Երբ 2004թ. լույս տեսավ Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» վերնագրով գիրքը, մեզանից ոմանք շատ լավ հասկացան, իսկ ոմանք էլ չցանկացան հասկանալ, որ դրանով ի հայտ եկավ Թուրքիայի իրականությունը` քրիստոնեահայկական արմատներով մահմեդականներ-թուրքեր:
Չեթինը գիրքը գրել է` հիմնվելով իր կյանքի պատմության վրա. Սեհեր անունով տատն ուներ հայկական արմատներ և իսկական անունը Հերանուշ էր: Սակայն գրողն այս իրողությունն իմանում է միայն այն ժամանակ, երբ տատն արդեն 70-ամյա կին էր:
1915-ի կոտորածի ժամանակ սպանվում են Հերանուշի` այդ ժամանակ տասնամյա աղջնակի ընտանիքի բոլոր տղամարդիկ: Այդ ժամանակահատվածում նրա հայրն աշխատելու նպատակով գտնվում էր Միացյալ Նահանգներում:
Հերանուշն իր ընտանիքի հետ միասին տեղահանվում է և, հավանաբար, նույնպես կքայլեր դեպի մահը, եթե նրան իր խնամակալության տակ չվերցներ ոստիկանության հրամանատար Հուսեյինը:
Այդ օրվանից Հերանուշը դառնում է Հուսեյին-Էսմա զույգի «հոգեդուստրը»: Նրան տալիս են Սեհեր անունը, դաստիարակվում և մեծանում է որպես մահմեդական: Ամուսնանում է, ունենում զավակներ և թոռներ:
***
Նրանք, ովքեր փրկվել են 1915-ի ջարդից և մնացել Անատոլիայում, ձևավորում են հետաքրքիր և միևնույն ժամանակ տխուր իրականություն:
Այդ մարդկանց մեծ մասը կանայք էին: Որովհետև ջարդի ժամանակ առաջնային թիրախը տղամարդիկ էին:
Որոշ մահմեդական ընտանիքներ (թուրք, քուրդ և այլազգի) փոքր, երիտասարդ հայուհիներին, հատկապես գեղեցիկներին, իրենց խնամքի տակ էին առնում: Նրանց աշխատեցնում էին որպես աղախին: Աղջիկներից ոմանք դառնում էին տանտիրոջ կինը, ոմանք էլ` ամուսնանում այդ ընտանիքի արու զավակների հետ (կարիք չէր լինում գլխագին վճարել):
Ոմանց արու զավակները, նույն կերպ փրկվելով տեղահանությունից, աշխատում էին որպես ծառա խանութպանի, վարպետի, այլոց մոտ:
Մահմեդականացված այդ տղաները ժամանակի ընթացքում որպես «թուրք» ձուլվում էին հասարակությանը:
2007թ. հունվարին, Էրգենեքոն-ականների գործողության հետևանքով սպանված Հրանտ Դինքը ենթադրում էր, որ նման անցյալ ունեցող «թոռների» թիվը հասնում է 500 հազարի:
***
Իսկ ինչպիսի՞ն էր թոռների կյանքը: Ինչպե՞ս էին ապրում, ինչպե՞ս մտածում:
Ֆեթհիյե Չեթինը և Սաբանջը, համալսարանի դասախոսներից սոցիոլոգ Այշե Գյուլ Ալթընայը «Թոռներ» վերնագրով գրքում, այդ մարդկանց պատմությունները պատմում են հենց նրանց բերանով:
Մի բան էլ կա, եթե հայկական արմատներ ունեցող անհատները մոռանան կամ էլ կարևորություն չտան դրան, մեկ է` պետությունը չի մոռանում այդ մասին:
Հիշո՞ւմ եք Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին, ով հակազդեցությունների ենթարկվեց քրդացած, ալևիացած հայերի մասին խոսելու պատճառով:
Հալաչօղլուն հայտարարում էր, թե իր ձեռքում կան հազարավոր կրոնափոխ հայերի մասին վկայող փաստաթղթեր, սակայն նա այդպես էլ չհրապարակեց դրանք:
Որոշ «թոռների» կյանքը ցույց է տալիս, որ պետությունը, տիրապետելով նման տեղեկությունների, ժամանակ առ ժամանակ օգտագործել է դրանք:
Օրինակ` «Մեհմեդն» իր հայկական արմատների մասին իմանում է 1980թ. սեպտեմբերի 12-ի իրադարձությունների ժամանակ, երբ զինվորական ծառայության մեջ էր. նրա հարցաքննությունը «թլպատված լինել-չլինելու» առնչությամբ ուղեկցվում էր ծեծով և վիրավորանքներով: Պետության համար նա վտանգավոր է: (Միշտ էլ կլինեն Թյուրքան Սայլանի պես մարդիկ, ովքեր կխոսեն «հանրապետության անհատների հավասարության մասին»: Սուտ-սուտ խոսիր):
Մարդիկ, հակասական իրողությունների բախվելիս, հետաքրքիր լուծումներ են գտնում. օրինակ` երկու անուն ունեցող երեխաներ… Փողոցում մահմեդական-թուրք, իսկ տանը` քրիստոնյա-հայ ընտանիքներ…
Աթեիստ ներկայացող, բայց կիրակիները եկեղեցի գնացող մարդիկ… Քրիստոսի` հովվի պատկերով գորգը իրենց տան պատերից կախող մարդիկ… Եթե ասեք, թե որն է «Թոռների» համար ընդհանուրը… Դեռ վախի և անհանգստության մեջ են նրանք ապրում: Եվ շատ քչերն են կարողանում բացահայտ ընդունել իրականությունը և դիմակայել դրա հետևանքներին: