Այսօր «Թարաֆ» օրաթերթի էջերում լույս տեսած «Վանդակ օպերացիայի» գործողության պլանի «ընդհանուր» բաժնում գրված են հետևյալ տողերը. «Հայր Սանտորո», «Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատուն» և «Հրանտ Դինք» գործողություններից հետո Թուրքիայում ձևավորվեց հասարակական կարծիք, ըստ որի երկրում բնակվող ոչ մահմեդականները թիրախ են դարձել ռեակցիոն խմբավորումների համար, միայն թե «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից ընդդիմադիր ԶԼՄ-ների աջակցությամբ այդ իրադարձություններն ակտիվորեն քարոզվեցին որպես «Էրգենեքոնի» կողմից կազմակերպված գործողություններ»:

«Հայր Սանտորո», «Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատուն» և «Հրանտ Դինք» գործողություններ: Առաջին անգամն է, որ այդ սպանությունների մասին խոսվում է որպես կազմակերպված գործողություններ: Այն էլ Փոյրազքյոյում մի զինանոց գտնելուց հետո` ձերբակալված ռազմածովային ուժերի սպաների մոտ հայտնաբերված մի գործողության պլանում:

Ոչ մահմեդականների դեմ իրականացվելիք ահաբեկչական գործողությունները, որոնք ուղեկցվելու էին Ադայի նավամատույցների վրա հարձակումներ իրականացնելով, ազգային փոքրամասնությունների բնակության վայրերում պատերին ցեղապաշտական արտահայտություններ գրելով, գերեզմանոցներում ռումբեր տեղադրելով, իրականում ոչ մահմեդականները չէին իրականացնում: Նույնիսկ այդ նախագծի կետերից մեկով նախատեսվում էր այդ հարձակումներից հետո գործակցել նրանց հետ: Նախագծի «իրականացվելիք քայլերի» բաժնում հիմնական նպատակը հետևյալ կերպ է ներկայացվում. «Թուրքիայում բնակվող ոչ մահմեդականների կյանքի և գույքի ապահովությունը հարցականի տակ դնելով` մեծացնել ներքին և արտաքին հանրության ճնշումները` «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նկատմամբ …»:

Սրանից ամիսներ առաջ մի հոդվածաշար էի գրել և արել հետևյալ հիմնական հարցադրումը` ինչո՞ւ սպանվեց Հրանտ Դինքը:

Արդյո՞ք այն պատճառով, որ թուրքի արյան մասին գրած նրա հոդվածը սխալ էր հասկացվել, արդյո՞ք ՔՕ 301-րդ հոդվածով դատապարտվելու պատճառով, արդյո՞ք այն պատճառով, որ հայտարարել էր, թե Սաբիհա Գյոքչեն ազգությամբ հայ է, թե՞ ազգայնականներին էր բարկացրել, նրանք էլ բարկացել ու սպանել էին նրան. մի՞թե սա է իրականությունը:

Իսկ ասել, թե դա «սադրանք» էր, նշանակում է ոչինչ չասել: Հրանտ Դինքն իրեն  ճանաչողների համար շատ արժեքավոր անձնավորություն էր, սակայն, հասարակության կողմից հավանաբար ճանաչված չէր: Փոքրիկ լուռ մի համայնքի  լրագրողի սպանությունն ի՞նչ կարող էր Թուրքիայում առաջ բերել, բացի նրան սպանած «ազգայնականների» բորբոքված կրքերը հանդարտեցնելուց:


Լավ, այդ դեպքում ինչո՞ւ սպանվեց Հրանտ Դինքը:


Իրականում այս հարցին ամենալավ պատասխանը տվել էր հենց ինքը` Հրանտ Դինքը, իր սպանությունից ամիսներ առաջ` 2006թ. մայիսի 16-ին, Անթալիայում մի ելույթի ժամանակ. «Առաջիկա ընտրություններին նոր տրամադրություններ են ստեղծելու` «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ձայներ կորզելու համար: Դրանցից մեկն ազգայնականությունն է, ահագնացող ազգայնականությունը: Սակայն միայն ազգայնականությամբ գործը գլուխ չի գա: Այս անգամ դարձյալ օրակարգ կբերվի «աշխարհիկ-հակաաշխարհիկ առճակատումը»: Հիմա, երբ նայում ենք վերջին զարգացումներին (հայր Սանտորոյի սպանությունը, Պետական խորհրդի վրա իրականացված հարձակումը), հանգիստ կարող ենք ասել, որ Թուրքիայում գործի անցած խորքային ուժերը սկսել են առաջիկա քաղաքականության (նախագահական և խորհրդարանական ընտրություններ) ձևավորումը: Դա որակում եմ որպես փորձ` ստեղծելու այլընտրանքային իշխանություն կամ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացառող քաղաքական կարգ»:

Հրանտ Դինքն իր վերջին հոդվածում գրել էր, որ 2007 թվականն իր համար շատ դժվար տարի է լինելու:

Հրանտ Դինքը սպանվեց Թուրքիայի պատմության ամենամեծ քաղաքական ճգնաժամերից մեկի առաջին իսկ օրերին:

Արդեն գիտենք:

Ինչպես որ շարադրված է Հրանտ Դինքի սպանությունը որպես «գործողություն» ընդունող այդ նախագծում, նպատակը հետևյալն է. «Մեծացնել «Արդարություն և զարգացում» կուսակցության` կառավարության դեմ ներքին և արտաքին հանրությունների ճնշումները»:

Բոլորը գիտեն, որ այս երկրում իշխանություններն իրենց քաղաքական լեգիտիմությունը ստանում էին միջազգային հանրության կողմից: Եթե ուզում էիք հեղաշրջում անել, իշխանությունը փոխել, ստիպված էիք ստանալ աշխարհի հավանությունը:

Հայր Սանտորոյի, Հրանտ Դինքի սպանությունները, ինչպես նաև Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատանը տեղի ունեցած սպանդը, որը շատ նման էր Իրաքում «Ալ Ղաիդայի» անդամների կողմից իրականացվող գլխատումներին, աշխարհում ստեղծել էին Թուրքիայի մասին մի պատկերացում:

Միջազգային մամուլում «թուրքական իշխանություններ» արտահայտության կողքին դրվում էր «իսլամիստական» բառը: Աշխարհում շատ դժվար ժամանակներ էին «իսլամիստական կուսակցության`» իշխանության գալու համար: Կանխակարծություններն իրենց բարձրակետում էին: Այդ «իսլամիստական իշխանությանը» ամեն պահի կարող էին շփոթել «թշնամի» այլ իսլամիստների հետ, և այդպիսով այն ամեն պահի կարող էր հեղինակազրկվել աշխարհի  աչքին: Իսկ երկրի ներսում բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ազատվել այդ իշխանություններից, հասկանում էին, որ իրենց ձեռնտու է, որպեսզի Թուրքիան հեղինակազրկվի աշխարհում և քաղաքական խուսանավումների միջոցով ներկայացվի որպես աշխարհիկությունը կորցնող երկիր:

Եվ երբ Թուրքիայում իշխանության գլուխ է կանգնած «իսլամիստական կուսակցություն», սպանվում են մի կրոնավոր, մի հայ լրագրող և միսիոներներ: Թուրքիային անգամ անզեն աչքով նայելիս պատկերը պարզ էր. իշխանության գլուխ էր կանգնած իսլամիստական կուսակցություն, և Թուրքիայում ոչ մահմեդականները դարձել էին թիրախ:

Սակայն այդ ծրագիրը երկու բանով խափանվեց. նախ, որ Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցեցին և «Բոլորս հայ ենք» բացականչելու համարձակություն ունեցան հարյուր հազարավոր քաղաքացիներ: Եվ պատմական սխալ կլիներ, եթե իշխանությունները հուղարկավորությանը չմասնակցեին կառավարական մակարդակով` ի սկզբանե ցուցաբերելով այդ հանցագործությունները բացահայտելու կամք…

Եվ ահա այս ծրագրով փորձ է արվում նույն խաղը երկրորդ անգամ խաղալ: Այս դեպքում ո՞վ կխափանի այն: Շատ պարզ է, այնպես չէ՞. «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` վերաբացելով Հեյբելիադայում հունաց ուղղափառ թեմական դպրոցը, հասնելով հաշտեցման Հայաստանի հետ, հայտնաբերելով Հրանտ Դինքի, քրիստոնեական գրականություն հրատարակող միսիոներների իրական մարդասպաններին` լուծելով ազգային փոքրամասնությունների վաքըֆների հետ կապված խնդիրները…

«Հրանտ Դինք» գործողությունը