«Սևան» մթերային խանութը գտնվում է հայերով խիտ բնակեցված Ուոթերթաուն քաղաքում: Երբ ներս մտա, քիթս ընկավ «Անատոլիա» շուկայում գտնվող նպարեղենի խանութի ծանոթ հոտը:
Խանութի ապակու վրա մեծ տառերով գրված էր` սուջուխ, մանթը, բաստուրմա, քյուֆթա, հումուս, յալանչի տոլմա: Խանութում վաճառվող մթերքի մեծ մասը Թուրքիայից էր ներկրված…
Հարրիի հայրը Կեսարիայի Բունյան շրջանից էր: «Ես այս տանն եմ ծնվել, սիրելի հայրիկս այս այգում նստում էր ծառի տակ` համրիչը ձեռքին, մտածում էր իր երկրի մասին, ասում` ամենալավ բաստուրման էինք ուտում»,- պատմում էր: Զատիկը, Վարուժանը, պոլսահայերը, նրանք մեկ այլ աշխարհ են…
Ներքուստ և արտաքուստ իսկական մարդիկ են: Բոլորի կյանքի պատմությունները սրտաշարժ են, բոլորը մարդու ներսը հուզող ջերմություն ունեն…
Ուոթերթաունում` մի փակ մարզասրահում, «Հրանտի ընկերների» կազմակերպած ժողովին ելույթս նոր էի ավարտել: Ինձ մոտեցավ բարձրահասակ, տարեց մի մարդ` ալեխառն մազերով: Անունը մոռացել եմ: Սկսեց հետս խոսել` հաճախակի ձեռքս բռնելով: Նրա հայացքից, խոսքերից հասկացա, որ հավանել էր ելույթս:
Կեսարիայի Բունյան շրջանից էր:
Առանց ձեռքս թողնելու` պատմում էր. «Սովորում էի նախակրթարանում` Բունյանում: Պետք է որ 1942 կամ 1943 թվականը լիներ: Կրթարանում կազմակերպվել էր դրոշների միջոցառում: Մեջս ցանկություն առաջացավ` մի օր էլ ես դրոշակ բռնեմ: Ուսուցիչը թույլ չտվեց և ասաց. «Դու գյավուր ես, մի բռնիր այդ դրոշը»: Այնպես էի վիրավորվել, որ երբեք չեմ մոռանա: Սրտումս մի բան կոտրվեց: Մինչև 1950-ականների վերջը գաղթեցինք այս վայրերը…»:
Իմ լրագրողական գործունեության ընթացքում միշտ աշխատում եմ գրել մարդու կյանքի պատմություններ: Թող դուրս թափեն իրենց ներսում կուտակվածը, մյուսները թող իմանան, թող կարողանան թափանցել միմյանց ներաշխարհները, թող փորձեն հասկանալ իրար ու միմյանց ցավերը… Այդպիսով կարծում եմ, որ կարողանալու ենք կերտել ավելի հեշտ ապրելու մի աշխարհ:
Սակայն երկխոսությունը հեշտ չէ, դժվար է:
Մի բան ես ասում, դիմացինդ այլ բան է հասկանում: Կարծում ես, թե խոսքովդ լավ բան ես անում, դիմացինդ հակառակն է ընկալում:
Սակայն չպետք է վախենալ:
Եթե ուզում ենք որոշ հարցեր հաղթահարել և ապրել խաղաղության ու համերաշխության մեջ, այլ հնար չկա, քան միմյանց աչքերին նայելով, առանց զզվանքի ու ձանձրույթի խոսել և հասկանալ միմյանց: Գիտեմ, որ հայերի ցավերը շատ խորն են: Իսկ սփյուռքի մոտ այդ զգացումը դեռ ավելի խորն է…
Սակայն պետք չէ, որ այդ ցավերը նրանց փակեն անցյալում:
Որոշ հայեր այդպիսին են:
Կարծես չեն ուզում բացել «ապագայի դարպասները»: Պետք է դա հաղթահարվի…
Երկուշաբթի երեկոյան` հավաքույթից հետո, սկսվեց քննարկումը Հարվարդում: Մի գրավիչ երիտասարդ խոսեց: Ասելով, որ թուրք է, եկել է Դենիզլիից և ուսումնասիրում է տնտեսագիտություն, խոսքը շարունակեց այսպես.
«Հասկանում եմ, որ իմ պապերը որոշ վատ բաներ են արել հայերի նկատմամբ… Լավ, հիմա ինձնից ի՞նչ են ուզում…»:
Դահլիճում ծիծաղ լսվեց…
Դենիզլիից եկած ուսանողի պարզ, սակայն անկեղծ հարցը ընդգծում է Թուրքիայում առկա իրողությունը: Թուրքերն ինչպես չգիտեն քրդական հարցը, այնպես էլ` Հայկական հարցը: Խավարի մեջ են: Որովհետև այդպես են դաստիարակվել: Այս երկրի փողքից կառչած և անընդհատ նրան հետ քաշող որոշ հարցեր նրանց չեն սովորեցրել, խավարի մեջ են պահել: Այդ պատճառով, կարծում եմ, որ խավարին հայհոյելու փոխարեն, ամենքն իր ձեռքը մի մոմ պետք է վերցնի և վառի:
Հետևաբար կարևորում եմ երկխոսությունը, մշակութային երկխոսության միջավայրերը: Այդ առումով Ուոթերթաունում հիմնադրված «Հրանտի ընկերներ» հիմնադրամը շատ կարևոր է…
Երբ ավարտեցի ելույթս, մեկը հարց ուղղեց. «Թուրքիան ընդունո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը…»:
Մյուսն ավելացրեց. «Թուրքիան հող տալո՞ւ է…»:
Մեկ ուրիշը շարունակեց. «Եթե ԱՍԱԼԱ-ն չլիներ, Հայկական հարցն օրակարգ չէր գա: Խաղաղությամբ որևէ տեղ չէինք կարող հասնել»:
Հարվարդում ինձ ուղղված հարցերից մեկն էլ եմ հիշում. «Մենք ոչ ծայրահեղական հայեր ենք: Ասացեք, եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն անցնի ամերիկյան Կոնգրեսում, լա՞վ կլինի, թե՞ վատ»:
Միայն մեկ սփյուռք գոյություն չունի:
Խոսակցություններից պարզ է դառնում, որ հայկական սփյուռքները մի քանիսն են: Բոլորի համար ընդհանուրն, անկասկած, ցեղասպանությունն է… Սակայն թուրքերի, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում տարբերություններն ակնհայտ են:
Թուրքիայում սիրելի Հրանտ Դինքի սպանությունից և դրան հաջորդած «Ներողություն եմ խնդրում» ստորագրահավաքի պես զարգացումները, կարելի է ասել, որ սփյուռքին խճճեցին, նույնիսկ որոշ դեպքերում մասնատումների պատճառ դարձան: Օրինակ` Թուրքիայի և Հայաստանի միջև անցած ամիս Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները մեկը շատ է կարևորում, մյուսը` կասկածով վերաբերվում, մեկ ուրիշն ընդհանրապես մերժում է:
Հնարավոր է:
Փոփոխությունը հեշտ բան չէ:
Թուրքերն էլ են փոխվելու, հայերն էլ:
Սա ցավոտ գործընթաց է:
Եվ որպեսզի ցավերը քիչ լինեն, գործընթացն ավելի հեշտ լինի, անհրաժեշտ է մեծացնել ազատ քննարկման միջավայրը: Եթե ուզում ենք խավարը վերածել լույսի, այլ հնար չկա, քան միմյանց աչքերին նայելով խոսել և երկխոսության համար պարարտ հող ձևավորել:
Անցյալն, անկասկած, չի մոռացվելու:
Սակայն չենք կարող մխրճվել և մնալ անցյալում, եթե ուզում ենք կերտել ապագա, խաղաղություն:
Չմոռանանք, որ հաշտեցման և ժողովրդավարության հասնել կարելի է մեզ անցյալի մեջ փակ պահող որոշ պատերի փլուզմամբ…