Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում նախատեսող արձանագրությունները ստորագրվեցին, սակայն, ստորագրման արարողության ժամանակ ծագած միջադեպը ցույց տվեց, որ սահմանների բացումը դժվար է լինելու:
Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախքան կմասնակցեր Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը, լրագրողների հետ ճեպազրույցում շատ ոգևորված էր: Իր բնորոշմամբ` գնում էր «դնելու պատմական պատասխանատվությամբ ստորագրություն»: Ճիշտ էր ասում: Դավութօղլուն հայտարարում էր, որ «սառեցված հակամարտությունների» կարգավորման վճռականությամբ են գնալու, տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը ոչ մեկի համար շահեկան չի լինելու, արդյունք ստանալու համար պատրաստ են տասնյակ, նույնիսկ հարյուրավոր նախաձեռնություններով հանդես գալ: Այս խոսքերն ի ցույց են դնում նախարարի տեսլականը և այն, որ Թուրքիայի և Հայաստանի միջև մեկնարկած նոր ժամանակաշրջանն անցնելու է սուր ցավերով: Հեշտ չէ երկու երկրների միջև լուծել մոտ հարյուր տարի քարացած, փտախտով վարակված խնդիրները: Այդ պատճառով Թուրքիայի և Հայաստանի միջև պատմական ստորագրությունը մեծ համարձակություն և քաղաքական ռիսկ է պահանջում: Դավութօղլուն Ցյուրիխ մեկնեց բարձր տրամադրությամբ:
Ցավոտ գործընթացի սկիզբը
Սակայն արդեն Ցյուրիխում` արձանագրությունների ստորագրման արարողության հենց սկզբում, պարզ դարձավ, որ գործընթացը ցավոտ է ընթանալու: Որովհետև առաջին օրն իսկ երևաց, թե որտեղ և ինչպես կարող են արձանագրություններում չներառված ղարաբաղյան հակամարտության և ցեղասպանության հարցերը հանգույց ստեղծել: Շաբաթ երեկոյան «ԷՆՏԵՎԵ» հեռուստաալիքով 5.5 ժամ հեռարձակման ժամանակ իրենց կարծիքները հայտնող մի շարք անձինք, կարևորելով ստորագրության նշանակությունը, զերծ չէին մնում «սակայն» ասելուց: Նրանցից մեկն էլ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Սամսոն Օզարարատն էր: Նա երկու երկրների միջև գաղտնի ընթացող բոլոր գործընթացների մասնակիցների ոչ հայտնի անուններից է: Օզարարատը, ընդգծելով արձանագրությունների ստորագրման կարևորությունը, միևնույն ժամանակ հայտարարում էր, թե հետագայում ևս կարող են ծագել այնպիսի միջադեպեր, ինչպես տեղի ունեցավ առաջին օրը, և պետք է պատրաստ լինել դրանց, քանի որ երկու կողմն էլ դեմհանդիման են գալիս այնպիսի հարցերի, որոնց հետ հաշվի չեն նստել մեկ դար շարունակ: Այդ պատճառով գործընթացը դժվարություններով է ուղեկցվելու: Սակայն կարևոր էր Օզարարատի հետյալ հայտարարությունը. «Ամեն դեպքում հարաբերություն սկսվեց: Դա անդառնալի գործընթաց է: Հնարավոր չէ ետ վերցնել ստորագրությունները: Կողմերից յուրաքանչյուրը ռիսկի գնաց, սակայն, շատ կարևոր քայլ իրականացվեց»:
Ում համար էր Հայաստանի ուղերձը
Հայկական կողմի` «մի քիչ իր հասարակությանը և սփյուռքին ուղղված» ուղերձի հետևանքով երեք ժամ ուշացումով սկսված արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ նախարար Դավութօղլուի տրամադրությունն ընկավ: Սակայն ստորագրող երկու նախարարների ետևում Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների և Եվրամիության ներկայացուցչի կանգնած լինելու հանգամանքը վկայում էր այն մասին, որ արձանագրությունների ստորագրումը վայելում էր ոչ միայն երկու երկրների, այլև ավելի լայն շրջանակի աջակցությունը: Այդ առումով Թուրքիան ստորագրման արարողության ժամանակ ի ցույց դրած գործելաոճով ուժեղացրեց իր դիրքերը: Միավորներ հավաքեց որպես մի երկիր, ով չի փախչում սեղանի շուրջ նստելուց և ցանկանում է հարաբերությունների կարգավորում: Իսկ Հայաստանի արտգործնախարարի դիրքը կարծես իր հանրությանն ասում էր. «Տեսեք, ինչքան դժվար է իրավիճակը, ես ճնշման տակ եմ: Ստիպված եմ ստորագրում»: Բրուքինգի ինստիտուտից Օմեր Թաշփընարը հաստատեց, որ ամերիկյան վարչակազմը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջադեպը հարթեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Իրականում երկու կողմն էլ քաղաքական ռիսկի են դիմել: Նրանց պատասխանատվությունները մեծ են: Սակայն ինչպես տեսանք շաբաթ երեկոյան, անհանգստություն կար այն առնչությամբ, որ, հատկապես «պատմական հանձնաժողով» ստեղծելու դրույթն ընդունելով, հայերի տեսանկյունից մեծ հարված է հասցվելու ցեղասպանության հարցը քննարկման առարկա չդարձնելու վճռականությանը: Ահա այս գործընթացի չերևացող, բայց հայերի համար ամենազգայուն համարվող կետը, հավանաբար, հենց դա է:
Թուրքիան միավորներ վաստակեց
Առջևում կարևոր գործընթաց կա: Սակայն Թուրքիան տեսավ հայկական կողմի գործելակերպը: Թուրքիան, ով հայտարարում է, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման սահմանները չեն բացվելու, արձանագրությունները խորհրդարան ներկայացնելու համար սպասելու է Հայաստանին: Մեզ հետ զրույցում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ գործընթացի հետ կապված դա են ասում: Նրանք ակնարկում են, որ, հակառակ ընդդիմության հակազդեցությանը, իրենք գործը լավ են առաջ տարել, իսկ հայկական կողմի` արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ ցուցադրած գործելաոճը հեշտացրեց իրենց գործը: Այսինքն` քանի դեռ Հայաստանի խորհրդարանը չի վավերացրել արձանագրությունները, Թուրքիան այդպիսի նախաձեռնությամբ հանդես չի գա: Այդ տեսանկյունից թևակոխել ենք երկու երկրների ոչ միայն պաշտոնական, այլև ժողովուրդների մերձեցման, կանխակարծությունները կոտրելու մի ժամանակաշրջան: Արձանագրությունների ստորագրումը պատմական է, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ շաբաթ երեկոյան տեղի ունեցած միջադեպի պատճառով սահմանների բացումը ենթադրվածից ավելի երկար կարող է ձգվել: Թուրքիան, իր խոստման համաձայն, սպասելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: