Հայաստանի և Թուրքիայի միջև օգոստոսի 31-ին ձեռք բերված նոր համաձայնությունը ևս մեկ քայլ առաջ տարավ երկկողմ հարաբերությունների կարգավորում հետապնդող, առաջին անգամ ապրիլին հրապարակված «ճանապարհային քարտեզը»:
Դարձյալ Շվեյցարիայի միջնորդությամբ ձեռք բերված նոր համաձայնության մեջ` նախաստորագրված երկու արձանագրություններում, հստակ կերպով ի ցույց են դրվում «ճանապարհային քարտեզի» բովանդակությունն ու նպատակները, որոնցից մեկը կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Մյուս նպատակը տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացումն է, որին վերաբերում է նաև սահմանների բացումը: Նոր համաձայնության մեջ ամրագրված են ձեռնարկվելիք քայլերն ու ժամկետները:
Իրենց հավելվածների հետ միասին՝ այս երկու արձանագրությունները՝ ապրիլյան համաձայնության համեմատությամբ, ավելի կատարելագործված են թվում: Սակայն դիվանագիտական լեզվով գրված որոշ դրույթներ տարբեր մեկնաբանությունների և կասկածների տեղիք են տալիս: Դա է պատճառը, որ, ինչպես Երևանից, այնպես էլ Բաքվից, արձանագրությունների վրա դեռ թանաքը չչորացած, սկսել են հնչել դժգոհություններ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով: Իսկ սա, ճանապարհի սկզբին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման պատմական պատեհ առիթ հանդիսանալուց բացի, շատ լուրջ վտանգներ է պարունակում:
Համաձայնության ընձեռած, իրականացվելիք հնարավորությունների հետ կապված առաջին դրույթը՝ կողմերի՝ երկար տարիներ միմյանց նկատմամբ տածած սառնությունից հետո, նորմալ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության զգացումն ու այդ հարցում քաղաքական համարձակության ու վճռականության ցուցադրումն է: Իսկ այդ վճռականությունն արդեն ամրագրված է փաստաթղթում և գտնվում է իրականացման փուլում:
Հարաբերությունների կարգավորման դեպքում՝ կողմերը շահելու շատ բան ունեն: Մինչև հիմա հարաբերությունների բացակայությունից և տարածաշրջանում տիրող լարված մթնոլորտից չի շահել ո´չ Անկարան, ո´չ Երևանը, ո´չ էլ Բաքուն:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ՝ Թուրքիային հնարավորություն կընձեռվի Հայաստանի հետ երկխոսել ցեղասպանության պնդումներից մինչև սահմանների բացմանն առնչվող խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ: Թուրքիային շատ հաճախ ծանր կացության մեջ դնող ցեղասպանության քարոզչությունը կկորցնի իր ազդեցությունն աշխարհի տարբեր վայրերում: Թուրքիային հնարավորություն կընձեռվի նաև ավելի ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և ավելի տարածել իր ազդեցությունը Հայաստանի վրա:
Հարաբերությունների կարգավորումից կշահի նաև Հայաստանը: Անհրաժեշտ է նման համաձայնությանը նայել «երկուստեք շահավետ» սկզբունքով, որով առաջնորդվելու դեպքում հնարավորություն կընձեռվի օգուտ ապահովել նաև հեռահար նպատակների և ընդարձակ տեսլականի շրջանակում:
Այս նոր համաձայնությունը և մեկնարկած նոր գործընթացը պարունակում են նաև վտանգներ, որոնց զգալի մասը բխում է Հայաստանից, որտեղ փխրուն է նախագահ Սարգսյանի իշխանությունը: Ընդդիմությունը և հատկապես ազգայնական Դաշնակցություն կուսակցությունն արդեն իսկ սկսել են մեծ աղմուկ բարձրացնել: Հակազդում է նաև սփյուռքը: Իսկ մի՞թե հնարավոր է այդ արձանագրությունները ներկայացնել վավերացման՝ ստեղծված նման իրավիճակում:
Թուրքիայում ընդդիմությունը նույնպես դեմ է այդ համաձայնությանը: Այդ պատճառով Էրդողանի կառավարությունը որոշ դժվարությունների է բախվելու՝ հիշյալ արձանագրությունները խորհրդարանում վավերացնելու և սահմանների բացմանն ուղղված քայլ կատարելու ժամանակ: Այդ ընթացքում, բնականաբար, Բաքվից հնչող ձայներն իրենց որոշիչ դերը կունենան դեպքերի հետագա զարգացման վրա:
Սակայն այս գործում ամենամեծ վտանգը մի կողմից ուռճացված սպասումներն են, մյուս կողմից` այս դժվարին և զգայուն գործընթացում քաղաքական առաջնորդների սադրիչ հայտարարությունները: Իսկ որպեսզի գործընթացը դրականորեն առաջ շարժվի, անհրաժեշտ է ձերբազատվել այդ երկուսից…