Օրինակ, եթե մի օր զգաք, որ ձեր կեսը «թշնամացել է», ի՞նչ կանեք… Կթողնե՞ք այդ կեսին և կգնա՞ք: Թե՞… կնախընտրեք տեսնել, թե ինչպես է հեռանում ձեր մյուս կեսը: Լեռնային Ղարաբաղի Սարուշեն գյուղի բնակչուհի ազերի Գյուլիզար Գրիգորյանը նախընտրել է երկրորդ տարբերակը: Պատերազմի ընթացքում հակառակվեց իր ընտանիքին և մնաց իր հայ ամուսնու` Սլավիկի հետ… Սակայն այդ շրջանում ապրող միակ ազերին չէ: Թեկուզ հազվադեպ, բայց հնարավոր է մայրաքաղաքում ադրբեջանցիների հանդիպել: Նրանցից մեկն էլ Զինա Ռզաևա Առաքելյանն է: Ծնվել է այն օրերին, երբ Ղարաբաղում ազերիներն ու հայերը «երջանիկ» գոյակցում էին: Սիրահարվում է մի հայի, ամուսնանում: Հետո սկսվում է պատերազմը: Ամուսինը մեկնում է ռազմաճակատ, իսկ ինքն աշխատում զինվորական հոսպիտալում… Զինան պատմում է, որ «բուժում էր իր ազերի եղբայրների կողմից վիրավորված հայ զինվորներին» և ավելացնում. «Ի՞նչ ասել է ազգ: Մարդս մարդ է: Ես բուժում էի մարդկանց»: Այսօր կլսեք Ղարաբաղում բնակվող ազերիների պատմությունները և կտեսնեք, որ պատերազմական դրամաները բոլոր կողմերում էլ նման են:
Գյուլիզարն ու Զինան այն մարդկանցից են, որոնք պատերազմը սկսելուն պես ոչ թե ընտրեցին Ղարաբաղը լքող իրենց ընտանիքներին, այլ` սերը, այն մարդկանց, ում սիրում են: Երկու ազերի հարսներն էլ սեղմված մնացին հայերի, սիրո և հայրենիքի միջև…
Երբ օկուպացված Լեռնային Ղարաբաղում փախստականների պատմությունների ետևից էինք գնում, փնտրեցինք նաև «մյուս կողմին»` ազերիներին: Երբ հարցնում էինք, թե «ասում եք` ջարդ չի եղել, պատերազմական իրավիճակ էր: Բարի, այդ դեպքում ինչպիսի՞ պատերազմ էր դա: Ոչ մի ազերի չի՞ մնացել այս հողերում», նախ պատասխանում էին` «Գյուլիզար»: Ասում էին, որ «մայրաքաղաքից մեկ ժամ հեռավորությամբ մի գյուղում Գյուլիզարն է ապրում, նրան գտեք»:
Ղարաբաղում ադրբեջաներեն ռադիոալիք է հեռարձակվում: Այնտեղ աշխատող մի ազերի կնոջ հանդիպեցինք, սակայն զրուցել չցանկացավ: Չէր ուզում ուշադրություն գրավել: Որոշ փորձերից հետո Զինային գտանք: Զինան բուժքույր է, ով իր մոր և երեխաների հետ ապրում է քաղաքի կենտրոնում…
Այդտեղ մնացած ազերիների թիվը ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Երբ հայերն ասում են, թե «նրանց նկատմամբ թշնամանք չենք տածում, մենք միմյանց միջև խտրականություն չենք դնում», մտածելու տեղիք է տալիս այդ հողերի վրա նրանց միատարրությունը:
Հավանաբար ընտանիքս ինձ կգտնի
Մայրաքաղաքից ճանապարհ ընկանք տաքսիով: Ուղղությունը` Սարուշեն գյուղ: Մեկ ժամ անց գյուղն արդեն երևում էր: Լեռան գագաթին մի փոքրիկ վայր էր: Հանդիպեցինք մի անկյունում հավաքված երեխաների. «Այստեղ ազերի կին կա: Ո՞րն է նրա տունը»,- հարցրեցինք: Պատասխանեցին. «Ոչ այստեղ ազերի չկա, մի եզդի կա, անունը` Գյուլիզար»: Հավանաբար ազերի ինքնությունը թաքցնելու համար էր կամ երևի այստեղ «օտարին» եզդի էին ասում: Դեռ չգիտեինք:
Թակեցինք այն դուռը, որը ցույց տվեցին մեզ: Դուռը բացվեց, և տան բակում երևացին հավեր: Ասացինք, որ Թուրքիայից ենք եկել, Գյուլիզարին ենք փնտրում: «Համեցեք, մեր հյուրը կլինեք»,- լսվեց պատասխանը: Տան աստիճանների վերևում` դռան մոտ, մի կին էր կանգնած: «Գյուլիզարը ես եմ»,- ասաց և մեզ ներս հրավիրեց:
Տան կենտրոնում դրված էր վառարանը` վրան եռում էր կաթսան: Կային նաև իրեր, եթե դրանց կարելի է այդպես անվանել` հնամաշ մի բազկաթոռ, սեղան և անկողին: Մի տարեց մարդ, որը հավանաբար Գյուլիզարի սկեսրայրն էր, նստած էր անկողնու ծայրին: Բազկաթոռին նստած էր Գյուլիզարի ամուսինը: Անընդհատ ծխում էր:
Գյուլիզարին ասացինք` «եկել ենք Ձեր պատմությունը գրի առնելու: Դուք շրջակայքում միակ ադրբեջանցին եք»: Սա լսելուն պես` Գյուլիզարը ոգևորությամբ վեր թռավ, պահարանից մի կապ լուսանկար հանեց և ասաց. «Բոլորի մասին պատմելու եմ, սակայն, նախ ձեզ տամ իմ երիտասարդ տարիների լուսանկարը: Թող հրապարակվի այս լուսանկարը Թուրքիայում: Եթե ընտանիքս ողջ է, հավանաբար կհետաքրքրվի ինձանով»…
Հետո Գյուլիզարը սկսեց պատմել. «Ծնվել եմ Ֆիզուլիում: Սլավիկն այն ժամանակ աշխատում էր կոլխոզում: Ինձ տեսավ, հավանեց: Ես էլ նրան հավանեցի: Միասին փախանք այստեղ` Սլավիկի գյուղը: Սակայն ընտանիքս եկավ և ինձ ետ տարավ: Ասացին, որ «հայի հետ չեն ամուսնանում, հարամ է»: Սակայն նորից փախա: Ի վերջո ընդունեցին և համակերպվեցին այդ մտքի հետ: Ինձ էլ, Սլավիկին էլ ներեցին: Բնակություն հաստատեցինք այս գյուղում: Կրոնս երբեք չեմ փոխել, սակայն այստեղ կրոն կոչվող որևէ բան չկա: Գյուղում եկեղեցի անգամ չկա»:
Իսկ երբ Գյուլիզարին հարցրեցինք, թե հիմա որտեղ է նրա ընտանիքը, աչքերն արցունքոտվեցին. «Միայն թե իմանայի: Երբ պատերազմը սկսվեց, բոլոր ադրբեջանցիները սկսեցին փախչել: Այս գյուղում ապրող և հայի հետ ամուսնացած այլ կանայք էլ կային: Բոլորը թողեցին իրենց ամուսիններին և փախան իրենց ընտանիքների հետ: Սակայն ես չէի կարող թողնել Սլավիկին, ընտանիքս փախավ, ես մնացի»:
Եվ այդ գնալն էր, որ գնաց Գյուլիզարի ընտանիքը: Նրանցից որևէ տեղեկություն չունի: Անգամ չգիտի` ողջ են, թե ոչ: Այդ պատճառով անպայման ուզում էր տալ լուսանկարը. «Վերցրեք մեր բոլոր լուսանկարները և հրապարակեք: Թող տեսնեն իմ ներկայիս վիճակը: Թող տեսնեն, որ լավ եմ, դա ինձ բավական է»:
Կնոջս ոչ մի բանի հետ չեմ փոխի
Ընթացքում խոսել սկսեց նաև Սլավիկը: Այնպես կոտրված, այնպես դժբախտ էր երևում… Հավանաբար նրանից էր, որ պատերազմից հետո անաշխատունակ էր դարձել… Կամ էլ այդ հողերում երջանիկ լինելու համար որևէ բան այլևս չէր մնացել…
«Այստեղ որևէ մեկին չի անհանգստացրել կնոջս` ադրբեջանցի լինելու փաստը: Ընդհակառակը, Գյուլիզարին բոլորը սիրում են գյուղում: Նրան մեզանից բոլորովին չենք տարբերում: Կնոջս ոչ մի բանի հետ չեմ փոխի»,- ասում է Սլավիկը:
Զրույցից հետո վեր կացանք, որպեսզի գնանք, մեզ չթողեցին. «Առանց հաց ուտելու կլինի՞»,- համառում էր Գյուլիզարը: Վառարանի վրա եռացող ճաշը լցրեցին ափսեները: Սեղան նստեցինք: Տնական օղի խմեցինք` ի հիշատակ Գյուլիզարի կորած ընտանիքի:
Պատերազմի ընթացքում բուժել և խնամել է հայ զինվորներին
Սարուշեն գյուղից հետո ուղղություն վերցրեցինք դեպի Խանքենդի (Ստեփանակերտ): Ազերի Զինա Ռզաևա Առաքելյանը մեզ սպասում էր տանը: Սովետական տիպի մի հարկաբաժին էր: Ներսն ամբողջությամբ խավար էր: Հին աստիճաններով երեք հարկ բարձրացանք: Կարծես լույս երևաց: Զինան, տղայի և աղջկա հետ միասին, դռան մոտ կանգնած մեզ էր դիմավորում:
Նեղլիկ միջանցքով անցանք մի փոքրիկ սենյակ: Զինայի մայրը` Ֆիրուզա Գրիգարյանը, մեզ ջերմորեն դիմավորեց: Չէինք հասցրել նստել` հյուրասիրություն սկսվեց: 70-ամյա Ֆիրուզան բաքվեցի է, մեծացել է մանկատանը: Ընտանիքին բոլորովին չի ճանաչում: Եկել է Խանքենդի` եղբոր մոտ, և ամուսնացել մի ադրբեջանցու հետ: Աղջիկը` Զինան, ծնվել է 1969թ.: Չգիտեմ` իր ապրած աշխարհագրական վայրից էր, թե կյանքից, Զինան ուժեղ կին էր: 1989թ. ամուսնանում է մի հայի հետ: Ավելի ուշ` փոխում ազգանունը: «Այն ժամանակ տարբերություն չկար` հայ, ադրբեջանցի: Նույնիսկ չեմ էլ մտածել: Ըստ էության, ինձ համար ազգ գոյություն չունի, գոյություն ունի մարդ»,- ասում է Զինան:
Զինայի ամուսնությունից որոշ ժամանակ անց սկսվում են բախումները: Ամուսինը մեկնում է ճակատ, իսկ ինքը` որպես բուժքույր, աշխատանքի է անցնում հոսպիտալում: «Վիրավոր զինվորներ էին բերում: Իմ ազերի եղբայրների կողմից վիրավորված զինվորներ: Որևէ տարբերություն չկար` ազերի՞ էր, թե՞ հայ: Նրանց բուժելու համար արել եմ հնարավորինը»:
Հեռաձայնելն արգելված է
Այսօր հայտնի չէ, թե բռնազավթված Լեռնային Ղարաբաղում քանի ազերի կա: Սակայն նրանց թիվն այնքան քիչ է, որ կարելի է ասել` չկան: Ովքեր մնացել են, ասում են` «այստեղ որևէ խնդրի չենք բախվում», սակայն, թե ինչու է նրանց թիվն այդքան քիչ, լռում են: Անգամ Ադրբեջան զանգահարել հնարավոր չէ:
Պատկանում եմ երկու կողմին
Զինան դեռ շարունակում է իր աշխատանքը հիվանդանոցում: Ամուսնուն պատերազմից հետո սպանել են մի վիճաբանության ժամանակ: Որպես տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների արտացոլում` «Ռադիո Ֆրի Յուրոփ»-ը անցած տարի նրա մասին ֆիլմ է պատրաստել: Զրույցից հետո միասին դիտեցինք տեսաերիզը: Զինան մտքով գնաց անցյալ և սկսեց պատմել պատերազմի մասին. «Այնպիսի մեծ սարսափ ենք ապրել… Երկու կողմն էլ միմյանց խփում էին: Ապրում էինք մի գյուղում, որը շրջապատել էին ազերիները: Այդ գյուղում հյուրընկալել էի մի ազերի զինվորի: Ինչ էլ լինի, երկու կողմին եմ պատկանում: Երկուսին էլ դեմ չեմ կարող լինել: Երեխաներս և՛ ազերի են, և՛ հայ: Ասացեք, ի՞նչ անեմ: Թող բոլորը իմանան` պատերազմ չկար: Այն ստեղծեցին: Ոչ թե մենք, այլ` վերևներում նստածները»: Զինան և նրա ընտանիքն ապրում են սուղ պայմաններում, բայց մտադիր չեն լքել Ղարաբաղը: Զինայի մայրը` Ֆիրուզան, ասում է. «Որևէ այլ տեղ չեմ կարող գնալ: Այստեղի ամեն ինչն ինձ ետ կկանչի»: Զինայի տանը մեր հայ թարգմանչի օգնությամբ զրույցն ավարտելուց հետո երկար գրկախառնվեցինք և հրաժեշտ տվեցինք: Այդ ջերմ մթնոլորտի ետևում սառույցի պես սառը հարկաբաժինն էր…
…
Փախստականների թաղամասում գոյապայքար մղողները (Հոդված – 5)