«Խիղճս ինձ կոչ է անում վկայելու: Ես անապատում
ճչացող աքսորյալի ձայնն եմ»:
Արմին Թ.Վեգներ
Սույն հոդվածը գրվել է` ուշադրություն սևեռելով Թուրքիայում հայկական սփյուռքի մասին ազգայնական և խտրական բնույթի ընկալումների վրա, առժամանակ մի կողմ թողնելով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների արդյունքում ստեղծված լավատեսությունը: Ապագան ձևավորվում է այսօրվա մեր անելիքով, մեր կառուցելիք շենքի ամրությունը կախված է այն աղյուսներից, որոնք մենք ենք դնում իրար վրա: Ապագայի համար, անկասկած, հուսադրող է երկու երկրների` իրենց խնդիրները լուծելու, հարաբերությունները կարգավորելու համար սկսած երկխոսության գործընթացը:
Անկասկած, նրանք, ովքեր կողմ են հաշտեցմանը, ցանկանում են, որպեսզի վերջ դրվի մինչ օրս հարաբերությունների բացակայությանը, ժողովուրդներն ավելի շատ շփվեն միմյանց հետ, ապագա սերունդներին դաստիարակեն ատելությունից զերծ պահելով, և ի սրտե աջակցում են այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Ախ դու` սփյուռք…
Սակայն երկու ժողովուրդների միջև իրական հաշտեցում ապահովելը հնարավոր չէ միայն պետությունների միջև ստորագրված համաձայնագրերով: Կենսական նշանակություն ունի Հայաստանում, Թուրքիայում և սփյուռքում ներքին շարժընթացներին մոտիկից հետևելը և հասարակությունների զարկերակը ստուգելը: Այս տեսանկյունից սփյուռքի` արձանագրություններին ուղղված հակազդեցությունները Թուրքիայում առկա, մասնավորապես քաղաքական և լրատվական բնագավառներում, ընկալման և լուսաբանման ձևը հաստատում է, որ սփյուռքի իրողությունը և սփյուռքի հոգեվիճակը համառորեն չեն հասկացվում: Դրանով ի ցույց է դրվում, թե սփյուռքն «իրականում» չի ցանկանում և պատրաստ չէ խոսել Թուրքիայի, թուրքաբնակների, ինչպես նաև հայերի հետ: Այո, արձանագրություններին ամենակոշտ հակազդեցությունները եղան սփյուռքի կողմից: Աշխարհով մեկ սփռված հայերը ցույցերով, բողոքի ակցիաներով, հայտարարություններով և արշավներով դեմ էին դուրս գալիս արձանագրությունների ստորագրմանը: Այդ կոշտ բողոքը ջրի երես հանեց նաև Թուրքիայում սփյուռքի մասին առկա կանխակարծությունները: Սփյուռքի վարքագիծը Թուրքիայում որպես առիթ օգտագործվեց` ցույց տալու համար, թե «հայերն» իրականում որքան ազգայնական, որքան անհանդուրժող, որքան արմատական և որքան թշնամանքով են լցված թուրքի հանդեպ:
Այդ հակազդեցությունները ներկայացվեցին այնպես, կարծես դրանք որևէ կապ չունեին Թուրքիայի` մինչ օրս սեփական անցյալի հետ հաշվի նստելուց համառորեն խուսափելու փաստի հետ:
Մենք տարիներով սպասում, ցանկանում և երազում ենք սահմանների բացման մասին: Սակայն այդ երազանքին մոտ գտնվելու երջանկության հետ մեկտեղ մեր խղճի պատասխանատվությունը պետք է լինի այն, որ մենք մեր բողոքի ձայնը բարձրացնենք պատմական անարդարությունների անտեսման, դրանք թաքցնելու փորձերի, սփյուռքում ապրելուն դատապարտված, իրենց հողերից աքսորված հայերի ձայնը լռեցնելու դեմ: Սփյուռքի` արձանագրությունների դեմ ուղղված հակազդեցության տակ հոգեբանական գործոնների առկայությունն, այդ հակազդեցության պատմական պատճառները ետին պլանում և աչքից հեռու պահելով` տպագրվում են «Թարաֆ» թերթի` «Սփյուռքը խելագարվել է» հոդվածի պես անարդարացի խորագրերով և ազգային հպարտությունը շոյող հրապարակումներ, որտեղ ներկայացվում է հայերի անդրդվելիությունը` ի պատասխան Թուրքերի մեծահոգության, բարի կամքի, հանդուրժողականության, կառուցողական վարքագծի. այսպիսով բորբոքելով կրակը և խորացնելով անարդարությունները:
Ո՞ր խղճի մեջ է տեղավորվում
Թուրքիայում սփյուռքի մասին խոսողները, եթե խիղճ ունենան, ցեղասպանություն բառն արտասանելուց առաջ կնստեն և հետևյալ հարցերի շուրջ կմտածեն.
Ինչպես է ձևավորվել սփյուռքը, եթե չլինեին 1915 թվականի իրադարձությունները, սփյուռք կոչվող մարդիկ այսօր Թուրքիայի Հանրապետության քաղաքացի կլինեին: Այդ մարդիկ աշխարհի չորս բոլորը սփռվեցին այս հողերից` Սվազից, Մալաթիայից, Դիարբեքիրից, Թեքիրդաղից, Սամսունից, իսկ դրա պատճառը դարձյալ այս հողերում է: Եվ առանց այս ամենը հիշելու` սփյուռքի մասին խոսելը ո՞ր խղճի մեջ է տեղավորվում: Այդ մարդիկ փրկվել են տեղահանությունից, ջարդից: Գուցե նրանց աչքերի առջև սպանել են իրենց ծնողներին, տեսել են, թե ինչպես են բռնաբարում նրանց: Մեծացել են Հալեպի, Բեյրութի մանկատներում, արևմտյան երկրներում տարիներով շահագործվել են` որպես էժան աշխատուժ: Ողջ այդ ընթացքում գոյատևել են` ջանալով օտար միջավայրում ապրեցնել իրենց լեզուն, կրոնն ու մշակույթը:
Մոռանալով ուծացման և «սպիտակ ցեղասպանության» դեմ պայքարող սերունդների զավակների մասին` սփյուռքի մասին խոսելը ո՞ր խղճի մեջ է տեղավորվում:
Ո՞ր խղճի մեջ է տեղավորվում խոսել սփյուռքի մասին` հանգիստ նստելով ունեցվածքն ու հողը կորցրած, դպրոցները, եկեղեցիները փլուզված ու մզկիթի, վարչական շենքի, ախոռի, զենքի պահեստի վերածված այդ մարդկանցից մնացած ունեցվածքի վրա:
Ո՞ր խղճի մեջ է տեղավորվում խոսել սփյուռքի մասին այն դեպքում, երբ Թուրքիան տասնյակ տարիներ շարունակ ժխտում է մարդկանց ապրած ցավերը, երբ փորձում է ջնջել այդ հողերի վրա հայի գոյության հետքերը, երբ այդ մարդկանց աչքերին նայելով` ասում է. «Ոչ, դուք չեք սպանվել, ձեր ունեցվածքը չի բռնագրավվել, դուք այստեղ ապրելու իրավուք չունեք, ընդհակառակն` դուք եք սպանել, դավաճան եք, դուք եք ծախել երկիրը»:
Ո՞ր խղճի մեջ է տեղավորվում բողոքել սփյուռքի քաղաքական անհեռատեսությունից, որը տասնյակ տարիներ շարունակ իր ողջ ներուժն ուղղում է այդ ցավերն ընդունել տալուն, ժխտվող իրողությունները միջազգային հանրությանը լսելի դարձնելուն, և այդ պատճառով իրականում խելակորույս վիճակով է ապրում մի խառնիխուռը ժողովրդի խենթացած զավակների պես, իր արմատներից պոկված լինելու պատճառով արդեն դատապարտված է մշակույթը կորցնելուն. երբ երկու հայ հանդիպում են, չեն կարողանում իրենց մայրենի լեզվով խոսել միմյանց հետ: Վերոնշյալ հարցերը նույն ձևով կարող են շարունակվել: Բոլոր այս հարցերին և հնարավոր պատասխաններին հակառակ` կարելի է նաև հարգել այն տեսակետը, թե սփյուռքը սխալ ճանապարհ է ընտրել և ճիշտ ռազմավարությամբ չի առաջնորդվում:
Սակայն «Թարաֆ» թերթը հոկտեմբերի 14-ի համարում հրապարակում է «Ինչ Բահչելին, ինչ սփյուռքը» խորագրով հոդվածը և այդքան ցավերից հետո, գիտակցաբար, սփյուռքը որպես սատանա է ներկայացնում: Սա կարող է բացատրվել միայն ու միայն անբարոյականությամբ, որի դեմ մեր ըմբոստությունն ու անկարողությունը կարելի է արտահայտել հետևյալ խոսքով. «Ձեր գլխին թող սփյուռքի չափ քար ընկնի»: