Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի և Հայաստանի միջև Ցյուրիխում ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների կարգավորում նախատեսող արձանագրությունները, որոնք վավերացման համար հոկտեմբերի 21-ին ներկայացվեցին Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Գործընթացը, հակառակ դրան դեմ հանդես եկող շրջանակների ճնշումներին, առաջ է ընթանում այնպես, ինչպես նախատեսված է: Խորհրդարանում արձանագրությունների վավերացման կապակցությամբ կոնկրետ ամսաթիվ չի նշվում, սակայն երկու կողմերն էլ վճռական են հարցի առնչությամբ: Ընդդիմությունը, քննադատելով արձանագրություններում առկա որոշ դրույթներ, հատկապես կոշտ դիրքորոշում ունի պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորման հարցում: Նրանց կարծիքով, նման հանձնաժողովը չի կարող գործել, իսկ եթե գործի, Թուրքիայի օգտին չի լինի: Հարցի կապակցությամբ «Աքսիոն» հանդեսի հետ զրուցել է ութ տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձևավորված պատմաբանների համատեղ հանձնաժողովի գլխավոր քարտուղար` դոկտ., պրոֆ. Դմիտրի Դ.Վասիլևը: Ռուս թուրքագետն ընդգծում է, որ նման հանձնաժողովը կարող է աշխատել առանց կողմերից որևէ մեկին վնաս հասցնելու: Վասիլևը կողմերի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանում կան մինչև 1915 թիվը և դրանից հետո ընկած ժամանակաշրջանին վերաբերող արխիվներ, որոնք դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն թուրք և հայ հետազոտողների կողմից: Նրա կարծիքով, նախաձեռնության շրջանակում պետք է ուսումնասիրվեն նաև Ռուսաստանում գտնվող արխիվները:
– Ի՞նչ գնահատական կտաք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
– Ռուսաստանում երկար տարիներ աշխատում եմ թուրքերի պատմության ուղղությամբ: Մոտիկից եմ հետևում նաև Թուրքիայում առօրյա քննարկումներին և զարգացումներին: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն ազդարարեցին նոր ժամանակաշրջանի գալստյան մասին: Թուրքիայի և Հայաստանի միջև նոր ժամանակաշրջան սկսվեց: Ռուսաստանի համար նույնպես կարևոր է այդ խնդրի լուծումը: Ռուսաստանն աջակցում է խաղաղությանը Կովկասում: Ռուսների համար Կովկասը շատ կարևոր է: Ոչ միայն հիմա, այլև մեր ողջ պատմության ընթացքում:
– Արձանագրություններով նախատեսվում է նաև պատմական հանձնաժողովի ստեղծում և երկու երկրների արխիվների բացում: Ռուսաստանի արխիվներում կա՞ն այնպիսի փաստաթղթեր, որոնք կկարողանան լույս սփռել ժամանակաշրջանի վրա:
– Այո, շատ կան: Ռուսական պետական արխիվներում օսմանյան փաստաթղթերի թվաքանակը մյուս հարևանների համեմատությամբ բավականին շատ են: Բացի այդ, ԽՍՀՄ-ի տարիներին փակ պահվող արխիվներից մի քանիսն այսօր արդեն բաց են հանրության առջև: Միայն Մոսկվայում գտնվող Հին փաստաթղթերի արխիվում մոտ 700 հազար դոսյեում օսմանյան փաստաթղթեր կան: Օսմանյան փաստաթղթեր կան նաև Ցարական Ռուսաստանի արտգործնախարարության արխիվում, Ռուսաստանի պետական արխիվում առկա Ցարական Ռուսաստանի ոստիկանական դեպարտամենտի փաստաթղթերի գրասենյակում, Ռուսաստանի ռազմական պատմության արխիվում: Օրինակ` գիտենք, որ Ռազմա-ծովային նավատորմի արխիվում բավականին արժեքավոր փաստաթղթեր կան 19-րդ դարի Թուրքիայի վերաբերյալ: Այդ արխիվների պարունակությունը շատ քիչ է ծանոթ: Մենք պատրաստ ենք աջակցել թուրք հետազոտողներին, սակայն ցանկացողների թիվը քիչ է: Թուրքիայի ազգային-ազատագրական պատերազմին վերաբերող նոր փաստաթղթեր են ի հայտ եկել: Դրանցից մեկում նշվում է, որ ազատագրական պայքարի տարիներին Անկարայի իշխանություններին աջակցել են Սև ծով ուղարկված երկու ռուսական սուզանավեր: Դա նախկինում չգիտեինք: Կովկասյան ճակատին վերաբերող հետաքրքրական փաստեր նույնպես ի հայտ են եկել: Նախաձեռնության գործընթացում հետազոտողները պետք է գան և ուսումնասիրեն նոր փաստաթղթերը: Որովհետև ռուսական արխիվներում և՛ հայերի, և՛ թուրքերի վերաբերյալ մի շարք նոր տեղեկություններ կան:
– Եթե Թուրքիայի և Հայաստանի միջև ձևավորվի պատմաբանների համատեղ հանձնաժողով, արդյո՞ք կաշխատի այն:
– Մենք սրանից ութ տարի առաջ նման մի հանձնաժողով էինք ստեղծել: Թուրքիայի կողմից աշխատանքներին մասնակցում էր Թուրքական պատմական ընկերությունը, իսկ Ռուսաստանի կողմից` ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը: Ձևավորվեց ռուս և թուրք պատմաբանների հանձնաժողով: Թուրքական կողմի հետազոտողներին ներկայացնում էր դոկտ., պրոֆ. Իլբեր Օրթայլըն, իսկ ռուսներին` ես: Այդ հանձնաժողովի աշխատանքների շնորհիվ համատեղ գիտաժողովներ կազմակերպվեցին, նոր գրքեր հրատարակվեցին: Համաձայնություն կայացվեց, որ համատեղ հանձնաժողովի հետազոտությունները կողմերը չեն օգտագործելու միմյանց անհանգստացնելու համար: Այդ պատճառով օբյեկտիվ հետազոտություններ իրականացվեցին: Ցանկության դեպքում, նման մի հանձնաժողով Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ կարող է ստեղծվել:
– Կա՞ն հայ հետազոտողներ, ովքեր գալիս են ռուսական արխիվները ուսումնասիրելու:
– Հավանաբար կան, բայց ես նրանց շատ չեմ հանդիպել:
– 1915 թվի տեղափոխությունն ու վերաբնակեցումն ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Երկրների վրա ներքին պատերազմները լուրջ հետքեր են թողնում: Բոլոր երկրների համար ավելի ողբերգական իրավիճակ չկա, քան իրենց քաղաքացիների` միմյանց դեմ պատերազմելը: Ռուսաստանը նույնպես ապրել է դա: Ռուսները խուսափում են նման իրադարձությունները հեշտությամբ քննադատելուց: Արևելյան Անատոլիայում ծառայություն իրականացրած ռուս սպաների հուշերում խոսվում է երկու ազգերի` միմյանց դեմ իրականացված հարձակումներից: Օրինակ` մեր ձեռքում կան փաստաթղթեր` 1918թ. Էրզրումում թուրքերի տները վարձած ռուս զինվորների` թուրք ընտանիքներին հայերից պաշտպանելու մասին: Որոշ թուրք պատմաբաններ նույնպես գրել են այդ մասին:
– Ռուսական պատմության դասագրքերում ինչպե՞ս է ներկայացվում 1915 թիվը:
– Այդ մասին շատ քիչ է գրվում: Ներկայացվում է որպես քաղաքացիական պատերազմ:
– Նման փաստաթղթեր պարունակող ռուսական արխիվները բա՞ց են հանրության համար:
– Ռուսաստանում մի շարք արխիվներ են բաց հանրության առջև: Կարծում եմ, որ թուրք հետազոտողների կողմից պետք է ուսումնասիրվեն դրանք: Նման հետազոտությունները տարիներ են պահանջում: Բնականաբար, նրանք, ովքեր կցանկանան ուսումնասիրել այդ արխիվները, պետք է շատ լավ ռուսերեն իմանան: Այդ ժամանակաշրջանի բնօրինակներն ընթերցելու համար և՛ օսմաներեն, և՛ ռուսերեն պետք է իմանալ: Ինչպես արդեն նշեցի, պատրաստ ենք աջակցել եկողներին: Գալիս են մեր ինստիտուտ, դիմում են, բայց նրանց թվաքանակը շատ սահմանափակ է:
– Ռուսաստանից բացի ո՞ր երկրներում կան 1915 թվին վերաբերող արխիվներ:
– Այդ ժամանակաշրջանում օսմանյան տարածաշրջանում աշխատող անգլիացի և ռուս գործակալները լուրջ մրցակիցներ էին: Եթե անգլիական հետախուզական արխիվներին համադրվեն ռուսական արխիվները, լուրջ արդյունքների կարելի է հասնել: Միևնույն ժամանակ գիտենք, որ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում են գտնվում 1917 թվականից հետո Ամերիկայում բնակություն հաստատած ռուս գաղթականների անձնական արխիվները: Դրանք պետք է ևս մեկ անգամ աչքի անցկացնել:
– Ռուսաստանում թուրքագիտությամբ զբաղվողներ կա՞ն:
– Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս արևելագիտությանը: Տարիներով դա այդպես է եղել: Ռուսաստանում քիչ չեն թուրքագիտությամբ և տարածաշրջանի հետազոտություններով զբաղվողները: Ոմանք գիտական աշխարհում հայտնի անուններ են: Արդի խնդիրների լուծումները կարելի է գտնել` պատմությանը նայելով: Սակայն դրա համար կողմերը պետք է օգտագործեն օբյեկտիվ աղբյուրներ: Կարևոր է նույնիսկ երրորդ կողմի աղբյուրների օգտագործումը: