Թուրքիան և Հայաստանը պատմական քայլ արեցին: Երկու երկրները 1915 թվականից հետո առաջին անգամ համաձայնության եկան հարաբերությունների կարգավորման կոնկրետ ժամանակացույցի շուրջ: Երկկողմ փոխզիջումներ եղան:
Այն դեպքում, երբ Թուրքիան համաձայնում է միայն ժամանակացույցի հարցում, Հայաստանը պարտավորվում է երկու երկրների միջև ընդհանուր սահմանը ևս մեկ անգամ ճանաչել պաշտոնական փաստաթղթով, պարտավորվում է հրաժարվել միջազգային ասպարեզում Անկարային դատապարտելու ջանքերից (ուղղված ԱՄՆ-ի նախագահների ավանդույթ դարձած ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառի գործածմանը կամ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնապես ճանաչմանը), և ի վերջո ընդունում է Էրդողանի կառավարության` տարիներ ի վեր համառորեն պնդվող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
Դեռ ավելին, վերոնշյալ թվարկումները իրականացնելով, Հայաստանն ակամայից հրաժարվում է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պահանջից: Այսինքն` առաջին հայացքից թվում է, թե Հայաստանն ավելի շատ զիջումների է գնացել:
Սակայն եթե ուշադրություն դարձնենք հաշտեցման տեքստում ներառված պայմաններին և այս տարի Թուրքիային սպասվող միջազգային լուրջ փորձություններին, ապա շատ հեշտ է ապացուցել, որ հենց Թուրքիան է գնացել ամենալուրջ փոխզիջման և դիմել ամենամեծ ռիսկի:
Անկարան, հարաբերությունների կարգավորման ճանապարհին, իրեն պարտավորեցնող մի տեքստ է ստորագրում այն ժամանակ, երբ դեռ չի նշմարվում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը:
Չնայած այն բանին, որ Անկարայի վրա ճնշումներ են գործադրվել արագ քայլեր ձեռնարկելու առնչությամբ և չնայած ամերիկյան վարչակազմի սպասումները շատ մեծ են, պետք է ընդունել, որ այդ քայլը հետապնդում է բարի նպատակներ:
Անտեղի չեն կասկածները, որ այդ բարի նպատակների ետևում Անկարային խոստումներ են տրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արագ քայլեր իրականացվելու կապակցությամբ:
Սակայն Էրդողանի կառավարությունը 2005թ. կիպրական հիմնախնդրի առնչությամբ նման մի քայլ արեց. Կիպրոսի հույների և Հունաստանի խորամանկությունների արդյունքում Եվրամիության` Անկարային տված մեկուսացմանը վերջ դնելու խոստումը դրժելու պատճառով վերջինս և´ ներքին, և´ արտաքին քաղաքականության մեջ թևակոխեց շատ դժվարին մի ժամանակաշրջան:
Այսօր այդ հարցի ծանրությունը դեռևս Անկարայի ուսերին է:
Հիմա եթե Անկարան քայլեր չձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, դարձյալ կկանգնի մի մեծ հարցի դեմ-հանդիման:
Իսկ այդպիսի իրավիճակում Անկարան ստիպված է լինելու դիմել արձանագրությունների` խորհրդարանի կողմից վավերացման հետաձգման միջոցին, ինչը պաշտոնական փաստաթղթերում ժամանակացույց ընդունած Թուրքիային շատ ծանր վիճակի մեջ կդնի միջազգային ասպարեզում:
Միևնույն ժամանակ երկրի ներսում ժողովուրդը կսկսի թերահավատությամբ նայել հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչը մեծ հարված կհասցնի դրան:
Տրված խոստումները ևս մեկ անգամ դրժվելու դեպքում թուրք հասարակությունը վերջնականապես կկորցնի իր՝ առանց այն էլ քիչ վստահությունը Արևմուտքի, Եվրամիության և ԱՄՆ-ի նկատմամբ:
Նման իրավիճակում պարզ է նաև, որ թուրքական արտաքին քաղաքականությունը չի կարողանա շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Այդ վտանգը գիտակցող արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մամուլի ներկայացուցիչների առջև արել էր հետևյալ հայտարարությունը. «Միջազգային հանրությանը կոչ եմ անում նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցին»:
Այդ կոչն ունի երկու հասցեատեր: Առաջինը` Մինսկի խմբի համանախագահող երկրները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, և երկրորդը` Հայաստանը:
Արդեն ժամանակն է, որպեսզի Երևանը ռիսկի դիմի և, հաղթահարելով ազգայնական տրամադրությունները, ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքական լուծում գտնելու ճանապարհին` վերջ դնելով ՄԱԿ-ի կողմից քննադատվող ռազմական շրջափակմանը: Քանի որ այդ գործընթացի անհաջողության դեպքում Հայաստանը նույնպես կորցնելու բան կունենա, այն է` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: