Երեքշաբթի Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում էի` Մարդու իրավունքների հարցերով քաղաքականության կենտրոնի փոքրիկ մի դահլիճում: Զրուցում էի սեղանի շուրջ հավաքված մոտ քսան մտավորականների հետ:
Թեման` հայ-թուրքական հարաբերություններ: Խոսքս սկսեցի «անազատ միտք» արտահայտությամբ:
Փորձում էի բացատրել, թե ազգայնականությունն ու ազգայնականն ինչպես են գերեվարում մարդկային միտքը, կողոպտում քննադատական մտքի դռները, թե ինչպես են հասարակության կողմից հալած յուղի պես ընդունվում պաշտոնական կարծրատիպերը, և գերեվարված ուղեղները դրանցից զատ այլ բան չեն կարողանում մտածել: Հիշեցի լեհ բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Չեսլավ Միլոշի ստեղծագործությունը: «Անազատ միտք» վերնագրով այդ երկը կարդացել էին 1980-ական թվականներին` սառը պատերազմի տարիներին, և այն ինձ վրա մեծ տպավորություն էր գործել:
Երբ ընթերցում էի այդ գիրքը, հասկացա, թե ինչպես էին Արևելյան Եվրոպայում ամբողջատիրական վարչակարգերի տարիներին մարդկանց ստիպողաբար ուղղորդում դեպի նույնակարծություն, և այդ ժամանակ ինձ համար ավելի պարզ դարձավ, թե որն է ժողովրդավարության մշակույթը, թե ինչ է իրենից ներկայացնում բազմակարծությունը:
Այդ գիրքը շատ էր հավանել նաև Հարվարդի տարեց գիտնականներից մեկը, ով հոգեբան է և միևնույն ժամանակ աշխատանքներ է իրականացնում մարդու իրավունքների և ցեղասպանության հարցերով: Հետաքրքիր օրինակներ էր բերում ամբողջատիրական վարչակազմի առնչությամբ` ընդգծելով, թե ինչպես անգամ ամենափայլուն մտքերը ժամանակի ընթացքում կարող են գերի դառնալ:
Հիշում եմ, թե ինչպես նախորդ օրը տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումից հետո ինձ մոտեցավ մի հայ կին և պատմեց իր պատմությունը:
«1969 թվականն էր, Ստամբուլում: 16-ամյա մի հայ աղջնակ էր ուսանում ավստրիական լիցեյում: Եվ մի օր որոշում է չներկայանալ պատմություն առարկայի քննությանը: Ուսուցչին ասում է հետևյալը. «Այս պատմության դասագրքում` Էմին Օքթայի դասագրքում մենք չկանք, հայերը չկան: Ստացվում է` մենք տեսիլք էի՞նք: Ես հրաժարվում եմ քննություն տալ այն առարկայից, որը մեզ հաշվի չի առնում»: Այս դեպքից հետո աղջկա ծնողները նրան ուղարկում են Միացյալ Նահանգներ` Բոստոն` ուսումը շարունակելու: «Գիտեմ: Մեր պաշտոնական պատմության դասագրքերում միայն հայերը չէ, որ չկան: Քրդերն էլ չկան: Ալևիներն էլ չկան: Դերսիմն էլ չկա: 1915 թիվն էլ չկա: Կարո՞ղ եք պնդել հակառակը: Չեմ կարծում»:
Այս իրավիճակը կոչվում է «ապրել ստի մեջ»: Անհրաժեշտ է ապրել` իմանալով, թե ինչ է եղել պատմության ընթացքում: Այլ ձևակերպմամբ` հաշվի նստել պատմության հետ:
Պատմությունից փախչել հնարավոր չէ: Հնարավոր չէ միշտ թաքցնել իրողությունները: Պատմության իրողություններն ի վերջո կառչում են մարդուց, որոնցից նա չի կարող խույս տալ:
Օրինակ` Դերսիմի իրադարձությունները…
Սակայն սխալ է նաև կուրորեն տրվել պատմությանն ու անցյալին: Սա նույնպես գերեվարում է մարդկային միտքը: Իսկ «անազատ մտքերով» հնարավոր չէ հաշտեցման հասնել:
Այս թեմաների մասին էի խոսում: Ընդգծում էի, որ ոչ միայն թուրքական, այլև հայկական կողմում նույնպես առկա է մարդկային միտքը գերեվարող ազգայնական գաղափարը:
Այնուհետև անցա Եվրամիությանը:
Նշեցի, որ Եվրամիությունը` որպես հաշտեցման մի նախագիծ, պետք է ելնի պատմական թատերաբեմ` մարդկությանը քանիցս արյան մեջ թաթախած, մարդկության դեմ ողջակիզումներ իրականացրած ազգայնականության հաղթահարման համար: Այդ առումով նշեցի, որ սիրելի Հրանտ Դինքի երազանքն էր Եվրամիությունը: Նա կարծում էր, որ Եվրամիության ճանապարհին Թուրքիայում և Հայաստանում ժողովրդավարության և ազատության սանդղակը կբարձրանա, և այդպիսով կազատագրվեն «անազատ մտքերն» ու «կողպված սրտերը»:
Իրավացի էր:
Ասելիքս հետևյալն է` անկասկած շատ կարևոր է Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Անկարան և Երևանը քաղաքական կամք ցուցաբերեն:
Սակայն դրանով չի կարելի սահմանափակվել:
Սահմանների հետ պետք է բացվեն նաև սրտերը: Իսկ երբ դա տեղի ունենա, պետք է որ ավելի ազատ միջավայր ստեղծվի «ցեղասպանության» քննարկման համար:
Ասացի, որ ցեղասպանության հարցով զբաղվող պատմաբանները մեկուսացրել են իրենք իրենց` կարծես դրսից վտանգ սպասելով և այդպիսով ստեղծելով արատավոր շրջան: Իսկ դրա հաղթահարման համար առաջարկեցի շատացնել համատեղ քննարկումները Թուրքիայի և Հայաստանի, թուրքերի և հայերի միջև, արագացնել հարաբերությունների կարգավորումը և խոսքս եզրափակեցի հետևյալով. «Թուրքիան նախկին Թուրքիան չէ: Թուրքիայում մինչ օրս ժողովրդավարությանն ու ազատությանը ճնշող պատնեշները սկսել են փլուզվել: Հայաստանի հետ հարաբերությունների, քրդական և ալիևական հարցերի կարգավորման նախաձեռնությունները, «Էրգենեքոնի» դատավարությունը, ժողովրդավարության հարցում զինվորականության ճիշտ մոտեցումները, բոլոր այս զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիայում ինչ-որ բան փոխվում է ճիշտ ուղղությամբ: Եվ որքան հեշտ հնարավոր լինի տեսնել Թուրքիայի «կիսով չափ լի բաժակը», և հայկական կողմը որքան շատ ցուցադրի կառուցողական մոտեցումներ Թուրքիայի հետ հարաբերություններում, այնքան ավելի շուտ կարգավորումն ու հաշտեցումը կթակեն մեր դուռը»: