Հայաստանի Հանրապետության և մեր միջև նախաստորագրված «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» մասին արձանագրության մեջ որևէ խոսք չկա 1921թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագիրը վերահաստատելու մասին: Խոսքը միայն «սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչման» մասին է:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ, դիվանագետ Շյուքրյու Էլեքդաղի խոսքերով, «եթե անգամ այդ նախադասությամբ Երևանը ճանաչում է Թուրքիայի հետ ընդհանուր սահմանը, դա չի նշանակում, որ վերահաստատում է 1921թ. հոկտեմբրի 13-ին ստորագրված Կարսի պայմանագիրը»:
Ստացվում է` հայերը մեզ խաբել են:
Սակայն արձանագրություններին կտրականապես դեմ հանդես եկող «Դաշնակցություն» կուսակցության խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը մեր ընկերներից Իփեք Յեզդանիին ասել է բոլորովին հակառակը. «Արձանագրության մեջ վարպետորեն զետեղվել է Կարսի պայմանագիրը… Ընդհանուր սահմանի ճանաչման նախաձեռնությունը նվաստացնում է Հայաստանին»:
Այդ տեսակետը քանիցս հայտնել է նաև Բայքալը:
Ստացվում է` հայերը մեզ խաբել են:
Հակասական իմաստներ
Արձանագրությունում տեղ գտած դրույթը, որը ստիպում է մեր ընդդիմությանը կարծել, թե Կարսի պայմանագիրը կորցրել է ուժը, իսկ դաշնակցականներին` այն «վարպետորեն» ներառվել է արձանագրությունում, հետևյալն է. «ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչում` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»:
Արձանագրությունում սահմանների ճանաչման վերաբերյալ այլ դրույթներ էլ կան:
Հստակ է, որ վավեր են Հայաստանի հետ մեր սահմանը գծող Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
Այդ դեպքում ինչու՞ բացահայտորեն չի ասվում Կարսի պայմանագրի մասին:
Որովհետև հայկական ծայրահեղ ազգայնականության համար այդ հարցը «տաբու» է: Ըստ էության, «Դաշնակցություն» և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցություններն արձանագրությունների վավերացումը կասեցնելու համար հանրության կարծիքն ուղղում են երկու կետի.
– Պատմական ընդհանուր հանձնաժողովի ստեղծմամբ կասկածի տակ է առնվում ցեղասպանության հարցը:
– Կարսի պայմանագիրը «վարպետորեն» ներառվել է արձանագրությունում:
Իսկ մեր ընդդիմությունը հակառակն է պնդում: Սրանք նույն տեքստին հակասական իմաստներ հաղորդելու տիպիկ օրինակներն են:
Ո՞րն է ազգային շահը
Արձանագրությունում, մի շարք տարրերի կողքին որոշակի ձեռնարկվելիք քայլերին զուգահեռ, նախատեսվում է որոշակի ժամանակահատվածում «սահմանների բացում»:
Նախ և առաջ, Ալեքսանդրապոլի, Կարսի և Մոսկվայի պայմանագրերը մեկ գործընթացի մաս են: Կարծել, թե դրանք ուժը կորցրել են, ազգայնամոլական միֆ է, և իրավական ու քաղաքական տեսանկյունից ոչ ոք դա լուրջ չի ընկալի:
Արձանագրությամբ ոչ ոք ոչ մեկի չի խաբել:
Իսկ կողմերի «պատասխանատու» ներկայացուցիչներն ավելի խելամիտ են համարել հարաբերությունների զարգացման մեջ տեսնել «ազգային շահեր», քան կառչած մնալ առասպելներին:
Անկասկած, ղարաբաղյան հարցը և Ադրբեջանը Թուրքիայի համար շատ կարևոր են: Իսկ Հայաստանի հետ սկսված այդ գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը արագություն է հաղորդում: Դրա մասին է խոսում նաև հարգարժան Էլեքդաղն իր հոդվածում:
Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բեռնված են կողմերի համար շատ զգայուն գաղափարական հյուսվածքով և շատ խառը հարցերով: Այդ «պայթյունավտանգ» հարցերի կծիկը պետք է քանդել մեծ ուշադրությամբ և քայլ առ քայլ: Իսկ դա բխում է բոլորի շահերից:
Պետք է կարևորել նաև հետևյալը. Ահմեդ Դավութօղլուի` «հարևանների հետ զրո խնդիր» ռազմավարությունը շատ դիպուկ է, և մեր կենսական այլ խնդիրների հարցում ուժեղացնում է Թուրքիայի դիրքերը: Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը նայելիս` չպետք է դա մոռանալ: