Հայաստանի նախագահ Սարգսյանի` այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու հանգամանքն ունի արձանագրությունները ևս մեկ անգամ վավերացնելու նշանակություն: Եթե չգար, Հայաստանը կհակասեր ինքն իրեն և արձանագրության նշանակությունն էլ կվնասվեր: Սակայն դարձյալ իրատես լինենք և չսպասենք, թե հայերը միանգամից հրաժարվելու են ցեղասպանության պնդումներից: Չեն հրաժարվելու, սակայն միջազգային ասպարեզում չեն կարողանալու ճնշումներ գործադրել իրենց ուզածի պես, ինչպես նախկինում:
Ով ինչ ուզում է, թող ասի, Հայաստանի նախագահ Սարգսյանի` այսօրվա խաղին ներկա գտնվելը շատ կարևոր է:
Հայաստանի նախագահը շատ համարձակ քայլ արեց, և դա ազդանշան է, որ այդ քայլերը շարունակություն են ունենալու: Հետագայում պատմաբանների կողմից Սարգսյանը հիշվելու է որպես «Ոսկե ստորագրության հեղինակ»:
Այս զարգացումներում անհրաժեշտ է գնահատել Ադրբեջանի դրությունը:
Բաքուն վերջին, հատկապես Ցյուրիխում տեղի ունեցած իրադարձություններից պետք է որ գոհ լինի, քանի որ Անկարան ադրբեջանցիներին չծախեց: Հավատարիմ մնաց իր խոստմանը:
Իսկ հիմա քննարկենք, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել հետագայում: Եվ այս ամենում կարևոր է այն, որ մենք մեզ չխաբենք:
Եթե մենք սպասենք, թե այդ ստորագրություններից հետո հայ հանրությունը և հայկական սփյուռքն անմիջապես հրաժարվելու են ցեղասպանության պնդումներից, ինքներս մեզ խաբած կլինենք:
«Ցեղասպանությունից» հրաժարվելը հայերի համար հեշտ չէ: Ցեղասպանության համոզմունքն այդ մարդկանց համար գրեթե սրբացվել է, և ընդունենք-չընդունենք, դա փոխանցվում է սերնդեսերունդ:
Թուրք հասարակությունը մերժում է ցեղասպանությունը, չի գործածում այդ բառը: Ես նույնպես մերժում եմ, սակայն նաև կիսում եմ այդ իրադարձությունների ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերի ցավը: Մերժում եմ 1915-16թթ. իթթիհատականների արարքները:
Հայերն պետք է հրաժարվեն իրենց հանդիպած ցանկացած թուրքի մասին «ցեղասպանություն» եզրույթը գործածել-չգործածելով կարծիք կազմելուց: Կարևորն ընդհանուր ցավը կիսելն է:
Բայց այսուհետ հայերի համար շատ դժվար է լինելու ցեղասպանության պնդումների արծարծումը
Հայերը չեն կարող հրաժարվել ցեղասպանության պնդումներից, սակայն, այսուհետ դժվար է լինելու ցեղասպանությունը միջազգային ասպարեզում որպես Թուրքիայի դեմ պատժամիջոց օգտագործելը: Օրինակ` շատ դժվար է լինելու հայ ներկայացուցիչների համար ԱՄՆ-ի Կոնգրեսի կամ Ֆրանսիայի Սենատի վրա ճնշումներ գործադրելով ընդունել տալ այն, որ Թուրքիան ցեղասպանություն է գործել: Կամ անհնար է դառնալու մինչ օրս ցեղասպանությունն ընդունած խորհրդարանների կողմից իրենց իշխանություններին պարտադրելը` քայլեր ձեռնարկել Անկարային դատապարտելու համար:
Հակառակ ամեն բանին` պետք է նաև իմանանք, որ հեշտ չի լինելու Հայաստանի հետ իրական խաղաղության հասնելը: Թևակոխում ենք երկարատև գործընթաց:
Արձանագրությունների կյանքի կոչվելը կապված է լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերվելիք առաջընթացի հետ, և սահմանների բացումը հեշտ չի լինելու: Նույն կերպ չենք կարողանալու խուսափել ցեղասպանության քննարկումներից: Սակայն, ամեն դեպքում, ցյուրիխյան արձանագրությամբ խորը չունչ քաշեցին բոլոր նրանք, ովքեր գոնե մի քիչ ուզում են այս երկու երկրների մերձեցումը:
Հարկ է, որ իմանանք այս երկու երկրների առջև բացված գործընթացի արժեքը, չշտապենք և մեր առջև չդնենք այնպիսի նպատակներ, որոնց չենք կարողանալու հասնել…