Թուրք և հույն ժողովուրդների միջև առկա անցյալի հոգեխեղումները հաղթահարելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնող հոգեբան Մեհմեդ Զարարսըզօղլուն հույս ունի նաև Հայաստանի հետ հարաբերությունների և քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունների առնչությամբ: Նրա խոսքերով, անցյալի հետ կապված ցավերը և խեղված հոգեվիճակները կարելի է հաղթահարել միայն հանդիպումների միջոցով:
– Թուրքիան վերջին ժամանակաշրջանում հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, և կարծես անտեսվում է այդ գործընթացների հոգեբանական կողմը: Արդյո՞ք հնարավոր է, որ երկար տարիներ միմյանց հանդեպ թշնամանք տածած կողմերը կարճ ժամանակահատվածում դառնան բարեկամներ:
– Որպես հոգեբան` արյունահեղությունները դադարեցնելու ողջախոհության կոչ եմ անում ամենքին: Ծավալած գործունեությանս ընթացքում տեսնում եմ, թե ինչպես են հասարակություններում առկա տարաձայնությունները փոխանցվում սերնդեսերունդ: Ինչպես Հայաստան-Թուրքիա հաշտեցման նախաձեռնության, այնպես էլ քրդական հարցի կարգավորման գործընթացում, կողմերից յուրաքանչյուրը նախ և առաջ պետք է հաշվի նստի իր հետ:
– Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության համար կարևոր խթան հանդիսացան ֆուտբոլային հանդիպումները` երկու երկրների ազգային հավաքականների միջև: Նման հարաբերությունները կարո՞ղ են հանգեցնել դրական արդյունքների:
– Թուրքիայի և Հայաստանի միջև իրականացվող քաղաքական և սպորտային մոտեցումներին մեծ ոգևորությամբ և հույսով եմ հետևում: Հուսով եմ, որ երկու հասարակությունների միջև առկա հաշտեցման գործընթացն աստիճանաբար ավելի մեծ թափ կհավաքի: Այս առումով հիշում եմ Գերմանիայի նախկին կանցլեր Վիլի Բրանտդի պատկերը, ով Լեհաստանում խոնարհվեց և ծնկի եկավ զոհերի առջև: Դա Գերմանիայի և Լեհաստանի միջև կազդուրիչ ուժի ազդեցություն ունեցավ: Ինձ երբեմն հարցնում եմ, թե ինչու հարգարժան Գյուլը կամ վարչապետը և, բնականաբար, նրանց հայ գործընկերները նման ժեստ չեն կարողանում անել: Կարծում եմ, որ նման քայլը դրական ազդեցություն կունենա երկու հասարակությունների համար:
– Վնասներ կրողը ժողովուրդն է, սակայն ինչո՞ւ են տարիներ շարունակ ամենից շատ խոսում պատմաբաններն ու քաղաքական գործիչները:
– Հնարավոր չէ անցյալի հետ կապված հարցերը լուծել միայն խոսելով և պատմաբանների կայացրած որոշումներով: Դա միայն կծառայի ցասման ու մեղադրանքներ առաջ քաշելուն: Տեսնում եմ, որ անցյալին առնչվող նման հայացքներով, «մենք մյուսներից ավելի լավն ենք» զգացումով հնարավոր չի լինում առաջ շարժվել: Եթե իրականում փնտրելու ենք լուծումներ` բռնությանը, ատելությանը վերջ դնելու համար, ապա պետք է փոխադարձ համերաշխություն լինի զոհերի հիշատակի ոգեկոչման հարցում: Իսկ այդ համերաշխությունն իր ետևից կարող է այնպիսի ուժ բերել, որն ի զորու կլինի ծնել դրական արդյունքներ:
– Հնարավո՞ր է մոռանալ անցյալի հետ կապված հոգեխեղումները:
– Անցյալում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին խորհելով` կարծում եմ, որ մենք չենք կարող թաքցնել մեր` հոգեխեղված ժառանգության տեր լինելու հանգամանքը: Պատերազմը հոգեխեղման է ենթարկում ողջ հասարակությանը: Դրանից ազդվում են բոլոր խմբերը, և այդ հոգեխեղմամբ ապրելու և այն հաղթահարելու միջև անհատական մեծ տարբերություններ են նկատվում: Հատկապես մահվան, թերարժեքության և սպառնալիքի հետ դեմ-հանդիման կանգնած անհատներն ավելի շատ են ազդվում կրոնական, ցեղապաշտական կամ առաջնորդի գործողություններից: Պատերազմ տեսած, հանցագործի կամ զոհի կարգավիճակում հայտնված անձանց հետագա սերունդները լուրջ վտանգի են ենթարկվում: Այդ մարդիկ իրենց ապրած ցավերի, կորուստների պատճառով իրենց «ընտրյալ» են համարում` այդպիսով փորձելով հավասարակշռել իրենց կենսակերպը:
– Իսկ վրեժի զգացումնե՞րը…
– «Կույր» սիրո և հավատարմության զգացումով` անցյալի սերունդները փորձում են վրեժ լուծել տանուլ տված պատերազմի համար: Հատկապես թշնամիներին դրսում փնտրող խմբերը վտանգում են խաղաղությունն ու հաշտեցումը:
– Չարագործությունը կարո՞ղ է խելամիտ բացատրություն ունենալ:
– Երբ նայում ենք պատմությանը, տեսնում ենք, որ «բոլոր մեծ չարագործություններն» իրականացվել են նրանց կողմից, ովքեր կարծում են, թե մյուսներից լավն են: «Չարագործներին» դատապարտողներն էլ կարծում են, թե իրենք ավելի լավն են, սակայն, իրենց մեջ կրում են «չարագործության» պոտենցիալ: Մեկ օրինակ բերենք Գերմանիայի պատմությունից. Արևելյան Գերմանիայի գաղտնի ոստիկանությունը` ՇՏԱԶ-ը, սարսափելի բաներ է արել: Այսօր դատապարտվում են զոհերի կողմից: Նախկին գաղտնի ոստիկանների իրազեկիչներն էլ նրանց պես վտանգավոր իրավիճակի հետ դեմ-հանդիման են: Շարունակվում է լրտեսությունը, հետապնդումը և վախը: Միայն թե կողմերը տեղերով փոխվել են: Նախկին զոհերն այժմ հանցագործներ են և կարծում են, որ ամեն ինչ ավելի լավ գիտեն, ճիշտ այնպես, ինչպես նախկինում կարծում էր ՇՏԱԶ-ը:
– Նորմալ երևույթ է՞, երբ պատերազմների ավարտից հետո ժողովուրդների վրա մնացած հոգեխեղման հետքերը շարունակում են ազդեցություն ունենալ նաև հետագա սերունդների վրա:
– Ինչպես պատմական, այնպես էլ հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ պատերազմները համաձայնագրերով չեն ավարտվում, և որ հոգեխեղման ազդեցությունները շարունակվում են հետագա սերունդների մոտ` առաջ բերելով նոր հակասություններ: Մեր երկրում վերջին ժամանակաշրջանում տեղի են ունենում հասարակական և պատմական աշխատանքներ, իրականացվում են հաշտեցմանն ուղղված քննարկումներ: Դրանից ելնելով` կարող ենք արձանագրել, թե ինչքան մեծ է խեղված հոգեվիճակների ազդեցությունը մեր երկրում:
– Թուրք և հույն ժողովուրդների միջև մերձեցման համար տարիներով հատուկ աշխատանքներ եք իրականացրել: Ի՞նչ արդյունքների եք հասել:
– Միմյանց հանդիպեցին Թուրքիայից և Հունաստանից բնակչության փոխանակության տարիներին ստիպողաբար գաղթի ճանապարհը բռնած ընտանիքների, Կիպրոսում հակամարտությունների ականատեսը դարձածների, իրենց կյանքն ու ունեցվածքը կորցրած սերունդների ժառանգները: Դա հնարավորություն տվեց երկու երկրների բնակիչներին արտահայտել տարիներ շարունակ կրած ցավը, վիշտը, ցասման զգացմունքները, հաշվի նստել այդ ամենի հետ, միմյանց հասկանալ և ճանաչել: Միասին թափված արցունքներով խեղված հոգեվիճակները կազդուրելուն ուղղված փոքր, սակայն շատ կարևոր քայլերը հուսադրող են ապագայի առնչությամբ:
– Հնարավո՞ր է նույն աշխատանքներն իրականացնել նաև Հայաստանի հետ:
– Ցանկությունս այն է, որ ներկա պահին Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները, հաշտեցմանն ու խաղաղությանը կողմնակից հասարակական կազմակերպությունները և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր ի սրտե ցանկանում են դա, կարողանան ներդրում ունենալ և աջակցել այն ջանքին, որը ես բարձր եմ գնահատում: Ի սրտե ցանկանում եմ, որ Հունաստանի օրինակով երկու երկրների բնակիչներն անցյալի ցավերն ու խեղված հոգեվիճակները հաղթահարելուն ուղղված թեկուզ փոքր, բայց ամեն դեպքում ներդրում կարողանան ունենալ: Որովհետև հիմա կողք-կողքի քայլելու և հաշտեցման համար համարձակության ժամանակն է: