«Սթար» օրաթերթի հարցազրույցը Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ
– Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունն ի՞նչ նշանակություն ունի թուրքաբնակ հայերի համար:
– Թուրքիայում բնակվող հայերը Հայաստանի անկախացումից հետո ուզում են, որ այդ երկու երկրների միջև հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ, որովհետև աշխարհի տարբեր ծայրերում բնակվող փոքրամասնություններ ցանկանում են որպեսզի այն երկիրը, որի հետ իրենք կապված են արմատներով, նորմալ հարաբերություններ ունենա իրենց բնակության երկրի հետ: Դա կհեշտացնի նրանց կյանքը: Մյուս կողմից հարաբերությունների կարգավորումը պատմական խնդիրների հաղթահարման հարցում հոգեբանական շեմի նշանակություն ունի: Իսկ այժմ դա կատարվեց, և համայնքը դրանից շատ գոհ է ու ապագայի նկատմամբ հույսով լեցուն:
– Ասում են, թե «սփյուռքում բնակվող հայերի համար այս հողերից 1915 թվականին բաժանվելու պատճառով այդ ցավն ու հիշողությունը միշտ թարմ է: Իսկ թուրքաբնակ հայերի համար դա առօրյա կյանքի և շփման ազդեցության արդյունքում այնքան էլ թանձր չէ, կարողանում են ապաքինվել»: Այդպե՞ս է իրականում:
– Սփյուռքի հայությունը միատարր չէ: Մեկ երկրում չեն ապրում, մեկ սեկտոր չեն, որ բոլորը նույն կերպ մտածեն, նույնն ասեն: Սփյուռքը աշխարհի տասնյակ երկրներում սփռված տարբեր հայկական համայնքներից է բաղկացած: Տարբեր է նաև նրանց աշխարհընկալումը` կապված իրենց բնակության երկրներում առկա պայմաններից: Դա երևում է նաև նրանց` Թուրքիային ուղղված հայացքից:
– Թուրքաբնակ հայերը, սփյուռքի հայերը և հայաստանցիներն ինչո՞վ են միմյանց նման, և ինչո՞վ են տարբերվում իրարից:
– Հայաստանցիներն աշխարհի գրեթե բոլոր ծայրերում բնակվող հայերից տարբերվում են նրանով, որ իրենք փոքրամասնություն չեն: Նրանց համար հայ լինելը սովորական երևույթ է: Իսկ սփյուռքում, եթե անգամ շատ լավ են տեղավորվում, օգտվում են ժողովրդավարական միջավայրից, փոքրամասնության կարգավիճակում են:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում փոքրամասնություն լինելը:
– Հակադրություն միշտ կա: Մարդ միշտ գտնվում է հոսանքի երկու կողմերի արանքում: Այսպիսին է փոքրամասնություն լինելու էությունը, սակայն, ոչ թե բացասական իմաստով, այլ որպես մարդկային վիճակ: Ապրում ես Ստամբուլում, սակայն եղանակը փոխվելիս` ասում. «Հայաստանում սարերը կանաչել են»: Գնում ես Երևան, կարոտում ես Ստամբուլը: Հայաստանը լեռնային է. օրինակ ես, յուրաքանչյուր գագաթ հաղթահարելուն պես, կարծում եմ, թե ծով է երևալու: Սակայն իրականն այն է, որտեղ ապրում ես: Հայերի համար օգտակար լինելու ճանապարհն այն է, թե որքանով ես դու լավ քաղաքացի այն երկրի համար, որտեղ բնակվում ես:
– Թուրքաբնակ հայերի մոտ ինչպե՞ս է արտահայտվում «փոքրամասնություն լինելու կարգավիճակը»:
– Փոքրամասնության հոգեբանությունը, դրա առաջ բերած զգացմունքային հակադրությունն այնքան սուր չի դրսևորվում թուրքերի հետ գոյակցելու, երկխոսություն ծավալելու պատճառով: Հարևանը, նպարավաճառը, լսած երաժտությունը և այլն… այս ամենի միջև ընդհանրություն կա: Այն քեզ մեղմացնում է: Եթե նույնիսկ լարվածություն լինի, ապա առօրյա կյանքում առկա հարաբերությունը նպաստում է դրա լիցքաթափմանը: Որովհետև միշտ հանդուրժող ես, առօրյա կյանքը լարված չէ: Ուզում ես հանգիստ լինել, քո գործն անել: Դա է կյանքը: Թուրքերի հետ գոյակցումն այն համոզմունքն է առաջ բերում, որ ապագայում ինչ-որ բան կարվի: Մեզ ողջ աշխարհում սփռված հայերից զանազանող տարրը թուրքերի հետ գոյակցելու փորձն է:
– Սփյուռքի մոտեցումը Թուրքիա-Հայաստան հարաբերություններին կտրուկ է և գուցե անուղղակի կերպով ազդում է: Սակայն ո՞րն է լինելու սփյուռքի ազդեցությունը վերջում:
– Սփյուռքին դարձնելով քավության նոխազ` Հայկական հարցը չենք կարողանում լուծել: Անկասկած կան հատվածներ, որոնք օգտվում են նրանց զգացմունքներից, սակայն, մարդկային կողմն այլ է: Այդ մարդիկ հեռու են, թուրքերի հետ շփումներ չունեն և պատկերացումները շատ տեսական են: Պատմական ժառանգության ծանրությունը կարծես նրանց ուսերին է… Սփյուռքի ապագային վերաբերող միակ երաշխիքը Հայաստանն է: Հարաբերությունների մեկնարկից հետո Հայաստանում կարող է ապահովվել խաղաղ մթնոլորտ, կամրապնդվի պետության ավանդույթը, մարդիկ կապրեն բարօրության մեջ, ինչը կմեծացնի Հայաստանի ձգողականությունը աշխարհասփյուռ հայության համար: Եթե սփյուռքը կենտրոնանա Հայաստանի վրա, պարզ կդառնա այն հասցեատերը, ում համար ինչ-որ բան է ցանկանում անել: Երրորդ կողմին անհանգստացնելու կարիք այլևս չի լինի:
– Սփյուռքն իր հայկական ինքնությունն ամբողջությամբ ձևավորել է 1915 թվականով և կարելի է ասել, որ սերունդներին դրանով է համախմբված պահում: Նախքան արձանագրությունների ստորագրումը պարզվում էին «Հայոց պատմությունը չի վաճառվում» գրությամբ պաստառներ: Հակազդեցություն էր ցուցաբերվում անգամ Հայաստանի և Թուրքիայի երկխոսության առնչությամբ: Սփյուռքն ինչպե՞ս է «կարգավորվելու»: Դրա համար Թուրքիան որևէ բան կարո՞ղ է անել, թե՞ ոչ:
– Սխալ է ասել, թե «սփյուռքին համախմբողը ցեղասպանությունն է»: Այդ հարցը կարևոր է, սփյուռքի գոյությունն էլ, ըստ էության, դրա հետ է կապված, սակայն, հայերի համախմբվելու համար այլ արժեքներ նույնպես կան: Այո, մինչև Հայաստանի անկախացումը սփյուռքը համախմբված էր չկորչելու, գոյությունը շարունակելու համար: Իսկ Հայաստանի անկախացումից հետո հայկական ինքնության պահպանումը կապվեց Հայաստան պետության հետ: Սփյուռքի երիտասարդ սերունդների մեծ մասն իր հայ լինելն ամբողջությամբ կապում է Հայաստանի հետ:
– Հայ երիտասարդներն ինչպե՞ս են իրականացնում այդ գործընթացը:
– Գնում են Հայաստան, հետաքրքրվում հոգևոր մշակույթով, այդ ժողովրդի ժառանգության խորհրդանիշների հետ շփվելով իրենց ինքնությունն են կերտում:
– Ինքնությունը ոչ թե «ցեղասպանությամբ», այլ Հայաստանով կերտելու հանգամանքն ինչպիսի՞ արդյունք կարող է տալ:
– Այդ մարդիկ հայրենիքի հետ շփումների ժամանակ տեսնում են մի Հայաստան, որ Թուրքիայի հետ որևէ հարաբերություն չունի: Նրանց մոտ ձևավորվում է Հայաստանին շրջափակման մեջ պահող, շփումները մերժող Թուրքիայի մասին մի ընկալում: Եթե գործընթացը շարունակվի, Հայաաստանի հետ շփվողները տեսնելու են, որ կա մի Թուրքիա, որը Հայաստանի հարևանն ու գործընկերն է: Այդ ընկալումը տարածվելու է աշխարհի բոլոր կողմերում: Հայաստանը, որ ունի 4 հարևան, 4 միլիոնի չհասնող բնակչություն (դրանից երկու անգամ ավելին էլ արտերկրում է ապրում), չի կարող իրեն զրկել այդ հաջողությունից: Հավատացած եմ, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների արդյունքում առաջացող հնարավորություններից կօգտվեն նաև սփյուռքում բնակվողները և հանդես կգան ներդրումներով: Թուրքիայի հետ հարաբերություններին աջակցող կարևոր կազմակերպություններ էլ կան:
– Այս նոր գործընթացն ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու ձեր առօրյա կյանքում, ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Ստամբուլում հայ համայնքի դպրոցները դժվարություններ են կրում ուսուցիչների սակավ թվի պատճառով, նաև մեր եկեղեցիներում խնդիր ունենք սաների դաստիարակության հարցում: Եվ քանի որ այս գործառույթները չեն կարող իրականացվել օտարերկրյա հպատակի կողմից, շարունակում ենք կանգնած մնալ դժվարություններին դեմ-հանդիման: Աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայկական եկեղեցիներում կարող են ծառայության մտնել Հայաստանից մեկնած կրոնավորները: Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ, երբ ձևավորվի վստահության մթնոլորտ, մենք նույնպես կարող ենք օգտվել դրանից: Ստամբուլի հայ համայնքն իր գոյությունը շարունակում է որպես կրոնական մի համայնք, որպես մշակութային հանրույթ: Եվ մեր արմատների հետ կապը շարունակելու համար սնվում ենք հայ մշակույթից: Իսկ հայ մշակույթը ձևավորվում է մեծամասամբ Հայաստանում:
– Ի՞նչ կարծիքի եք արձանագրությանն ու դրան հաջորդելիք գործընթացին կասկածով վերաբերվողների մասին:
– Հարգանք եմ տածում, ասելու այլ բան չունեմ: Բոլորին էլ հետաքրքրությամբ եմ հետևում:
– Մինչև վերջին ժամանակաշրջանը տեղի ունեցած գործընթացն, անկասկած, դժվար էր, բայց հիմա, երբ ընդհանուր առմամբ ապագայի հանդեպ հույս է ծնվում, այդ կասկածները վշտացնող և հիասթափեցնող չե՞ք համարում:
– Համայնքն այնպիսի պայմաններում է ապրում, որ զգացմունքային լինելու շքեղություն երբեք չի ունեցել: Ես գործընթացին դեմ հանդես եկողներին աշխատում եմ հնարավորինս հասկանալ: Հավանաբար այդ հատվածները զգացմունքային լինելու իրավունք ունեն, բայց համայնքը չունի: Մարդուն բնորոշ է քաղաքական որոշման պատճառով ուրախանալ կամ վշտանալ, սակայն, երկու պետությունների միջև գործընթաց է իրականացվում, և յուրաքանչյուր պետություն մյուսի հետ հարաբերվելիս առաջնորդվում է իր շահերով: Եթե մենք իրադարձությանը նայենք այս իրողության տեսանկյունից, մեր գործն ավելի կհեշտանա: Գործընթացն, ըստ էության, դժվար է, իսկ եթե գործին խառնվեն զգացմունքները, այն կարող է ավելի դժվարանալ:
– Գյուլի երևանյան այցի ժամանակ նրա հետ միևնույն ինքնաթիռում էիք: Ներկա գտնվեցիք նաև երկու ղեկավարների` Բուրսայում կայացած հանդիպմանը: Ինչպիսի՞ն է տպավորությունը:
– Հիշում եմ անցած տարի Հայաստանում իմ ներկայությամբ տեղի ունեցած երկխոսությունը: Խաղից հետո կազմակերպված ընդունելության ժամանակ երկու երկրների նախագահների մոտ զգացվում էր առաջին շփման պատասխանատվություն, ինչպես նաև` գործընթացի շարունակության հետ կապված հարցական նշանների առատություն: Քաղաքական կամքն ակնհայտ էր, նրանց միջև մարդկային հարաբերությունը մի քիչ այդ կամքն արտացոլելու ջանքով էր ուղեկցվում: Սակայն այս տարի երկուսն էլ կրկնակի հանդարտությամբ, փոխադարձ ամուր վստահությամբ էին մոտենում միմյանց: Ինձ համար ամենակարևորը հետևյալն է` անտեղի, կեղծավոր սիրալիրության նշաններ չէին արվում: Իսկ սա շատ կարևոր հանգամանք է հասարակություններին համոզելու համար: Իմ կարծիքով, շտապողականության կարիք չկա: Կարևորն` այս գործընթացը մարսելով առաջ տանելն է: Եթե հիմքն առողջ լինի, հետագա ընթացքը նորմալ կլինի: Ես զգում եմ, որ այսօր թևակոխել ենք հենց այդ փուլ: Եվ ինչպես մեր հարգարժան նախագահը, այնպես էլ Հայաստանի նախագահն իրենց անձնական ներդրումներն են անում: Միմյանց նկատմամբ իրենց վերաբերմունքով օրինակ են ծառայում սեփական ժողովուրդների համար:
– Ըստ ձեզ, ինչպե՞ս պետք է համոզել հասարակություններին:
– Այսօրվա սերունդները վիճում են 1915 թվականին տեղի ունեցած պատմության բեկումնային կետի շուրջ: Սակայն երկու պետությունների ներկայացուցիչները, դա հաշվի առնելով, հայտարարում են, որ իրենք աշխատում են ապագա սերունդներին չփոխանցել այդ բեռը: Եթե հարցին մոտենանք ոչ թե դիվանագիտական-քաղաքական, այլ մարդկային տեսանկյունից, ապա, ըստ իս, մեր ուշադրությունը պետք է սևեռվի հենց դրա վրա: Երկու նախագահներն, իրենց մայրաքաղաքներ վերադառնալով, իրենց ժողովուրդներին ասացին այդ մասին: Դա շատ կարևոր է, և ապագայի հանդեպ հույս է ներշնչում: Տա Աստված` այդ ակնկալիքներն իրականություն դառնան:
– Արձանագրությունը վավերացման համար ներկայացվելու է երկու երկրների խորհրդարաններ: Թուրքիայի համար բավարար քվեն 70 է: Սա վկայում է այն մասին, որ դա, անկասկած, հեշտ հաղթահարելի թիվ է, սակայն ընդդիմությունը շարունակում է իր գործելաոճը: Ի՞նչ եք սպասում:
– Մենք կտրականապես դեմ ենք, որ թուրք հասարակության մեջ ձևավորվի մի ընկալում, թե արձանագրությունը վավերացվում է նվազագույն քվեով: Մենք կողմ ենք, որ պարբերական հարցերի հետ կապված նախաձեռնություններն իրականացվեն մեր երկրում ժողովրդավարական ավանդույթի ամրապնդմամբ: Այդ հարցը պետք է ընդունվի, կամ ոչ` թուրք ժողովրդի շրջանում անհրաժեշտ քննարկումներ իրականացվելուց և հարցի յուրացումից հետո: Բնականաբար պետք է լինի նաև ընդդիմության հակազդեցությունը, դա նորմալ երևույթ է: Մենք որևէ անհանգստություն չունենք` կապված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կամքի հետ: Հավատում ենք, որ ի ցույց կդրվի ողջամտություն:
– Հայաստանը թուրքաբնակ հայերի համար ի՞նչ նշանակություն ունի:
– Հայերի համար ամենակարևոր բանն այն է, որ Հայաստանում է գտնվում հոգևոր քաղաք Էջմիածինը: Հայերը պատմության մեջ վաղուց ի վեր գոյություն են ունեցել, բայց միշտ չէ, որ անկախ պետականություն են ունեցել: Բնականաբար, մեզ համար շատ լավ է, որ գոյություն ունի հայ ազգային պետություն, հազարամյակների ժառանգորդ համարվող պետություն: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի հարևանն է, երկու ժողովուրդներն էլ երկար տարիներ գոյակցել են Անատոլիայում: