Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայաստանցիների 94%-ը կանայք են: Ցանկացած ճգնաժամի ժամանակ քաղաքական գործիչները սպառնում են նրանց ուղարկել ետ` Հայաստան:
Թուրք հանրությունն առաջին անգամ նրանց մասին իմացավ 2000 թվականին, երբ այդ ժամանակվա վարչապետ Թանսու Չիլլերը հակազդում էր ԱՄՆ-ի Կոնգրեսում «Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին»: Իսկ վերջերս վարչապետ Թայիփ Էրդողանը սպառնաց` ասելով. «Թուրքիայում 40 հազար անօրինական բնակվող հայաստանցի կա: Մենք նրանց ետ չենք ուղարկում: Սակայն եթե հարկ լինի, ետ կուղարկենք: Բայց դա մարդկային չենք համարում»: Ավելի ուշ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ԵՄ համապատասխանության հանձնաժողովի նախագահ Յաշար Յաքըշը հայտարարեց, որ Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիների թիվը հասնում է 70 հազարի և կրկնեց Էրդողանի` «հարկ եղած դեպքում ետ կուղարկենք» սպառնալիքը: Իսկ Ժողովրդա-հանրապետական Շյուքրյու Էլեքդաղը, խոսելով «70 հազար անօրինականների մասին», հայտարարում էր, որ նրանց պետք է ետ ուղարկել «շարասյուներով»:
Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայաստանցիների մասին, որոնց փորձում են վերածել «հաղթաթղթի» Թուրքիա-Հայաստան դիվանագիտական խաղում, հետաքրքիր տեղեկություններ է հավաքել այդ ուղղությամբ գիտական հետազոտություն ծավալած Ալին Օզինիանը:
Օզինիանը, ով իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախագիծը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ ձեռք բերելը բավականին դժվար է: Նա, ուսումնասիրելով 2000-2008թթ. միջև ընկած ժամանակահատվածում Թուրքիա մուտք գործած Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական գրառումները, պարզել է, որ նրանցից 6 հազարը չի վերադարձել: Օզինիանը ենթադրում է, որ Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիների թիվը կարող է հասնել 12 հազարի:
Փորձագետը հարցաթերթիկում գրանցել է 300 հոգու, որոնցից 80 հոգու հետ անձամբ զրուցել է: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անօրինականների հետ կապված տեղեկությունները թերի են, և նշում, որ երբ երկու երկրների միջև առաջ են գալիս քաղաքական հակասություններ, դա անհանգստություններ է առաջացնում անօրինականների շրջանում:
20 դոլարանոց այցագրով…
Օզինիանը հետևյալ կերպ է մեկնաբանում, թե ինչու են հայաստանցիները նախընտրում Թուրքիան. «Թուրքիա գալը թանկ չէ և հեշտ է: 20 դոլարով գնում են այցագիր, նստում ավտոբուս և Վրաստանով մտնում Թուրքիա, որտեղ նրանց օգնում են ավելի վաղ Թուրքիա եկած հայաստանցիները: Ընդհանուր առմամբ աշխատում են անհատների տներում` կատարելով տարբեր աշխատանքներ: Դրանից բացի, օրինակ` Լալելիում, ռուսերենին տիրապետելու շնորհիվ աշխատում են ռուսների հետ` առևտուր իրականացնող վաճառակետերում: Նրանցից շատերը Հայաստանում ընտանիք ունեն: Ամսական վաստակում են 600-ից մինչև 1000 դոլար: Դրա մի մասով հոգում են իրենց ծախսերը, իսկ մնացածը` ուղարկում ընտանիքներին: 25-35 տարեկան մարդիկ ամուսնանում և գալիս են այստեղ` իրենց կյանքը դասավորելու հույսով: Գրեթե բոլորն ասում են, որ բարձրագույն կրթություն ունեն: Անօրինական բնակություն հաստատածների 94%-ը 35-55 տարեկան կանայք են: Տղամարդիկ, սովորաբար, իրենց կանանց հետ են գալիս: Շատ փոքր մի հատված ոսկերչությամբ է զբաղվում: Մոտ 60%-ը ներգրավված է համայնքային կառույցներում: Սակայն վերջին տարիներին շատերը սկսել են աշխատել թուրքերի հետ և շատ երջանիկ են: Ասում են, որ թուրքերի հետ որևէ խնդիր չունեն: Քանի որ նմանություններ կան մշակութային արժեքների, խոհանոցի առումով, նախապատվությունը տրվում է հայերին: Նրանք ասում են, թե արևելահայ լինելու պատճառով խնդիրներ են ծագում թուրքաբնակ հայերի հետ: Ըստ նրանց` թուրքաբնակ հայերն ասում են. «Սովետական համակարգում դաստիարակված ժողովուրդ եք: Եվրոպական արժեքներ չունեք: Մենք ավելի մոտ ենք Արևմուտքին»: Հայտնի չէ, թե անօրինականներից քանիսն են երեխաներ: Միայն կարելի է ենթադրել, որ նրանց թիվը կարող է հասնել 500-ից 700-ի: Մեծ խնդիր է, որ երեխաները դպրոց չեն հաճախում: Իրենց շրջանում դասընթացներ են կազմակերպում: Քանի որ թուրքերենը կարողանում են փողոցում սովորել, երիտասարդ աղջիկները երեխաներին հայերեն են սովորեցնում: Ասում են. «Բոլորն էլ լավ գիտեն, թե ով ենք մենք: Բայց եթե ոչ մի բանի չխառնվես, քեզ չեն անհանգստացնի»: Ոմանք էլ ասում են, թե երեկոյան ժամը 6-ից հետո, մութն ընկնելուն պես, փողոց դուրս չեն գալիս: