Կարսը հատուկ տեղ ունի իմ մեջ` որպես մի մարդու, ով հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերություններով: Անգամ կարող ենք ասել, որ Կարսն այդ հարաբերությունների բարոմետրն է, որովհետև տարիներ շարունակ Կարսը եղել է քաղաքացիական հասարակության մակարդակով շփումների կենտրոնատեղի:
Կարսում նախկինում անցկացվող «Փառատոն անիվների վրա», «Ոսկե սագ» կինոփառատոնները, ինչպես նաև ամեն տարի անցկացվող «Կովկասյան մշակույթներ» միջազգային փառատոնը թուրքերի, հայերի և ադրբեջանցիների համար ապահովում էր մերձեցման դրական մթնոլորտ (նույնիսկ եթե Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել իր արվեստագետների մասնակցությունն այդ փառատոններին): Սակայն այդ փառատոններն այլևս տեղի չեն ունենալու:
Իսկ ինչո՞ւ: «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Կարսի նորընտիր քաղաքապետ Նևզաթ Բոզքուշի տրամադրած տեղեկության համաձայն` «ժողովրդի առաջնային կարիքներն այլ են»: Նրանք ոչ թե փառատոնների, այլ կոյուղու և ջրի կարիք ունեն: Միևնույն ժամանակ Բոզքուշն իր իսկ բերանով հայտնեց, որ ինքը մերժել է Մշակույթի նախարարության ներկայացուցչի` փառատոններին նյութապես աջակցելու առաջարկությունը: Իսկ մերժման պատճառն, ըստ քաղաքապետի, անցած տարիներին տեղի ունեցած փառատոնների մասնակիցներին` քաղաքապետարանի անունից տարբեր հյուրանոցներում տեղավորելու արդյունքում գոյացած պարտքերն են: Նախ դրանք պետք է վճարվեն:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Բոզքուշն, ով մերժել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նման մի առաջարկ նույնպես, դադարեցրել է նաև Անատոլիայի մշակութային հիմնադրամի գործունեությունը: 2006թ. նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի հետ ստորագրված արձանագրության համաձայն` Կրթության նախարարությանը պատկանող Ժողովրդական կրթության շենքը հատկացվել էր հիմնադրամին: Իսկ նոր քաղաքապետը շենքը հիմնադրամին պատկանող գույքից որոշ իրերի հետ մեկտեղ վերադարձրել է Ժողովրդական կրթությանը: Հիմնադրամի նախագահ Օսման Քավալան, ով համոզված է, որ Անատոլիայում զարգացման հիմնական առանցքներից մեկը մշակութային կյանքն է և այդ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, հիսաթափված է և հասկանալի է, որ չի կիսում նոր քաղաքապետի այդ փիլիսոփայունը:
Բոզքուշը, ով պնդում է, թե փառատոնների չեղյալ հայտարարումը կապված է նյութական խնդիրների հետ, ահա թե ինչ հիանալի հայտարարություն է անում Կարսի խորհրդանիշներից համարվող կնոջ մարմին պատկերող արձանները պահեստներ տեղափոխելու հարցի առնչությամբ. «Դրանք բարոյազուրկ են և չեն պատկերում Կարսի կնոջը»: Սակայն մեզ էլ ասում է, թե դրանք տեղադրվելու են առաջիկայում ստեղծվելիք երիտասարդական կենտրոնի այգում: Իսկ որոշ կարսեցիների պնդմամբ, Բոզքուշի հիմնական նպատակն է քաղաքում ամբողջությամբ ջնջել Ալիբեյօղլուի թողած հետքերը:
Ձախողման եզրին է կանգնած նախկին քաղաքապետի մեկ այլ նախագիծ ևս: Մեհմեդ Աքսոյի հեղինակած Խաղաղության և մարդկության հուշարձանի վրա իրականացվող աշխատանքները դադարեցվել են և հիմա այն գտնվում է կործանման վտանգի առջև: Պատճառաբանվում է, թե արձանի տակ կան հնագիտական արժեքավոր իրեր: Սակայն, մեր կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուշարձանը խորհրդանշում է խաղաղություն՝ սահմանի մյուս կողմում ապրող մեր հայ եղբայրների հետ: Եվ հենց այդ պատճառով էր, որ Կարսում «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները դեմ էին հանդես գալիս հուշարձանի շինարարությանը:
Կարսում նմանատիպ ամոթալի դեպքերի շարանն անվերջանալի է: Անմխիթար է հայերի համար առանձնահատուկ սրբազան նշանակություն ունեցող 12 Առաքյալների եկեղեցու վիճակը: Որպես մզկիթ վերաբացված եկեղեցին, որի որմնապատկերները վերաձևվել են իսլամի մոտիվներով, ամբողջությամբ լքված է: Բացի ուրբաթ օրերից «մզկիթ» այցելողներ չկան: Իսկ ինչո՞ւ չկան, որովհետև շրջակայքում ևս երկու մզկիթ կա: Հենց հարևանությամբ գտնվող Էվլիյա մզկիթի շուրջբոլորը պատված է ծառով ու ծաղկունքով, իսկ եկեղեցու շրջակայքը` մատնված անուշադրության: