Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է խճճել մարդկանց միտքը: Դրանում որևէ տարօրինակ բան չկա, որովհետև ղարաբաղյան հարցը մինչ օրս քննարկվել է այլ թեմաների հետ մեկտեղ, և իրականում դրան կտրականապես դեմ չի եղել կողմերից որևէ մեկը: Անգամ Հայաստանը, որը հայտարարում է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից անկախ է, երբ գործը հասնում էր իրական դիվանագիտությանը, ավելի անհասկանալի ուղեգիծ էր որդեգրում: Որովհետև երբ ղարաբաղյան հարցն ամբողջականացվում էր այլ խնդիրների հետ,  ամրապնդվում էր Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը: Եթե ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկվեր առանձին, միջազգային հանրության ճնշումը Հայաստանի վրա գրավյալ տարածքներից դուրս գալու ուղղությամբ, հավանաբար, ավելի ուժեղ ազդեցություն կարող էր ունենալ: Սակայն Թուրքիայի կողմից սահմանների փակումը և մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չբացելու որոշումը թեթևացրին Հայաստանի գործը: Այնպես որ, Հայաստանն էլ հանգեց այն «տրամաբանության», որ քանի դեռ սահմանները փակ են, ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ ետքայլ չի իրականացնի:

 

Հավանաբար այդ պատճառով է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր այնպիսի մի հոգեբանություն են ցուցադրում, որ կարծես Թուրքիայի հետ սահմանը Հայաստանն է փակել: Պարզ է, որ սահմանները փակ լինելու ետևում չարտահայտված որոշ «ազգային» կամ այլ շահեր կան: Այսօր, երբ Թուրքիան պատրաստվում է բացել սահմանները, Հայաստանի` դրան դեմ կամ այդ նոր իրավիճակից անհանգստացած լինելը ուրիշ ի՞նչ ձևով կարող է արտահայտվել: Բոլորը գիտեն, որ այդ անհանգստության աղբյուրը ցեղասպանության հարցը չէ: Իսկ եթե անգամ օգտագործվում է որպես պատրվակ, ցեղասպանության հարցը պատմական հանձնաժողով ստեղծելու կամ նման այլ միջամտություններով չի վերանալու, այլ տեղեկացվածությունն է ավելի խորանալու և տարածվելու: Պատմական հանձնաժողովն արտահայտում է Թուրքիայի` հանուն նոր արտաքին քաղաքականության և ինքնության իրեն աշխարհի առջև «բացելը»: Քննարկվելու են նաև  ցեղասպանությունը ժխտող պատմական նյութերը:

Մյուս կողմից, Կարսի պայմանագրի ընդունման շուրջ բարձրացող շինծու մրրկահողմը որևէ համոզիչ կողմ չունի: Որոշ քաղաքական կուսակցություններ  իրավիճակն այնպես են ներկայացնում, կարծես Հայաստանը չի ճանաչում սահմանը: Այնինչ, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անդամ հանդիսացող պետության կողմից որևէ տարածքային պահանջ լուրջ չի կարող ընդունվել: Եթե Հայաստանը սահմանը չճանաչեր և այն փակեր իր պահանջները չհարգելու պատճառով, գուցե այդ փաստարկը որևէ նշանակություն ունենար, բայց սահմանը մինչև Թուրքիայի կողմից փակվելը, արդեն իսկ համաձայնեցված էր: Կարելի է ասել` անգամ սահմանի ճանաչման դեպքում, տարածքային պահանջ կարող է լինել… Ճիշտ է, կարող է: Այդ դեպքում սահմանի բացումը ինչո՞ւ պետք է խոչընդոտի դրան: Սակայն ինչպես անցյալում` սահմանը բաց եղած ժամանակ, որոշ կուսակցություններ անհամաձայնություն էին հայտնում, ապագայում ևս կարող են շարունակել նույն այդ գործելաոճը:

Հայկական կողմի անհանգստության իրական պատճառը Ղարաբաղն է: Հայաստանը վերջիվերջո թողնելու է գրավված տարածքների մեծ մասը: Իսկ եթե Ադրբեջանը կարողանար «ճիշտ» վարվել, ստիպված կլիներ թողնել բոլոր տարածքները: Սակայն Հայաստանի գործը հեշտացնող շատ կարևոր մի գործոն կա. Ադրբեջանը չգիտի «ճիշտ» վարվել: Անցյալում չգիտեր և հիմա էլ իմանալու ուղղությամբ որևէ քայլ չի իրականացնում:  

Իսկ հայկական կողմը, երևում է, դրան շատ է ընտելացել: Ղարաբաղի անկախությանը «հասնելու» տրամաբանության տակ կոնկրետ իրողություն կա: Ադրբեջանը Թուրքիայի` հարավարևելյան շրջաններում իրականացրած քաղաքականության նմանությամբ ճզմեց ու դատարկեց Ղարաբաղը` հայկական ինքնության պատճառով: Ի ցույց դրեց մարդու իրավունքները ոտնահարող, քաղաքացուն իրավունքից զրկելու գործելաոճ: Անտեսեց փոքրամասնության` իր մշակութային ինքնությունն ազատորեն վերարտադրելու իրավունքը: Այսօր օրակարգում է մարդկային և բարոյական մի հարց, և աշխարհը, ազգ-պետություն տրամաբանության ոչ լիարժեք քաղաքականությունները համեմատելիս, ավելի շատ պատրաստ է կանգնել ղարաբաղցիների կողքին:

Կարճ ասած` տեղի ունեցող մերձեցումից Ղարաբաղը վնաս չի կրի, ընդհակառակն` այդ տարածաշրջանում անարդարությունները լուծելու մի նոր ժամանակաշրջանի սկիզբ է դրվելու: Սակայն հնարավոր է, որ դա չնշանակի  «անկախություն»: Քանի որ ղարաբաղցիների արդարացի իրավունքը տեսնելուն հակված և այդ իրավունքի համարժեք պատասխանը տալուն ընդունակ պետությունները նույնպես կողմ են դրան: Պետք է հասկանաք, որ գնդակը Ադրբեջանի կիսադաշտում է… Ղարաբաղի ապագան որոշվելու է` կապված այն բանի հետ, թե այդ երկիրն այսօր ինչքանով է կարողանում համահունչ քայլել աշխարհի հետ:

Հուսով եմ, որ Հայաստանի համար ղարաբաղցիները Ղարաբաղից ավելի կարևոր են: Այդ կերպ Հայաստանը մեծ քայլ կիրականացնի որպես մի երկիր, որի աչքը ոչ թե հողի, այլ մարդու վրա է:

Ղարաբա՞ղը, թե՞ ղարաբաղցիները