բանակցությունները և սահմանների բացման հարցում ձեռք բերված համաձայնությունը ներկայացվեցին Ռուսաստանին, վերջինս, իր հերթին, դրանք մատուցեց Ադրբեջանի նախագահ Ալիևին:
Շփոթ առաջացավ:
Դիվանագիտական կուլիսներում ասեկոսեներ են շրջանառվում առ այն, թե այդ գործընթացի ապրանքագիրը պատրաստվել է այդ ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանի անունով:
Չնայած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական խորհրդարանի ամբիոնից «պատվո խոսքով» վստահեցրեց, սակայն, կասկածները դեռ չեն ցրվել, որովհետև Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում «սահմանների բացման դիմաց ղարաբաղյան հարցի կարգավորման» պայմանը չկա:
Արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության դրվելու և վավերացվելու համար ուսումնասիրվում են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:
Իսկ Հայաստանում դրանք նախ պետք է քննության առնվեն Սահմանադրական դատարանի կողմից, այնուհետև մտնեն խորհրդարան:
Այսինքն` երևում է, որ արձանագրությունների վավերացումը երկու կողմում էլ դժվար է:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը հետևյալն է. Ղարաբաղի շրջակա յոթ շրջաններից հայկական ուժերը պետք է դուրս գան: Իսկ Ղարաբաղի հետ կապ ապահովելու համար պետք է միջանցք բացվի:
Սակայն մի կողմ թողնենք Ղարաբաղը Հայաստանի կողմից ամբողջությամբ դատարկելով Ադրբեջանին հանձնելուց հետո միայն Հայաստանի հետ սահմանի բացումը, այդ «յոթ շրջանները դատարկելու» հետ կապված միջանկյալ մի բանաձևն անգամ կյանքի կոչելը շատ դժվար է: Իսկ նման իրավիճակում ի՞նչ շահեց Թուրքիան և ի՞նչ է կորցնելու:
Պատասխանը հետևյալն է.
Հայաստանի հետ արձանագրության վերաբերյալ հայտարարություն անելու համար հարմար առիթ ընտրվեց 2009թ. ապրիլի վերջը:
Հօգուտ Թուրքիայի` բարենպաստ քամիներ սկսեցին փչել:
Միջազգային ասպարեզում գծագրվեց «հաշտարար Թուրքիայի» պատկերը:
Դրա շնորհիվ Կոնգրեսում կասեցվեց «հայկական կոտորածի» վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Միացյալ Նահանգների, ի դեմս նախագահ Օբամայի, և Թուրքիայի միջև հաղթահարվեց պայթյունավտանգ ճգնաժամը:
Սակայն…
Մոտենում ենք 2009 թվականի վերջին:
Արձանագրությունները դեռևս չեն վավերացվել երկրների խորհրդարանների կողմից:
Մինչև մարտի վերջ հուսադրող ազդանշաններ չեն նշմարվում:
Շատ բարի, այդ դեպքում ի՞նչ է լինելու 2010 թվականի ապրիլին:
«Հայկական կոտորածը» ժամացույցի մեխանիզմով ռումբի պես սպասում է ապրիլ ամսին:
Ռումբը, որի պայթյունն անցած տարի հետաձգվեց, 2010 թվականին կարող է գործի դրվել:
Մյուս կողմից Ադրբեջանի հետ հարաբերությունները ոչ մի կերպ չեն ջերմանում:
Էներգակիրների առնչությամբ հավակնոտ նախագծերն առաջ չեն գնում:
Միջազգային հարցերում խզումներ են նկատվում Թուրքիա-Աֆղանստան հարաբերություններում, մինչդեռ Պակիստանի և Բանգլադեշի հետ միասին այդ երկիրն անվերապահորեն աջակցում էր Թուրքիային:
Հայաստանի հարցում, անկասկած, պետք է լուծման հասնել, ինչի համար հարկավոր է համարձակ քայլեր իրականացնել: Սակայն առանց անվտանգության ցանցի` ճոճաձողի վրա կրկնակի պտույտ կատարելը խիստ վտանգավոր է:
Ճոճաձող – 2
Իսրայելի հետ հարաբերություններում նույնպես «անվտանգության ցանցի» բացակայությամբ ճոճաձողային վտանգավոր թռիչքներ են իրականացվում:
Նախ հարկ է անդրադառնալ «Օբամայի նոթատետրում Իսրայելն արդեն առաջին շարքերում տեղ չի զբաղեցնում, և այդ պատճառով Անկարան Թել Ավիվին արմունկ է ցույց տալիս» մեկնաբանությանը, որի հեղինակն Իսրայելում լույս տեսնող «Հաարեց» թերթն է: Սակայն նշենք, որ դա այնքան էլ այդպես չէ:
Իսրայելցի դիվանագետների խոսքերով, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի խորն են և հատուկ:
Նախագահների ու իշխանության գլուխ կանգնած կուսակցությունների փոփոխության դեպքում «նոթատետրի ցանկում» նրա տեղը չի իջնում:
Իսկ թուրք-իսրայելական հարաբերություններում, եթե ժամանակ առ ժամանակ լուրջ լարվածություն կամ սառեցումներ են նկատվում, կողմերը «փոխշահավետության» սկզբունքով վերադառնում են նախկին դիրքին:
Իսրայելը դրա համար քայլեր է իրականացնում:
Երկուշաբթի Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բենյամին Բեն Էլի Էզերն իսրայելցի գործարարների հետ միասին Ստամբուլ է գալիս: Նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնումն է: Նախարարն այնուհետև Անկարա է մեկնելու` պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ հանդիպելու համար:
Թել Ավիվից քաղաքական բովանդակությամբ ուղերձ է բերում:
Բացի այդ…
Թել Ավիվը Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոս է նշանակել Քասըմփաշայում ծնված և մեծացած, շատ լավ թուրքերեն իմացող, թուրքի իսկական բարեկամ համարվող Մոշե Քամհիին:
Սա հատուկ ընտրություն է:
Մոշե Քամհիի նախաձեռնությամբ կազմակերպվում են միջհամալսարանական փոխանակումներ, փոխայցելություններ, Թուրքիա են ժամանում հրեա արվեստագետներ, երկու երկրների հոգեվերլուծաբանների միջև համատեղ ժողովներ են կազմակերպվում:
Առայժմ չի լիցքաթափվել բացասական այն էներգիան, որն առաջ է եկել Թուրքիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Իսրայելին չհրավիրելու, ինչպես նաև իսրայելական բանակի կողմից «երեխաների, քաղաքացիականների դեմ ֆոսֆորային ռումբեր օգտագործելու» հետ կապված պնդումների հետևանքով:
Առկախված են Թուրքիայի կողմից Իսրայելին նավթ, գազ և ջուր մատակարարելու վերաբերյալ նախագծերը:
Ճոճաձողի տակ դեռևս առկա դատարկությունը վտանգավոր է…
Սրան կարող ենք հավելել նաև Միացյալ Նահանգներում գործող հրեական լոբբիի ոչ նպաստավոր հայացքները:
Ճոճաձող բարձրանալը հեշտ բան չէ…