Երբ դեռ չէր հանդարտվել իշխանությունների` Քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանն ուղղված քայլերի արդյունքում բարձրացած ոգևորության ալիքը, սկսվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը: Իմ կարծիքով, առայժմ կյանքի չկոչված երկու արձանագրությունների մեջ ամենահետաքրքիր կետերից է պատմական հանձնաժողով ստեղծելու դրույթը: Հանձնաժողովն ուսումնասիրելու է մամուլի կողմից «այսպես կոչված» տերմինով կցված ցեղասպանության պնդումները: Այդ հարցում Թաներ Աքչամի տեսակետներին ցանոթացանք «Թարաֆ» օրաթերթի՝ 2009թ. սեպտեմբերի 4-ի համարում: Աքչամը, պատասխանելով Յըլդըրայ Օղուրի հարցերին, հայտարարել էր, թե «հարաբերությունների կարգավորման» և պատմությունից ծագող «հաշտեցման» հարցերը պետք է բացարձակապես քննության առնվեն առանձին-առանձին:
Պատմական հանձնաժողով
Աքչամը նույն հարցազրույցում հայտարարում էր, թե ինքը չի հավատում, որ այն պետությունը, որը տարիներ շարունակ պնդում էր, թե «քուրդ գոյություն չունի», այժմ փորձում է հանձնաժողով ստեղծել` «1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության եղելության» հարցին ճիշտ պատասխան գտնելու համար: Ես միանում եմ այդ տեսակետին: Աքչամը միևնույն ժամանակ պնդում է մի բան, որ գիտական շրջանակները չգիտեն: Գուցե գիտական շրջանակները «գիտեն», բայց ես փորձեմ ևս մեկ անգամ նպաստել դեռևս չստեղծված «պատմական հանձնաժողովի» ձևավորմանը: 2008թ. օգոստոսի 31-ին այս էջերին ակնարկ էի գրել 19-րդ դարից մինչև 1990-ական թթ. հայ-թուրքական հարաբերությունների մասին: Շարունակեմ այնտեղից, որտեղ կանգ էի առել:
***
Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ անհրաժեշտ էր մշակել պատմականորեն հիմնավորված ազգային ինքնություն ստեղծելու նախագիծ, որը «բնական» կապի մեջ կլիներ ավտորիտար պետության մոդելի ազգային ինքնության հետ, անգամ որպես այդ ազգային ինքնության շարունակություն կընկալվեր: Այդ ճանապարհին, սակայն, «մաքուր և արժանապատիվ» պատմություն չկար: Եվ նպատակ կար ստեղծել մի միֆ, ըստ որի Անատոլիայի հողերում մոտ տասը հազար տարի առաջ գոյություն ունեցած բոլոր ռասաների վերասերման ժամանակ եղել է մի «թուրք» ռասա, որը մնացել է այնպիսին, ինչպիսին այն ժամանակ էր: Սակայն այստեղ խոսքը երկու տարբեր ժամանակաշրջանների մասին էր: Մինչև 1975-1985թթ. ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությունների և 1980-ականներից սկիզբ առած ցեղասպանության հարցում՝ խորհրդարանական որոշումներով Թուրքիային դժվարին կացության մեջ գցելու ժամանակաշրջանները, դպրոցական դասագրքերում հայերի մասին քիչ թե շատ գրվում էր որպես հեռավոր մի պատմության մաս, ընդհանուր առմամբ առանց բացասական երանգի:
Անատոլիայի սեփականաշնորհումը
Օրինակ` հայկական Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի` 1064թ. սելջուկների ձեռքն անցնելը կամ 12-14-րդ դդ. Ադանայի շրջակայքում իր գոյությունը շարունակող Կիլիկիայի Հայկական Թագավորության սելջուկների հետ բախումը երբեմն մակերեսայնորեն, երբեմն անտեսվելով, երբեմն էլ ներկայացվում էր այնպես, կարծես՝ երբևէ բախումներ չեն եղել: Երբեմն այդ թագավորությունները «փոքր» էին թվում, երբեմն էլ` հայտնի չէր, թե ուր էին հասնում նրանց սահմանները: Երբեմն նկարագրվում էին Անատոլիայի հողերից դուրս մի տարածքում, երբեմն էլ նշվում էր, թե հայերի բնակության տարածքներում «ավելի վաղ ապրել են օղուզների, պեչենեգների, ղըփչաղների ցեղեր»: Այդպիսով ակնարկվում էր, թե հայերը Անատոլիայի պատմական ժողովուրդներից չեն:
Իսկ հայկական տաբուն մտավորականների շրջանում խարսխելուն ուղղված գործողություններից էր Սաբահադդին Էյուբօղլուի, Ազրա Էրհաթի և «Հալիկառնաս Բալըքչըի` Ջևաթ Շաքիրի կողմից ստեղծված «Կապույտ Անատոլիա» հոսանքը: Դրա ջանքերով էր, որ Անատոլիան «նրա համար չէ, որ նվաճենք, այլ մերն է, որովհետև հենց մերն է» կարգախոսով նոր շունչ հաղորդվեց և Անատոլիայի հեթանոսական, քրիստոնեական և մահմեդական պատմությունը ներկայացվեց մեկ ընդհանուր էվոլյուցիոն վիճակով, թուրքերենը դարձավ նախկինում գոյություն ունեցած 72 լեզուների արդյունք, «թուրքիզմը»` հումանիստական մտքի արգասիք: Սակայն «մեզ» ձևավորած այդ հասարակությունների կամ քաղաքակրթությունների մեջ հայերի անունը չկա: (Նման վերաբերմունք է ցուցադրում Յաշար Քեմալը 1992թ.: Կիլիկիայի մասին խոսելիս` նշում է Անավարզա քաղաքի խեթթական և բյուզանդական անցյալը, սակայն որևէ բան չի մտաբերում հայերի մասին: Մինչդեռ Անավարզան 1100-ականներից մինչև 1375թ. եղել է Կիլիկիայի Հայկական Թագավորության մայրաքաղաքը, և հնարավոր չէ, որ դա Յաշար Քեմալը չիմանար):
Էսադ Ուրասի գիրքը
1980-ականներին արմատական փոփոխություն տեղի ունեցավ, և դասագրքերում ներառվեց «Հայկական հարց» խորագիրը: Այդ բաժինը պատրաստվել էր ժամանակին իթթիհատական շարժման ներկայացուցիչ, անգամ 1915 թվականի հայկական տեղահանության ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցրած Ահմեդ Էսադ Ուրասի 1953թ. «Հայկական հարցը. ինը հարց, ինը պատասխան» գրքի հիման վրա: Այդ գիրքն իր հրատարակման օրվանից ի վեր մեծ հետաքրքրություն էր առաջացրել արտգործնախարարության մոտ, բազմիցս վերահրատարակվել է և թարգմանվել տարբեր լեզուներով: Այդ գրքի համաձայն` հայերը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում «թուրքական մշակույթի մեջ ձուլված» «երջանիկ» ապրում էին և հանկարծ թշնամական կեցվածք որդեգրեցին թուրքերի դեմ: Այդ բացատրություններում 1894-1896թթ. Ուրֆայի և Սասունի, իսկ 1909թ. Ադանայի իրադարձությունները ներկայացվում են որպես հայերի թշնամական կեցվածքի օրինակներ, իսկ 1915 թվականի տեղահանությունը մոնտաժվում էր որպես այդ իրադարձությունների արդարացում: Ավելի ուշ Էսադ Ուրասի տեսակետները ներշնչեցին տարբեր գրողների, և նոր գրքեր հրատարակվեցին, որից հետո «պաշտոնական տեսակետը» վարպետորեն զետեղվեց լիցեյների պատմության դասագրքերում:
Ամրագրում Կրթության նախարարության ծրագրում
2002թ. հունիսի 14-ին Կրթության նախարարության ուսուցման հարցերով խորհուրդը որոշում կայացրեց աշակերտների դասավանդման նոր ծրագրի մասին: Այդ որոշումը 2002թ. օգոստոսի 9-ի մամուլի հրապարակումներում ներկայացվում էր հետևյալ խորագրով. «Պետությունը Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հունական պետության հիմնադրման և քրիստոնյա ասորիների ցեղասպանության պնդումների դեմ իր հակադիր տեսակետը բացատրելու է դպրոցական դասագրքերով»:
Ավելի ուշ նույն խորհուրդը հրապարակեց աշակերտների դասավանդման ծրագիրը, որտեղ նշվում էր, որ երկրի բոլոր միջնակարգ դպրոցների աշակերտները պետք է գրեն մրցութային շարադրություն «Առաջին աշխարհամարտի տարիներին հայկական ապստամբությունն ու հայերի գործունեությունը» թեմայով: Այդ մրցույթի նպատակն այն էր, որ աշակերտները պատմեն հայերի կողմից թուրքերի դեմ իրականացված բռնությունների մասին: Սակայն այս ամենի ցավալի կողմն այն էր, որ Թուրքիայում ապրող հայ աշակերտները նույնպես ստիպված էին այդ թեմայով գրել շարադրություն:
Ամրագրում Քրեական օրենսգրքում
Այդ բնագավառում տեղի ունեցած զարգացումներից էր ԵՄ համապատասխանության փաթեթների շրջանակում 2004թ. սեպտեմբերի 26-ին խորհրդարանի կողմից վավերացված թուրքական նոր Քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածը: Եվրամիության մի շարք առաջնորդների կողմից ԵՄ անդամակցության ճանապարհին կարևորվող այդ հոդվածի համաձայն` «բոլոր նրանք, ովքեր կգործեն ազգային շահերին հակառակ և այդպիսով ուղղակի կամ անուղղակի ճանապարհով օտարերկրացի անհատից կամ կազմակերպություններից շահ կակնկալեն», կդատապարտվեն մինչև 10 տարվա ազատազրկման: Այդ հոդվածի եզրակացության բաժնում բերված բացատրությունից կարելի է հասկանալ, որ ազգային շահերին հակասող գործունեություն կարող է դիտվել «Կիպրոսից թուրք զինվորների դուրս գալու պահանջը» կամ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն» հայտարարությունը: Հակառակ Եվրամիության ճնշումներին` այդ հոդվածը դեռևս չի փոփոխվել:
Խորհրդարանականների գրոհը «Կապույտ գրքի» դեմ
2005թ. մարտի 1-ին Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը «Գրոհ ցեղասպանության դեմ» խորագրով արշավ սկսեց: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատին և Լորդերի պալատին ուղարկված նամակում նշվում էր, որ «Կապույտ գիրքը» Առաջին աշխարհամարտի տարիներին Անգլիայի ռազմական քարոզչության բյուրոյի կողմից պատրաստված քարոզչական նյութ է, և այդ գրքում տեղ գտած օսմանյան հայերի ապստամբության և դրա դեմ Օսմանյան կայսրության իրականացրած կանխարգելիչ միջոցառումների հետ կապված տեղեկություններն անհիմն են և անվստահելի»: Նամակը ստորագրվել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստում՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի կողմից:
Սակայն դրա արդյունքի մասին մենք երբևիցե չիմացանք, որովհետև այդ արշավին «90 տարվա վրեժը», «Կապույտ գրքի դեմ միջազգային գրոհ», «Մարտահրավեր ցեղասպանությանը» խորագրերով հրապարակումներով սատարող մամուլը լռեցրեց պատասխան նամակի մասին իրականությունը: Բրիտանական խորհրդարանի՝ Մարդու իրավուքների հարցերով խումբն այդ թեման քննարկելուց հետո 23 անգլիացի խորհրդարանականների ստորագրությամբ նամակով պատասխան ուղարկեց: Նամակը սկսվում է հետևյալ տողերով. «Կապույտ գիրքն ի ցույց է դնում այն փաստը, որ հիմնականում 1915 թվականից ի վեր հայերի դեմ զանգվածային բնաջնջման քաղաքականություն է իրականացվել» և շարունակվում. «Թուրք պատգամավորներին մեր ակադեմիական խորհրդականների մասնակցությամբ հրավիրում ենք կլոր սեղանի շուրջ քննարկման: Հուսով ենք, որ նման ձևով պատմական իրողությունների կապակցությամբ հնարավոր կլինի հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Բացի այդ, նրանց կոչ ենք անում ետ կանչել անգլիական խորհրդարան ուղարկած նամակը»: Իհարկե, իրենց թեզերի հարցում շատ վստահ մեր խորհրդարանականները չհամաձայնեցին «կլոր սեղանի» շուրջ քննարկումներին:
Թիկունքից դաշունահարելու լեգենդը
2005թ. մայիսի 25-ին մի խումբ մտավորականների կողմից կազմակերպված «Կայսրության անկման ժամանակաշրջանում օսմանյան հայերը. գիտական պատասխանատվությունն ու ժողովրդավարության հարցերը» խորագրով գիտաժողովը արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի` կազմակերպիչների հասցեին «մեզ թիկունքից դաշունահարեցին» արված արտահայտությամբ չեղյալ հայտարարվեց: Այսպիսով երևաց, թե ինչքանով էր անկեղծ «հարցը պատմաբաններին թողնելու» թեզը:
Շատ տպավորիչ էր նախարարի` մտավորականներին ուղղված մեղադրանքներում արած համեմատությունը՝ Առաջին աշխարհամարտից հետո՝ մինչև 1919թ. Վերսալյան համաձայնագիրը, Գերմանիայի պարտությունը մի խումբ մարքսիստ և հրեա քաղաքական գործիչներից բաղկացած «ներքին թշնամիների» հետ կապելու մասին պատմող «Թիկունքից դաշունահարելու լեգենդի» միջև: Իրականում թուրքական պաշտոնական պատմագրության մեջ այդ արտահայտությունը գործածվում է արաբների համար. երբ Առաջին աշխարհամարտի տարիներին արաբները, միանալով անգլիացիներին, պայքարի ելան հանուն անկախության, գործածության մեջ մտավ «արաբները մեզ թիկունքից դաշունահարեցին» արտահայտությունը: Սակայն արդարադատության նախարարի այդ խոսքերը շատերին լցնելու էին սարսափելի ատելությամբ: Ավելի ուշ նման արտահայտություններ սկսվեցին կիրառվել բոլոր նրանց դեմ, ովքեր ասում էին, թե Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության հետ, նրանց դեմ, ովքեր կողմ էին Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխանելու ձգտումներին:
Հատկապես երբ մտավորականները «Հայոց ցեղասպանության պնդումները քննարկելու համար» որպես օրինակ չէին վկայակոչում Ֆրանսիայի` Ալժիրում, ԱՄՆ-ի` Վիետնամում, Աֆղանստանում կամ Իրաքում, Իտալիայի` Աֆրիկայում գործած հանցանքները, նրանց «հայրենիքի և ազգի թշնամի» պիտակներ էին փակցվում:
Հայերը որպես թուրքերի համար «բացարձակ օտար»
Ի՞նչ է նշանակում այս ամենը: Գիտենք, որ ազգային ինքնության ձևավորման ժամանակ կարևոր դեր են խաղում «հիշելու» և «մոռանալու» գործընթացները: Թուրքերն այդ գործընթացներում ինքնատիպ թուրքական ինքնություն կարող են կերտել՝ միայն ու միայն 1915-1917թթ. իրադարձությունները հաշվի չառնելով: Ինչպես հայտնի է, երեք հատվածից բաղկացած մեծ Օսմանյան կայսրությունը վերջին 150 տարվա ընթացքում որևէ կարգավորման գործընթաց չթևակոխեց: Անվերջանալի պատերազմները, պարտություններն ու հսկայական մարդկային կորուստները լուրջ կասկածներ էին առաջ բերել կայսրության գոյության հետագա ընթացքի առնչությամբ: Կայսրության անկումը կասեցնելու ցանկացած փորձ պսակվում էր անհաջողությամբ: Իսկ իշխող էլիտան, տեղի ունեցածի ողջ մեղքը բարդելով իմպերիալիստական ուժերի և նրանց հետ համագործակցող «փոքրամասնությունների» վրա, լծված էր նրանց այդ ամենի պատասխանատուն դարձնելու գործին: Այդ տարիներին կայսրության ղեկավար դասը խորհում էր Արևմուտքի ձևավորած պատմական իրողությունից դուրս մղվելու, այլևս նախկինը վերականգնելու անհնարինության և պետության կործանման հետ դեմառդեմ կանգնած լինելու մասին: Սակայն իրենք իրենց մի կերպ մխիթարում էին` ստեղծված իրավիճակի համար կապիտալիստական երկրներին մեղադրելով դավաճանության մեջ:
Փյունիկի օրինակը
Ազգային պայքարի ժամանակաշրջանում իրենց միջազգային հանրության ճնշումներից փրկելու անհրաժեշտությունն զգացող անձինք լծվեցին կիսատ թողածը ավարտին հասցնելու գործին: Քեմալական թուրք ազգայնականները, իսլամի հետ ընդհանրություններ ունենալու պատճառով «ավելի քիչ օտար» համարվող քրդերի հետ դաշինք կազմելուց և «իրական օտար» համարվող քրիստոնյա հայերին և հույներին Անատոլիայի ամենահեռավոր վայրերը քշելուց հետո, սկսեցին իրենց հաշիվները փակել քրդերի հետ, ինչը շատ արյունալի եղավ և լավ առիթ դարձավ հայերի դեմ կատարվածը հասարակական հիշողությունից ջնջելու համար (իսկ հույների դեմ կատարվածը գրեթե արդարացվեց Հունաստանի սխալների պատճառով): Այդ գործընթացում իթթիհատականների հետ բարեկամական կապեր ունեցող քեմալական վերնախավը չէր միայն, որ երկրից գաղթեցված հայերի ունեցվածքը թալանեց, հայերի երեխաներին որդեգրեց, աղջիկներին հարեմները քշեց. տեղական վերնախավը կամ ժողովրդական զանգվածները, հայերի հարստությունն իր համար կապիտալ դարձրած առևտրական բուրժուազիան, հայերի լքած տարածքները իրենցով արած արհեստավորները նույնպես իրենց հիշողությունները ջնջելու կարիք էին զգում: Այսպիսով, վերնախավն ու հասարակության տարբեր շերտերը կոնսենսուսի էին եկել մոռանալ նախ հայերի դեմ կատարվածը, հետո էլ` ուղղակի հայերին:
Հանրապետության նոր ղեկավար կադրերը փորձում էին ստեղծել թուրքիզմի ընկալում և պետության անցյալը զատել օսմանյան անցյալը պատկերող «հնից», «առասպելներից», «հետամնացությունից», «արևելյանից»: Փորձում էին օսմանյան նախկին հպատակին ազատել «կոսմոպոլիտ», «խառը», «պղտոր» օսմանյան ինքնությունից` նրան «էթնիկական» տեսանկյունից մաքուր, «աշխարհայացքի տեսանկյունից աշխարհիկ» «քաղաքացի» դարձնելու նպատակով: Ազգաստեղծման այդ ընթացքում ազգայնականից մինչև ձախակողմյանի, աշխարհիկից մինչև կրոնականի, մտավորականից մինչև ժողովրդական զանգվածների համար հայկական ինքնությունը դարձավ «օտար»` արևելյան արմատներ ունեցող «բարբարոս» և «ահաբեկիչ» ժողովուրդ՝ ծայրահեղ կրոնական, ոչ մահմեդական հանրույթ լինելու, միջազգային հանրության մեջ արմատներ ձգած սփյուռք ունենալու պատճառով:
«Ներքին թշնամին» ավելի վտանգավոր է արտաքին թշնամուց
Օտարացման այդ գործընթացում հայերին որպես «ներքին թշնամի» որակելու համար, բնականաբար, պետք է լիներ նաև «արտաքին թշնամի»: Սակայն թուրք ազգայնականների պատկերացմամբ, «ներքին թշնամի» կոչվածը, որը հասարակական կառույցը ներսից կրծող թաքուն մի տարրի նման է, «արտաքին թշնամուց», որին հնարավոր է տեսնել, ավելի վտանգավոր է: Այդ պատճառով հայերի դեմ անընդհատ շարունակվող պայքար սկսվեց:
Հայերին` որպես «օտարի» հասարակությունից զտելու նախագծի հաջողությունը պայմանավորվում էր պետության ու հասարակության սերտ համագործակցությամբ, որը մեծ չափով երաշխավորվում էր իշխանությունների քաղաքականությամբ: Արդյունքում հասարակական զանգվածները հայտնվեցին մի վիճակում, երբ իրենց պարտականությունը դարձավ ընդունել պետության կողմից մատուցված պատմական բացատրությունները: Իսկ պետությունն այդ գործընթացում ստանձնել էր քարոզչամեքենայի ու երաշխավորի դերը: Իսկ այդ ամենի արագ ընթացքի համար անհրաժեշտ էր ընդգծել «հասարակության վտանգված լինելու» հանգամանքը: Դրա համար ստեղծվեցին տարբեր դավադիր թեորիաներ, ինչպիսիք էին` «Սևրի» վերհանումը, «Պոնտոսի վերստեղծումը», «Ֆեների շրջանում Բյուզանդիայի վերականգնումը», «Իսրայելի կողմից հարավարևելյան անատոլիական տարածաշրջանում հողերի գնումը» և այլն: Այդ ընթացքում սկսեցին ավելի հաճախ շրջանառվել լուրեր այն մասին, թե հայկական սփյուռքի «3 T» ռազմավարության համաձայն, իմպերիալիստական երկրները Թուրքիային մասնատելու նախագծերը կյանքի կոչելու համար նախ Թուրքիային ընդունել են տալու ցեղասպանությունը, հետո փոխհատուցում և հող են պահանջելու:
Ձեռք գցած հարստությունը վերադարձնելու վախը
Ժողովրդի շրջանում փորձում են արմատավորել այն համոզմունքը, որ «սրանից 90 տարի առաջ հսկայական մի կայսրություն մասնատելու ուժ ունեցած ժողովուրդը այսօր միջազգային հարաբերությունների ասպարեզում շատ հնարավոր է` բզկտի Թուրքիային»: Սակայն հիմնական անհանգստությունը մասնատվելը կամ թուրք ժողովրդին «ցեղասպան» պիտակը փակցվելը չէ, այլ տեղահանության ժամանակ և դրանից հետո ձեռք գցած հայկական հարստությունը վերադարձնելու կամ էլ փոխհատուցման պահանջի վախն է, ինչը երևում է օսմանյան ժամանակաշրջանին պատկանող կադաստրային արձանագրությունների վրա դրված արգելքներից կամ 2008թ. Վաքըֆների մասին օրենքի ընդունման ժամանակ հնչած քննադատություններից և օրենքի ընդունմանը խոչընդոտելու փորձերից:
Իրականում այդ հասարակական անառողջ հոգեվիճակը կարող էր շարունակվել, եթե չլինեին և´ հայերի համառությունները, և´ նոր դարաշրջանում գծվող մակրո միջավայրը, երբ մարդկանցից մինչև պետություններ, առևտրային կազմակերպություններից մինչև կրոնական կառույցներ, շատ դերակատարների քաղաքական, տնտեսական, մշակութային կամ էլ սոցիալական մեղքերի պատճառով ներողություն են խնդրում:
Մեր օրերում պատմության հետ հաշվի նստելը գրեթե «բարոյական նորմի» է վերածվել: Այդ մոտեցումն ունի թերություններ, խնդրահարույց կողմեր, բայց «պատմության հետ հաշվի չնստող հասարակությունները չեն կարող միջազգային հանրության անդամ դառնալ» եզրահանգմամբ այն, հավանաբար, կօգնի թուրք հանրությանն առողջ ձևով փակելու շիզոֆրենիայի պատճառ դարձած 1915 թվականի չակերտները: Այդ տեսանկյունից իշխանությունների` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը շատ կարևոր է: Բավական է, որ նախաձեռնությունը համընդհանուր իրավունքի և էթիկայի նորմերին համահունչ ընթանա…