Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցելության ընթացքում արած ամենահետաքրքիր հայտարարություններից մեկն այն էր, որ նա զուգահեռներ անցկացրեց Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների` Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վավերացման գործընթացի և նույն խորհրդարանի` 2003թ. մարտի 1-ին կառավարության ներկայացրած փաստաթուղթը մերժելու միջև (2003թ. մարտի 1-ին թուրքական խորհրդարանը մերժեց ամերիկյան ռազմական ուժերին` հյուսիսից Իրաք ներխուժելու նպատակով Թուրքիայի տարածքը տրամադրելու մասին փաստաթուղթը):
Սա թերևս Էրդողանի ուշագրավ պատասխանն էր Բարաք Օբամայի` արձանագրությունները րոպե առաջ ստորագրելուն ուղղված սպասումների:
Դա կդառնա Օբամայի առաջին մեծ դիվանագիտական հաջողությունը
Արձանագրությունների վավերացման և սահմանների բացման հետ մեկտեղ` Թուրքիայի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը լինելու է Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկը:
Այս հարցում ամերիկյան վարչակազմի ցուցաբերած համառության ետևում թաքնված է այն, որ չնայած լրանում է նախագահ Օբամայի պաշտոնավարման մեկ տարին, սակայն նրա ղեկավարման ընթացքում արտաքին քաղաքականության բնագավառում դեռևս շոշափելի հաջողություն չի արձանագրվել: Աֆղանստանում էլ գործերը գնալով բարդանում են, իսկ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների նախագահը չի կարողացել սկսել խաղաղության գործընթացը:
Արձանագրությունների վավերացմամբ Անկարայի և Երևանի միջև պատմական ժամանակաշրջանի մեկնարկը, հավանաբար, Օբամայի վարչակազմի համար կդառնա արտաքին քաղաքականության առաջին շոշափելի հաջողությունը:
Այս հարցում ամերիկյան վարչակազմի ցուցաբերած համառության ետևում թաքնված մեկ այլ պատճառն, անկասկած, այն է, որ արձանագրությունների չվավերացման դեպքում առաջիկա ապրիլին թուրք-ամերիկյան հարաբերություններում, հավանաբար, կգրանցվեն լուրջ ցնցումներ:
Օբաման, նախքան նախագահ դառնալը, իր նախկին հայտարարություններում ընդունում էր «ցեղասպանությունը», ընտրական քարոզարշավի ժամանակ այդ առնչությամբ խոստումներ էր տվել և արդեն, որպես նախագահ, ապրիլքսանչորսյան իր ուղերձում խուսափեց գործածել այդ արտահայտությունը, երբ Թուրքիան սկսեց ազդանշաններ տալ` հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ:
Էրդողանը ռիսկերի առնչությամբ կիսվել է Օբամայի հետ
Այն, թե Օբաման առաջիկա ապրիլքսանչորսյան ուղերձում ինչպիսի արտահայտություն կգործածի, մի քիչ էլ այդ արձանագրությունների արդյունքից է կախված: Հոկտեմբերի 10-ին` արձանագրությունների ստորագրումից հետո, թուրքական կողմը բացահայտորեն հայտարարեց, որ դրանց վավերացումը պայմանավորում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ: Իսկ Միացյալ Նահանգները ցանկանում է այդ երկու հարցերը իրարից անկախ տեսնել, և այդ առնչությամբ կարծում է, որ ճիշտ կլինի այդ արձանագրությունների անհապաղ վավերացումը:
Վարչապետ Էրդողանի ամերիկյան շրջայցի ամենակարևոր կողմերից մեկը եղավ այն, որ նա անդրդվելի մնաց այդ երկու հարցերը միմյանց շաղկապող, մինչ օրս իր կողմից հնչեցված հայտարարությունների և դիրքորոշման հարցում:
Սակայն այստեղ հետաքրքիրն այն է, որ վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կիսվեց այն մեծ ռիսկերի առնչությամբ, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման թուրքական խորհրդարանն արձանագրությունները չի վավերացնի:
Հանդիպումից հետո արձանագրվեցին Էրդողանի հետևյալ խոսքերը. «Մտածեք մարտի 1-ի որոշման մասին, մարտի 1-ին խորհրդարանի ցուցադրած գործելաոճի մասին: Ժողովրդավարական խորհրդարանական համակարգում մենք մեր խորհրդարանին թելադրելու իրավունք չունենք: Մարտի 1-ին իմ կուսակցության խմբակցության ստվար հատվածը դրան բացասաբար մոտեցավ: Տարբեր իրադարձությունների ժամանակ մի պահ կարող են համաձայնության գալ իշխանությունն ու ընդդիմությունը: Բնականաբար այդ հարցը շատ զգայուն է Թուրքիայի և թուրքական խորհրդարանի համար: Լիագումար նիստի ժամանակ ընդունված որոշումը մեր իրավասության տիրույթում չէ»:
Եթե Թուրքիան կորցնի խաղաթուղթը…
Հավանաբար վարչապետ Էրդողանը խորհրդարանի խաղաթուղթն Օբամայի դեմ միայն տակտիկական նկատառումներով չի դնում: Եթե Էրդողանը գնա այդ քայլին, ապա աչքի տակ պետք է ունենա մարտիմեկյան ճգնաժամի կրկնությունը, երբ չկարողացավ վերահսկել իր ղեկավարած կուսակցության խմբակցությունը, ինչի հետևանքով էլ ստեղծվեց ծանր իրավիճակ:
Բացի այդ, արձանագրությունները Թուրքիայի համար ամենակարևոր խաղաթուղթն է` ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար, որպեսզի վերջինս փոխի իր գործելաոճը: Իսկ եթե այդ արձանագրությունները վավերացվեն առանց ղարաբաղյան հիմնախնդրի պայմանի, ապա Թուրքիան կկորցնի ճնշման խաղաթուղթը և նրա ձեռքում այլ լծակ չի մնա, քան Հայաստանին պարտադրել դիմել ճկուն գործելաոճի:
Ամենևին էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ վարչապետ Էրդողանը վաշինգտոնյան այցելությամբ այս փուլում կողպեց Հայաստանի դոսյեն: Եվ եթե հնարավոր չլինի հաղթահարել այդ կողպվածությունը, թուրք-ամերիկյան հարաբերությունները` ապրիլի 24-ի հետ մեկտեղ, դարձյալ կհայտնվեն մրրկահողմի մեջ: